Գլխավոր Հոգևոր Ինչպե՞ս պայքարել բարկության դեմ (հոգեշահ խրատներ)

Ինչպե՞ս պայքարել բարկության դեմ (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 2226 դիտում

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

 Աստծուն հաճելի են խոնարհ և հեզ հոգիները: Նրանք չեն բարկանում, երբ իրենց վիրավորում են, նրանք լեցուն են բարությամբ և խաղաղությամբ:

Բարկությունը հաղթահարվում է ցանկությունների և կամքիդ մերժմամբ:

Եթե մարդկանց հետ փոխհարաբերություններում դադարենք մեզ դատավորի պես պահել  և ինչպես ինչ-որ արժանավոր մեկը, ապա բարկություն չի առաջանա:

Տերը կխոնարհեցնի մեզ շրջապատող մարդկանց օգնությամբ: Ինչ-որ մեկը մեր վրդովմունքը, բարկությունն է առաջացնում, և այն կշարունակվի այնքան, մինչև մենք հանդարտ լինենք, քանի դեռ չենք սերտել այդ դասը…

Ինչպե՞ս պայքարել բարկության դեմ: Մենք բարկանում ենք, քանի որ մեր ցանկությունները չեն կատարվում, կամ այն պատճառով, որ մենք ինքներս մեզ վեր ենք դասում նրանից, ում վրա զայրանում ենք: Եվ եթե դադարենք ինքներս մեզ դատավորներ համարել մարդկանց հանդեպ, բարկություն չի լինի:

 

Նիկոն Վորոբյով

Ոչ մեկին մի մեղադրիր:  Ինքդ ես տեսնում, որ երբ մարդիկ չկան, այդ ժամանակ էլ ջղայնանում ես կատվի կամ նույնիսկ իրերի վրա: Նշանակում է, որ բարկությունն ապրում է քո ներսում, այլ ոչ թե՝ մարդիկ են առաջացնում: Թող Աստծո խաղաղությունը ձեզ բոլորիդ զարդարի:

 

Շենուդա Գ հայրապետ

Հիշեք մարդկանց սերը և նրանց բարությունը ձեր հանդեպ անցյալում, երբ ամեն անգամ կասկածները ձեզ կտանջեն նրանց անկեղծության վերաբերյալ և ամեն անգամ, երբ տեսնեք, որ նրանք սխալ մոտեցում են ցուցաբերում ձեր հանդեպ,  ապա անցյալում նրանց հանդեպ ունեցած սերը կբարեխոսի նրանց համար, և ձեր բարկությունը կանհետանա:

 

Սբ. Սերաֆիմ Սարովցի

 Բոլոր միջոցներով անհրաժեշտ է փորձել պահպանել հոգու խաղաղությունը և չվրդովվել այլոց վիրավորանքներից. դրա համար պետք է անեք հնարավոր ամեն բան` բարկությունը զսպելու համար, և ուշադրության միջոցով միտքն ու սիրտը պահել անվայել ընթացքից:

 

Հովսեփ Իսիխաստ

Քանի որ մարդը ստեղծվել է բանական և հեզ, անհամեմատ լավ ուղղվում է սիրով և և հեզ վերաբերմունքով, քան բարկությամբ և կոպտությամբ:

Առաջին հերթին ճանաչիր ինքդ քեզ, այսինքն` ճանաչիր ինքդ քեզ, թե ինչպիսին ես: Ինչպիսին ես իրականում, այլ ոչ թե այնպես, ինչպես ինքդ ես կարծում: Այդպիսի ճանաչողությամբ ավելի իմաստուն կլինես և խոնարհություն  կսովորես ու Աստծուց շնորհ կունենաս: Հիմա բարկանում ես և վհատվում ու տխրում՝ մտածելով, որ Երկնային Հայրը դանդաղում է պատասխանելու համար: Իսկ ես ասում եմ քեզ, որ դա նույնպես կիրականանա այնպես, ինչպես ցանկանում ես, անշուշտ, կիրականանա, բայց նախ քեզ հարկավոր է աղոթել ամբողջ սրտով, ապա սպասել: Եվ երբ դադարես հիշել խնդրանքդ և խնդրել դրա համար, այդժամ այն քեզ մոտ կգա` որպես պարգև քո համբերության և սպասելու համար: Երբ աղոթելով և խնդրելով, մոտենում ես վհատությանը, (մի´ վհատվիր) քանի որ խնդրանքի կատարումը քեզանից հեռու չէ: Քրիստոս կամենում է բուժել քո ներսում ինչ-որ թաքնված կիրք և, հետևաբար, Նա հետաձգում է խնդրանքդ: Եթե ավելի շուտ ստանաս, երբ խնդրում ես, քո կիրքը կմնա առանց ապաքինման: Եթե սպասում ես, ստանում ես նաև խնդրանքդ, այնպես էլ կրքի ապաքինումը: Եվ այդժամ ուրախանում ես մեծ ուրախությամբ և ջերմորեն գոհություն ես հայտնում Աստծուն, Ով իմաստուն կերպով կարգավորում է ամեն ինչ և ամեն ինչ մեր օգտին է անում: Օգտակար չէ, եթե վհատվում ես, եթե նեղված ես, եթե շատ ես խոսում: Ես երբեք չեմ տեսել, որ բարկության միջոցով շտկում իրականանա, բայց միշտ՝ սիրո միջոցով: Օրինակ վերցրու ինքդ քեզանից. ե՞րբ ես հեզահամբույր դառնում՝ վիրավորանքների՞ց, թե՞ սիրո շնորհիվ:

 

Սբ. Իոանն Կրոնշտադտացի

Սերը չի նյարդայնանում, բայց դու նյարդայնանում ես: Նայիր. թշնամին խարդավանք է հյուսում քո նկատմամբ, որովհետև բարկության պատճառով սրտում մարում է հավատն առ Աստված, և սխրանքը կորչում է առ Աստված:

 

Ամփիլոքիոս վրդ. Մակրիս

Երբ զայրացած մարդ եմ տեսնում, աղոթում եմ, որպեսզի Տերը խաղաղեցնի նրան: Ես չեմ լսում, թե նա ինչ է ասում, այդ պատճառով սրտին մոտ չեմ ընդունում նրա ասածները: Երբ նա խաղաղվի և հարմար պահ լինի, ես կխոսեմ եմ այդ մարդու հետ, որովհետև նա արդեն կարող կլինի գիտակցել իր անխոհեմությունը:

Երբ լսում ես, որ քո անունը քննադատվում է, վարվիր (քննադատողների հետ վերաբերվիր) այնպես, ասես՝ չես լսել: Դա դրախտ է, կատարելություն է:

 

Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ

 Հոգու երեք անառողջ վիճակների դեմ սուրբ առաքյալն առաջ է քաշում դրա առողջ երեք արժեքները՝ հպարտության դեմ՝ խոնարհություն, բարկության դեմ՝ հեզություն, թուլակամության դեմ՝ համբերատարություն:

 

Սոֆիան վրդ. Բոգիու

Հիշաչարությունը հոգևոր քաղցկեղ է: Քանի դեռ հայրն ապրում է, շարունակվում է երեխաների ծնունդը: Քանի դեռ մեր ներսում բարկությունն ապրում է, շարունակվում է նաև հիշաչարությունը:  Ով իր ներսում դադարեցնում է բարկությունը, նա սպանում է հիշաչարությունը, իսկ անհիշաչարությունը իրական ապաշախարության նշան է:

  

Սբ. Հովհաննես Սինայեցի

 Վիրավորանքների մասին հիշողությունը զայրույթի մնացորդն է: Հիշաչարությունը հոգու մեջ մխրճված մեխ է:

 

 Սբ. Տիխոն Զադոնացի

Եթե որևէ մեկը վիրավորում է, մի բարկացիր նրա վրա, այլ անմիջապես ներիր նրան և աղոթիր Աստծուն նրա համար, որպեսզի Աստված նույնպես ների նրան: Եվ թեև քո սիրտը դա չի ցանկանում, բայց այն խոնարհեցրու, համոզիր և Տիրոջն աղոթիր, որպեսզի Նա օգնի քեզ ինքդ քեզ հաղթելու համար ու մարմնավոր իմաստությունը հաղթահարել: Դժվար է, բայց քրիստոնյայից պահանջվում է: Պետք է մերձավորին ներել, եթե ինքդ ուզում ես ներում ստանալ Աստծուց: Ներիր և քեզ նույնպես կներվի: Եթե դու չներես, քեզ նույնպես չի ներվի: Դա սարսափելի է, բայց ճշմարիտ է, քանի որ Սուրբ Ավետարանը այդպես է սովորեցնում:

Մի՛ բարկացիր նրա վրա, ով խոսքով կամ գործով կնեղացնի քեզ, այլ՝ ի սրտե ների՛ր նրան, և, հանգիստդ վերագտնելով, աղոթի՛ր նրա համար և ասա՝ Տե՛ր, ների՛ր նրան:

 

Հովսեփ Վատոպեդացի

Ինչո՞ւ է բարկություն ծնվում: Այն պատճառով, քանի որ եսասիրության ճանապարհին խոչընդոտներ են առաջանում:

Բարկության կրքի պատճառները զանազան են, որոնք նման են միմյանց և կախված են միմյանցից, քանի որ կապված են եսասիրության և շահասիրության հետ: Ուր տիրում է կործանարար էգոիզմը, այնտեղ անպայման ներկա է և իր ստվերը` բարկությունը:

 

Սաբբա վրդ. Օստապենկո

Եթե մարես բարկությունը և նախանձը, կհեռացնես տրտմությունը: Հեռացնես տրտմությունը, կազատվես հուսահատությունից:

 

Պավել պատրիարք

Բարկությունը ոչնչի չի օգնում, այն միայն վնասում է նրան, ով բարկանում է: Հպարտության և սնափառության պատճառով թյուրիմացությունները նույնպես հաճախ են լինում: Ով ասես կարող է մեզ վիրավորել, բայց նվաստացնել ոչ ոք, բացի ինքներս մեզանից, մեր գործերից ու արարքներից:  Պետք է հանգստությունը պահպանել, նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշները հատուկ փորձում են ձեր բարկությունը հարուցել:

 

Իլիյ վրդ. Նոզդրին

Երբեմն մարդու հիվանդության պատճառը խոնարհության բացակայությունն է: Առանց խոնարհության փրկություն չկա, ահա և հիվանդությունը խոնարհեցնում է մարդուն: Չենք ուզում բարի կամքով խոնարհվել, մեր կամքին հակառակ ենք խոնարհվում, քանի որ տկար մարդն այլևս որտեղ հպարտանա, մեծամտանա, ինչպես նաև բարկանա…

 

 Կիրիլ վրդ. Պավլով

Փրկության ճանապարհ ոտք դնելու հոգու նշանը որկրամոլության բացակայությունն է: Շնորհ ունենալու հոգու նշանը բարկացկոտության բացակայությունն է:

 

Սբ. Կյուրեղ VI Ալեքսանդրացի

Ծոմը պետք է պահել, թե´ մարմնով և թե´ սրտով՝ ձեռնպահ մնալով ինչպես մսից, այնպես էլ բամբասանքից և զրպարտությունից։ Ծոմ պահող լեզուն ավելի լավ է, քան ծոմ պահող ստամոքսը։ Իսկ առավել լավ է բարկությունից իրեն զսպող սիրտը։

 

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

 Պետք է մեղավորին սիրով դիմավորենք և հարգենք նրա ազատությունը: Երբ ընտանիքում ինչ-որ մեկը վնասում է ծաղկամանը սեղանի վրա, և այն կոտրվում է, մենք սովորաբար բարկությամբ ենք լցվում: Բայց եթե այդ կրիտիկական պահին ըմբռնում և ներողամտություն ենք ցուցաբերում, վեր ենք լինում այդ ամենից, ինչ  տեղի է ունեցել, այդժամ շահում ենք, ինչպես մեր հոգին, այնպես էլ մեր մերձավորի հոգին: Սրանում է ամբողջ հոգևոր կյանքը. մեկ քայլի միջոցով խուսափել փորձությունների տառապանքներից, մեկ անցումով՝ վրդովված էգոիզմից դեպի սիրո ընկալում:

 

Սբ. Ալեքսեյ Մեչև

 Տերը չի բարկանում նույնիսկ Խաչի վրա, նա ձեռքերն ուղղում է դեպի մեզ և կանչում: Չնայած մենք բոլորս խաչում ենք Նրան, Նա սեր է և պատրաստ է ներել մեզ բոլորիս: Մենք երբեմն արդարացում ենք համարում, երբ հոգնած ենք, նյարդայնացած ենք կամ որևէ այլ բան (թույլ ենք տալիս), բայց անկախ նրանից, թե ինչպիսի հանգամանքներում կարող ես լինել, անկախ նրանից, թե որքան հոգնած կամ հիվանդ ես, պետք է գործես միայն այնպես, ինչպես Քրիստոս է պատվիրել:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ