Գլխավոր Լրահոս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ

by admin
0 մեկնաբանություն 200 դիտում

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։

Ստորև ներկայացվում են երկու փաստաթղթերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սույն թվականի հուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարությանը փոխանցեց Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Սույն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգություններն արտահայտեց ընթացող գործընթացի առնչությամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրավիրված չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, և նույն ժամանակ հորդորեց` հիմնովին վերատեսության ենթարկել նախագիծը:

Ըստ էության՝ անտեսելով ինչպես Ենթախմբի, այնպես և հանրության տարբեր, այդ թվում և մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները` կրթության պետական լիազոր մարմինը, առկա էական տարաձայնությունները չփարատած, անհասկանալի շտապողականությամբ այս անգամ հրապարակել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:

Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները կրթության և գիտության հեղինակավոր մասնագետների ու փորձագետների հետ, գործընթացի վերաբերյալ արձանագրում է`

1. Հանրակրթության պետական չափորոշիչի խնդրահարույց նախագծի հիման վրա մշակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետության դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ, սխալներ և պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ բերվել են բազմաթիվ վկայակոչումներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրի գերակշիռ հատվածը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում որդեգրվող պետական քաղաքականության շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարևորության ընդգծումը չի կարող բացասական ներգործություն չունենալ նաև սփյուռքահայության կյանքում: Հայրենիքում գործարկվող ազգային կրթության գաղափարաբանությամբ են սնվում և կենսագործվում Սփյուռքում իրականացվող հայապահպանական նախաձեռնություններն ու ծրագրերը:

3. Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցությամբ, առանց գործունեության թափանցիկության ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրության լայն շրջանակներում արդարացի մտահոգությունների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդյունավետությունից։

Ելակետ ունենալով վերը նշված արձանագրումները և հաշվի առնելով գործընթացի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները՝ կրթության պետական լիազոր մարմնին հորդորում ենք կասեցնել հրապարակված առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները և ձեռնամուխ լինել Հանրակրթության պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրության առավել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրավմամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանորեն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելույթներում դրանց մասին պետական կրթական լիազոր մարմնի կողմից տրված բացատրությունները:

Սույնով արձանագրում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու ԿԳՄՍ նախարարության պնդումներն ու վստահեցումները։
Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից:
Վերջինիս հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից։

Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը․ տարրալուծման հետևանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով և երբեմն տարակարծության տեղիք տվող ձևակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես և իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով և սխալ անվանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարևոր տոների, դուրս են մնացել նաև դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց տոները։

Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը և աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես և այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:

Այսու, ենթախմբի սպասումն է կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

Հրապարակվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումըհանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց…

Gepostet von Vahram Qahana Melikyan am Mittwoch, 5. August 2020

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ