Գլխավոր Ընդհանուր Նոր մարդն է հաջորդ քաղաքակրթության ապագայի տերը

Նոր մարդն է հաջորդ քաղաքակրթության ապագայի տերը

by admin
0 մեկնաբանություն 2206 դիտում

Քրիստոնեական համակեցության գլխավոր գաղափարները՝

Սեր, ազատություն, միություն

21-րդ դարի մարդու, մանավանդ երիտասարդի համար արդիական լինելը նույնպես չափորոշիչ է, սակայն երբ հոգեղեն իմացությամբ և ապրումով ներկայիս ժամանակի ակնթարթներից էլ ավելի արագ առաջ ես անցնում ու ներթափանցում ապագայի գոյընթացի մեջ, նկատում ես, որ 22-րդ դարի մարդու համար ներկայիս նորն արդեն հին է` որպես պատմության մատյանի էջերում ամփոփված անցյալ: Արդ, մենք արդեն կորցրել ենք մեր արդիականությունը ապագայի մարդու տեսակետից: Այն մունետիկներն ու կոչերը, որոնք հնչում են ներկայումս ու փորձում արժեզրկել քրիստոնեական ավանդությունն ու մնայուն բարոյական արժեքները, այդ կոչերն ու մունետիկներն անցյալ են դառնում հենց ամեն ակնթարթից սկսած` դիտարկված հաջորդ դարաշրջանի մարդու կողմից: Սա ցույց է տալիս, որ մարդու ստեղծած յուրաքանչյուր արժեք ժամանակավոր է և փոփոխական: Այս դեպքում ո՞րն է այն չափանիշը կամ ոսկե միջինը, որը մարդուն մշտապես օժտում է կայունությամբ ու տալիս մշտապես արդիական լինելու չափորոշիչը: Հարափոփոխ աշխարհում ժամանակը հյուսում է հարաբերականության սկզբունքը, ուր հինն ու նորը միախառնվում են միմյանց ու արտահայտում յուրաքանչյուր դարաշրջանում մարդու պատկերացումներն ու գիտակցական կյանքի այժմեականությունը տվյալ ժամանակի ակնթարթներում: Աստվածաշնչյան Ժողովողի գիրքը նկարագրում է և խոսում այս աշխարհի արժեքների հարաբերական ու փոփոխական լինելու վերաբերյալ` սահմանելով այն «ունայնություն ունայնությանց» խոսքերով (Ժող.1.2): Եվ այդօրինակ իրողությունները ունեն սկիզբ և ավարտ, ուստի դրանք չեն, որ հանդիսանում են կյանքի աղբյուրը, այլ գոյատևում են կյանքի աղբյուրի հետ հաղորդակից լինելու պարագայում: Սակայն կան արժեքներ, որոնք հավերժական և անփոփոխ ու մշտապես արդիական են, քանի որ դրանք են, որ կյանք են հաղորդում մարդուն, որովհետև բխում են անփոփոխ ու կատարյալ էությունից, Ով պատասխանում է. «Ես այն Աստվածն եմ, որ Է» (Ելք. 3.14): Սակայն հարցն այն է, թե մարդու ընկալումն ինչպիսին է աստվածադրոշմ արժեքներով ապրելու վերաբերյալ, որոնք առաքինություններն են: Տեսականորեն շատերի համար ընդունելի է առաքինություններով ապրելու սկզբունքը, բայց գործնականում այլ է այդ մարդկանց ընթացքը: Յուրաքանչյուր անձ ճանաչողության և արժևորման իմաստների հիմնասյուներով կառուցում է իր ներաշխարհը, որը հայելանման անդրադարձման պես համընկնում է տարբեր աշխարհների մակարդակներից մեկի հետ, ու թեև մարդիկ միևնույն տարածաչափության մեջ են, սակայն իրականում ապրում են տարաբնույթ հարթություններում, որոնք հաճախ տեսանելի, շոշափելի չեն: Անձի կենցաղավարությունն ու մտքի ուղղվածությունը բնութագրում են, թե տվյալ անձնավորությունն ինչ հարթության մեջ է: Մեզ համար ընկալելի են բուսական, կենդանական, բանական, հոգեղեն հարթությունների աշխարհները, որոնք առաջնորդվում են ըստ այդ մակարդակների համապատասխան օրենքների ու կանոնների: Եվ գիտենք, որ մարդու բնությունը երկկազմ է` հոգեղեն և հողեղեն: Սա մարդուն տալիս է ընտրության հնարավորություն` ճանաչել և արժևորել այն կյանքի ուղին, որը տանում է դեպի իր անձի կերտմանը: Եթե մարդն ընտրում է մարմնավոր հարթության ճանապարհը, նա ամբողջանում է արդյունքում որպես մարմնավոր մարդ, և նրան հասու չեն լինում երկնային հայեցակարգերն ու կյանքը: Մարմնավոր մարդը բավարարվում է աշխարհի ընձեռած շոշափելի, ժամանակավոր, փոփոխական արժեքներով: Եվ այս հարթության մեջ ապրող մարդուն խորթ են հոգևոր կյանքի սկզբունքները (Ա Կորնթ. 2.14): Մարմնավոր մարդու հնարավորությունները սահմանափակ են և անկայուն: Այն, ինչ ձեռք ես բերում հիմա, հաջորդ պահին կարող ես կորցնել և ի վերջո կորցնելու ես: Մեր հասարակության մեջ մարդկանց մեծամասնությունն ընտրել է այս ուղին: Նույնիսկ նրանց, ովքեր իրենց քրիստոնյա են կոչում, կարելի է բնորոշել «մարմնավոր քրիստոնյա» եզրույթով, որովհետև իսկության մեջ նրանց կենցաղավարությունը հոգևոր մարդու կենսաձևին չի համապատասխանում, այլ տվյալ անձինք պարզապես առկայծումների փունջ են ունենում հոգևոր կյանքի ծաղկազարդ երկնքից: Մենք բուսական և կենդանական աշխարհները գնահատում ենք ցածրակարգ, բայց մարմնավոր մարդու կյանքն էլ որակապես ցածրորակ և ցածրակարգ է հոգևոր մարդու մակարդակից: Սակայն այստեղ եկեք չշփոթենք պարզապես եկեղեցի գնալ-գալն իբրև չափանիշ հոգևոր մարդու: Հոգևոր մարդու չափանիշը առաքելական վարդապետության նոր մարդու սահմանումն է և այդ կյանքով ապրելը: Այն ընդգրկում է անձի ամբողջական կենսակերպի և դրսևորումների բնույթը, ամբողջականությունը: Հոգևոր մարդու աստիճանական զարգացումը ազատագրումն է ներքին կապանքներից՝ կապվածություններից և կախվածություններից ու ներքին ազատության լիակատար ձեռքբերումն է: Այս դեպքում մարդն է տիրապետում իրավիճակին, այլ ոչ թե իրավիճակն է թելադրում  նրան իրերի դրությունը: Հոգևոր անձի առանձնահատկություններից է, երբ նրա մեջ հոսում է հոգևոր զորությունը, և այդ զորության կենսալույս շունչը նկատում է, թե՛ բնությունը, թե՛ կենդանական աշխարհը, թե՛ մարդը:  Նոր մարդու դեպքում ոչ թե ցանկությունն է իշխում իր վրա և թելադրում գործել, այլ նա է իշխում ցանկությունների վրա և ազատ է գործելու մեջ: Մենք երբեք չենք կարող հասկանալ հոգևոր մարդու չափանիշն ու կարևորությունը, քանի դեռ կամք չենք դրսևորում դուրս գալու մարմնավոր շրջանակից: Հոգևոր զորությունը կյանք է հաղորդում, իսկ մարմնավորը` ցանկության բավարարում և սպառում, որից հետո գալիս է հոգու դատարկության զգացումը և ավելի ուշ` ճգնաժամի պահը, որովհետև կյանքն անընդմեջ ապրել ձգտող անձը կարիք ունի կյանքի զորության, իսկ դրա տևական բացակայությունը ճգնաժամ, տառապանք, ցավ, հիվանդություն և գործունեության սահմանափակում է բերում և այլն: Նոր մարդն է հաջորդ քաղաքակրթության ապագայի տերը: Այն նոր մարդը, որի անդրանիկը (Կողոս 1.15) հարուցյալ նոր Ադամն է (Ա Կորնթ. 15.45, Բ Կորնթ. 5.17): Հետևաբար, առաքյալը կոչ է անում մեզ. «Եվ հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի» (Կողոս. 3.10):

Հովհաննես Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ