Գլխավոր ԼրահոսLifestyle COVID-19-ի պատվաստանյութերից մի քանիսի արտադրությունը, թեկուզ ոչ անմիջական, բայց որոշակի առնչություն ունի երկու աբորտների հետ

COVID-19-ի պատվաստանյութերից մի քանիսի արտադրությունը, թեկուզ ոչ անմիջական, բայց որոշակի առնչություն ունի երկու աբորտների հետ

by admin
0 մեկնաբանություն 2514 դիտում
COVID-19-ի պատվաստանյութերից մի քանիսի արտադրությունը, թեկուզ ոչ անմիջական, բայց որոշակի առնչություն ունի երկու աբորտների հետ, որոնցից մեկը տեղի է ունեցել հավանաբար 1972, իսկ մյուսը՝ 1985 թվականին։
Իհարկե թյուրիմացաբար կարելի է պատկերացնել թե պատվաստանյութերը պարունակում են աբորտի նյութ, սակայն իրականում դա այդպես չէ։
Բանն այն է, որ այս պատվաստանյութերը իրենցից ներկայացնում են բազմանալու անընդունակ վիրուսային մասնիկներ, որոնք ստացվում են / արտադրվում են արհեստականորեն պահվող և աճեցվող բջիջների օգնությամբ, այլ կերպ՝ բուծվում են այդ բջիջների մեջ։ Եւ հենց այս բջիջներն են որ կապված են արհեստական վիժեցման վերոնշյալ իրադարձությունների հետ։
AstraZeneca-ն իր պատվաստանյութի ստացման համար օգտագործում է HEK-293 (human embryonic kidney), իսկ Johnson & Johnson-ը՝ PER.C6 (human embryonic retinal cells) բջջային գծերը։ Sputnik V-ի համար նույնպես օգտագործվում է HEK-293։
Թեև ներկայումս օգտագործվող բջիջները մարդկային սաղմից անջատված բջիջների գուցե միայն շատ հեռավոր սերունդներ են, և բնականաբար աբորտի անմիջական նյութի կիրառություն չկա այստեղ, սակայն ինչպես գիտական էթիկան, այնպես էլ մարդկային խղճմտանքը պահանջում են որ օգտագործվող նյութի աղբյուրը լինի օրինական։
Այս տեսանկյունից՝ HEK-293-ը խնդրահարույց է բոլոր առումներով։ Գիտական էթիկայի առումով, այս բջջային գծի աղբյուր հանդիսացող սաղմի ո՛չ ընտանեկան պատմությունը, ո՛չ վիժ(եց)ման հանգամանքները, ո՛չ ծնողի համաձայնությունը (սաղմնային հյուսվածքի օգտագործման) արձանագրված չեն (իսկ ավելի ճիշտ՝ արձանագրությունները կորսված են)։ Միայն գիծը զարգացնող գիտնականներից մեկի հիշողությամբ՝ սաղմը ամբողջովին նորմալ է եղել, ինչը կարող է նշանակել որ խոսքը գնում է աբորտի և ոչ՝ բնական վիժման մասին։
Ինչ վերաբերվում է PER.C6-ին, սրա մասին տեղեկությունները նույնպես հիմնված են նույն գիտնականի վկայության վրա (ով երկու բջջային գծերի զարգացման մեջ էլ մասնակցել է), սակայն ավելի հստակ են. աբորտը եղել է մոր որոշմամբ, կամավոր, երեխայի հոր անհայտ լինելու պատճառով։
Թեև գիտական էթիկան միայն պարզ օրինականություն է պահանջում և կարելի է առնվազն երկրորդը համարել բավարար այդ պահանջին, այդուհանդերձ մարդկային խիղճը բոլորի մոտ համարժեք չէ և երբեմն ավելին է պահանջում քան հիմնարար օրինականությունը։
Այսու արժի անդրադառնալ Վատիկանի պաշտոնական դիրքորոշմանը Covid-19-ի պատվաստանյութերի կիրառման հետ կապված խղճմտանքի մասին։
Ըստ Վատիկանի (հակիրճ վերաձևակերպված).
✅ Երբ Covid-19-ի էթիկապես անքննադատելի պատվաստանյութ հասանելի չէ այլևայլ պատճառներով, բարոյապես թույլատրելի է պատվաստվել առկա անվտանգ և արդյունավետ տարբերակներով՝ անկախ դրանց զարգացման և արտադրության մեջ կիրառված բջջային գծերի ծագումից։
✅ Այս դրույթը հիմնված է նրա վրա, որ այս պարագայում չարիքի, այն է՝ աբորտների հետ (պասիվ) համագործակցությունը հեռավոր է, և ծանր վտանգի առկայության դեպքում, որի դիմացն այլ կերպ հնարավոր չէ առնել, այդպիսի պասիվ համագործակցությունից խուսափելու բարոյական պարտավորությունը անբեկանելի չէ։
✅ Միևնույն ժամանակ սա չի նշանակում որ արհեստականորեն վիժեցված սաղմերից ծագող բջջային գծերի կիրառությունը ընդհանուր առմամբ բարոյապես թույլատրելի է, ինչի առումով չարիքի հետ համագործակցության պատասխանատվությունը աճում է ըստ կիրառողի որոշում կայացնելու չափի։
✅ Եւ ընկերություններն ու պետական մարմինները խրախուսվում են արտադրելու, տարածելու և տրամադրելու այնպիսի պատվաստանյութեր որոնք խղճմտանքի հարցեր չեն ստեղծի թե՛ առողջապահության ոլորտի աշխատողների և թե՛ հասարակության համար։
Հատկանշական է նաև, որ նույն փաստաթղթում պատվաստվելը թեև դիտարկվում է որպես կամավոր ակտ, սակայն հասարակական բարիքի տեսանկյունից համարվում է հորդորելի՝ հատկապես թույլերին և վտանգվածներին պաշտպանելու առումով։
Ինչ վերաբերվում է Pfizer-BioNTech և Moderna ընկերությունների, ինչպես նաև Հայաստանում կիրառություն ունեցող չինական CoronaVac (Sinovac Biotech ընկերության) պատվաստանյութերին, դրանց արտադրման տեխնոլոգիան կապ չունի վերոնշյալ էթիկական հակասությունն ունեցող բջջային գծերի հետ։
Աղբյուրներ և օգտակար հղումներ.
HEK-293-ի և PER.C6 բջջային գծերի ծագումնաբանության մասին.
DOI: 10.5840/ncbq20066331
Էթիկապես հակասական և ոչ հակասական պատվաստանյութերի ցուցակներ.
Վատիկանի պաշտոնական տեսանկյունը.
COVID-19 պատվաստանյութերի վերաբերյալ այլևայլ դիզինֆորմացիաների մասին.
COVID-19 պատվաստանյութերի տեխնոլոգիաների մասին.
doi: 10.12688/f1000research.25998.1
COVID-19 պատվաստանյութերի մասին համապարփակ և հանրամատչելի թարմացվող ակնարկ.
COVID-19-ի վերաբերյալ առողջ քննարկումների հայկական հարթակ.

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ