Ինչպես գրում է Daily Mail-ը, ըստ Ջոնսոնի՝ Գերմանիան ցանկանում էր, որ Ուկրաինան արագ պարտություն կրեր, մինչդեռ Ֆրանսիան մինչև վերջին պահը «ժխտում էր» (Ռուսաստանի ներխուժման հավանականությունը), քանի դեռ ռուսական զորքերը չեն հատել սահմանը: Նախկին վարչապետն ասել է, որ փետրվարի 24-ի ներխուժումից առաջ պատերազմող երկրները լարվածության վերաբերյալ տարբեր կարծիքներ են ունեցել։ CNN-ին տված հարցազրույցում նա առանձնացրել է ԵՄ ամենահայտնի երկրներից երեքը: «Ըստ Գերմանիայի տեսակետի՝ եթե դա տեղի ունենա, ապա աղետ կլիներ և այդ դեպքում ավելի լավ կլիներ, որ ամբողջ գործն արագ ավարտվեր, և Ուկրաինան պարտվեր: Ես կարծում էի, որ դա աղետալի տեսակետ է: Բայց հասկանում եմ, թե ինչու էին նրանք մայդպես մտածում»,-ասել է Ջոնսոնը՝ նկատի ունենալով էներգետիկ առումով Մոսկվայից Բեռլինի կախումը: Աղբյուրը նշում է, որ Գերմանիան, ռուսական ներխուժումից ի վեր, փորձել է նվազեցնել իր կախվածությունը, սակայն երկրին դեռ սպասվում է հնարավոր ծանր ձմեռ: «Չկասկածեք, որ ֆրանսիացիները ժխտում էին (Ռուսաստանի ներխուժման հավանականությունը) մինչև վերջին պահը», – շարունակել է Ջոնսոնը: Ջոնսոնը նաև ասել է, որ Իտալիայի կառավարությունը նախկին վարչապետ Մարիո Դրագիի օրոք «ինչ-որ փուլում պարզապես ասում էր, որ իրենք չեն կարողանա աջակցել Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը»: Նա Իտալիայի դժկամությունը կապել է ռուսական գազից կախվածության հետ։ Սակայն նախկին վարչապետն ասաց, որ Արևմուտքը արագ հասկացել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի կարելի բանակցել, և անհրաժեշտ է միասնական ճակատ: Ըստ Ջոնսոնի՝ «ԵՄ-ն փայլուն է գործել» ներխուժումից հետո՝ հավելելով. «Իմ բոլոր անհանգստություններից հետո… ես հարգանքի տուրք եմ մատուցում ԵՄ-ի գործելաոճին»:
Աղբյուրը՝ www.iravunk.com