Ամեն բան, ինչ տեղի է ունենում մեզ հետ, օգտակար է, իսկ մենք հաճախ անհանգստանում ենք, հարցնում ենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ է ամեն ինչ այդպես: Մի՞թե հնարավոր չէր այլ կերպ լիներ՝ ավելի լավ: Բայց փորձությունների միջով անցնելն անհրաժեշտ է: Հանդարտ դրանք հաղթահարել և խաղաղություն ձեռք բերել՝ ահա կյանքի դպրոցը:
Ինչպիսի մտքերի տրվում ենք, այդպիսին մեր կյանքն է: Մեզ անհրաժեշտ է սովորել տիրապետել մեր մտքերին, որպեսզի դրանք կարգի բերենք: Հանուն մեր օգտակարության մեզ անհրաժեշտ է տրվել բարի մտքերին և ցանկություններին, իսկ հետո ներդաշնակությունը կգա դեպի մեզ, դեպի հարազատները և դեպի ավելի լայն շրջապատ: Եվ ուր էլ մենք հայտնվենք, մեզանից բարությամբ լեցուն հանդարտ ու խաղաղ մտքեր կհորդեն:
Ստույգ նշանը, որ մեղքը ներվել է, այն է` եթե դա չի կրկնվում, և եթե մարդու հոգու ներսում խաղաղություն է…
Չէ որ մենք այդպես ենք՝ եթե մեր տրամադրությունը փչանում է, միանգամից կոպիտ ենք դառնում և չենք կարողանում մեղմ պատասխանել և միայն վատթարացնում ենք իրավիճակը… Բայց եթե մեր ներսում խաղաղություն ենք կրում, այն փոխանցվում է շրջապատին: Հետևաբար, պետք է աշխատել դրա համար, որպեսզի մեր տանը խաղաղություն լինի:
Ի՞նչ է դեպրեսիան՝ մտքերի կոմբինացիա: Մարդը համակցում է մեկը, մյուսը, երրորդը…, Խորհում՝ կլինի սա, կլինի այն…. Պետք է դադարել գուշակել՝ ինչպես և ինչ կլինի: Մենք՝ բոլորս, գլուխ ենք կոտրում, թե ինչպես ամեն ինչ կլինի` այսպես կամ այնպես: Իսկ արդյունքում Տերն ամեն ինչ այլ կերպ է հաջողեցնում: Եվ այդ դեպքում ինչո՞ւ ենք նյարդեր վատնում և մտահոգվում:
Ամեն գնով թույլ մի տվեք, որ ձեր սրտում տագնապ լինի: Մտային քաոսը չար ոգիների հոգեվիճակն է: Հոգևոր կյանքում ամենակարևորը սիրտը խաղաղության մեջ պահելն է: Խաղաղությունն ու խնդությունը այս և այն աշխարհի մեծագույն հարստություններ են:
Հոգևոր կյանքում ամենակարևորը սիրտը խաղաղության մեջ պահելն է: Հոգևոր կյանքը գիտակցված կյանք է, այն վեր է բոլոր ցանկություններից և այս աշխարհի բոլոր զգայություններից: Տերը նայում է սրտի խորքին, թե այն ինչ է ուզում և ինչ է փնտրում: Անհրաժեշտ է երկրային ծրագրերը և ցանկությունները սրտից հեռացնել, միայն այդ դեպքում անկեղծ կարող ենք Տիրոջը և մերձավորին սիրել: Մենք Աստծո օգնությամբ ամեն ինչ կարող ենք, ամեն ինչ կարող ենք, երբ ի սրտե դիմենք Տիրոջը:
Սերը բոլորից ամենահզոր զենքն է, որ գոյություն ունի: Չկա այնպիսի ուժ կամ զենք, որը կարող է պայքարել սիրո դեմ, քանի որ այն ամեն ինչ հաղթահարում է: Սերը, խնդությունը և խաղաղությունը Աստծո պարգևներն են, Աստծո առանձնահատկությունները: Առանձին-առանձին սերը, խնդությունը և խաղաղությունը հրաշքներ են գործում, իսկ միասնաբար կարող են բոլոր պատվիրաններն իրագործել:
Խոնարհությունը քրիստոնեական կյանքի կատարելություն է: Խոնարհությունն Աստվածային առանձնահատկություն է: Ուր թագավորում է խոնարհությունը` ընտանիքում, հասարակության մեջ, նրանից հորդում է Աստվածային խաղաղություն և խնդություն:
Տե´ր, օգնիր ինձ պահպանել հոգու խաղաղությունը, սովորեցրու ինձ լինել հանդարտ և հեզ, ինչպես Քո հրեշտակները և սրբերը:
Այստեղ` երկրի վրա, որևէ մեկը չկա, որ մեզ ներքին խաղաղություն տա: Ո´չ հարստությունը, ո´չ փառքը, ո´չ պատիվը, ո´չ դիրքը, ո´չ հարազատները և մերձավորները չեն կարող մեզ ներքին խաղաղություն տալ, որն անսասան կլինի: Կյանք, խաղաղություն և խնդություն նվիրողը միայն Աստված է:
Աստծուն հաճելի են խոնարհ և հեզ հոգիները: Նրանք չեն բարկանում, երբ իրենց վիրավորում են, նրանք լեցուն են բարությամբ և խաղաղությամբ:
Ուշադրություն դարձրու սրտումդ խաղաղությանը, փորձիր խաղաղություն գտնել և հանդարտվել: Եթե չես կարողանում աղոթել, պարզապես եղիր խաղաղ և հանդարտ, քո ներսում որևէ մտքերի վրա մի կենտրոնացիր, Աստծուն քեզ հանձնիր, և Նա ամեն ինչ քեզ համար շատ ավելի լավ կկարգավորի:
Ամենամեծ խոչընդոտը մեզ համար ինքներս ենք: Մենք մտածում ենք. «Չարն ինչ-որ տեղ դրսում է, ինքն իրեն պտտվում է»: Բայց եթե մեր ներսում չարը չլիներ, այն չէր կառչի մեզանից: Չարը մեր ներսում է: Մենք ինքներս ենք մեղավոր նրանում, որ խաթարել ենք խաղաղությունը: Թող մեզ մեղադրեն, թող զրպարտեն, թող ազատ կամք ունենան, թող իրենց գործն անեն, իսկ մենք ունենք մեր աշխատանքը` պահպանել խաղաղությունը:
Ինչպիսի մտքերով զբաղված ենք, այդպիսին էլ մեր կյանքն է: Հոգին սնվում է մտքերով, իսկ մարմինը` սննդով: Մարդը պետք է ինքն իր բժիշկը լինի: Եթե ներքուստ խաղաղություն և լռություն չկա, անօգուտ են բոլոր դեղամիջոցներն ու լավագույն բժիշկները: Կարևոր է քո ներսում բարին պահպանել և ինքդ քեզ վստահել: Միայն այդպես է հնարավոր ապագան տեսնել, առողջ լինել և Աստծուն և մյուսներին ծառայել:
Երկնքի Արքայությունը ոչ թե վայր է, այլ հոգու վիճակ է: Երբ մեր սրտում խաղաղություն, խնդություն և սեր է, մեզ դրախտում ենք զգում:
Քանի դեռ ուշադրություն ենք դարձնում այլ մարդկանց բացասական հատկությունների վրա, որոնք մեզ դիմում են, մենք չենք կարող խաղաղություն ունենալ: Ինչո՞ւ է Տերը տալիս թշնամիներին սիրելու պատվիրան: Ոչ թե դա նրանց համար է, այլ մեզ համար է: Քանի դեռ մենք մտածում ենք վիրավորանքի մասին, որը մեզ պատճառել են թշնամիները, ընկերները, հարազատները և մերձավորները, մենք խաղաղություն և հանգստություն չունենք, մենք ապրում ենք դժոխային վիճակում … Մեր կյանքը կախված է մեր մտքերից, մեր ցանկություններից: Մենք ինքներս ենք ստեղծում մեր շուրջը ներդաշնակություն կամ աններդաշնակություն:
Նույնիսկ ամենափոքր միտքը, որը հիմնված չէ սիրո վրա, ավերում է աշխարհը: Նախանձն ավերում է ներաշխարհը և հոգու խաղաղությունը: Խոնարհ մարդը լիովին գոհ է այն ամենով, ինչ Աստված իրեն տվել է և երջանիկ է իր սրտում:
Չափից ավելի առօրյա հոգսեր քեզ վրա մի վերցրու և պահպանիր քո խաղաղությունն ու ապրիր Աստծո հետ: Թող ամեն ինչ ընթանա, ինչպես որ ընթանում է: Մենք պետք է ինքներս մեզ և մեր մերձավորներին վստահենք Տիրոջը: Տերն ամենուր է և առանց Նրա Նախախնամության, առանց Նրա թույլտվության երկրում ոչինչ տեղի չի ունենում: Երբ մենք արմատավորենք այս միտքը մեր մեջ, ապա ամեն ինչ հեշտ է մեզ համար:
Մենք չենք կարող պահպանել ներքին խաղաղությունը, քանի դեռ մեր խիղճը մերկացնում է մեզ ինչ-որ բանի համար: Նախ անհրաժեշտ է խաղաղեցնել խիղճը:
Այն, ինչ մենք տալիս ենք, հենց դա էլ մեզ վերադառնում է: Սուրբ հայրերն ասում են. «Սեր ցանիր, և սեր կհնձես: Խաղաղություն ցանիր, և խաղաղություն կհնձնես:
Ամբողջ ուժով պետք է պահպանել հոգու խաղաղությունը: Մարդը պետք է աշխատի, որ միշտ լինի հոգու խնդության մեջ: Իսկ դևերը ցանկանում են, որ մենք միշտ տխուր լինենք:
Սուրբ հայրերն ասում են՝ այն միտքը, որն ավերում է խաղաղությունը, որից հանգստություն չկա, դժոխային միտք է: Այն պետք է հեռացնել, ոչ մի դեպքում չպետք է ընդունել: Մենք պետք է աշխատենք, որ բարին զորանա մեր մեջ, որպեսզի մեր ներսում խաղաղություն, խնդություն և աստվածային սեր հաստատվի: Մեր Երկնավոր Հայրը կամենում է, որ Իր երեխաները ժառանգեն Իր աստվածային առանձնահատկությունները, որպեսզի մենք լցված լինենք սիրով, խաղաղությամբ, խնդությամբ, մխիթարությամբ, ճշմարտությամբ և մեծահոգությամբ:
Դժվար է մերձավորների հետ ապրելը, եթե նրանց հետ (մեր) մտքերում պատերազմի մեջ ենք: Բավական չէ բառերով ու գործերով բաց պատերազմից զերծ մնալը, մի պատերազմեք նրանց հետ (ձեր) մտքերում: Հակառակ դեպքում կկորցնեք հոգու խաղաղությունն ու սերը:
Մեծ նշանակություն մի տուր արտաքին իրադարձություններին, կենտրոնացիր քեզ վրա, այսինքն՝ դեպի քո սիրտը և դեպի Տերը և թող արտաքին իրադարձությունները: Եղիր ընկերական, խաղաղ և հանգիստ բոլորի հետ և որևէ այլ բանի վրա ուշադրություն մի դարձրու:
Իրադարձություններն ընթանում են իրենց ընթացքով, իսկ մենք միջամտում ենք դրանց, ոչնչացնում մեր հոգու խաղաղությունը, միջամտում այնտեղ, որտեղ անհրաժեշտ չէ: Այն իրադարձությունները, որոնք Տերը թույլ է տվել, ընթանում են իրենց հունով, և եթե մենք ձեռք բերենք սրտի խաղաղություն, դրանք կանցնեն մեր կողքով և չեն վնասի մեզ, իսկ եթե հաղորդակից ենք դրանց, այդ դեպքում տառապում ենք:
Պետք է անցնել դժբախտությունների միջով, կենցաղային տարատեսակ անախորժությունների միջով։ Սա կյանքի դպրոց է՝ դժվարությունները խաղաղությամբ և հանդարտությամբ հաղթահարել: Մենք ֆիզիկապես առողջ ենք, բայց ծանրաբեռնված ենք մեր մտքերով, հոգսերով, անախորժություններով։ Մեր մերձավորները դժգոհում են մեզ իրենց տկարությունների համար, իսկ մենք կարեկցում ենք նրանց։ Մենք չենք կարող հրաժարվել այս ամենից։ Մենք չենք կարողանում այս ամենը հանձնել Տիրոջը և մեծ բեռ ենք կրում մեր մեջ։
Մեր նյարդային համակարգը չի դիմանում դրան, մենք դառնում ենք դյուրագրգիռ, չենք կարողանում հանդուրժել ոչ ինքներս մեզ, ոչ մեր մերձավորներին։ Աշխատավայրում, ընկերների մեջ, տանը ամեն ինչ անտանելի է դառնում։ Կյանքը վերածվում է խոշտանգումների, քանի որ մենք չենք սովորել խաղաղեցնել մեր նյարդերը։
Պետք է մտավոր հանգստություն, որպեսզի մարմինը նույնպես հանգստանա։ Հոգին նյութական աշխարհի հետ հաղորդակցվում է նյարդային համակարգի օգնությամբ։ Ուշադրություն դարձրու քո սրտում տիրող խաղաղությանը, փորձիր խաղաղություն և հանգստություն գտնել: Եթե չես կարողանում աղոթել, պարզապես լուռ եղիր, հանդարտ, քո ներսում որևէ միտք մի պահիր, ինքդ քեզ հանձնիր Տիրոջը, և Նա ամեն ինչ քեզանից լավ կկարգավորի:
Թռչուններն անդադար փառաբանում են Տիրոջը, վաղ լուսաբացից, առավոտյան երեքից մինչև երեկոյան ինը, անդադար երգում են։ Ժամը իննին մի փոքր լռում են և թռչում են ուտելիք փնտրելու, ճուտիկներին կերակրելու համար։ Եվ հետո նորից դայլայլում են: Նրանց ոչ ոք չի ստիպում, բայց երգում են։ Անկախ նրանից, թե ինչ-որ մեկը լսում է, թե չի լսում, նրանք երգում են: Իսկ մենք՝ մռայլ, քիթներս կախ։ Մեզ չի հետաքրքում այդ երգերը, մենք դրա ժամանակը չունենք: Պետք է օրինակ վերցնել թռչուններից, նրանք միշտ ուրախ են։ Իսկ մե՞նք: Մեզ հետ միշտ ինչ-որ բան այն չէ, բայց ի՞նչն այն չէ: Ոչինչ չի խանգարում մեզ ուրախ լինել, ճիշտ չէ՞:
Թադեոս վրդ. Վիտովնիցկի
(Սերբ Ուղղափառ Եկեղեցի)
Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը
Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում
Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար