Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին (1920-1990)
Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատումն ուղեկցվեց քաղաքական նոր կարգերի ստեղծմամբ: Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է ճանաչվում նաև Խորհրդային Ռուսաստանի կողմից: 1920թ. օգոստոսին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով, ռուսական զորքերը ժամանակավորապես տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո, 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը (Հեղափոխական կոմիտե – այն ժամանակվա բոլշևիկյան իշխանության գլխավոր մարմին) իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները` Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս:
Ադրբեջանական ԽՍՀ Ազգային խորհուրդը` հիմք ընդունելով Ադրբեջանի Հեղկոմի և Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը, 1921թ. հունիսի 12-ի հռչակագրով Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայկական ԽՍՀ անբաժանանելի մաս:
Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի հայտարարության և Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնության հիման վրա` 1921թ. հունիսին, Հայաստանը նույնպես Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր անբաժանելի մաս:
Հայաստանի կառավարության ընդունած դեկրետի տեքստը հրապարակվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի մամուլում («Բաքվի աշխատավոր», Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի օրգան, 1921թ. հունիսի 22): Այսպիսով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միացման իրավական ամրագրումը: Միջազգային իրավունքի և նորմերի համատեքստում (միջազգային իրավական իմաստով), կոմունիստական վարչակարգի ընթացքում սա եղավ վերջին օրինական ակտը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:
Անտեսելով իրողությունը, 1921թ. հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրում է լիագումար նիստ, որի ընթացքում նունպես հաստատվում է Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը: Սակայն, Մոսկվայի թելադրանքով և Ստալինի անմիջական միջամտությամբ, հուլիսի լույս 5-ի գիշերը վերանայվում է նախորդ օրվա որոշումը և ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը` չպահպանելով նույնիսկ ընթացակարգը: Այս որոշումն աննախադեպ իրավական ակտ է միջազգային իրավունքի պատմության մեջ, երբ երրորդ երկրի կուսակցական մարմինը (ՌԿ(բ)Կ)` առանց որևէ իրավական հիմքի կամ իրավասության, որոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին, Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:
Սակայն ողջ խորհրդային ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեք չհաշտվեց այդ որոշման հետ և տասնյակ տարիներ շարունակաբար պայքարեց Մայր հայրենիքին վերամիավորվելու համար:
Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լինելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետեւողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ-ի հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների եւ մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի խտրականությունն իր ազդեցությունն ունեցավ նաև Ղարաբաղի բնակչության վրա և դարձավ վերջինիս գաղթի հիմնական պատճառը: Արդյունքում, Ղարաբաղի բնակչության հարաբերակցությունը փոփոխվեց. եթե 1923 թվականին հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,4 տոկոսը, ապա 1989թ. տվյալներով հայերի թիվը նվազել է մինչև 76,9 տոկոս: Հայաթափման քաղաքականությունն առավել հաջող ընթացավ մեկ այլ հայկական տարածքում` Նախիջևանում:
ԼՂԻՄ-ի ժողովուրդը և Հայկական ԽՍՀ իշխանությունները Ղարաբաղն Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված բազմաթիվ դիմումներ են հղել, որոնք անտեսվել են կամ մերժվել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդեպ կիրառվող հալածանքների: Նշված դիմումների թվում են Հայկական ԽՍՀ Կառավարության և կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարությանը և Համամիութենական կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչության ավելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. ավելի քան 45 հազար ստորագրությամբ նամակները` հասցեագրված ԽՍՀՄ ղեկավարությանը, 1977թ. ԽՍՀՄ նոր Սահմանադրության համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային կոլեկտիվների առաջարկությունները:
Աղբյուրը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն