Գլխավոր Հոգևոր Արիական ազգը կգրավի Կ. Պոլիսը (Ստամբուլը), Վարդան Այգեկցի

Արիական ազգը կգրավի Կ. Պոլիսը (Ստամբուլը), Վարդան Այգեկցի

by admin
0 մեկնաբանություն 1345 դիտում

Ընդհանուր առմամբ, հետաքրքիր է Վարդան Այգեկցու արձանագրած կանխատեսումները վերջին ժամանակների վերաբերյալ: Գիտենք, որ Վարդան Այգեկցին ապրել է 12-13-րդ դարերում և ականատես է եղել Կիլիկիայի Լևոն 2-րդ Մեծագործ թագավորի պանծալի ժամանակներին:  Ճշգրիտ աղբյուրը, հեղինակն ու սկզբնաղբյուրի ժամանակաշրջանը, որից օգտվել է Վարդան Այգեկցին, հայտնի չէ: Նա պարզապես նշում է, որ գրքերում գտանք սուրբերից մեկի ասածը: Հետևաբար, ինչքանով է խմբագրված և տվյալ ժամանակի իրադարձությունների ազդեցության ոգով  գրված մարգարեության այդ տեքստը, նույնպես խնդրահարույց է, քանի որ հավանականությունը մեծ է, որ սկզբնաղբյուրն ավելի պարզ տեքստ ունենա, քան հետագայում Վարդան Այգեկցուն արդեն հասած մարգարեության աղբյուրը: Որոշակի գեղարվեստական ոճը, որը հատուկ է հայտնութենական գրականությանը, նաև առկա է Այգեկցու մոտ: Գեղարվեստական մոտեցումն ու հայտնութենական գրականությանը հատուկ որոշակի սիմվոլիզմը կարող է շփոթության մատնել ընթերցողներին և մշուշոտ դարձնել, թե հեղինակն ում մասին է խոսում և այլն: Ինչևիցե, առաջին հատվածը, որտեղ նկարագրում է իրադարձությունները, ամենայն հավանականությամբ Լևոն 2-րդ Մեծագործ թագավորի մասին է: Վարդան Այգեկցին այսպես է վկայում. «Եվ այնպես մանրամասն և ճշգրիտ է պատմում մեր քրիստոսատեսակ թագավորների մասին, կարծես մեր ժամանակների մասին պատմի»: Բայց հետաքրքական է այն հատվածը, որտեղ ասվում է, որ Լևոն թագավորի ժամանակաշրջանի ծաղկունքն իր ավարտը կունենա. «Եվ Աստված ոչինչ չի պակասեցնի նրա աթոռից, մինչև հեթանոսների, այսինքն՝ անօրենների ժամանակի լրանալը»: Եթե ուշադրություն ենք դարձնում միջնադարյան պատմիչներին, անօրեններին հիմնականում համարում էին սելջուկ-թուրքերին և Միջին Ասիայից դեպի Մերձավոր Արևելք ու Փոքր Ասիա ներխուժած ցեղախմբերին, որոնք հաստատվել էին այդ տարածքներում: Հովհաննես վրդ. Կոզեռնը (10-11 դարեր)  շատ խիստ է խոսում նրանց մասին. «Քամի անիծյալ որդիներ թուրքերի պիղծ զորքի հարձակումները քրիստոնյա ժողովուրդների վրա…»: Վարդան Այգեկցին նշում է. «Եվ կբարձրանա արիական ազգը, և կվերցնեն հույների թագավորական քաղաք Բյուզանդիոնը, որը Կոստանդնուպոլիսն է, իսկ հետո՝ ժամանակը լրանալուն պես, կգրավեն նաև Երուսաղեմը»:  Ընդհանրապես, հայտնութենական գրականության մեջ ժամանակագրությունն ունի իր յուրահատուկ կերպը, ինչպես Սուրբ Գրքում է ասվում. «Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր» (Բ Պետրոս 3.8):  Հետևաբար, եթե Վարդան Այգեկցին խոսում է Լևոն 2-րդ Մեծագործ թագավորի մասին, իսկ հետո անօրենների մասին, այնուհետև Բյուզանդիոնի գրավման մասին, այս դիտանկյունից, հավանական է, որ խոսքը գնում է արդեն ապագա ժամանակների մասին, եթե զուգահեռներ ենք տանում սբ. Պաիսիոս Աթոսացու, Հովսեփ Վատոպեդացու և այլ հույն սրբերի մարգարեությունների հետ, որոնք նույնպես գրում են թուրքերից Կ. Պոլսի հետ գրավման մասին: Այդուհանդերձ, մյուս կողմից, Վարդան Այգեկցու գրածը կարող է վերաբերել խաչակիրների արշավանքին, որոնք 1204թ. գրավեցին Կ. Պոլիսը, այնուհետև 1229թ. կարճ ժամանակով նաև Երուսաղեմը, հատկապես հայ միջնադարյան պատմիչները արիական ազգ ասելով նկատի են ունեցել ֆրանկներին՝ Արևմուտքի քրիստոնյա ժողովուրդներին, ինչպես օրինակ՝ Հովհաննես վրդ. Կոզեռն ասում է. «Այն ժամանակ, ահա, պիտի հանդես գա ֆրանկների արիական ժողովուրդը, մեծ զորքով գրավի Երուսաղեմ սուրբ քաղաքը և գերությունից ազատի աստվածընկալ Գերեզմանը»: Վարդան Այգեկցին ենթադրում է, որ իր նշած մարգարեություններն իրենց ժամանակների մասին են. «Երբ արիական ցեղը գա, մեր երկրի զորքերը դուրս կգան ու կխառնվեն նրանց բանակին»: Նա ասում է, որ իրեն թվում է՝ այդ գերության մասին է խոսքը, թե Երուսաղեմը կազատեն ծառայությունից, և կգա բարի ժամանակը: Բայց միայն Աստծուն է հայտնի: Սակայն, մյուս կողմից, երբ խոսում է Բյուզանդիոնի և Երուսաղեմի գրավման ու նեռի մասին, և զուգահեռներ ենք անցկացնում մեր ժամանակներում ապրած հույն սրբերի մարգարեությունների հետ, նկատում ենք, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է  ապագա ժամանակներին, երբ, ինչպես Վարդան Այգեկցին նշում է, երեխա տարիքում նեռը կտարվի Կ. Պոլիս և հետագայում այդտեղ համաշխարհային առաջնորդ հռչակվելով կգնա Երուսաղեմ: Վարդան Այգեկցին խոսում է նաև էկոլոգիական աղետի մասին, ինչպես նաև մեր ու հետագա ժամանակներին հատուկ քաղաքակրթական կյանքի մասին, որտեղ մեգապոլիսների շինությունները փոշիացնում են բնությունը. «Կլինի երաշտ, սով, և կսկսեն ցամաքել աղբյուրները նրա (նեռի) թագավորության ժամանակ, կփոշիանան ծառերն ու բույսերը, որովհետև երկինքն ու երկիրը կդառնան ինչպես երկաթ ու պղինձ, և հացը կպակասի աշխարհից»:  Ամեն դեպքում, Կ. Պոլիսը (Ստամբուլը) գրավող արիական ազգի խորհուրդը թողնում ենք ընթերցողի եզրահանգմանը, թե Վարդան Այգեկցին Հաբեթի սերնդից կամ հնդեվրոպական լեզվաընտանիքից սերած այն ո՞ր ազգի մասին է խոսում, որին պիտի միանան հայոց զորքերը…

Պատրաստեց Հ. Մանուկյանը

Տեղեկատվությունն ըստ NIP/National Information Platform-ի

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ