Գլխավոր Հոգևոր Հնարավո՞ր է կասեցնել համաճարակը…

Հնարավո՞ր է կասեցնել համաճարակը…

by admin
0 մեկնաբանություն 2015 դիտում

Աստվածաշունչը նշում է, որ հանուն արդարների հնարավոր է խուսափել արհավիրքից: Աբրահամը խնդրում էր՝ եթե տասը արդար գտնվի Սոդոմում, ապա Տերը թող ողորմի Սոդոմին: Տերն ասում է. «Չեմ կործանի հանուն տասի»: Սակայն տեսնում ենք, որ Սոդոմում նույնիսկ այդ տասն էլ չկար, և այն կործանվում է… (Ծննդ. 18-19):

«Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղոթքին» (Սաղմ. 33.16):

«Արդարները Տիրոջը աղոթեցին, և Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից» (Սաղմ. 33.18):

Հակոբոս առաքյալն ասում է, որ արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է: «Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերին ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը» (Հակոբոս 5.17-18):

Բայց Ավետարանում Հիսուս նշում է. «Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արյան հետ։ Նա պատասխանեց նրանց և ասաց. «Կարծո՞ւմ եք, թե այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին, քան բոլոր գալիլիացիները։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13.1-5):

Էդուարդ Աղայանը իր «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «ապաշխարել» բառը հետևյալ կերպ է բացատրում՝ գործած հանցանքի՝ մեղքի  համար զղջալ, իսկ փոխաբերական առումով՝ նեղություն՝ չարչարանք կրել: Ըստ Հայկազյան բառարանի այն առաջացել է «ապա» (հետո) մասնիկից և «աշխարել»-ից, այսինքն՝ իբրև աշխարհից մեկուսացած: Աճառյանը «ապաշխարել»-ը իրանյան փոխառություն է համարում, որ նշանակում է՝ լալ արած հանցանքի համար: Բառին հոմանիշ է «ապաշավել»-ը նույն իմաստով: Մաշտոցն այդ բառով է թարգմանել ավետարանական «մեթանոյիա» հունարեն բառը, որը նշանակել է զղջալ արածի համար, ճանապարհները փոխել (Մատթեոս 3.2; 4.17): Հունարեն μετάνοια. բառը («մեթանոյիա»- ապաշխարություն) նաև նշանակում է «մտածողության, մտքի փոփոխություն»: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզ կոչ է անում մեր ապրելակերպի և մտածողության փոփոխություն՝ մերժելով մեղավոր գործերն ու մտքերը: Ըստ Տաթևացու ապաշխարությունն իր մեջ ընդգրկում է սրտի զղջում, խոստովանություն և ապաշխարություն գործով, «քանի որ երեք ձևով ենք մեղանչում,- գրում է նա,- խորհրդով, խոսքով և գործով, ուստի պետք է երեք ձևով էլ ապաշխարենք» (www.surbzoravor.am):

Հովնան մարգարեն ապաշխարություն քարոզեց Նինվեում: Նինվեն ապաշխարեց ու փրկվեց (Հովն. 3.1-10):

Սակայն Աստված չի ընդունում ժողովրդի կեղծ զղջումը (Oսէէ 6.1-11):

Ճշմարիտ ապաշխարության օրինակ է Ավետարանում նկարագրված Անառակ որդու առակը (Ղուկ. 15.11-32):

Հիշենք՝ «Խոնարհ հոգին է պատարագն Աստծու,
մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50.19):

 

Տեղեկատվությունն ըստ NIP/National Information Platform-ի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ