Գլխավոր Ընդհանուր Նորը քրիստոնեությունն է, իսկ հինը՝ լիբերալիզմը (ուղղված ժամանակակից գրողներին, գրականագետներին)

Նորը քրիստոնեությունն է, իսկ հինը՝ լիբերալիզմը (ուղղված ժամանակակից գրողներին, գրականագետներին)

by admin
0 մեկնաբանություն 3107 դիտում

Այն թյուր կարծիքը, որ շարունակ քարոզվում է, թե նոր արժեքները  ներկայիս ազատականությունն է, մի ազատականություն, որտեղ իրականում նաև անբարոյականության սկզբունքներն են ներառված, և դա հրամցվում է՝ նաև որպես ժամանակակից գրականություն, ուր լուսաբանվում է անբարոյականությունը՝ իբրև կյանքի նորմ, և պետք է հրաժարվել հնից, որի անունը դրել են պահպանողականություն՝ նկատի ունենալով նաև քրիստոնեական արժեքները, կատարյալ մոլորություն է, պատրանք, որի ցանցում հայտնվում են շատ մարդիկ, հատկապես երիտասարդները, որոնք փնտրում են նորն ու հեռանկարայինը: Իրականում  հինը՝ այդպես կոչված ներկայիս սանձարձակ լիբերալիզմն է: Ինչո՞ւ է այն հինը, քանի որ այն փլատակների տակից փորձում է վեր բարձրացնել սոդոմ-գոմոր կոչված անբարոյական նորմը և դեռևս Նոյի ժամանակներում ապրած մարդու խաթարված կյանքի նորմը՝ փաթեթավորված ժամանակակից անվամբ: Ամբողջ հեթանոսությունը կրում էր իր մեջ կյանքի այդ նորմը, և այն բնական էր համարում, և Սվետոնիոսի  «Տասներկու Կեսարների կյանքը» փաստագրական գիրքը դրա վառ վկայությունն է, մինչդեռ քրիստոնեությունը՝ նորը, եկավ և դուրս մղեց հինը՝ սոդոմ-գոմորյան նորմը, բերելով նոր մարդու գաղափարը (Եփես. 4.24, Կողոս. 3.9) և սիրո տիեզերական վարդապետությունը:  Եվ, այժմ, կրկին փորձ է արվում հինը ներկայացնել իբրև նոր ու ժամանակակից, իսկ նորը՝ հին և անցյալ: Այս խաբկանքն ի վերջո դատապարտված է ձախողման, որովհետև մարդը, ինչքան էլ ոմանք փորձեն հերքել, իրականում ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ և ինչքան էլ փորձեն մարդուն անպատվաբեր վիճակի հասցնել՝ նետելով նրան կենդանականից էլ ավելի վատթար վիճակի մեջ և անունը դնել ազատություն, Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված անձը ձգտելու է աստվածանմանության, որտեղ չկա հպարտ քաղաքացու և անդեմ անհատի գաղափարը, այլ՝ բանականություն, արժանապատվություն  և ազատություն կրող անձնավորության ուղին, քանի որ ասված է՝ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթ. 5.48):  Մարդն ունի երկու ուղի` կամ նմանվելու է կենդանու կամ հրեշտակի (Մատթ. 22.30), ընտրությունը յուրաքանչյուրինն է, որովհետև Երկնային Նախախնամությունը հարգում է մարդու ազատ կամքը, թեև յուրաքանչյուրին կոչում է դեպի կատարելության, իրական ազատության և բարձրագույն որակների ձեռքբերման: Այդ ամենը խոսքերով չես կարող հասկանալ, այդ ամենը պիտի ապրես, որպեսզի հասկանաս, իսկ երբ ապրես այն, այլևս չես կամենա վերադառնալ դեպի հինը, որը թյուրիմացաբար կոչում են՝ նորը: Արդ, իրապես ձգտենք դեպի նորը, դեպի նոր մարդ դառնալու աստվածանմանությանը, որի արդյունքում էլ կձևավորվի իսկապես նոր ու ժամանակակից գրականությունը, նաև ապագայի գրականությունը:

Հ. Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ