Գլխավոր Գրադարան Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի: Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն

Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի: Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն

by admin
0 մեկնաբանություն 536 դիտում

1919 թվականի դեկտեմբերի կեսերին 600 զինվորով Գորիս է հասնում Զանգեզուր-Ղարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար նշանակված Դրոն։ Կարճ ժամանակում՝ մինչև հունվարի 19-ը, ողջ Զանգեզուրն ազատագրվում է, Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին Յապոնի, Նժդեհի, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը; Դրոն փաստորեն իր ավարտին հասցրեց Անդրանիկի կիսատ թողած գործը։

Հերթը Արցախինն էր, որը ժամանակ շահելու և նոր արյունահեղությունից խուսափելու համար 1919 թվականի օգոստոսին կայացած Արցախահայության յոթերորդ համագումարում որոշել էր, մինչև Փարիզի հաշտության վեհաժողովում հարցի վերջնական լուծումը, ժամանակավորապես ընդունել Ադրբեջանի իշխանությունը։ «Ռումբը պայթում է» 1920 թվականի մարտի 22-ի երեկոյան՝ իսլամական Նովրուզ-Բայրամի օրը։ Թեժ մարտեր են ընթանում հատկապես Վարանդայում, Ասկերանի ճակատում և Տումի-Խծաբերդի ու Մսուրմանլարի շրջանում։ Ասկերանի բերդի կռիվները տևում են 18 օր. մոտ 500 հայեր՝ 3500-4000 հոգուց բաղկացած կանոնավոր զորքի դեմ։ Թուրք-թաթարական ուժերը Ասկերանը գրավելուց հետո սկսեցին Շուշվա կոտորածը։ Երեք օր ու գիշեր քաղաքի հայկական մասը հրդեհների մեջ էր։ «Մշակ» թերթի 1920 թվականի մայիս 9-ի համարում Մարիետա Շահինյանը վկայում է, որ այդ օրերին այրվել է 7000 տուն, սպանվել 12000 հայ։

Այս արյունահեղությունը Հայաստանի կառավարությանը հարկադրում է օգնության ձեռք մեկնել Արցախին։ Ապրիլի 14-ին Դրոյի էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի: Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարչություն։ Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր։ 1920-ի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»: Հատված Դրոյի Ղարաբաղի «հայ ազգաբնակչությանը» ուղղած կոչից. ապրիլի 26, 1920 թվական.

«Ես եկել եմ այն համոզումով և հաստատ որոշումով, որ հենված ձեր վճռականության վրա և միացած ձեր քաջարի զինվորներին, պետք է հաղթենք թշնամուն: Ես վճռել եմ մնալ ձեր մեջ, կռվել ձեզ հետ և ազատությունն ու հաղթանակը տոնել այստեղ»:
Դրոյի փայփայած երազը, տարաբախտաբար, չի իրականանում։ Ապրիլի 28-ին Ադրբեջանում հռչակվում է խորհրդային իշխանություն։ Հաջորդ օրը դիմակափոխված մուսաֆաթականները վերջնագիր են ներկայացնում՝ զորքերն Արցախից դուրս բերելու պահանջով, հակառակ պարագայում՝ կարմիր բանակի օգնությամբ վռնդելու սպառնալիքով։ Մայիսի 5-ին Դրոյի հետ բանակցելու համար Արցախ են ժամանում 11-րդ կարմիր բանակի ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սերգո Օրջոնիկիձեի ներկայացուցիչներ Սահակ Տեր-Գաբրիելյանն ու Լևանդովսկին, մայիսի 12-ին կարմիր բանակի մի զորագունդ մտնում է Շուշի։ Մայիսի 25-ին, Հայաստանի Հանրապետության զորքերը կառավարության հրամանով թողեցին Արցախը։ Այսպես՝ բոլշևիկների ճնշման տակ Արցախի ազատագրումը հետաձգվում է 70 տարով։

Ֆիլմը պատրաստվել է  AR TV-ի կողմից

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ