Գլխավոր Ընդհանուր Ազատությունը ներդաշնակության դուստրն է և գեղեցկության քույրը

Ազատությունը ներդաշնակության դուստրն է և գեղեցկության քույրը

by admin
0 մեկնաբանություն 2589 դիտում

Քրիստոնեական համակեցության գլխավոր գաղափարները՝

Սեր, ազատություն, միություն

Յուրաքանչյուր գեղեցիկ գոյ ունի ձև և բովանդակություն: Յուրաքանչյուր գեղեցկություն գծագրված է հավերժի նրբագեղ վրձնով, որն առանձնանում է ընդհանուր պատկերից, քանի որ ունի գծագրված սահմաններ՝ ձև և բովանդակություն: Նայեք ծաղկին, այն գեղեցիկ է, որովհետև ընդհանուր միօրինակությունից իր սահմաններով առանձացված է Արարչի նրբագեղ վրձնի գծագրմամբ: Գեղեցիկը ազատություն է, ազատությունը՝ գեղեցկություն: Գեղեցիկը ծաղկում է, երբ ազատ է, երբ առանձնացված է ընդհանուր միօրինակ պատկերից, երբ յուրօրինակ է, ինչպես առանձնացված յուրաքանչյուր ծաղիկ: Գեղեցիկը խզբզանք չէ, այն մտքի ստեղծագործված ներդաշնակություն է, այդպես էլ՝ ազատությունը քաոս չէ, այլ ներդաշնակ, յուրօրինակ ձև և բովանդակություն ունեցող գեղեցկություն: Երբ ծաղկին չափից ավելի ջուր ես տալիս, այն թառամում է, երբ ծաղկին ջուր չես տալիս, նույնպես թառամում է: Գեղեցիկը ներդաշնակության դուստրն է: Ինչպես նաև ներդաշնակությունը ազատության մայրն է: Այն, ինչ 21-րդ դարում երբեմն ներկայացվում է որպես ազատություն, իրականում ազատությունը ոչնչացնելու պատկեր է, քանի որ աստվածադրոշմ ձեռքի կողմից գծագրված գոյի ձևի խախտումը և բովանդակությունը ոչ թե կյանք է, այլ՝ մահ, երբեմն դանդաղ, երբեմն արագ: Այս դեպքում մարդը ոչ թե համաչափ ջրում է, որ ծաղիկը ծաղկի, այլ չափն անցնում է, որը բերում է ծաղկի կործանման: Հետևապես, ազատությունը համաչափություն է, իսկ համաչափությունը՝ ներդաշնակություն, կյանք: Արդ, այսպես է սահմանվում քրիստոնեական ազատությունը՝ ազատ եմ ամեն ինչ անելու համար, բայց ամեն բան չէ, որ օգտակար է ինձ համար: Հետևաբար, ազատությունն ունի ձևն ու բովանդակություն, այսինքն՝ ունի սահման և էություն: Անդեմ ազատությունը ոչ թե ազատություն է, այլ՝ խզբզանք, քաոս: Ազատության սահմանը ներդաշնակությունն է, իսկ ներդաշնակության ուղեցույցը մարդու համար բարոյականությունն է՝ հիմնված հոգևոր ընկալման վրա: Իրականում ազատությունը բխում է հոգեղենից: Հոգեղենն է կյանք տալիս ազատությանը և ծաղկունք պարգևում, որից էլ՝ բխում է արտաքին ձևն ու հողեղենը: Ուստի, աղավաղված կրքերին հագուրդ տալու հասկացությունն ազատություն չէ: Այն տվյալ արարքի արդարացում է, որը ներկայացվում է ազատության քողի ներքո: Ազատ մարդն ազատ է կապվածություններից և կախվածություններից: Իսկ ազատության աղավաղված ընկալում ունեցող մարդը լիովին կախված է խեղված կրքերից, որոնք կրոնական իմաստով կոչվում են նաև մեղքեր: Քրիստոնեական ազատությունից բխում է բարություն, լույս, ներդաշնակություն, գեղեցկություն, հոգու կատարելության ընթացք, իսկ աղավաղված ընկալման ազատությունից՝ ագրեսիա, ճգնաժամ, լարվածություն, խժդժություն, խզբզանք, հոգու անկման ընթացք: Եթե հավատում ենք Սուրբ Գրքին, մենք Աստծո պատկերն ու նմանությունն ունենք և պիտի ձգտենք դեպի կատարելության, աստվածանմանության: Մեր ճանապարհն է ազատության միջոցով նմանվել Աստծուն: Շարունակական այս ճանապարհը մեր ազատության առաքելությունն է, որը գեղեցկություն է, կյանք, լույս և ներդաշնակություն:

Հովհաննես Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ