Գլխավոր Հոգևոր Դատապարտելու մասին (հոգեշահ խրատներ)

Դատապարտելու մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 2017 դիտում

Եփրեմ Արիզոնացի

Դատապարտելը հիվանդություն է: Հիվանդանոցում բոլոր մարդիկ հիվանդ են, բայց ոչ ոք չի մեղադրում հարևանին, թե դու հիվանդ ես, որովհետև մարդը տեսնում է, որ ինքն էլ է հիվանդ: Իսկ մենք, թեև ամեն դեպքում հոգով հիվանդ ենք, միմյանց խայթում ենք: Դա նույնն է, թե ինչ-որ մեկի աչքը ցավում է, իսկ նա սկսում է դատել նրան, ում թոքերն են ցավում: Ահա թե մենք ինչ ենք անում` դժբախտներս, և այնուամենայնիվ ինքներս դա չենք նկատում:

Ամենից շատ զգուշացեք մտքում դատապարտելուց, քանի որ այն խոսքի մեջ հստակ չի բացահայտվում և չի կարող ուղղվել այն լսողների կողմից: Զգուշացեք, կրկնում եմ, ներքին դատապարտությունից, որն աննկատելիորեն մեզ դատապարտում է մահվան, զրկում է Աստվածային Շնորհով կյանքից և բերում մեզ հոգու մահ դառը ըմպելիքի պես:

Երբ վերլուծում եմ մարդու արարքները ոչ թե նրան դատապարտելու կամ նվաստացնելու նպատակով, ոչ թե հպարտությամբ, այլ սիրով, օրինակ՝ ասում եմ, որ մարդու համար ավելի օգտակար կլինի չանել այս կամ այն բանը, կարեկցանքով եմ խոսում և աղոթում եմ նրա համար, ապա դա դատապարտում չէ: Բայց եթե նրան եսասեր եմ անվանում և նվաստացնում այլ մարդկանց աչքերում, ապա դա դատապարտության մեղքն է:

  

Իոանն վրդ. Կրեստյանկին

Դու շատ ես կարդացել, բայց գլխավորը չես հասկացել` հոգևոր կյանքը սկսում է տկարություններդ և ինքդ քեզ ճանաչելուց, այլ ոչ թե շրջապատին դատելուց: Ամենից կործանարար մեղքերը դատապարտությունն ու գայթակղությունն են: Ահավասիկ, ուշադրությամբ սկսիր այդ երկու մեղքերը հուգուց և սրտից վտարել:

Մի նեղսրտեք, որ ձեր ամուսինը Աստծուն չի հավատում: Մի դատեք նրան: Ավելի լավ է աղոթեք ամուսնու համար: Այդպես է Տերը ձեզ տվել, որ ձեր հավատքն Աստծո հանդեպ ամրապնդվի, և դուք իսկապես աղոթեք՝ սովորելով (աղոթել) մերձավորների համար:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Մենք մեղադրում ենք մյուսներին, ուզում ենք ուղղել մեր շուրջը բոլորին, բայց երբեք չենք սկսում մեզանից: Սա մեր մեծ սխալն է: Եթե ամեն մեկն սկսեր իրենից, աշխարհում այդքան շատ չարիք չէր լինի:

 

Նիկոն Վորոբյով

Երբ անբարյացակամության և դատապարտման զգացումն ունենաս, ինքդ քեզ պետք է ասել. «Եվ այսպիսի զգացումով ինչպիսի՞ն կլինեմ Աստծո առջև»: Եվ բացի դրանից`  մի՞թե ես կատարյալ եմ:

Ողորմությունը մաքրում է շատ մեղքերից: Խոսքը ոչ միայն նյութական ողորմության մասին է. շատ ավելի արժեքավոր է հոգևոր ողորմությունը: Այն նրանում է, որ մարդը մերձավորներին դատապարտելու փոխարեն կարեկցում է նրանց, ներում է նրանց մեղքերն ու թերությունները և Աստծուն խնդրում է ներել նրանց:

Որևէ մեկին մի դատեք, այլ կարեկցեք յուրաքանչյուր մեղավորին, քանի որ Տերը նրան էլ է սիրում և կամենում է նրա փրկությունը, ինչպես և Ձեր:

Մեղքերիդ գիտակցումը և ապաշխարության նշանը մերձավորներին չդատելու մեջ է:

Շատ եմ խնդրում ձեզ` որևէ մեկին մի դատապարտեք. դա ամենադյուրին ճանապարհն է, որ դատապարտված չես լինի ապագայում…

Փրկության ճանապարհը մեղքերի ապաշխարության միջոցով է, այլ ոչ թե մերձավորներին դատելու միջոցով…

Ամեն ինչի համար, որ պատշաճ չէ (միտք, զգացողություն, խոսք, հայացքներ և այլն) մտքով անմիջապես ուղղվեք դեպի Տերը`  ի սրտե շունչ քաշելով և ներում խնդրեք  ու բավարար է: Այլևս մի փորփրեք, մի քննարկեք` ես այսպիսին եմ, ես այնպիսին եմ: Ամեն դեպքում, մենք ինքներս մեզ չենք ճանաչում և չենք կարող ինքներս մեզ ճիշտ դատել: Տերն է մեր դատավորը: Մեր գործն է, որ ամեն ինչի համար ներում խնդրենք, իսկ որևէ մեկին դատապարտելը, նույնիսկ՝ չափից դուրս ինքդ քեզ, արգելված է:

Ինչի՞ց ենք մենք մշտապես տառապում, նյարդայնանում, վիճաբանում, վհատվում, դատապարտում: Այն պատճառով, որ չենք հավատում Տիրոջը: Եթե  հավատայինք Նրան, ամեն ինչ կանեինք հանգիստ, խաղաղ, աղոթքով: Կանեինք ըստ մեր ուժերի չափի, իսկ մնացածը կթողնեինք Աստծո ողորմության վրա, այդժամ արտաքին գործերն էլ ավելի հեշտ կդասավորվեին և հոգու տունն էլ շարունակաբար կկառուցվեր:

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Եթե մենք պայքարում ենք կրքերի դեմ, բայց չենք կարողանում դրանք հաղթել, նշանակում է, որ հպարտություն ունենք, կամ որևէ մեկին դատապարտում ենք:

Եթե մարդը չսկսի աշխատել ինքն իր վրա, այդ դեպքում սատանան կգտնի նրա համար մեկ ուրիշ աշխատանք` որոնել ուրիշների թերությունները:

 

Սբ. Սերաֆիմ Սարովցի

Երկրի վրա են սկսվում դրախտն ու դժոխքը: Դատիր ինքդ քեզ, և Տերը չի դատի:

Մեր մերձավորների հետ փոխհարաբերության մեջ պետք է, թե´ խոսքով, թե´ մտքով լինենք մաքուր և բոլորի հետ հավասար, հակառակ դեպքում մեր կյանքն անօգուտ կդարձնենք:

Ահա ինչ արա՝ կշտամբում են, մի՛ կշտամբիր, հալածում են, համբերիր, վատաբանում են, գովաբանիր:

Հոգու խաղաղությունը պահպանելու համար ամեն կերպ պետք է խուսափել ուրիշներին դատապարտելուց: Հոգու խաղաղությունը պահպանվում է չդատապարտելով և լռությամբ: Երբ մարդն այս վիճակում է գտնվում, ապա Աստվածային հայտնություն է ստանում:

 

Սիմեոն Աթոսացի

Իմաստության նշանն ամենևին էլ քննադատելը չէ, բարության նշանն ամենևին էլ գովաբանելը չէ…

Ոչ թե նա է իմաստուն, որը բոլորին դատում է, այլ նա, որը բոլորին սիրում է:

 

 Սբ. Ամբրոսիոս Օպտինացի

Աշխատեք իրար քաջալերել միմյանց հետ փոխհարաբերություններում, այլ ոչ թե դատարկ դատողություններով տաղտկություն պատճառել:

 

Մատթա ԷլՄեսքին (Մատթեոս Աղքատ)

Մի´ դատիր, մի´ մեղադրիր քո եղբորը, եթե նա սխալվել է կամ մեղք է գործել, որովհետև հնարավոր է, որ նա ապաշխարի և ոտքի կանգնի, մինչդեռ դու սխալվես և երբեք ոտքի չկանգնես: Պարզապես աղոթիր նրա համար և խոնարհությամբ, սիրով և համբերատար եղիր նրա նկատմամբ:

 

Սբ. Իգնատիոս Բրյանչանինով

Տերն այնպես է  դատելու մեր բոլոր արարքներն ուղղված դեպի մերձավորները՝ և՛ բարի, և՛ չար, կարծես դրանք իրագործվել են Իր նկատմամբ:

 

Հովսեփ Իսիխաստ

Մարմնական մարտը (փորձությունը) բռնկվում է ոչ այնքան սննդից, ըմպելիքից, գինուց, քնից, որքան դատելուց:

 

Սբ. Սիմեոն Ժելնին

Չի կարելի փորփրել ուրիշի կյանքը. քո մեղքերը չես տեսնի:

Եկեք մի կանոն ընդունենք մեզ համար՝ դատապարտողներին չհավատալ: Եվ մեկ ուրիշը՝ բացակայողների մասին երբեք վատ բան չխոսել:

Դատապարտողը վնասում է երեք հոգու` ինքն իրեն, իրեն լսողին և նրան, ում մասին խոսում է:

Դու չգիտես մարդու մտքերը, կամ` հաջորդ պահին ինչ է նա անելու: Մի՛ դատապարտիր նրան, վատը մի՛ խոսիր նրա մասին:

Ավելի լավ է ուրիշների մեջ առաքինությունները նկատել, իսկ քո ներսում մեղքերը տեսնել:

Մերձավորին մի դատիր. նրա մեղքը քեզ հայտնի է, իսկ նրա ապաշխարությունը հայտնի չէ:

Ոչ բոլոր գործերն են հաճելի Աստծուն, այլ միայն այն, ինչը դատողությամբ է ճիշտ արվում:  Օրինակ՝ կարող ես պահք պահել, բայց տրտնջալ պահքի կամ ուտելիքի պատճառով կամ էլ` ուտելիք պատրաստողից: Կարող ես պահք պահել, բայց դատապարտել նրանց, ովքեր պահք չեն պահում, պահք պահել և պարծենալ պահեցողությամբ, լեզվով վիրավորել մերձավորիդ: Կարող ես համբերել հիվանդությունը կամ նեղությունը, բայց բողոքել Աստծուց կամ մարդկանցից, բողոքել քո բախտի համար… Տիրոջը հաճելի չեն նման «լավ գործերը», քանի որ դրանք արվում են առանց դատողության:

Որպեսզի չդատապարտենք, պետք է փախչել դատապարտողներից և պահպանել լսողությունդ…  Եկեք մեկ կանոն ընդունենք ինքներս մեզ համար` դատապարտողներին չհավատալ, և մեկ ուրիշը՝ երբեք վատ չխոսել բացակայողների մասին: Որևէ մեկի մասին չարը մի մտածիր, հակառակ դեպքում ինքդ կդառնաս չարիք, որովհետև բարին բարու մասին է խորհում, իսկ չարը՝ չարի մասին: Եկեք հիշենք հին ժողովրդական ասացվածքները. «Ում ինչի մեջ դատապարտես, ինքդ դրա մեջ նաև կհայտնվես», «Ճանաչիր ինքդ քեզ, և դա արդեն բավ է քեզ համար»: Փրկության կարճ ճանապարհը չդատապարտելն է: Ահա ճանապարհը` առանց պահքի, առանց հսկման և ծառայության:

 

Ամփիլոքիոս վրդ. Մակրիս

Երբ լսում ես, որ քո անունը քննադատվում է, վարվիր (քննադատողների հետ վերաբերվիր) այնպես, ասես՝ չես լսել: Դա դրախտ է, կատարելություն է:

 

Նիկոլայ ավ. քհն. Գուրյանով

Հոգևորականներին խիստ մի դատեք, թե ով ինչպես է… կարևորը` նա լինի հավատքով, աստվածավախ, Ավետարան քարոզի:

 

Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ

Մի շտապիր երեք իրողությունների շուրջ դատողություն անել` Աստծո մասին, քանի դեռ հաստատուն չես հավատքի մեջ, ուրիշների մեղքերի վերաբերյալ, քանի դեռ չես հիշել քո մեղքերը և գալիք օրվա մասին, քանի դեռ չես տեսել լուսաբացը:

Փորձիր ամբողջ ուժով ինքդ չարից քեզ մաքրել մարդկանց հանդեպ: Քանի որ չարը մարդկանց հանդեպ կուտակելով քո ներսում թույն ես կուտակում, որը ուշ, թե շուտ սպանելու է մարդուն քո ներսում:

Քրիստոս յուրաքանչյուր մարդու մեջ լավն էր փնտրում, բայց մենք չարն ենք փնտրում: Քրիստոս մարդկանց մեջ լավն էր փնտրում՝ ցանկանալով արդարացնել նրանց, բայց մենք չարն ենք փնտրում, որպեսզի դատապարտենք նրանց: Քրիստոս ցավ էր ապրում, երբ խոսում ուրիշների մեղքերի մասին, իսկ մեզ դա հաճելի է, (երբ խոսում ենք ուրիշների մեղքերի մասին): Քրիստոս խոսքի միջոցով մեղավորներին վերածում էր արդարների,իսկ մենք խոսքերի միջոցով մեղավորներին ավելի մեծ մեղավորներ ենք դարձնում: Քրիստոս փրկում է մարդկանց, իսկ մենք նրանց կործանում ենք: Դա է տարբերությունը: Բայց  չէ որ մենք նույնպես կարող ենք Քրիստոսի նման լինել:

 

Սբ. Սիվղանոս Աթոսացի

Մի դատապարտիր ուրիշներին, քանի որ հաճախ պատահում է, որ մարդուն չճանաչելով նրա մասին վատն են խոսում, իսկ նա մտածողությամբ հրեշտակի նման է լինում:

 

Սբ. Թեոփան Մենակյաց (Զատվորնիկ)

Խիղճը մեզ տրված է նրա համար, որ ինքներս մեզ դատենք: Եթե այն ուրիշներին է դատում, պետք է ասել, որ այն սկսել է իր գործը չանել:

Հիշիր, երբ խոսում ես, մի խոսք ես ծնունդ տալիս, այն երբեք չի մահանա, այլ կապրի մինչև Ահեղ Դատաստանը: Այն կլինի քո առջև և կլինի քո կողմից կամ քո դեմ…

  

Սբ. Ղուկաս Ղրիմեցի

Որտեղի՞ց է դատապարտության դևը հայտնվում` հպարտությունից, այսինքն` նրանից, որ շատերն իրենց համարում են բարձր և ավելի լավը, քան մյուսները: Մենք դատապարտում ենք նաև չարությունից, ատելությունից, այսինքն` նրանից, որ սերը շատ քիչ է մեր սրտերում:

 

Սբ. Նիկոն Օպտինացի

Միշտ հիշեք հոգևոր կյանքի օրենքը՝  եթե վրդովվես այլ մարդու որևէ թերությունից և դատես նրան, ապա արդյունքում դու էլ կհայտնվես նույն իրավիճակում, և ինքդ էլ կտառապես նույն թերությամբ:

 

Սբ. Նեկտարիոս Օպտինացի

Հենց որ մտքում դատապարտություն կգա, անմիջապես ուշադրությամբ դիմեք. «Տե՛ր, իմ մեղսագործությունները տեսնելու կարողություն տուր, որպեսզի իմ եղբորը չդատեմ:

 

Սբ. Մակար Օպտինացի

Օգնություն ստանալով կամ ինչ-որ լավ բան անելով` զգույշ եղիր քեզ գովաբանող մտքից, ինչպես նաև ուրիշներին դատապարտող մտքից:  Սա թշնամիների ցանցն է, որ մարդուն ամբարտավանության մեջ է գցում և բոլոր առաքինությունների պտուղներից զրկում:

 

Հերոնիմոս Էգինացի

Մի՛ դատիր և մի՛ նեղացիր մարդկանցից: Ինչ էլ նրանք քեզ անեն, մի՛ ատիր որևէ մեկին: Յուրաքանչյուր ոք գործում է այնպես, ինչպես սովորեցրել են և ինչպիսին խառնվածքն է:  Ոչ բոլորն ունեն բարություն և դատողություն:

 

Իլիյ վրդ. Նոզդրին

Մարդիկ երբեք չեն փոխվում դեպի ավելի լավը դատապարտության, ատելության, դատավճռի միջոցով: Մենք փոխվում ենք դեպի ավելի լավը ներողամտության, սիրո և հավատքի միջոցով:

 

 Կիրիլ վրդ. Պավլով

Մենք այն պատճառով ենք դատում ուրիշներին, որովհետև ինքներս մեզ չենք ճանաչում, հակառակ դեպքում երբեք չենք հանդգնի դատել մերձավորներին: Եվ մեղավորը կարող է դառնալ արդար, և արդարը կարող է կորցնել իր արդարությունը:

Դատապարտել մերձավորին իր արարքի և գործողության համար նշանակում է ստանձնել այն գործը, որը քեզ չի վերաբերում և Քրիստոսի դատաստանը կանխագործել: Մարդկանց դատելու իրավունքը միայն Աստծուն է պատկանում:

 

Սբ. Կյուրեղ VI Ալեքսանդրացի

Նա, ով շտապում է դատապարտել ուրիշներին, ցույց է տալիս, որ ինքը երբեք իրապես չի եղել Կենդանի Աստծո ներկայության մեջ:

 

Մայր Մակրինա

Երբ հոգիդ խոնարհվում է, այդժամ գալիս է ակնածանքը, սերը, հարգանքը և մերժում ես չար մտքերն ու  դատապարտելը: Երբ տեսնում ես Քրիստոսի մեծ սերը դեպի քեզ, հոգիդ այլևս ուշադրություն չի դարձնում այլ մարդկանց զանցանքներին:

 

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Եկեք չվհատվենք, չշտապենք, մակերեսային ու արտաքին բաներով չդատենք: Եթե, օրինակ, տեսնում եք մի մերկ կնոջ կամ անպարկեշտ է հագնված, կանգ մի առեք արտաքին երևույթների վրա, այլ թափանցեք նրա հոգու խորքը: Հնարավոր է, որ նա լավ հոգի ունի, և կյանքի իմաստի փնտրտուքների մեջ է, որն արտահայտում է իր տարօրինակ արտաքին տեսքով: Նա ունի ներուժ, ցուցադրական ուժ, ցանկանում է գրավել այլ մարդկանց ուշադրությունը: Բայց անտեղյակությունից նա դա անմտորեն է անում: Մտածեք, իսկ եթե նա ճանաչե՞ր Քրիստոսին: Նա կհավատար և իր ողջ էներգիան կուղղեր դեպի Քրիստոսը: Նա ամեն ինչ կաներ Աստծո շնորհն ունենալու և սուրբ դառնալու համար: Ինքներս մեզ արտահայտելու ձևերից մեկը՝ եսասիրությունը, նրանում է, որ ուրիշներից պահանջում ենք լավը դառնալ: Իրականում, մենք ինքներս ենք ուզում լավը դառնալ, բայց քանի որ չենք կարող, մենք դա պահանջում ենք ուրիշներից և պնդում ենք դրանում: Այնուամենայնիվ, աղոթքով իրավիճակը շտկելու փոխարեն, մենք հաճախ նեղանում, վրդովվում և դատապարտում ենք:

Մեր նպատակը չարությունը դատապարտելը չէ, այլ այն ուղղելը։ Եթե մարդուն դատապարտում են, ապա նա կարող է լիովին վշտանալ, իսկ եթե դու ըմբռնում ցուցաբերես և աջակցես նրան, ապա նա կփրկվի։ Պետք է սիրով դիմավորել մեղավորին և հարգանքով վերաբերվել նրա ազատությանը։ Երբ ընտանիքում ինչ-որ մեկը սեղանի վրայից գցում է ծաղկամանը և այն կոտրվում է, մեզ սովորաբար համակում է զայրույթը: Բայց եթե այդ կրիտիկական պահին, ցույց տալով ըմբռնում և ներողամտություն, վեր կանգնենք այդ ամենից, ինչ եղել է, ապա մենք կշահենք և՛ մեր հոգին, և՛ մեր եղբոր հոգին։ Ահա թե ինչից է բաղկացած ողջ հոգևոր կյանքը. մեկ վերընթաց շարժում՝ փորձության նեղությունների մեջ, մեկ անցում՝ վրդովված էգոիզմից դեպի սիրո հասկացողություն:

 

Գաբրիել վրդ. Ստարոդուբ

Ինչպե՞ս դատողությունը տարբերել դատապարտությունից: Եթե մեղքը տեսնում ես, և հոգին ցավ է ապրում մարդու համար, դա դատողություն է, իսկ եթե այն չարախնդում է, դատապարտություն է:

 

Հովել Յանակուպուլոս

Մի հպարտացեք, երբ ձեզ գովաբանում են: Մի վշտացեք, երբ ձեզ դատապարտում են: Թող ձեզ միայն հետաքրքրի այն, թե Աստված ինչ կարծիք ունի ձեր մասին:

 

 Իոանն Ալեքսեև

Դատապարտելը մեծ չարիք է, ովքեր դատապարտում են, արժանի են դառնում Աստծո դատաստանին, և Տերը թույլ է տալիս, որ այդպիսի մարդիկ ընկնեն նույն մեղքերի մեջ:  Դատապարտելու պատճառը անուշադիր կյանքն է: Լավ նայիր քո սրտին, թե որքան փտած բան կա այդտեղ…

 

Սբ. Հովհան Ոսկեբերան

Հոգու խաղաղությունը ավելի շատ կորսվում է մերձավորներին դատելուց և քո կյանքից անգոհունակ լինելուց:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ