Մենք աշխարհի հազվագյուտ ժողովուրդներից ենք, գուցե՝ միակը, որն ունի գրավոր վկայված հինգհազարամյա պատմություն, որի չորս հազարամյակում ունեցել է պետականություն։ Եթե մեր ժողովրդի մեջ պետականության ձգտումը գենետիկորեն չլիներ, մենք վաղուց վերացած կլինեինք, սա նույնիսկ մեր առօրյայում է ակնհայտ երևում, այս առումով մենք հազվագյուտ ժողովուրդ ենք: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմաբան Արտակ Մովսիսյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե համավարակի այս շրջանում պարզ է դառնում, որ հայերը երբեք պետականամետ չեն եղել, պետական կարգ չեն ունեցել և ճգնաժամային իրավիճակում պետական կարգը ասոցացվում է որպես ազատությունից զրկելու հերթական փորձ:
Մովսիսյանն առաջին հերթին նշեց, որ վարչապետի նման հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեն, քանի որ ըստ նրա՝ Փաշինյանի ու նախարարների հնչեցրած նմանօրինակ ելույթները կապ չունեն պատմական, գիտական ճշգրտության հետ:
«Սա հերթական անհաջող քայլն է, որով Փաշինյանը սեփական իշխանության ձախողումը փորձում է ժողովրդի վրա գցել՝ ասելով, թե ժողովուրդը պետականամետ չէ: Ականատես ենք լինում սեփական մեղքերը, սխալները ուրիշի վրա բարդելու փորձին: Բոլորս մեղավոր ենք, ապրողներս քիչ էինք, հիմա էլ սկսեցին անցյալի, պատմության վրա գցել: Անլուրջ, անհեթեթ և առանց գիտական հիմնավորման միտք է»,- ասաց նա:
Խոսելով վարչապետի այն հայտարարության մասին, թե պետական կարգը 500 տարուց ավելի եղել է մեզ ազատությունից զրկելու գործիք և 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» ժողովրդին ազատություն է բերել՝ պատմաբանը նշեց, որ իրատեսական չէ 2018 թվականին տեղի ունեցածը պատմության ինչ-որ դրվագի հետ համեմատելը:
Աղբյուրը՝ www.tert.am