Առաջադրանք առաջին՝
Հոգևոր զինվոր: Պահպանիր սիրտդ միշտ խաղաղության մեջ, ինչ էլ որ լինի՝ թե՛ ձախողում, թե՛ հաջողություն, ինչպիսի իրավիճակում էլ լինես, պահպանիր խաղաղությունը: Թեկուզ մեղքի մեջ լինես այդ պահին, կամ՝ առաքինության մեջ, մի՛ կորցրու ներքին խաղաղությունը, պահպանիր այն: Սա առաջադրանք է և ոչ թե՝ պարզապես խորհուրդ: Ինչպես զինվորներն անխախտ պահում են շարքը, երբ հարվածը գալիս է, այնուհետև կուռ շարքով առաջ շարժվում, այդպես էլ՝ պահպանիր խաղաղությունը բոլոր իրավիճակներում:
Առաջադրանք երկրորդ՝
Հոգևոր զինվոր: Վճռականությունը հոգևոր կյանքի առանձնահատկություններից է: Միշտ եղիր վճռական: Հոգով երբեք մի նահանջիր, այլ միշտ ոտքի կանգնիր և առաջ ընթացիր: Մեր խնդիրը միշտ ոտքի կանգնելն է և առաջ ընթանալն է: Եղիր վճռական և մի նահանջիր, հոսանքին հակառակ ընթացիր: Եղիր վճռական և մեղքը մերժիր, եղիր վճռական և աղոթքի կանգնիր, եղիր վճռական և առաքինությունների մեջ զորացիր, եղիր վճռական և Աստծուն մոտեցիր:
Առաջադրանք երրորդ՝
Հոգևոր զինվոր: Մի շտապիր գործել, բայց նաև մի հապաղիր, գործիր ճիշտ ժամանակին՝ մտածված և նպատակասլաց, ինչպես նետաձիգը, որը գիտի, թե երբ նետն արձակի ու թիրախին հարվածի: Համբերել, նշանակում է՝ գործել ճիշտ ժամանակին: Միշտ խոսել և գործել մտածված, առանց մտածելու որևէ քայլ ու գործ չիրականացնել: Առանց խոհականության առաքինությունը կորսված է: Առանց մտածելու գործելը պարտություն է: Խորագիտությունը համբերություն է և արագություն, տոկունություն և խոհականություն: Խորագիտությունը հոգևոր զինվորի ամենից առանցքային զենքերից է:
Առաջադրանք չորրորդ՝
Հոգևոր զինվոր: Ներքուստ միշտ ավելացրու խոնարհության ուժը, յուրաքանչյուր իրավիճակում մշտապես խոնարհություն սովորիր, թե՛ հաջողության, թե՛ առավել ևս ձախողման մեջ և երբեք չես պարտվի ու ամաչի, որովհետև հաղթանակն ամեն իրադրության մեջ խոնարհություն սովորելու և ունենալու մեջ է, որից նաև ներքին խաղաղություն և ներդաշնակություն է բխում: Կարևորն ամեն իրադրության մեջ խոնարհության պտուղը քաղելն է: Մեր նպատակը յուրաքանչյուր իրավիճակում խոնարհության մեջ զորանալն է, իսկ խոնարհությունն ինքնին զորություն է: Երբ խոնարհ ես, միշտ խնդությամբ, սիրով և լույսով լեցուն ես ու գոհություն ես հայտնում ամեն ինչի համար: Խոնարհությունն է պարտության մատնում չար ոգիներին: Ով խոնարհ է, ոչնչից չի վախենում, որովհետև խոնարհը ոչինչ չունի կորցնելու և Աստծո ներկայության մեջ է: Ով խոնարհության լույսի զորության մեջ է, նա չի սրտնեղում, վհատվում, այլ՝ խնդությամբ և սիրով լեցուն է, որովհետև Աստծո լույսի զորության մեջ է:
Առաջադրանք հինգերորդ՝
Հոգևոր զինվոր: Ուշադիր եղիր մտքերի հանդեպ, թե ինչպիսի մտքեր են թափանցում քո բանականության դաշտը: Հոգևոր պատերազմն առաջին հերթին մտքերի դաշտում է: Վերահսկիր մտքերդ և թույլ մի տուր, որ մտքերը քեզ վերահսկեն: Ով վերահսկում է մտքերին, վերահսկում է մնացյալը: Բացասական, մեղավոր, տագնապ բերող մտքերն անմիջապես մերժիր և մի ընդունիր, դրանք հիմնականում մեր մտքերը չեն, որոնք համառորեն կրկնվում են ու ներկայանում՝ իբրև մեր մտքերը, այլ՝ չար ոգիների ուղարկած նետերն են: Սթափ գիտակցությունը և ուշադրությունը մեր մեծագույն թիկնապահներն են, որոնք, իբրև պահնորդ, թույլ չեն տալիս օտար ու չար մտքերին ներխուժել և գրավել սիրտդ: Ամենից վտանգավոր թշնամին գառան հագուստով մտքերն են, որոնց սթափությունն ու ուշադրության լույսը ճանաչում, վանում և մերժում են ու բանականությանդ դաշտը մաքրում: Միշտ պատրաստ եղիր դիմագրավելու չար մտքերին, դրանք ետ մղելու, չեզոքացնելու ու դրական, լուսավոր, առաքինի մտքերի վրա կենտրոնանալու:
Առաջադրանք վեցերորդ՝
Հոգևոր զինվոր: Հնազանդությունը լավագույն ծառայությունն է և Աստծո հանդեպ մեր հավատարմության ցուցիչը: Երբեմն մենք կարող ենք հայտնվել տարբեր աշխատանքային իրադրություններում կամ վայրում որոնք երբեմն մեր սրտով չեն լինում, և դրանք էական կամ կարևոր չենք համարում, մեր հետաքրքրությունների շրջանակում չի լինում, բայց հարկ է լինում այն կատարել կամ գտնվել այդ հեռավոր վայրում: Այդպիսի իրադրությունները ըստ էության հոգևոր նշանակություն ունեն, որոնք մեզ սովորեցնում են հնազանդության առաքինությունը, քանի որ հնազանդություն և ծառայություն ես սովորում՝ աշխատանք կատարելով երբեմն քո սրտին խորթ որևէ բնագավառում: Աշխարհական կյանքում այդպիսի իրավիճակները ակամայից որոշակի նմանվում են վանքերում եղած հնազանդությանը, որտեղ վանականները տարբեր աշխատանքներ են կատարում, իսկ աշխարհական կյանքում՝ մարդիկ հայտնվում են որոշակի ժամանակահատվածում, ուր կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատում են կամ աշխատանք են կատարում մի ոլորտում, որն իրենց հետաքրքրության շրջանակներից դուրս կարող է լինել: Յուրաքանչուր աշխատանքի, գործի մեջ փնտրենք հոգևոր հնազանդության առաջադրանքը և մերձավորներին ծառայելու պատգամը: Այս կարևորագույն ուղին է, որ մեր ներսում խոնարհության, խոհականության և սիրո պտուղներ է ծագեցնում: Հնազանդության ծառայությունը ամենից էական հիմնասյուներից է հոգևոր կյանքի առաջընթացի համար, որովհետև անհնազանդության պատճառով դրախտը կորցրեցինք:
Առաջադրանք յոթերորդ՝
Հոգևոր զինվոր: Ինքնաճանաչողությունը հոգևոր կյանքում զրահներ ձեռք բերելու սկիզբն է: Սակայն ճանաչիր ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս, այլ ոչ թե՝ այնպես, ինչպես պատկերացնում ես: Երբ տեսնես քո տկարությունները, մեղքերը, բնավորության թերությունները, ընդունես դրանց շտկելու անհրաժեշտությունը և որոշում կայացնես, քայլ կատարես մոտենալու մեծագույն Բժշկին՝ Աստծուն, բժշկվելու համար, հոգևոր զրահներ ձեռք կբերես և թշնամուն կդիմակայես: Տեսնել ինքդ քեզ և շտկվել, սա առաջնային առաջադրանք է, այլ ոչ թե՝ խորհուրդ, հակառակ դեպքում՝ կլինես առանց կայուն հոգևոր զրահների և կխոցվես բազմաթիվ անգամ:
Առաջադրանք ութերորդ՝
Հոգևոր զինվոր: Միշտ հիշել Աստծուն, գիտակցության մեջ հարատև ունենալ Աստծո ներկայությունը: Մշտապես ձգտել աղոթքի մեջ լինել: Յուրաքանչյուր վայրկյանը կարող է աղոթք դառնալ: Առանց աղոթքի ուժերը սպառվում են և թշնամու շարունակական հարվածներին երկար չես կարող դիմակայել: Աղոթքը զորություն է, որը լեռներ է շարժում, հատկապես տոկուն աղոթքը:
Առաջադրանք իններորդ՝
Հոգևոր զինվոր: Հոգեղեն ներուժը գալիս է երկնային զորությունից: Երբ հաղորդակից չես հոգեղեն զորությանը, հողեղեն ներուժով չես կարող հաղթահարել չար ոգիների ներուժի հարձակումները: Իսկ հոգեղեն ներուժը կրկնապատկվում է պահքով, ծոմով, որովհետև ամբողջապես կենտրոնանում ես հոգեղեն հաղորդակցության վրա: Պահքը և հատկապես Սուրբ Հաղորդությունը ամրացնում են մեզ և հաղորդակից դարձնում աստվածային զորությանը:
Առաջադրանք տասներորդ՝
Հոգևոր զինվոր: Լինել ազատ: Ներքին ազատությունը ներդաշնակություն և զորություն է: Ձգտել լիովին ազատվել բոլոր տեսակի կապվածություններից և կախվածություններից: Մեր գլխավոր նպատակը պիտի լինի Աստծո հետ լինելը: Երբ կապված կամ կախված ես որևէ իրողությունից, արագ խոցելի ես թշնամու կողմից և հոգևոր պատերազմի պատրաստ չես: Ազատությունն այն ճկուն ներուժն է, որով դիմակայում ես չարի բոլոր տեսակի խարդավանքներին ու հարվածներին ու խուսափում դրանցից:
Առաջադրանք տասնմեկերորդ՝
Հոգևոր զինվոր: Ուշադիր եղիր, որ մարդկանց հանդեպ սերը չպակասի քո ներսում, այլ՝ ավելանա ու զորանա: Արտաքուստ կարող ես ցույց չտալ, սակայն ներքուստ միշտ սիրով լեցուն եղիր մարդկանց հանդեպ, իսկ արտաքուստ՝ պարզ եղիր: Սերը լույս և զորություն է, որը չեզոքացնում է խավարի ամեն հարված և խարդավանք: Սերը մեծագույն առաքինություն է, իսկ առաքինությունը զորություն է: Առանց սիրո ուժերն արագ սպառվում են և հոգևոր պատերազմում երկար չես դիմակայում չարի հարձակումներին և ճնշումներին: Հետևաբար, միշտ ուշադիր եղիր, որ սերը մարդկանց հանդեպ սրտում զորանա, այլ ոչ թե՝ պակասի: Եվ ոչ միայն սերը մարդկանց հանդեպ, այլ՝ ընդհանրապես Աստծո արարչագործության հանդեպ: Ում ներսում սեր կա, նրա ներսում Աստծո լույսն է փայլատակում, և խավարը լույսից փախչում է:
Առաջադրանք տասներկուերորդ՝
Հոգևոր զինվոր: Հավատալ, նշանակում է ակտիվ գործել, որովհետև հավատքը կյանք է և լույս: Իսկ լույսը առաքելություն է, որը տարածվում և լուսավորում է ամենուր և խնդություն բերում: Զգոն եղիր, որպեսզի ձանձրույթն և վհատությունը չտիրեն քեզ, որոնք թևաթափ են անում հոգու ուժերն ու հուսահատության մատնում: Ուր գտնվում ես, նշանակում է՝ Աստված այնտեղ քո ներկայության կարիքն է տեսնում, որպեսզի գործես և լույսի առաքելությունն այդտեղ բերես: Լավագույն օրինակը՝ քո կյանքի քրիստոնեաբար ապրելու օրինակն է: Կրավորական, պասիվ վիճակը լույսի զինվորի ուղին չէ: Հոգևոր զինվորը դուրս է գալիս խավարի զորքերի դեմ ճակատամարտելու, այլ ոչ թե՝ ներփակվում ու խուսափում հոգևոր մարտից:
Հ. Մանուկյան
Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար
NIP/National Information Platform
1 մեկնաբանություն
Անչափ կարևոր հոգևոր պատգամներ են: Եթե հետևենք , անպայման կմոտենանք Աստծուն և կգտնենք մեր ներքին խաղաղությունը, որը հաճախ ենք կորցնում այս բարդ կյանքի ոլորաններում:
Շնորհակալ եմ այս նյութի համար, սիրելի Հովհաննես Մանուկյան:
Մեկնաբանությունները փակ են.