Գլխավոր Հոգևոր Ներելու մասին (հոգեշահ խրատներ)

Ներելու մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 224 դիտում

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Ինքդ քո մասին պետք չէ շատ մտածել, որովհետև մեր պահանջմունքների մասին մտածելով՝ մենք ինքներս մեզ ենք խանգարում: Մենք ինքներս ենք մեր ամենամեծ խոչընդոտը: Մտածում ենք չարիքի մասին, որը մեր շուրջն է, որը մեզ վիրավորանք է պատճառում, բայց եթե չարը չլիներ հենց մեր ներսում, այն մեզ վիրավորանք չէր պատճառի: Պետք է համբերել և ներել: Սրտին մոտ չընդունել վիրավորանքները:

Մարդն է, որ ինքն իրեն չի ներում, այլ ոչ թե Աստված, և սա հպարտության պատճառով է:

Հպարտությունը մարդու ամենամեծ արատն է: Ինչպե՞ս է այն ճանաչվում մարդու մեջ: Ըստ մեր նեղացվածության և մյուսների նկատմամբ մեր վերաբերմունքով: Հենց նեղացած, վիրավորված մեզ զգանք, երբ ասում են կամ անում են մի բան մեր նկատմամբ, որը մեզ դուր չի գալիս, անկախ նրանից՝ այդ մարդը ճիշտ է, թե սխալ, մենք հպարտության իշխանության ներքո ենք:

 

Շենուդա Գ հայրապետ

 Ներելը քո ընծան է ուրիշներին: Ինչ վերաբերում է (դիմացինի վիրավորանքը) մոռանալուն, դա քո ընծան է ինքդ քեզ:

 

Նիկոն Վորոբյով

Ողորմությունը մաքրում է շատ մեղքերից: Խոսքը ոչ միայն նյութական ողորմության մասին է. շատ ավելի արժեքավոր է հոգևոր ողորմությունը: Այն նրանում է, որ մարդը մերձավորներին դատապարտելու փոխարեն կարեկցում է նրանց, ներում է նրանց մեղքերն ու թերությունները և Աստծուն խնդրում է ներել նրանց:

Ամեն ինչի համար, որ պատշաճ չէ (միտք, զգացողություն, խոսք, հայացքներ և այլն) մտքով անմիջապես ուղղվեք դեպի Տերը`  ի սրտե շունչ քաշելով և ներում խնդրեք  ու բավարար է: Այլևս մի փորփրեք, մի քննարկեք` ես այսպիսին եմ, ես այնպիսին եմ: Ամեն դեպքում, մենք ինքներս մեզ չենք ճանաչում և չենք կարող ինքներս մեզ ճիշտ դատել: Տերն է մեր դատավորը: Մեր գործն է, որ ամեն ինչի համար ներում խնդրենք, իսկ որևէ մեկին դատապարտելը, նույնիսկ՝ չափից դուրս ինքդ քեզ, արգելված է:

 

Սբ. Հովսեփ Իսիխաստ

Ինչպիսի ակնածանքով խոսում ես մյուսների հետ, այդպես էլ Քրիստոս քեզ հետ կվերաբերվի: Ինչպիսի չափով չափում ես մյուսներին, այդպիսի չափով Նա քեզ կչափի: Ինչպես ներում ես ուրիշների մեղքերը, այդպես էլ Նա թողություն քեզ կտա:

Այն կամուրջը, որի վրայով բոլորս անցնում ենք, մեղավորներին ներելն է, և եթե մեղավորին չես ներում, դու քանդում ես այն կամուրջը, որի վրայով պիտի անցնես:

Ինչպիսի ակնածանքով խոսում ես ուրիշների հետ, այդպես էլ Քրիստոս քեզ հետ կվարվի: Ինչ չափով ուրիշներին չափում ես, այդպես Նա քեզ կչափի: Ինչպես ներում ես ուրիշների մեղքերը, այնպես էլ Նա է թողություն տալիս քեզ: Ինչպիսի սիրով և ակնածանքով փնտրում ես Նրան, այդպես՝ Իր կողմից, Նա է հայտնվում քեզ:

 

Նիկոլայ ավ. քհն. Գուրյանով

 Հիշիր, որ բոլոր մարդիկ տկար են և արդար չեն լինում: Սովորեք ներել, և նեղացկոտ չլինել: Ավելի լավ է հեռու մնալ ձեզ չարություն պատճառողից. բռնի կերպով չես կարող սիրել…: Մի փնտրիր ընկերներ մարդկանց մեջ: Փնտրիր նրանց Երկնքում` սրբերի մեջ: Նրանք երբեք չեն հեռանա և դավաճանի:

Օ՜, եթե մենք իմանայինք, թե որքան լուռ ներում են մեզ ամեն օր և ամեն ժամ, մենք ինքներս ամոթից կշտապեինք ներել ուրիշներին…

 

Սբ. Սիվղանոս Աթոսացի

Այսպիսի օրենք ունենք` եթե ներում ես, նշանակում է` նաև Տերն է քեզ ներել, իսկ եթե եղբորդ չես ներում, նշանակում է, որ քո մեղքը նաև քեզ հետ է մնացել:

 

Արսեն վրդ. Պապաչոկ

Կարողացեք ներել և՛ արտաքնապես, և՛ ներքնապես: Ոչինչ ձեզ այնքան չի ցնցի, ինչպես ներումը, երբ հատկապես որևէ մեկը սպասում է պատժի իր չարագործության համար:

 

Սբ. Իոանն Կրոնշտադտացի

Յուրաքանչյուր մարդու հարյուրավոր տկարությունները ներիր, հազարավորները` քո հոր և մոր:

 

 Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ

Ներել չի նշանակում պարզապես վրեժխնդիր չլինել, այլ եղբոր մեղքը լռությամբ և մոռացությամբ ծածկել:

Ի՞նչ օգուտ ունի մարդն իր աշխարհիկ գիտության մեջ, եթե նա չի կարող ներել իր մերձավորին մի վիրավորական բառի կամ հայացքի համար…

 

Անտոն միտրոպոլիտ Սուրոժացի

 Ներել չի նշանակում մոռանալ, ներել նշանակում է՝ կարեկցանքով, հոգու ցավով ասել՝ երբ Ահեղ Դատաստանը գա, ես կկանգնեմ և կասեմ՝ մի դատիր նրան, Տե՛ր:

  

Սբ. Սերաֆիմ Սարովցի

Ի′մ ուրախություն, վստահիր Աստծուն և խնդրիր Նրա օգնությունը, և  կարող եղիր ներել մերձավորներիդ ու քեզ կտրվի այն ամենը, ինչ խնդրես:

  

Եփրեմ Արիզոնացի

 Ցանկացած չարիք, ում կողմից էլ այն կատարված լինի՝  հարևանի, եղբոր, աշխատակցի, ազգականի կողմից, այնքան էլ մեծ չէ, ինչպես թվում է: Սա նշանակում է՝ ինչքան էլ այն երկար է տևում, նույնիսկ  ամբողջ կյանքում, ամեն դեպքում այն ինչ-որ ժամանակ ավարտվում է: Այն չի կարող շարունակվել և գործել հավերժ: Բայց չարիքը, որը ինքներս պատճառում ենք մեզ, չներելով մերձավորներին, վերջ չունի:

 

 Գաբրիել Աթոսացի

 Ամենից մեծ թշնամին ընտանեկան կյանքում էգոիզմն է: Ընտանեկան կյանքում մեծ խորհուրդը ներել սովորելու մեջ է: Ավելի լավ է ոչ թե կնոջը փոխել, այլ` ինքդ փոխվես: Մի եղեք ուսուցիչ ձեր կնոջ համար:  Նրան ինչ-որ բան ուսուցանելու լավագույն միջոցը նրան սիրելն է:

Ընտանեկան խաղաղության գաղտնիքը ներելու կարողությունն է:

  

Սբ. Տիխոն Զադոնացի

 Եթե որևէ մեկը վիրավորում է, մի բարկացիր նրա վրա, այլ անմիջապես ներիր նրան և աղոթիր Աստծուն նրա համար, որպեսզի Աստված նույնպես ների նրան: Եվ թեև քո սիրտը դա չի ցանկանում, բայց այն խոնարհեցրու, համոզիր և Տիրոջն աղոթիր, որպեսզի Նա օգնի քեզ ինքդ քեզ հաղթելու համար ու մարմնավոր իմաստությունը հաղթահարել: Դժվար է, բայց քրիստոնյայից պահանջվում է: Պետք է մերձավորին ներել, եթե ինքդ ուզում ես ներում ստանալ Աստծուց: Ներիր և քեզ նույնպես կներվի: Եթե դու չներես, քեզ նույնպես չի ներվի: Դա սարսափելի է, բայց ճշմարիտ է, քանի որ Սուրբ Ավետարանը այդպես է սովորեցնում:

 

 Սբ. Թեոփան Մենակյաց (Զատվորնիկ)

 Ամեն ինչ պետք է սրտով իրագործել: Սրտով սիրել, սրտով խոնարհվել, սրտով Աստծուն մոտենալ, սրտով ներել, սրտով աղոթել, սրտով օրհնել:

 

 Սբ. Հովհան Ոսկեբերան

Դու ներում ես ուրիշին, քանի որ ինքդ ներման կարիք ունես…

 

Սբ. Օգոստինոս Երանելի

 Եթե լռում ես, լուռ մնա սիրով, եթե խոսում ես, խոսիր սիրով, եթե ուղղում ես, ուղղիր սիրով, եթե ներում ես, ներիր սիրով:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ