Գլխավոր Հոգևոր Պահպանիր հոգու խաղաղությունը (հոգեշահ խրատներ)

Պահպանիր հոգու խաղաղությունը (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 2679 դիտում

Իոանն վրդ. Կրեստյանկին

Կյանքն ինքը կյանք է սովորեցնում: Եվ ամենից գլխավոր և կարևոր արվեստը  մարդու համար՝  սովորել սիրո և խաղաղության մեջ ապրել բոլորի հետ:

Ապրեք ամեն օր Աստծո հետ, և Նա կյանքի փոթորիկների միջով մեզ կառաջնորդի դեպի խաղաղություն և  սրտի հանդարտություն:

Աղոթքը հիանալի կերպով խաղաղեցնում է հոգին, իսկ հոգու խաղաղությունից նաև մարմինն է խաղաղ:

 

Հայր Նիկոն Վորոբյով

Որտեղ Տերն է, այնտեղ նաև խաղաղություն է, լույս, բանականություն, խնդություն: Որտեղ սատանան է, այնտեղ վատ տրամադրությունն է, հոգու մռայլություն, մտքի մթագնում, հուսահատություն, բոլոր չարիքների համար պատրաստակամություն:

Մի´ ընկիր լավ գնահատականների, ոչ էլ լավ կարծիքների հետևից քո մասին: Ամեն ինչ քո ուժերի չափով և ըստ խղճի արա և ավելին` հանձնիր Աստծու կամքին: Դա լավագույն ուղին է. այն հանգստություն և խաղաղություն կտա հոգուն, որն ամենից թանկն է:

Խոնարհությունն ի զորու է հավաքել մտքերը Աստծուն հիշելու համար, իսկ ոչ խաղաղ վիճակը, փառամոլությունը, հպարտությունը ցիրուցան են անում մտքերը: Հոգևոր կյանքում առանց խոնարհության չի կարող լինել հաջողություն և նույնիսկ` գուցե փրկություն:

Քանի անգամ է ասվել, որ ավելի լավ է գործը փչացնել, քան հոգուդ վնասել: Ամբողջ աշխարհը արժանի չէ հոգուն, և ահա մի չնչին բանի պատճառով ինքներս մեզ կործանում ենք: Ավելի լավ է գործն անպետք դարձնել, բայց խաղաղություն պահպանել մերձավորի հետ, դա մի՛ մոռացեք:

Պահպանիր խաղաղությունը քո ներսում, այնուհետև նաև մերձավորների հետ:

Երբեմն մարդ հայտնվում է այնպիսի պայմաններում, որ տվյալ քաղաքում, տվյալ վայրում չի կարող փրկվել: Եվ այդ դեպքում Տերն այնպես է կարգավորում, որ այդ մարդու կամ այդ ընտանիքի համար անհրաժեշտություն է առաջանում տեղափոխվել այլ վայր: Այդտեղ հավատացյալ մարդիկ են հանդիպում, որոնք ընկերներ են դառնում և նպաստում են հավատքի ամրապնդմանը: Հնարավոր է, որ այդտեղ մոտակայքում եկեղեցի էլ լինի կամ որևէ հոգևոր, հավատացյալ մարդ, որն օգնում է այդ ընտանիքին փրկվել:

Հարազատներիդ նկատմամբ ավելի սիրալիր եղիր. ավելի ուշ կզղջաս ամեն մի կոպիտ խոսքիդ համար: Գիտեմ, որ քեզ համար ծանր է. աշխատանքը շատ է, տաքարյուն ես, հոգնում ես, ամեն ինչից նյարդայնանում ես, հոգով սառում ես: Անհրաժեշտ է առաջին տեղում հոգու խաղաղությունն ունենալ, փրկությունը, այդժամ նաև մնացյալն ավելի հեշտ կլինի:

Եվ որտե՞ղ ես խաղաղություն փնտրում: Ոչ թե մարդիկ են մեղավոր,  որ անհանգստության մեջ ենք, այլ մեր (ներքին) վիճակը, մեր տկարությունը: Մենք ինքներս մեզ պետք է մեղադրենք: Իսկ եթե տրտնջանք կամ ինչ-որ սխալ բան անենք, մենք մեզ պետք է կշտամբենք և ապաշխարենք, և Տերը խաղաղություն կպարգևի մեր հոգուն: Մեր խաղաղությունը ոչ թե տեղի կամ արտաքին այլ պայմանների փոփոխության մեջ է, այլ ներքին փոփոխության մեջ՝ հեզություն և խոնարհություն ձեռք բերելու մեջ: Այս հատկությունները հնարավոր չէ ձեռք բերել մենության մեջ, կամ այն դեպքում, երբ բոլորը սիրում և հարգում են մեզ: Տերը գիտի, թե ինչ ուղարկի, որպեսզի մեր փրկության համար օգնի: Պետք է Աստծո ձեռքերից վերցնենք այն ամենը, ինչ պատահում է մեզ և դիմանանք նրան, ինչն առկա է, մինչև Տերը թույլ կտա  մեկ ուրիշ փոփոխություն: Մայրն այնչափ չի հոգում իր երեխային, որքան Տերն է հոգ տանում:

Ոչ մեկին մի մեղադրիր:  Ինքդ ես տեսնում, որ երբ մարդիկ չկան, այդ ժամանակ էլ ջղայնանում ես կատվի կամ նույնիսկ իրերի վրա: Նշանակում է, որ բարկությունն ապրում է քո ներսում, այլ ոչ թե՝ մարդիկ են առաջացնում: Թող Աստծո խաղաղությունը ձեզ բոլորիդ զարդարի:

Ինչի՞ց ենք մենք մշտապես տառապում, նյարդայնանում, վիճաբանում, վհատվում, դատապարտում: Այն պատճառով, որ չենք հավատում Տիրոջը: Եթե  հավատայինք Նրան, ամեն ինչ կանեինք հանգիստ, խաղաղ, աղոթքով: Կանեինք ըստ մեր ուժերի չափի, իսկ մնացածը կթողնեինք Աստծո ողորմության վրա, այդժամ արտաքին գործերն էլ ավելի հեշտ կդասավորվեին և հոգու տունն էլ շարունակաբար կկառուցվեր:

 

Նիկոլայ ավ. քհն. Գուրյանով

Չափից ավելի խիստ մի եղեք: Ծայրահեղ խստությունը վտանգավոր է:  Այն միայն արտաքին սխրանքից այն կողմ հոգուն թույլ չի տալիս խորքայնություն: Մեղմ եղեք, մի վազեք արտաքին կանոնների հետևից: Մտքով զրուցեք Տիրոջ և սրբերի հետ: Մի փորձեք ուսուցչություն անել, այլ միմյանց մեղմ հուշել, ուղղել: Եղեք պարզ և անկեղծ: Չէ որ Աստծո աշխարհն այդպիսին է… Նայեք ձեր շուրջը. ամբողջ  արարչագործությունը Աստծուն գոհաբանություն է հայտնում: Եվ դուք նույնպես այդպես ապրեք` Աստծո հետ խաղաղության մեջ:

Հոգ տար քո հոգու խաղաղության համար, և աշխարհում էլ կարգուկանոն կլինի:

Հնարավոր է փրկվել և´ ընտանիքում, և´ վանքում, միայն սուրբ, խաղաղ կյանքով ապրիր:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ