Գլխավոր Հոգևոր Սիրո մասին. Ավելի լավ է Սեր լինել, քան Սիրո մասին մտածել (հոգեշահ խրատներ)

Սիրո մասին. Ավելի լավ է Սեր լինել, քան Սիրո մասին մտածել (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 14248 դիտում

Անտոն միտրոպոլիտ Սուրոժացի

Սերն այն է, երբ կարող եք միասին լուռ մնալ և ձեզ հարկավոր չէ խոսել շփվելու համար:

Մարդը հասունանում է այն ժամանակ, երբ ուրիշների բացասական քայլերն արդեն չեն կարող մարել մարդկանց հանդեպ ունեցած սերն իր ներսում:

Եվ Ահեղ Դատաստանի ժամանակ կբացահայտվի, որ սերը կյանքի միակ իմաստն էր երկրի վրա:

Աստծո սերը դա Նրա անսահման խորը հավատն է մարդու հանդեպ, այնքան խորքային, որ Ինքը Մարդ դարձավ մարդու փրկության համար:

Մենք գիտենք, որ այն ամենը, ինչ ունենք, Աստծո կողմից է մեզ տրվել, և նույնիսկ մշտապես կամ հաստատուն մեզ չի պատկանում: Ամեն ինչ միգուցե կվերցնեն մեզանից, բացի սիրուց, և սա սերը դարձնում է այն միակը, որը մենք կարող ենք տալ:

 

Շենուդա Գ հայրապետ

Հիշեք մարդկանց սերը և նրանց բարությունը ձեր հանդեպ անցյալում, երբ ամեն անգամ կասկածները ձեզ կտանջեն նրանց անկեղծության վերաբերյալ և ամեն անգամ, երբ տեսնեք, որ նրանք սխալ մոտեցում են ցուցաբերում ձեր հանդեպ,  ապա անցյալում նրանց հանդեպ ունեցած սերը կբարեխոսի նրանց համար, և ձեր բարկությունը կանհետանա:

Փորձիր քո սերն ըստ տոկունության՝ տեսնելու համար դրա հաստատուն լինելու չափը:

Եթե սեր ցանեք երկրի վրա, ապա երկիրը երկինք կդառնա: Բայց եթե սերն արմատախիլ  անեք երկրի վրայից, ապա երկիրը գերեզման կդառնա:

Սա է մեծ տարբերությունը սիրո և կրքի միջև` սերը միշտ ձգտում է տալ, մինչդեռ կիրքը միշտ ուզում  է վերցնել:

Սերը ցանկանում է միշտ փոխանցել, կիրքը ցանկանում է միշտ վերցնել:

Ոմանք ենթադրում են, որ մարդու հանդեպ նրանց սերը նշանակում է պաշտպանել և արդարացնել այդ մարդուն, որքան էլ որ սխալվում է: Իրական սերը, սակայն, նրան փրկելն է իր սխալներից, նույնիսկ հանդիմանելով դրանց համար, մինչև որ նա դադարեցնի դրանք:

 

Իոանն վրդ. Կրեստյանկին

Գլխավորը ոչ թե  սովորելն է ուրիշներին վերահսկել  և կառավարել, այլ` ինքդ քեզ: Աստված սեր է, և ով սիրո մեջ է մնում, Աստծո հետ է լինում: Ահա և ամբողջ գիտությունը: Սովորիր սիրել ուրիշներին, սովորիր կարեկցել ուրիշներին, և խնդությունը կհաստատվի մտքում և սրտում:

Եվ պարզ, անձնազոհ մարդկային սերը, որը միշտ հիմնված է Քրիստոսի սիրո արտացոլման վրա, կարևոր և արժեքավոր է դարձնում յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր ժեստը, յուրաքանչյուր արցունքը, յուրաքանչյուր ժպիտը, յուրաքանչյուր հայացքը մարդու:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Սերը բոլորից ամենահզոր զենքն է, որ գոյություն ունի: Չկա այնպիսի ուժ կամ զենք, որը կարող է պայքարել սիրո դեմ, քանի որ այն ամեն ինչ հաղթահարում է: Սերը, խնդությունը և խաղաղությունը Աստծո պարգևներն են, Աստծո առանձնահատկությունները: Առանձին-առանձին սերը, խնդությունը և խաղաղությունը հրաշքներ են գործում, իսկ միասնաբար կարող են բոլոր պատվիրաններն իրագործել:

Երկարամյա ամուր աղոթքն անպայման սեր է ծնում:

Երկնքի Արքայությունը ոչ թե վայր է, այլ հոգու վիճակ է: Երբ մեր սրտում խաղաղություն, խնդություն և սեր է, մեզ դրախտում ենք զգում:

Միայն սերն ու բարությունն են փրկում և′ մարդուն, և′ ամբողջ աշխարհը: Ոչինչ երբևէ հնարավոր չէ բռնությամբ հասնել: Ուժով միայն հնարավոր է հակառակություն և ատելություն առաջացնել:

Եթե մեր մտքերն ուղղված լինեին դեպի բարին և սերը, ոչ միայն մտային աշխարհը կփոխվեր, այլև այդ սքանչելի, վեհ կյանքի գալստյան հետ մեկտեղ կփոխվեր նաև տեսանելի ամբողջ աշխարհը:

Երբ աշխատեք փոխել ձեր մտքերը և միանալ Աստծո հետ ձեր սրտում, այն ժամանակ կզգաք, որ Աստված սեր է: Մենք չենք կարող նույնիսկ մեզ սիրել առանց Աստծո:

 

Սբ. Իոանն Կրոնշտադտացի

Սրտի կյանքը սերն է, իսկ նրա մահը` չարությունն ու թշնամանքը: Տերը մեզ երկրի վրա է պահում նաև նրա համար, որպեսզի սերը լիովին ներթափանցի դեպի մեր սիրտը. այն մեր գոյության նպատակն է:

Խաչն առանց սիրո անկարելի է մտածել և պատկերացնել, որտեղ խաչն է, այդտեղ սերն է և եկեղեցում ամենուրեք և ամեն ինչի վրա խաչեր եք տեսնում, որպեսզի այդ բոլորը ձեզ հիշեցնի, որ գտնվում եք մեզ համար խաչված Սիրո եկեղեցում:

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Սերն անբաժան է խոնարհությունից: Սիրո մեջ խոնարհություն ես գտնում և խոնարհության մեջ՝ սեր:

Հպարտությունը սիրո բացակայությունն է: Խոնարհություն և սեր՝ ահա ամենագլխավոր միջոցները մեր փրկության համար:

Սովորիր Սերն աճեցնել քո ներսում: Միայն նա կփրկի մեզ ապագայի դժվար ժամանակներում:

Կյանքի միակ արժեքը ընտանիքն է: Եթե ընտանիքը կործանվի, աշխարհը նունպես կկործանվի: Նախևառաջ ձեր սերը ցույց տվեք ձեր ընտանիքում:

Ավետարանը կապել մարդկային ողջամտության հետ անհնար է: Ավետարանի հիմքում սերն է ընկած: Մարդկային ողջամտության հիմքում շահն է ընկած:

Աստված սեր է: Սեր, որն այս աշխարհի հասկացություններին համապատասխան չէ: Այս աշխարհի սերը տառապանք է, ստրկություն: Երկնքի տակ գտնվող ոգիները ձգտում են գերել մեզ առարկաներով, անհատականություններով, որպեսզի մեր սիրտը միավորված չլինի Աստծո հետ, քանի որ եթե մեր սիրտը միավորվի Աստծու հետ, նրանք նույնիսկ չեն կարող մոտենալ մեզ: Սերն ամենահզոր զենքն է. չկա ուժ, որը կարող է դիմակայել սիրուն:

Արիությունը Աստծո հանդեպ լիակատար վստահությունն է: Առանց դրա հոգևոր կյանքում հաջողություն չկա: Արիություն ունեցողը նաև սեր ունի: Աստված չի թողնի նրան:

 

Սիմեոն Աթոսացի

Կյանքում ընտրիր ամենից էականը՝ Սերը, իսկ մնացածն ամբողջը նման է փոշու:

Ուզո՞ւմ ես ճանաչել աստվածային սերը: Սովորիր չհպարտանալ:

Աչքերն ամեն ինչ տեսնում են, սիրտն ամեն ինչ հասկանում է, բայց միայն սերն է ամեն ինչ լուսավորում:

Ամենից քաղցր պտուղը երկրի վրա մտքի ազատված լինելն է կրքերից, իսկ ամենից քաղցր պտուղը Երկնքում հավիտենական Սերն է Քրիստոսով:

Եթե ​​ատելությունը մուտք գործի սիրտդ, այն հեշտությամբ ատելու շատ պատճառներ կգտնի, և միայն Սերը կարիք չունի որևէ պատճառի, որպեսզի սիրի:

Սերը մեծագույն խոնարհությունն է, որի մեջ չկա և չի կարող լինել հպարտություն:

Երբ մարդու մեջ Սեր կա, նա ամենուր խաղաղություն է տարածում անուշաբույր ծաղկի պես՝ իր բուրմունքը, քանի որ այն. «Կենդանության բույր է, որ տանում է դեպի կյանք» (Բ Կորնթ. 2:16):

Խանդը միայն ուզում է տիրանալ: Իսկ Սերը միայն ուզում է փոխանցել, քանի որ սիրո մեջ չկա և չի կարող լինել խանդ։

 

Սբ. Ամբրոսիոս Օպտինացի

Սերը, ողորմությունը և խոնարհությունը միմյանցից տարբերվում են միայն անուններով, իսկ ուժն ու գործողությունները նույնն են: Սերն ու ողորմությունը չեն կարող լինել առանց խոնարհության, իսկ խոնարհությունը չի կարող լինել առանց սիրո և ողորմության:

Եթե կարծում ես, որ սեր չկա քո ներսում, սակայն կամենում ես այն ունենալ, այդ դեպքում կատարիր սիրո գործեր, թեև սկզբում առանց սիրո: Տերը կտեսնի քո ցանկությունը և ջանքը ու սրտումդ սեր կներդնի:

 

Սբ. Նիկոլայ արք. Վելիմիրովիչ

Երբ մարդիկ հեռացան Աստծո սիրուց, միակ ճշմարիտ սերը սկսեցին համարել իրենց կրքերը ու ցանկությունը՝ սեր:

 

Գաբրիել Աթոսացի

Ով սեր ունի, նա իր ներսում Աստծուն ունի, որտեղ սեր կա, սխալները սակավանում են, իսկ որտեղ սեր չկա, նույնիսկ առաքինությունները դառնում են թերություններ: Ամբողջ աշխարհի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր լեզուներն իմանալ, կամ էլ` միայն սեր ունենալ: Սեր ունենալով ընդհանուր լեզու ենք ունենում` համաշխարհային լեզու, որով կարող ենք հաղորդակցվել բոլոր մարդկանց հետ ողջ աշխարհում:

Մի փորձեք պարտադրել ձեր կարծիքը և ուղղել ձեր կնոջը կամ ամուսնուն: Ավելի լավ է հոգ տանել սեփական շտկման մասին: Սերն ապրում է հակադրությունների ներդաշնակության ներքո:

 

Սբ. Գաբրիել Ուրգեբաձե

Վերջին ժամանակներում մարդկանց կփրկեն սերը, խոնարհությունը և բարությունը: Բարին կբացի դրախտի դռները, Խոնարհությունը կտանի այդտեղ, իսկ Սերը ցույց կտա Աստծուն:

Միայն սիրով լեցուն սրտով է հնարավոր երևան հանել մեկ այլ մարդու մեղքերը…

Աստված դատարկ խոսքեր չի ընդունի, Աստված գործեր է սիրում: Լավ գործերը, այսինքն` սերն է:

 

Սբ. Ղուկաս Ղրիմեցի

Որտեղ սերն է, այնտեղ մշտապես վստահությունն է, որտեղ սերն է, այնտեղ մշտապես հույսն է: Սերն ամեն ինչ տանում է, որովհետև ուժեղ է: Ճշմարիտ սերը հարատև է, չի սպառվում և երբեք չի դադարում:

Մենք պետք է ապրենք Հավատով, Հույսով և Սիրով: Սա է մեր հենարանը, դրանցով պետք է շնչենք, բայց պետք է հիշել, որ ինչքան մեծ է Հավատը, ինչքան օրհնյալ է Հույսը, Սերն ամենից վեր է:

Եղիր ավելի բարի, քան ընդունված է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր պատերազմը, ճակատամարտերը և կորուստները: Ապրի´ր պարզապես, սիրի´ր առատորեն, ուշադրություն դարձրու ուրիշի կարիքին, մեղմ խոսիր…: Իսկ մնացյալը թող Տիրոջը: Հենց սերը` ո´չ հավատը, ո´չ դոգմատիկան, ո´չ միստիցիզմը, ո´չ ասկետիզմը, ո´չ պահքը, ո´չ երկար աղոթքները չեն կազմում քրիստոնյայի ճշմարիտ կերպարը: Ամեն ինչ կորցնում է ուժը, եթե չկա հիմնականը` սեր դեպի մարդը:

Դժվար է, շատ դժվար է սիրել մարդկանց, քանի որ մարդկանց մեջ շատ չարություն կա, շատ վանող երևույթներ, շատ անարդարություն: Իսկ դուք ձեզ ստիպում եք նրանց սիրել, ձեզ հարկադրում եք, բայց հիշեք, որ Աստված սեր է, հիշեք, որ առանց սիրո Երկնքի Արքայության դռները փակ են ձեր առջև:

Կարող ես միշտ լռել, կարող ես ոչինչ չքարոզել, կարող ես որևէ պերճախոսություն չունենալ և միևնույն ժամանակ խորապես և հզոր կերպով ազդել մարդկանց սրտերի վրա: Եթե մարդիկ լռում են, անկարող են քարոզել, բայց իրենց գործերում հոգու բարություն և խոնարհություն, հավատքի ուժ, սեր արտահայտեն, ապա նրանք վարդի պես բույր կունենան: Ի վերջո, վարդը լուռ է, սակայն դրա բույրը տարածվում է շատ հեռու: Ուստի, անհրաժեշտ է, որ բոլորիցս տարածվի Քրիստոսի բույրը, մեր գործերի բույրը՝  բարի, մաքուր, արդար, սիրով լի: Միայն դրանում իսկապես կբացահայտվի  Աստծո Թագավորությունը, որը մեր մեջ է ոչ թե խոսքով, այլ՝ զորությամբ:

Եթե հիվանդ չես, եթե չես տառապում, ապա դա ոչ թե այն պատճառով է, որ այդքան հաջողակ ես, այլ այն պատճառով, որ Տերը կանչում է քեզ գործակցել ուրիշներին, երբ տառապանքների մեջ են: Դու պետք է աչքեր լինես կույրի համար, ականջներ՝ խուլի համար, ոտքեր՝ կաղի համար: Դու պետք է օգնական լինես հաշմանդամներին, այն մարդկանց, ովքեր չեն կարող ինքնուրույն շարժվել, որպեսզի Քրիստոսի սերը հայտնվի այդ ծառայության մեջ:

 

Իլիյ վրդ. Նոզդրին

Սերն ու խոնարհությունը առաքինությունների գագաթն են: Առանց խոնարհության անհնար է մոտենալ Աստծուն: Դրանցով է սկսում և ավարտվում նրանց ճանապարհը, ովքեր փրկություն են ուզում:

 

Սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի

Ամենօրյա սեր խնդրեք Աստծուց: Սիրո հետ նաև գալիս է բարիքի և առաքինությունների ամբողջ բազմությունը:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ