Գլխավոր Հոգևոր Աղոթքը հոգու շնչառությունն է (հոգեշահ խրատներ)

Աղոթքը հոգու շնչառությունն է (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 1614 դիտում

Շենուդա Գ հայրապետ

Աղոթքը սիրտն Աստծո առջև բացելն է, որպեսզի Նա մուտք գործի և այն մաքրագործի:

Աղոթքը հանգույց է` Աստծո և մարդու միջև փոխհարաբերություն: Հետևաբար, այն պարզապես զրույց չէ, այն սրտի հաղորդակցություն է սրտի հետ:

Կգան օրեր, երբ դու շնորհակալ կլինես Աստծուն, որ Նա չի պատասխանել քո բոլոր աղոթքներին…

Գոյություն ունի աղոթք առանց խոսքերի, առանց բառերի… սրտի բաբախելն աղոթք է, աչքի արցունքն աղոթք է, Աստծո ներկայության զգացումն աղոթք է:

Մենք մեր աղոթքները գոհաբանությամբ ենք սկսում, որովհետև այնքան շատ է Աստծո բարությունը մեր նկատմամբ անցյալում: Նախքան որևէ նոր բան խնդրելը, մենք պետք է շնորհակալություն հայտնենք Նրան անցյալում տված բարիքների համար:

Ձեր կյանքում ոչ թե կարևոր է, որ աղոթում եք, այլ ինչպես եք աղոթում: Արդյո՞ք ձեր աղոթքը պարզապես կրկնվող բառեր են, թե՞ իսկապես Աստծու հետ իրական և խորը հաղորդակցություն է, որում զգում եք, որ խնդություն եք ապրում Նրա ներկայության հաղորդակցությունից:

 

 Սբ. Ալեքսեյ Մեչև

Անհրաժեշտ է աղոթել երեխայի պես, ամուր հավատքով:

 

Սբ. Նիկոլայ արք. Վելիմիրովիչ

Աղոթքի կաթիլը շատ ավելի արժեքավոր է, քան անհանգստության ծովը:

Ճշմարտապես քեզ սիրում է այն անձը, ով ծածուկ աղոթում է քեզ համար առ Աստված:

Ջանք գործադրիր և ամրացրու հավատքդ: Ժամանակի ընթացքում կզգաս աղոթքի կարիքը: Քանի դեռ հավատքդ թույլ է, այն չի ստիպում քեզ աղոթել:

 

Սբ. Սոֆրոնի վրդ. Սախարով

Մեծ նշանակություն ունի այն փաստը, որ երեխայի մեջ հոսում է աղոթող ծնողների արյունը, հատկապես եթե մայրն աղոթել է, երբ երեխան դեռևս արգանդում է եղել: Օրհնությունը և մոր աղոթքը երեխայի կյանքում մեծ դեր են խաղում, քանի որ սովորաբար մայրը սրտացավ է աղոթում: Իսկ սրտացավ կատարված աղոթքն ունի առանձնահատուկ ուժ:

Սնունդը էներգիա է տալիս մարմնին: Մենք դրա կարիքն ունենք, որպեսզի աշխատենք և ուժ ունենանք աղոթելու համար: Աղոթողի մոտ կերակուրի էներգիան վերածվում է հոգևոր էներգիայի: Նրանք, ովքեր քիչ են աղոթում, սննդի ավելացած էներգիան վերածվում է կրքի և որկրամոլության:

Ընտրություն կատարելու համար աղոթքն անհրաժեշտ է: Ճիշտ ընտրություն կատարելու և նրա համար, որ Աստված համապատասխան մարդուն տա, հարկավոր է զորավոր աղոթք:

Երբ մենք կարդում ենք որևէ սուրբ հոր գրվածքը, պետք է աղոթենք (և այդ սուրբ հոր բարեխոսությունը խնդրենք), որպեսզի նրա խոսքն այնպես հասկանանք, ինչպես ինքը՝ հեղինակն է հասկացել:

 

Սաբբա վրդ. Օստապենկո

Դու ինքդ չես լսում քո աղոթքը, այդ դեպքում ինչպե՞ս ես ուզում, որ Աստված լսի քո աղոթքը:

 

Սիմեոն Աթոսացի

Եթե երկար ժամանակ աղոթում ես և պատասխան չես ստանում, նշանակում է` ինքդ աղոթքի նշանակությանն անբարյացակամ ես վերաբերվում… չգիտե՞ս, որ Աստծու բարությունը քեզ ապաշխարության է տանում»(Հռոմ. 2.4):

Որքան միտքը զբաղված է ունայն գործերով, այնքան ավելի  շատ անհաջողություններ են դրանից գալիս, որքան միտքը զբաղված է աղոթքով, այնքան ավելի շատ օգուտ է դրանից լինում:

Պահք պահողներն ու աղոթողները շատ են, սակայն բարիներն ու հեզերը քիչ են…

Ուզու՞մ ես խելացի լինել, ուսումնասիրիր գրքերը: Ուզո՞ւմ ես բարի լինել, աղոթիր:

Մի ապրիր գլխով, ապրիր սրտով, մի ապրիր մտքերով, ապրիր աղոթքով:

Ինչո՞ւ մարդիկ չեն փրկվում, չնայած նրանք շատ աղոթում ու պահք են պահում: Քանի որ մերձավորների կյանքը դժոխքի են վերածում…

Ով հոգու խնդությամբ ընդունում է նեղություններն ու հիվանդությունները և աղոթքով գոհություն հայտնում Աստծուն դրանց համար, ավելի բարձր է, քան նա, ով բարի գործեր է կատարում:

Մի աղոթքը, որը կատարվում է ամբողջ ուշադրությամբ, ավելի արագ է լսելի դառնում Աստծուն, քան հարյուրավոր մտացրիվ աղոթքները:

Քչերը կարող են գնալ վանք, բայց բոլորը կարող են աղոթել, քչերը կարող են դառնալ ճգնավորներ, բայց յուրաքանչյուրը կարող է փրկվել:

Աղոթքը սիրում է կարգ ու կանոն, իսկ հոգևոր կյանքը՝ կարգապահություն:

Երբ աղոթում ես, ուշադիր եղիր աղոթքի ժամանակ այնպես, ինչպես ասեղնագործը թելն անցկացնում է ասեղի միջով: Երբ միտքը հաստատուն չէ, աղոթքը թույլ է. երբ աղոթքն ամուր է, և միտքը կայուն է, խանգարող մտքերը թույլ են:

Աղոթքն ինքնին ձգտում է դեպի այն մարդը, որը դրան է ձգտում ամբողջ սրտով: Աստծուն վստահելը մշտապես և ամեն ինչում՝ դա հենց անդադար աղոթք է:

Աղոթքի պրակտիկայում ընտրություն չկա՝ կա՛մ մենք ենք վերահսկում միտքը, կա՛մ միտքը՝ մեզ, կա՛մ մենք ենք հաղթում մտքերին, կա՛մ մտքերը հաղթում են մեզ:

Անկախ նրանից, թե որքան ժամանակ ես տրամադրում աղոթքին, ուշադիր աղոթքը լավագույնն է:

Երբ սիրտն ամբողջ ուշադրությամբ է աղոթում, այն արագորեն է ջերմանում:

 

 Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Աղոթքը հոգու շնչառությունն է: Հետևաբար, մենք մշտապես պետք է աղոթքի մեջ լինենք:

Սուրբ հայրերն ասում են՝ հնազանդությունն ավելին է, քան աղոթքն ու պահքը: Ես երիտասարդ տարիքում դա չէի հասկանում: Բայց, եթե հնազանդություն չկա, պահքից արդյունք չկա: Սրբերը Սուրբ Հոգու շնորհներ են ձեռք բերել աղոթքով և պահքով, բայց դրանցից ավելին՝ հնազանդությամբ:

Աղոթքի համար պահանջվում է ուշադրություն: Այն պետք է աղոթքի առջևից ընթանա, որպեսզի մենք իմանանք, թե ինչ ենք փնտրում, ինչի մասին ենք աղոթում:

Երկարամյա ամուր աղոթքն անպայման սեր է ծնում:

Փոքր շյուղը խանգարում է տեսողությանը, այդպես էլ փոքր հոգսն է խանգարում աղոթքին: Երբ մարդը սովորում է անել այն ամենը, ինչ անում է իր ամբողջ սրտով, այդժամ նա դառնում է աղոթող, և աշխատանքը նրան հաջողվում է:

Շատ կարևոր է, երբ տանն  աղոթող կա, մարդ, ով աղոթում է: Աղոթքն Աստծո շնորհն է բերում դեպի տուն: Բոլոր տնեցիները դա զգում են, նույնիսկ նրանք, որոնց սրտերը սառել են: Անդադար աղոթեք:

Մենք վատ ենք յուրացրել հիմնականը և շեղվում ենք մեր աղոթքներում, երբ դրանք անգիր ասում ենք կամ գրքերով կարդում ենք, բայց չենք մասնակցում ո՛չ մեր սրտով, ո՛չ էլ ապրումով: Մենք կարդում ենք և չգիտենք, թե ինչի մասին ենք կարդում:

 

 Իոանն վրդ. Կրեստյանկին

Գիշերային աղոթքն ավելի գնահատելի է, քան ցերեկայինը:

Թախիծն ու խռովքը տիրում են աղոթքի պակասության պատճառով:

Մայրական աղոթքը երեխաների համար օգնություն է ամբողջ կյանքի համար:

Շատ հեռու մի նայիր, և եթե ամեն օր ապրես Աստծո հետ և աղոթքով, Տերը կառաջնորդի կյանքիդ նավակը և կուղղի այն դեպի փրկություն:

Աղոթեք ձեր երեխաների համար և ինչքան կարող եք, օգնեք: Նրանք դեռ չեն սովորել ապրել և չգիտեն կյանքի իրական արժեքները, և, հետևաբար, ձեր խորհուրդները նրանց այժմ չեն օգնի, բայց աղոթքը, որը նրանցից ծածուկ է կատարվում, կարծրացած սիրտը փափկեցնում է: Եվ հիմա ես միայն օգնում եմ ուրիշներին աղոթքով և կարծում եմ, որ այն ամենաարդյունավետ օգնությունն է: Թող Աստված իմաստացնի ձեզ:

Օրվա ընթացքում ամենուր և ամեն գործի մեջ կարճ աղոթքներով աղոթիր:

 

 Սբ. Ամբրոսիոս Օպտինացի

Եթե չես ուզում աղոթել, անհրաժեշտ է՝  ինքդ քեզ հարկադրես, սուրբ հայրերն ասում են, որ հարկադրաբար աղոթքն ավելին է, քան ինքնակամ աղոթքը: Դու չես ուզում, բայց քեզ հարկադրիր, չէ որ Երկնքի Արքայությունը ուժով են վերցնում (Մատթ. 11.12):

Երբ ձեր ներսում ակամայից անբարյացակամ զգացում եք ունենում որևէ մեկի հանդեպ, աշխատեք այդ մեղավոր զգացումը աղոթքով հաղթահարել:

Ամենից լավն ավելի պարզ ապրելն: Գլուխ մի կոտրիր: Աղոթիր Աստծուն: Տերն ամեն ինչ կկարգավորի: Մի՛ տանջիր քեզ:

 

Սբ. Հայր Պիո

Եվ ամեն օր, երբ քո սիրտը հատկապես զգում է կյանքի դատարկությունը, աղոթիր:

Աղոթքը լավագույն զենքն է, որ ունենք: Դու պետք է խոսես Հիսուսի հետ ոչ միայն քո շրթունքներով, այլև` քո սրտով: Իրականում, որոշ դեպքերում, պետք է խոսես Նրա հետ միայն քո սրտով:

Աղոթի´ր, հուսա´ և մի´ անհանգստացիր: Անհանգստությունը զուր է:  Աստված ողորմած է և քո աղոթքը կլսի:

Աղոթքը հոգու թթվածինն է: Աստված հարստացնում է այն հոգին, որն իրեն ամեն ինչից ազատում է:

Առանց ամբողջ մեր հոգու ներդրման աղոթքի մեջ` աղոթքը դառնում է դատարկ: Մեր սրտերը պետք է համաչափ լինեն այն խոսքերին, որոնցով աղոթում ենք. այդտեղ պետք է ներդաշնակություն լինի: Բառերով չենք կարող խաբել Աստծուն. Նա գիտի մեր սրտերը:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ