Գլխավոր Հոգևոր Ինչո՞վ է պայմանավորված մարդու կյանքի տևողությունը…

Ինչո՞վ է պայմանավորված մարդու կյանքի տևողությունը…

by admin
0 մեկնաբանություն 3813 դիտում

Կարելի է դիտարկել, որ երեք հիմնական դրույթ կա, որ Երկնային Նախախնամությունը պայմանավորում է մարդու երկրային կյանքի տևողությունը՝

1.հավիտենական փրկություն ունենալը՝ ապաշխարության միջոցով,

2.հոգևոր կատարելագործման հարցը՝ ներքին մարդու շարունակական աճը, հոգու հղկվածությունը,

3.Առաքելության ձգտումը, կամքն ու իրագործումը, հատկապես հոգևոր առաքելության:

1.Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը (Հովհ. 3.16):

Ինչպես նշում է Սուրբ Գիրքը, Աստծո համար ամենից կարևորը մեր հավիտենական փրկություն ունենալն է, այսինքն՝ առաջին դրույթը: Աստծո համար կարևոր է, որ մարդն իր երկրային կյանքի ընթացքում կարողանա հավիտենական փրկություն ունենալ: Բոլոր մարդկանց ապաշխարության հնարավորություն է տրվում, որպեսզի հասնեն առաջին դրույթին և եթե այդ ուղիով են ընթանում, ժամանակ է տրվում, որ նաև որոշակի հաջողություն ունենան երկրորդ դրույթի մեջ՝ ըստ իրենց հավատքի: Հետևաբար, նրանց կյանքը երբեմն կարող է ձգվել նույնիսկ մինչև խոր ծերություն առաջին դրույթի կամ առաջին և երկրորդ դրույթների համար: Եթե մարդը չունի ձգտում հասնելու առաջին դրույթին և ավելի է գլորվում անդունդը, ուրեմն ամեն պահ կարող է ընդհատվել նրա կյանքը որևէ հիվանդության կամ փորձության պատճառով: Թեև մարդիկ կան, որոնք շարունակում են անուղղելի կյանք վարել և իրենց կյանքի տևողությունը ձգվում է մինչև խոր ծերություն, սակայն հիշատակելի է սբ. Պետրոս առաքյալի խոսքը, որ Աստված համբերատար շարունակում է հնարավորություն տալ. «Համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3. 8-9): Ինչպես օրինակ՝ Քրիստոս կանխագիտությամբ գիտեր, որ Հուդան մատնելու էր Իրեն, սակայն առաքյալների շարքում ընդգրկեց, որպեսզի հնարավորություն տրվեր փոխվելու, փրկվելու համար: Այսինքն՝ Աստծո սերն ու ողորմությունն այնքան մեծ է, որ նախօրոք իմանալով, թե տվյալն անձն անուղղելի է, այդուհանդերձ հնարավորություն է տալիս նրան, որ այդ մարդն իր ազատ կամքով նաև փրկության հնարավորություն ունենա, թեպետ շարունակ անտեսում է լույսի ուղին և գլորվում դեպի անդունդը:

2.«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)

Եթե մարդը ձգտում է երկրորդ դրույթին՝ հոգևոր կատարելագործմանն այնքան, որքան իր հավատքն է, մղումը, ջանքերը, կամքի գործադրումը, Երկնային Նախախնամությունն այդքանով էլ երկարաձգում է մարդու երկրավոր կյանքը, որպեսզի մարդը հասնի իր ձգտման այդ լրումին: Սբ. Պողոս առաքյալն այսպես է նշում. «Թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ Կորնթ. 4.16): Իբրև օրինակ՝ կարելի է բերել Սբ. Անտոն Մեծին, որը խոր ծերության ժամանակ թողեց այս աշխարհը:  Մյուս կողմից՝ վազորդի օրինակով կարող ենք դիտարկել, որ ամեն վազորդ որոշակի ժամանակահատվածում է հասնում միևնույն նպատակակետին, մեկն ավելի արագ, մյուսը՝ ավելի դանդաղ ժամանակամիջոցում: Այսինքն՝ երկրորդ դրույթի պարագայում, մարդը, ըստ իր հավատքի, ինչ չափով է ձգտում հոգևոր կատարելության և ինչպիսի արագությամբ: Այդուհանդերձ, երբ մարդն ընթանում է առաջին դրույթի ուղիով, սակայն չունի ձգտում երկրորդ դրույթի իրագործման մեջ կամ թերանում է այդ ճանապարհի մեջ և զանազան պատճառներով ավելի է կապվում այս աշխարհի ու դրա հարմարավետությունների հետ կամ հոգևոր սխալ ընթացքի մեջ է հայտնվում, ապա Երկնային Նախախնամությունը նրան թողնում է ընդհանուր նախախնամության ներքո, և մարդը կարող է ինչ-որ փորձության, պատահարի արդյունքում նույնիսկ լքել այս աշխարհը, որպեսզի չվնասվի կամ նվազի առաջին դրույթը՝ փրկվելու հնարավորությունը: Մեկ ուրիշ դեպքում, երբ մարդն ավելի վաղ հասակում արդեն հասել է երկրորդ դրույթի իր անձնական ձգտման լրումին, ապա հնարավոր է, որ որևէ դեպքի, փորձության ժամանակ մարդը լքի այս աշխարհը, քանի որ առաջնայինը հավիտենական փրկություն ունենալն է, և այն չկորցնելը կամ դրա նվազումը չեզոքացնելը:

3.«Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են» ատթ. 5.15)

Եթե առաջին երկու դրույթներից զատ մարդը ձգտում է իրագործել նաև որևէ աստվածահաճո առաքելություն, եթե հատկապես այն էական նշանակություն է ունենում հանրության համար և առավել ևս հոգևոր առաքելություն է, ապա Երկնային Նախախնամությունն այս պարագայում էլ մարդուն իր հատուկ նախախնամության հովանո ներքո է պահում և համապատասխան երկրային կյանքի ժամանակ տալիս, որպեսզի իրագործվի աստվածահաճո առաքելությունը: Նշենք՝ կարելի է դիտարկել, որ յուրաքանչյուր մասնագիտություն, աշխատանք աստվածահաճո է, եթե Աստծո կամքի բարեհաճությամբ է այն իրագործվում: Սակայն եթե մարդը սկսում է առաջնություն տալ երրորդ դրույթին, բայց թերանալ, օրինակ՝ երկրորդի մեջ, Աստված կարող է նրան վերցնել այս աշխարհից, որովհետև Երկնային Նախախնամությունն ավելի կարևորություն է տալիս երկրորդ դրույթի մեջ զորանալուն, քան՝ երրորդին, եթե իհարկե տվյալ ժամանակի մեջ տվյալ անձի իրագործվելիք, հատկապես հոգևոր առաքելությունը շատ էական չի դիտարկվում: Ուստի, մարդու կյանքի թելը կարող է կտրվել այս աշխարհում, որպեսզի չկորցնի իր հոգու հղկվածության չափը, առավել ևս հավիտենական փրկության հնարավորությունը կամ եթե այլևս չունի լուրջ կամ ճշգրիտ ձգտում անձնական հոգևոր կատարելագործման ճանապարհի մեջ:

Հետևապես, այս երեք հիմնական դրույթների ներքո կարելի է դիտարկել մարդու կյանքի տևողությունն այս աշխարհում Երկնային Նախախնամության կողմից:

Հովհաննես Մանուկյան

NIP/National Information Platform

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ