Գլխավոր Հոգևոր Մտքերի մասին, ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է

Մտքերի մասին, ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է

by admin
0 մեկնաբանություն 1814 դիտում

Եփրեմ Արիզոնացի

Մարդը երկակի է. նա բաղկացած է արտաքինից և ներքինից, մարմնից և հոգուց: Նա հագնվում է ինչպես արտաքնապես, այնպես էլ ներքնապես: Եվ մերկանում է արտաքնապես և ներքնապես: Եվ սնվում է նյութական ու հոգևոր սննդով: Եթե մարդը ներքին փոփոխություն չի ունենում, ապա արտաքինը ոչինչ է: Կարգավորիր քո ներքինը, մտքերը և մնացած ամենայնը, և կտեսնես, որ քո արտաքին գործողությունները ճիշտ կլինեն:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Ինչպիսի մտքերի տրվում ենք, այդպիսին մեր կյանքն է: Մեզ անհրաժեշտ է սովորել տիրապետել մեր մտքերին, որպեսզի դրանք կարգի բերենք: Հանուն մեր օգտակարության մեզ անհրաժեշտ է տրվել բարի մտքերին և ցանկություններին, իսկ հետո ներդաշնակությունը կգա դեպի մեզ, դեպի հարազատները և դեպի ավելի լայն շրջապատ: Եվ ուր էլ մենք հայտնվենք, մեզանից բարությամբ լեցուն հանդարտ ու խաղաղ մտքեր կհորդեն:

Մենք տառապում ենք, քանի որ մեր մտքերն ու ցանկությունները չար են: Մենք ինքներս ենք մեր տառապանքների պատճառը, որովհետև մեր ժողովրդի մեջ ապաշխարություն չկա: Ապաշխարություն չկա և՛ հավատացյալների մեջ, և՛ առավել ևս անհավատների մեջ:

Մեր մտքերը ոչ միայն պատերազմների և երկրաշարժերի պատճառ են հանդիսանում, այլև շրջակա միջավայրի աղտոտման, ինչը շատ ավելի վտանգավոր է հոգևոր աղտոտվածության պատճառով: Աշխատեք ունենալ բարի մտքեր և բարի ցանկություններ ընկերների և ոչ ընկերների հանդեպ, և կտեսնեք ինչպիսի բարի պտուղ եք դուք, և բոլոր նրանք ստանում, ովքեր ձեզ շրջապատում են:

Մեր կյանքը կախված է մեր մտքերից, մեր ցանկություններից: Մենք ինքներս ենք ստեղծում մեր շուրջը ներդաշնակություն կամ աններդաշնակություն:

 

Նիկոն Վորոբյով

Մի տրվիր միայնակ մնացած լինելու մտքերին և նմանատիպ ունայն մտքերին: Դրանք թշնամու ցանցերն են: Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք: Եթե հարկ լինի, Տերը մեզ ընկերներ կուղարկի, որոնց նույնիսկ չէինք էլ սպասում: Աշխատիր Աստծո ներկայության մեջ ապրել… Ամեն ինչ լավ կլինի:

Դուք պետք է առաջնորդվեք սուրբ Ավետարանով և սուրբ հայրերով, այլ ոչ թե այս աշխարհի մարդկանց փոփոխական, կեղծ մտքերով:

 

Շենուդա Գ հայրապետ

Եթե ձեր սիրտը մղվում է ինչ-որ լավ բան անելու, թույլ մի տվեք ձեր մտքերին քննարկեն կամ հետաձգեն այն:

Կրթիր ինքդ քեզ, որ տիրապետես մտքերիդ ուղղությունը և թույլ չտաս մտքերիդ  քեզ ղեկավարել:

Մտքերդ մշտապես ինչ-որ հոգևոր բանով լեցուն դարձրու:

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Ձեր կողքին թող միշտ հոգևոր գիրքը բաց լինի, որպեսզի սատանան չունենա հնարավորություն չար մտքերով անհանգստացնել:

 

Սիմեոն Աթոսացի

Կարգավորիր մտքերդ, և աշխարհն այլ աչքերով կտեսնես: Եթե կարողանաս միտքդ դարձնել քո ընկերը, այն քեզ դեպի Աստծուն կտանի:

Քո ֆիզիկական պահքը միայն ժամանակավոր է: Պահքի մեջ քո միտքը պահիր՝ հեռու վանելով չվերջացող դատարկ մտքերը, և Քրիստոս քեզ կփրկի:

Մարդուն սպանում են ոչ թե հանգամանքները, այլ նրան սպանում են մտքերը…

Բոլոր դժբախտությունները հենց մեզանից են սկսվում: Եթե քո մտքերը կարգավորես, այդ դժբախտությունները քո ներսում կավարտվեն:

Եթե մտքերդ այդքան անկայուն և ճիշտ չեն, ինչո՞ւ ես դրանցից կառչել: Հետևիր միայն Քրիստոսին, և Նա քեզ կփրկի, որովհետև Նա հաստատուն և հավատարիմ է Իր Սիրո մեջ:

Նա, ով հոգ է տանում իր մտքերը չար մտքերից հեռու պահելու համար, օգնում է և՛ իրեն, և՛ բոլոր մարդկանց:

Իմաստուն խորհուրդն ավելի գնահատիր, քան քո մտքերը, մաքուր միտքն ավելի գնահատիր, քան քո կյանքը:

Եթե մտքերին ես ծառա, ապա ցմահ բանտարկյալ ես, եթե Աստծուն ես ծառա, հավերժ ազատ ես:

Մի՛ շտապիր նախատել և սովորեցնել ուրիշներին, այլ շտապիր ազատվել վատ մտքերից:

Խոնարհ միտքը չի ամաչում խոստովանել, որ ինքը չգիտի, և միայն անմիտն է ձգտում բոլորին ապացուցել, որ ինքն ամեն ինչ գիտի:

Հավատք ունեցող միտքն ապրում է Աստծով, իսկ անհավատ միտքը ապրում է իր մտքերով…

Ով փորձում է պահել իր միտքը վատ մտքերից, հասկանում է, թե ինչ է նշանակում մարդ լինել:

Մի հավատարիմ մարդն ավելին է, քան հազարավոր դավաճանները, և մի բարի միտքն ավելին է, քան հազարավոր դատարկ մտքերը:

Մի ապրիր գլխով, ապրիր սրտով, մի ապրիր մտքերով, ապրիր աղոթքով:

Այն ամենը, ինչ մենք այս պահին մեզ ներկայացնում ենք, մեր  նախորդ մտքերի, ցանկությունների և կրքերի հետևանքներն են:

Ապրիր այնպես, որ միտքդ չխանգարի կյանքիդ: Մի հավատարիմ մարդն ավելի լավ է, քան հազարավոր դավաճանները, մի բարի միտքն ավելի լավ է, քան հազարարավոր դատարկ մտքերը:

Երբ մարդը մեկուսանում է իր մտքերի և պատկերացումների մեջ, Հավերժական Կյանքը հեռանում է նրանից: Քո մտքով մի խանգարիր Աստծո կամքին, որ շնորհով հոգ է տանում քո մասին:

 

Սբ. Անտոն Օպտինացի

Տագնապալի մտքերն ամենավատն են, որոնցից միշտ պետք է զգույշ լինել:

 

Սբ. Իգնատիոս Բրյանչանինով

 Սուրբ հոգևոր հայրերի մտքերն ու ոգին որդեգրիր՝  կարդալով նրանց գրվածքները: Սուրբ հայրերը հասել են իրենց նպատակին՝ փրկության: Եվ դու կհասնես այդ նպատակին իրողությունների բնական ընթացքով:  Եվ որպես համախոհ և միաբան սուրբ հայրերին`  կփրկվես:

 

Հովսեփ Իսիխաստ

Խուսափիր չար մտքեր ընդունելուց, ինչպես կրակից, ամբողջովին անտեսիր դրանք, որպեսզի արմատ չգցեն քո ներսում: Մի՛ վհատվիր, քանի որ Աստված մեծ է և ներում է նրանց, ովքեր մեղանչում են: Երբ մեղք ես գործում, ապաշխարիր և շարունակիր հետևել ինքդ քեզ, որպեսզի գայթակղություններին չտրվես:

 

Նիկոլայ ավ. քհն. Գուրյանով

Մաքրություն փնտրիր: Որևէ մեկի մասին մի լսիր վատն ու արատավորը… կանգ մի առ վատ մտքերի վրա…, կեղծիքից հեռացիր: Եվ երբեք մի վախեցիր ճշմարտությունն ասել, միայն աղոթքով և նախևառաջ Աստծո օրհնությունը խնդրիր:

Մեր մտքերն ու խոսքերը մեծ ազդեցություն ունեն մեր շրջապատի վրա: Աղոթեցեք արցունքներով բոլորի համար` հիվանդների, թույլերի, մեղավորների համար, նրանց համար, որոնց համար ոչ ոք չի աղոթում:

 

Նիկոն Աթոսացի

Մարդկանց առջև կանգնած ենք մարմնապես, Աստծո առջև` մեր մտքերով…

 

Սբ. Թեոփան Մենակյաց (Զատվորնիկ)

Չես կարող բարին գործով անել, խոսքով այն իրագործիր, չես կարողանում խոսքով, մտքերով այն իրագործիր:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ