Գլխավոր Հոգևոր Աստծո կամքի մասին (հոգեշահ խրատներ)

Աստծո կամքի մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 1830 դիտում

Գաբրիել Աթոսացի

Ինչպե՞ս իմանալ Աստծո կամքը… Տերը, ինչպես ասում են եկեղեցու հայրերը, միշտ պատասխանում է երեք կերպով` այո, ոչ, սպասիր: Այո՛, Ես կիրագործեմ այն, ինչ խնդրում ես: Ո՛չ, այն քեզ հիմա անհրաժեշտ չէ:  Եվ սպասիր, քանի դեռ ժամանակը չի եկել: Այս երեք կերպով Տերը միշտ պատասխանում է:

 

Իոանն վրդ. Կրեստյանկին

Աստծո կամքը պարզ է և այն բոլորի համար տրված է Սուրբ Գրքում, և քրիստոնյայի գլխավոր գործը` Աստծո պատվիրանների համաձայն ապրելն է:

Շատերը կարծում են, որ հավատքով ապրելը և Աստծո կամքը կատարելը շատ դժվար է: Իրականում շատ հեշտ է: Պետք է միայն ուշադրություն դարձնել մանրուքներին, չնչին բաներին և փորձել մեղք չգործել ամենափոքր և հեշտ գործերի մեջ: Սա հոգևոր աշխարհ մտնելու և Աստծուն մոտենալու ամենահասարակ և դյուրին միջոցն է:

Չկա ավելի լավ և վստահելի ձև,  քան Աստծո կամքի համաձայն ապրելը… Եվ Աստծո կամքը հստակ մեզ դրսևորվում է կյանքի հանգամանքներով:

Մի շտապիր կենտրոնանալ վաղվա օրվա վրա, ապրիր այս օրով, սովորիր այսօր տեսնել Աստծո կամքը քեզ համար այս պահին, և ոչ միայն տեսնել, այլև պետք է ունենալ անսասան վճռականություն դրա կատարման համար, և կապրես Աստծո առաջնորդությամբ: Մենք պետք է մոռանանք մեր «դուրը գալիս է, թե ոչ», մենք պետք է ընդունենք Աստծունը:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Այն անձը, որն իրեն Աստծու կամքին է հանձնել, ոչնչից չի վախենում և տագնապում: Ամեն ինչ, որ տեղի է ունենում, նա ասում է` Աստված այդպես է կամենում:

Մարդը, որը կարծում է, թե ամեն ինչ գիտի, անհնազանդ է, և ոչ ոք չի կարող տանել անհնազանդ մարդուն:  Անհնազանդը չի կարող բնակություն հաստատել Աստծո Թագավորությունում, քանի որ նա միշտ ուզում է իրագործել իր կամքը, այլ ոչ թե Աստծու կամքը:  Միայն խոնարհներն ու հեզերը կմտնեն Երկնքի Արքայություն:

 

Նիկոն Վորոբյով

Մարդն ում կամքն այստեղ երկրի վրա իրագործում է, նրա հետ կլինի նաև մահվանից հետո:

Ես շատ ավելի եմ ափսոսում, որ մենք՝ մարդիկ, չենք օգտվում այն բարիքներից, որոնք Աստված մեզ կամենում է տալ և չենք աշխատում ինքներս մեզ կարողունակ դարձնել՝ ընդունելու համար Աստծու պարգևները: Իսկ կարողունակ լինելն Աստծո առջև խոնարհվելն է և ցանկանալ Աստծո կամքի իրագործումը մեզ համար: Այդժամ Տերը հեղում է մեզ վրա Իր աննկարագրելի ողորմածությունը, որի վերաբերյալ մարմնավոր մարդը չունի որևէ գաղափար:

Կյանքի փորձառությունը սովորեցնում է, որ ոչինչ չի կատարվում առանց Աստծո կամքի (մենք շատ քիչ ենք կարևորում Աստծո Խոսքը): Ամեն ինչ իրագործվում է մեր փրկության համար, չնայած մենք սա միշտ չէ, որ տեսնում ենք: Ամբողջ կյանքս ինձ դա է հաստատում: Կարծում եմ, որ սա իսկապես վերաբերում է նաև ուրիշներին, բայց բոլորի աչքերը բաց չեն տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

 

Սիմեոն Աթոսացի

Ինչին սիրտը կապված է, դա է սպանում նրան: Այդպիսին է այս մարմնավոր աշխարհը: Լավագույն հարստությունը Աստծո կամքի կատարյալ ընկալումն է:

 Երբ մարդը մեկուսանում է իր մտքերի և պատկերացումների մեջ, Հավերժական Կյանքը հեռանում է նրանից: Քո մտքով մի խանգարիր Աստծո կամքին, որ շնորհով հոգ է տանում քո մասին:

 

Սբ. Հայր Պիո

Եթե ձախողվես, խոնարհ եղիր, որոշում կայացրու հնազանդ լինել Աստծո կամքին, այնուհետև ոտքի կանգնիր և շարունակիր:

 

Սբ. Իգնատիոս Բրյանչանինով

Ժամանակի ընթացքում Աստված ամեն ինչ կկարգավորի:  Լավագույնը  Նրա սուրբ կամքին հանձնվելն է և վաղվա օրվա մասին չմտածել, եթե առանձնահատուկ պատճառներ չկան դրա հետ կապված:  Բայց ահա շատերն ապրում են ապագա երազանքներով և իրենց հոգսերով, իսկ ներկան ձեռքից բաց են թողնում:

Փորձանքների ժամանակ մի՛ փնտրիր մարդկային օգնություն, մի՛ վատնիր թանկարժեք ժամանակը և մի՛ սպառիր քո հոգու ուժը՝  այդ անզոր օգնությունն որոնելու համար: Օգնություն Աստծուց սպասիր. Նրա կամքով մարդիկ ժամանակին կգան և քեզ կօգնեն:

 

Նիկոլայ ավ. քհն. Գուրյանով

Ապավինեք, իմ սիրելինե՛ր, Աստծո կամքին, և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ձեզ համար օգտակար է: Ավետարանն ամենակարևոր և իմաստուն խորհրդատուն և ուսուցիչն է: Մարդը կարող է սխալվել, Ավետարանը՝ չի կարող: Կարդացեք այն, հետևեք դրան, ապրեք այնպես, ինչպես գրված է, և կգտնեք հավատ, հույս, սեր:

 

Սբ. Սիվղանոս Աթոսացի

Իմ բոլոր մեղքերն ու սխալները եղել են այն պատճառով, որ փորձության և անհրաժեշտության պահին ես Տիրոջը չեմ կանչել:

Ինչպե՞ս իմանալ` արդյո՞ք ապրում ես Աստծո կամքով:  Ահա նշանը` եթե սգում ես որևէ բանի համար, նշանակում է` ամբողջովին քեզ չես հանձնել Աստծո կամքին, թեպետ հնարավոր է` քեզ թվում է, թե ապրում ես Աստծո կամքին համապատասխան: Ով ապրում է Աստծո կամքին համապատասխան, նա որևէ բանի համար չի մտահոգվում: Եթե իրեն որևէ բան է անհրաժեշտ, նա և´ իրեն, և´ այդ իրողությունը հանձնում է Աստծո կամքին: Եթե այն չի ստանում, այնուամենայնիվ, խաղաղության մեջ է մնում այնպես, կարծես` այն ստացել է: Այն անձը, ով իրեն հանձնել է Աստծո կամքին, ոչնչից չի վախենում` ո´չ ամպրոպներից, ո´չ ավազակներից, ոչնչից: Ինչ էլ պատահում է, ասում է` Աստծուն այդպես է անհրաժեշտ: Եթե հիվանդ է, մտածում է, որ ուրեմն ինձ հիվանդություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում Աստված այն ինձ չէր տա: Եվ այդպես խաղաղություն է պահպանում իր հոգում և մարմնում:

Նեղություներից հնարավոր չէ խուսափել երկրի վրա, բայց ով իրեն հանձնել է Աստծո կամքին, կարող է հեշտությամբ դիմանալ դրանց: Նա տեսնում է նեղությունները, բայց վստահում է Տիրոջը, և նեղություններն անցնում են:

Լավ է միշտ և ամեն ինչում որոնել Աստծու խրատը, թե ինչպես անել և ասել: Այլ կերպ ասած` յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է փնտրել Աստծո կամքի ճանաչումը և դրա իրականացման ուղիները:

 

Սբ. Վարսոնոֆի Օպտինացի

Երբ մտքերն անհանգստացնում են կամ շփոթության մատնում կամ էլ տագնապահար անում, պետք չէ դրանց հետ զրույցի բռնվել, այլ պարզապես ասել` թող Աստծո կամքը լինի: Դա շատ խաղաղեցնող է:

 

 Սբ. Թեոփան Մենակյաց (Զատվորնիկ)

Միևնույն է, բոլորը ստիպված կլինեն խաչ կրել` և՛ հավատացյալները, և՛ անհավատները, բայց ավելի լավ է այն կրել քրիստոնեական ձևով` գոհաբանությամբ և Աստծո կամքին նվիրվածությամբ:

 

Սբ. Նիկոն Օպտինացի

Եթե ապավինում ենք Աստծո կամքին, ապա ամեն լավ բան, և նույնիսկ անհաջողությունները, ամեն ինչ հանգեցնում է մեր հոգու փրկությանը, և միևնույն ժամանակ բացահայտվում է մեծ իմաստություն և խորքայնություն: Ովքեր սիրում են Աստծուն, ամեն ինչ բարեհաջող է ընթանում նրանց համար:

 

Սբ. Անտոն Օպտինացի

Ոչինչ և ոչ ոք չի հանդարտեցնի ձեր սիրտը, բացառությամբ Աստծո կամքին ձեր կատարյալ նվիրվածությունը:

 

Արսեն վրդ. Պապաչոկ

Մազը չի կարող ընկնել գլխից առանց Աստծո կամքի: Եվ ես, 90 տարեկան հասակում, համոզված եմ, որ այդպես է, քանի որ շատ առիթներ եմ ունեցել, երբ կյանքս վտանգված է եղել, երբ ես միայնակ՝ գայլերի, արջերի մեջ, անվնաս մնացի, չնայած այն ամենին, ինչ կարող էր պատահել ինձ հետ: Անտրամաբանական էր և զարմանալի, բայց ամեն դեպքում փրկվեցի: Հետևաբար, կարելի է եզրակացնել՝ ամեն ինչ, որ պատահում է մեզ հետ, Աստծուց է: Եվ Աստված ընտրել է մեզանից յուրաքանչյուրին: Բայց միևնույն ժամանակ, մենք ինքներս պետք է գնանք առ Աստված: Եթե ուզում եք, որ Աստված օրհնի ձեզ որևէ գործում, անհրաժեշտ է աղոթել օգնության համար, և Նա կօգնի: Աստված մեզ բոլորիս ստեղծել է մտքով, բանականությամբ և սեփական կամքով:

 

Սբ. Հուստինոս վրդ. Պոպովիչ

Աստված չի կամենում ուժով ապաշխարության տանել: Եթե Աստված ուժով ստիպեր մարդուն Իր կամքը, Իր Ավետարանը, Իր փրկությունը, Իր Արքայությունը, այդժամ Նա կվերացներ մարդու ազատությունը, մարդկային ինքնուրույնությունը: Այդժամ մարդը կդադարեր մարդ լինել և կլիներ մարիոնետ, մեքենա, ռոբոտ: Եվ Աստված, քանի որ Սեր է, չի կարող այդպիսի որևէ բան անել, որովհետև դա պարզապես բնորոշ չէ սիրուն: Եթե Աստված այդպես աներ, ապա Նա կդադարեր Սեր լինել և դադարելով Սեր լինել, նաև կդադարեր Աստված լինել:

  

Պետրոս Սերյոգին

Թույլ մի տուր այլ մարդկանց, որ ամբողջ կյանքդ ժամանակավոր պայմաններով թելադրեն: Թող քո կյանքը պայմանավորված լինի Աստծո կամքով և քո հնազանդությամբ (առ Աստված):

 

Երեմիա Ալյոխին

Գոհաբանությամբ լեցուն լինելու ունակությունը մարդուն սովորեցնում է Աստծո կամքին հնազանդ լինել, դյուրին է դարձնում խոնարհություն ձեռք բերելու ուղին, սովորեցնում է աղոթել, օգնում է հասկանալ սիրո խորհուրդը:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ