Հրանտ Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին Երևանում (Հայաստան), բանվորի ընտանիքում։ 1956-1966 թթ. սովորել է Երևանի Ս. Մ. Կիրովի անվան համար 12 միջնակարգ դպրոցում։ 1968-1974 թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով սննդարդյունաբերության ինժեների որակավորում։ 1990 թ.-ից տնտեսական գիտությունների թեկնածու է։ Մահացել է 2014 թ. ապրիլի 20-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:
Հրանտ Վարդանյանն աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում, որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1984 թ.-ից կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն է եղել։ 1996 թ.-ից սկսել է բիզնես գործունեությունը՝ խթանելով հայրենական արտադրության վերականգմանն ու զարգացմանը։ Հիմնադրել է «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և այլ ընկերություններ։ Նրա հիմնադրած ընկերությունների խումբը՝ «Գրանդ Հոլդինգը» առաջինն է պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով: Նա մյուս արտադրողների համար օրինակ դարձավ և իր գործունեությամբ ապացուցեց, որ զանգվածային գործազրկության, արտագաղթի և շրջափակման պայմաններում հայ ազգը ոչ միայն կարող է աշխատել, որակով արտադրանք տալ և իր երկրում արժանապատվորեն ապրել, այլև իր արտադրանքն արտահանել ու այլ երկրների բազմամիլիոնանոց շուկաները գրավել։
Հրանտ Վարդանյանի բարեգործական գործունեությունը բազմանպատակ ու համակարգային էր՝ գիտություն, կրթություն, մշակույթ, առողջապահություն, սպորտ և այլն։ Հովանավորել է Երևանի կենդանաբանական այգին, հիմնել և ֆինանսավորել «Հայրենիք» մանկական բարեգործական հեռուստաալիքը, տարիներ շարունակ վճարել Հայաստանի բոլոր Սոցաշխատանքի հերոսներին ամենամսյա թոշակ։
Հրանտ Վարդանյանը Տավուշի մարզում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, երկարաժամկետ խոշոր բարեգործական ծրագրեր էր իրականացնում՝ դրանով իսկ նպաստելով տեղական համայնքների զարգացմանը։ Կառուցել է Հայաստանի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցին: