Գլխավոր Հոգևոր Երբ հարկերը երկրում բարձրացնում են, Երկնային Նախախնամությունն ինչպե՞ս է արձագանքում

Երբ հարկերը երկրում բարձրացնում են, Երկնային Նախախնամությունն ինչպե՞ս է արձագանքում

by admin
0 մեկնաբանություն 2683 դիտում

Մարդկանց մի մասի մոտ կարծիք է ձևավորվել, որ քրիստոնեությունը քարոզում է կույր և անվերապահ հնազանդություն իշխանություններին: Այս հարցի շուրջ հասարակության մեջ մշտապես տարակարծություններ են եղել, որոնք հստակություն չեն բերել և չեն լուսաբանել, թե ինչ սահմաններում է անհրաժեշտ հնազանդվել իշխանություններին կամ հակառակ կերպ վարվել: Հասարակ քաղաքացու և իշխանավորների միջև այս խնդիրը մշտապես արտահայտվել է տարբեր ժամանակներում: Գիտենք, որ քրիստոնեական արժեհամակարգը քարոզում է օրինապահ և բարեպաշտ քաղաքացու կերպարը: Եվ առաքյալները կոչ են անում հնազանդվել իշխանություններին: Պողոս առաքյալն ասում է. «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. և եղած իշխանությունները Աստծուց են կարգված։ Հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում. և նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում» (Հռոմ. 13:1-2): Իսկ Պետրոս առաքյալը կոչ է անում. «Ի սեր Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույն հեղինակություն ունեցող մեկի, թե՛ կառավարիչներին՝ որպես նրանից ուղարկվածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին՝ գովում» (Ա Պետր. 2:14-15): Սակայն էական է, որ առաջին և մեծագույն պատվիրանը հորդորում է հնազանդ լինել Աստծուն. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը» (Մատթ. 22:37-38) և «Գործք Առաքելոց»-ում հանդիպում ենք, երբ առաքյալները իշխանություն ունեցողների հնազանդության կոչին այլ պատասխան են տալիս և ասում նրանց՝ Աստծու առաջ արդա՞ր է առավել ձեզ լսել, թե՞ Աստծուն (Գործք 4:19): Ինչպես նաև նշում են. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց» (Գործք 5:29): Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Պետրոսի և Պողոսի հորդորները քրիստոնյաներին, երբ ասում են հնազանդ եղեք ամեն իշխանության: Որպեսզի կարողանանք գտնել այն ճիշտ եզրագիծը՝ արդյո՞ք պետք է հնազանդվել իշխանություններին, թե՞ այլ կեցվածք ցուցաբերել, նախ անդրադառնանք Սուրբ Գրքի այն հատվածին, երբ հրեաները դուրս եկան Եգիպտոսից և թագավոր չունեին: Նրանց առաջնորդը Մովսեսն էր, ով ղեկավարվում էր Աստծո կողմից և ում միջոցով Աստված դիմում էր հրեա ժողովրդին: Այս մոտեցումը շարունակվեց, մինչև նշանակվեցին դատավորներ, որոնք երկար ժամանակահատված կարգավորում էին այդ ժողովրդի հասարակական ներքին և արտաքին կյանքը: Աստված նրանց նաև հաստատել էր, որպեսզի այդ ազգին պաշտպանեին թշնամիներից: Դատավորները ժողովրդի իշխանները չէին, այլ առաջնորդներ, որոնք նշանակված էին արդարացի լուծումներ տալու ժողովրդի մեջ ի հայտ եկած վիճելի հարցերին և պետք է Աստծո կամքի համաձայն առաջնորդեին հասարակությանը դեպի ներդաշնակ կյանք: Այնուամենայնիվ Սամուել մարգարեի ժամանակ, ժողովուրդը, հարևան ազգերի թագավորական իշխանության կառուցվածքը տեսնելով, մարգարեից պահանջեց, որ իրենց համար էլ թագավոր ունենան: Դատավորների հանդեպ դժգոհությունը ծագել էր այն պատճառով, որ նրանք ընկել էին ընչաքաղցության, կաշառքի և իրավունքը եղծելու հետևից (Ա Թագ. 8:3-6): Նման վերաբերմունքը ժողովրդի մեջ կառավարման համակարգի փոփոխման պատճառ դարձավ: Սակայն Սամուելին այս ամենը դուր չեկավ, որովհետև հրեաների մեջ այդպիսի բան չէր եղել, բայց նրանք պահանջում էին. «Մեզ թագավոր տուր, որ մեզ համար դատավորություն անի» (Ա Թագ 8:7): Իսկ Աստված ասաց. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ։ Նրանք ոչ թե քեզ անարգեցին, այլ չուզեցին, որ ես թագավորեմ իրենց վրա։ Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստվածներ։ Եվ ինչ որ արեցին իմ նկատմամբ, նույնը կանեն քո նկատմամբ»։ Արդ, տեղի է ունենում կառավարման համակարգի ձևի փոփոխություն, որտեղ հոգևոր առաջնորդներն այլևս չէին կառավարում ժողովրդին, այլ թագավորը, որը հետագայում մարդկանց կողմից ընտրվում էր անկախ իր հոգևոր և բարոյական նկարագրից: Աստված ցույց է տալիս, թե ինչպիսին է լինելու թագավորի իրավունքները. «Արդ, դու լսիր նրանց խոսքը, բայց նրանց տեղյակ պահիր, բացատրիր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա» (Ա Թագ 8:10): Սամուելը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին։ Նա ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորը հետևյալ իրավունքներն է ունենալու. նա պիտի վերցնի ձեր որդիներին և նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջևից վազող սուրհանդակներ պիտի դարձնի։ Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։ Ձեր դուստրերին անուշահոտություն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի, ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տա։ Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա և տա իր ներքինիներին և ծառաներին։ Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու ավանակները ձեզնից պիտի վերցնի և իր համար տասանորդ պիտի լինեն։ Ձեր հոտերից նա տասանորդ պիտի ստանա, և դուք նրա ծառաները պիտի դառնաք։ Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք» (Ա Թագ 8:11-19): Այստեղ տեսնում ենք, որ Աստված թագավորին բացարձակ իշխանություն է տալիս ժողովրդի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ թագավորը պետք է կատարի այն, ինչ նրանից պահանջում է ժողովուրդը, այսինքն` թագավորը արդարադատություն իրականացնի, իրենց առաջնորդի (հասարակական, տնտեսական կյանքում), ինչպես նաև պատերազմի մեջ առաջնորդ լինի: Թագավորի պարտավորության և պատասխանատվության այս սկզբունքներով է, որ իսրայելացիները կամեցան թագավորական երկիր ունենալ և նրան ամբողջապես ենթարկվել. «Մենք ևս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագավորը մեզ դատի, մեր առջևից ընթանա և մեզ պատերազմի առաջնորդի» (Ա Թագ. 8:21): Այս փոփոխությունը նոր քաղաքական և պետական համակարգի ձևավորման հիմքը դարձավ այս ժողովրդի մեջ: Ուստի, Աստծո կողմից հաստատված թագավորական իշխանության կառավարման մեջ գործում էր շեշտված երկու սկզբունք՝ թագավորի լայն լիազորություններով իրավունքը և ժողովրդի նկատմամբ նրա պատասխանատվությունն ու պարտավորությունը: Անշուշտ, իշխանության ինստիտուտը հաստատված է Աստծո կողմից: Հին Կտակարանում նշված է. «Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագավորներ է կարգում և փոփոխում» (Դանիել 3:21): Իսկ Ավետարանում կարդում ենք. «Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում, չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։ Հիսուս պատասխանեց. «Դու իմ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ» (Հովհ. 19:10-11): Հետևաբար, տեսնում ենք, որ իշխանության ինստիտուտի հիմնադրումը և հիմքը հաստատվել է Աստծո կողմից, այլ ոչ թե մարդու, հասարակության, ազգի կողմից: Սակայն, ինչպես նշեցինք, իշխանության ղեկին գտնվողն Աստծո կողմից տրված պարտականություններ և պատասխանատվություն ունի, միևնույն ժամանակ առաքյալները նշում են Աստծո բարեհաճություն ունեցող իշխանավորի բնորոշիչ առանձնահատկությունը, որին կոչված է. «որովհետև նա Աստծու պաշտոնյա է քեզ՝ բարի գործերի համար» (Հռոմ. 13:4), «Նրանք չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին՝ գովում» (Ա Պետր. 2:15): Ուստի, առաքյալները կոչ են անում մարդկանց հնազանդ լինել իշխանություններին, կառավարիչներին, որովհետև նրանց խնդիրը չարագործներին պատժելու մեջ է և բարին խրախուսելու, գործելու մեջ: Հետևաբար, Աստծո կողմից ընդունված իշխանությունը երկրի վրա ճանաչվում է այն յուրահատկություններով, թե տվյալ իշխանությունն ու իշխանավորն ինչքանով են համապատասխան գործում Աստծո կամքին: Աստվածաշնչում նկատում ենք իշխանության լեգիտիմության ընդհանուր հետևյալ առանձնահատկությունները՝ հանցագործներին պատժելու իրավունք (չարը, չարիքը չեզոքացնելու, վերացնելու իրավունք հասարակության միջից), բարիք գործելու խրախուսում, վիճելի հարցերի կարգավորում և արդարացի դատ անելու իրավունք, ժողովրդի պաշտպանություն թշնամիներից: Այլ խոսքով՝ արդարացի արդարադատություն, տնտեսության զարգացում և երկրի պաշտպանություն: Վերոհիշյալ առանձնահատկությունների, խնդիրների իրագործումը իշխանավորի, կառավարչի կողմից հաստատում է նրա լեգիտիմությունն Աստծո կողմից: Այս սկզբունքները, խնդիրները կատարելու դեպքում իշխանությունը համարվում է ճշմարիտ և իրավունք ունի տնօրինելու պետական ռեսուրսներն՝ իր առաքելությունն իրագործելու համար: Սակայն ի՞նչ է կատարվում, երբ իշխանությունը չի իրագործում Աստծո կողմից դրված պարտականությունները, երբ իշխանությունները խրախուսում են հանցագործությունը և պատժում են բարիք գործողներին: Երբ խախտվում են Աստծո կողմից դրված սկզբունքները, որոնցով իշխանությունը պետք է առաջնորդվի, այդժամ ամբողջ համակարգը խաթարվում է, և իշխանությունը դադարում է կատարել աստվածահաճո իր առաքելությունը: Օգոստինոս Երանելին նույնիսկ խիստ ձևակերպում է տալիս անարդարությամբ առաջնորդվող իշխանությանը՝ այն որակելով ավազակախումբ (The City of God, Book IV): Այս մոտեցումը կարող ենք տեսնել նաև Սբ. Գրիգոր Տաթևացու գրվածքներում անիրավ իշխանների մասին խոսելիս (С. Аревшатян, Филосовские взгляды Григора Татеваци): Աստվածաշնչում կարող ենք հանդիպել նաև այնպիսի իրադարձության, երբ իշխանությունը չարաշահում է իր լիազորությունները և դուրս գալիս ժողովրդի դեմ: Այդժամ ժողովուրդը սկսում է չենթարկվել իշխանությանը և պառակտում է առաջանում: Այդպիսի իրավիճակ ստեղծվեց Սողոմոն արքայի որդի Ռոբովամ թագավորի ժամանակ, երբ բազմացրեց հարկերը և ծանրացրեց ժողովրդի կյանքը: Ժողովուրդն ուզում էր, որ նա իջեցներ հարկերը և զիջման քայլեր իրագործեր: Սակայն Ռոբովամը չլսեց իմաստուն մարդկանց խորհուրդները, որոնք ասում էին. «Եթե դու այսօր ժողովրդին ծառայություն մատուցես, զիջող լինես, ընդառաջես և բարի խոսքեր ասես, նրանք ընդմիշտ կծառայեն քեզ» (Գ Թագ. 12:7): Սակայն թագավորը լսեց անփորձ ու անհեռատես մարդկանց, ովքեր խորհուրդ տվեցին ժողովրդին ասել. «Իմ ճկույթը հորս մեջքից հաստ է։ Արդ, եթե իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ էր դրել, ապա ես կավելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կխրատեմ ձեզ» (Գ Թագ. 12:11): Սակայն այսպիսի դիրքորոշումը ժողովրդի մեջ հուզումներ առաջացրեց, և մարդիկ որոշեցին այլևս չենթարկվել Ռոբովամ թագավորին, որը սխալ քայլ կատարեց՝ չլսելով իմաստուն և փորձառու մարդկանց խորհուրդները: Սբ. Ներսես Շնորհալին իր «Թուղթ ընդհանրական»-ում այս խնդրի շուրջ իշխանավորներին պատվիրում է. «Արդ, առաջինը այս պատվիրանն ենք ավանդում ձեզ, անիրավությամբ մի վարվեք հպատակների հետ՝ ծանր և դժվարակիր հարկեր դնելով, որոնք չեն կարող կրել, այլ յուրաքանչյուրին օրենքով և ըստ իր կարողության չափի դատեք. հիշեք, «որ դուք էլ տեր ունեք երկնքում, և Նրա առջև աչառություն չկա» (Եփես. 6:9), ինչպես ասում է առաքյալը»: Այսպիսով Ռոբովամ թագավորը խախտեց Աստծո կողմից հաստատած իշխանության պարտականությունը և առաքելությունը: Արդյունքում երկիրը պառակտվեց. «Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, պատասխան տվեց ժողովուրդն արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ էլ ժառանգություն չունենք։ Իսրայե՛լ, գնա՛ քո վրանները, դու ի՛նքդ հոգա Դավթի տան հոգսերը» (Գ Թագ. 12:16): Այս ամենից հետո Դավթի թագավորությունը բաժանվեց երկու մասի. «Իսրայելացիները գնացին իրենց վրանները, իսկ Հուդայի երկրի քաղաքներում բնակվող իսրայելացիների վրա թագավորեց Ռոբովամը (Գ Թագ. 12:17): Չխրատված թագավորը, երկրի ծանր վիճակը շտկելու փոխարեն, իր հարկահավաքներին ուղարկեց իր դեմ դուրս եկած իսրայելացիներից հարկ պահանջելու, սակայն լարված իրադրությունն ավելի սրվեց. «Ռոբովամ արքան հարկահավաքների պետ Ադոնիրամին ուղարկեց հարկ հավաքելու, բայց ամբողջ Իսրայելը քարկոծելով սպանեց նրան, իսկ Ռոբովամ արքան շտապեց կառք բարձրանալ ու փախչել Երուսաղեմ» (Գ Թագ. 12:18): Հասունացավ եղբայրասպան պատերազմի վերաճումն ու արյունահեղության վտանգը: Սական, Տերը խոսելով Աստծո մարդ Սամեայի միջոցով, զգուշացրեց, որ Իր կամքից չի բխում իշխանության կողմից գործադրվող բռնությունն ու պատերազմն իրենց եղբայրակիցների դեմ, մյուս կողմից դրանով ցույց տվեց, որ իշխանության անարդարացի քայլերի դեպքում զենքով հեղափոխությունը, արյունահեղությունը, եղբայրասպանությունը նույնպես չի արտահայտում Իր կամքը. «Այսպես է ասում Տերը. մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների՝ իսրայելացիների դեմ, և թող յուրաքանչյուրը վերադառնա իր տունը, քանզի ինձնից եղավ այդ բանը»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և, անսալով Տիրոջը, հետ դարձան» (Գ Թագ. 12:24): Նկատում ենք նաև, որ Աստված անարդարացի կառավարիչների քայլերի դեպքում այլևս նրանց չի սատարում ու խրախուսում իշխանության չարաշահման ու գործադրման հարցում և նույնիսկ նշում է, որ այս դեպքում Իսրայելի ժողովրդի անհնազանդության որոշումը պարզապես հենց այնպես չծնվեց, քանի որ ասում է, որ «Իրենից եղավ այդ բանը»: Ինչպես նաև սաղմոսներում ասում է. «Աղքատի տառապանքին և տնանկի հեծության համար այժմ ես կելնեմ,- ասում է Տերը,- կբերեմ իմ փրկությունը և վստահ կլինեմ նրանց վրա» (Սաղմ. 11:6): Համենայն դեպս Աստված պարզորոշ նշում է, որ իշխանության և ժողովրդի միջև եղած լարված կոնֆլիկտը չպետք է լուծվի երկուստեք բռնության, արյունահեղության, զենքի միջոցով: Այդ ամենը չի արտահայտում Աստծո կամքը: Եթե իշխանությունը խրախուսում և գործում է բարին և պատժում չարը, ինչպես նաև արդարացի արդարադատություն է իրականացնում, այդժամ ժողովուրդը պետք է հնազանդվի իշխանությանը: Եթե իշխանությունը խախտում է այդ սկզբունքները, մարդիկ կարող են չենթարկվել այդպիսի իշխանությանը, հատկապես քրիստոնեական հավատքի ուրացության պահանջի դեպքում: Եթե քրիստոնյաները կուրորեն ենթարկվեին իշխանություններին, առաջին դարում կուռքերին պաշտելու համար հեթանոս կայսրերի պահանջին պիտի ենթարկվեին, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ քրիստոնյաները չէին հնազանդվում, հատկապես՝ Աստծո կամքին հակառակ գործող կառավարիչներին ու իշխանություններին ու ինչպես «Գործք Առաքելոց»-ում կարդացինք, որ պետք է ավելի շատ Աստծուն հնազանդվել, այլ ոչ թե մարդկանց: Արդ, քրիստոնեությունը կոչ է անում քաղաքացիներին լինել օրինապահ և պահել իշխանությունների կողմից հաստատված օրենքները, որոնք չեն հակասում աստվածային կամքին և պահանջում հավատքի ուրացություն: Սուրբ Բարսեղ Կեսարացին գրում է, որ գործող իշխանություններին պետք է հնազանդ լինել միայն այն դեպքում, եթե տվյալ իշխանության գործունեությունը չի հակասում պատվիրաններին (святитель Василий Великий. Нравственные правила. 79.1): Յուրաքանչյուր իշխանություն և իշխանավոր, որ հակառակ է ընթանում Աստծուն և Նրա կամքին, պատմությունը ցույց է տալիս, որ տապալվում և ի վերջո պատժվում է: Աստվածաշնչում տեսնում ենք ևս մի յուրահատկություն, երբ ժողովուրդն ընտրում էր թագավոր, որը մեղավոր կյանք էր վարում և գործում ու հակառակվում Աստծուն, այդժամ նաև ամբողջ ժողովուրդն էր տուժում և պատժվում: Առաջին հայացքից սա անարդարացի է թվում, թե մի իշխանավորի պատճառով ինչու պետք է ամբողջ ազգը պատժվի: Բայց հենց այդ խրատով Աստված սովորեցնում է ժողովրդին ընտրել այնպիսի մարդու, ով կլինի առաքինի և իմաստուն այր: Աստվածաշունչը նշում է, որ ժողովուրդը պետք է աստվածահաճո կյանք վարի և ճիշտ ընտրություն կատարի, քանի որ սխալ ընտրությունից ժողովրդի համար բացասական հետևանքներ են բխելու: Այդ իսկ պատճառով Սուրբ Գրքում ասվում է. «Եթե վախենաք Տիրոջից, ծառայեք նրան, հնազանդվեք նրան, չհակառակվեք Տիրոջ ասածին, դուք ու ձեզ վրա իշխող թագավորը գնաք Տիրոջ հետևից, ապա Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագավորի դեմ չի լինի: Իսկ եթե չհնազանդվեք Տիրոջը, հակառակ գնաք Տիրոջ ասածին, ապա Տիրոջ ձեռքը ձեր և ձեր թագավորի դեմ կլինի» (Ա Թագ. 12:14-15): Այս տեքստը ցույց է տալիս, որ ժողովուրդը մեծ պատասխանատվություն է կրում, երբ իշխանավոր է ընտրում, որովհետև սխալ ընտրության դեպքում հետևանքները ծանր կլինեն: Սբ. Ներսես Շնորհալին այդ մասին նույնպես զգուշացնում է «Թուղթ Ընդհանրական»-ում. «Ձեր երկրի վրա չար և անիրավ գործավարներ և գավառապետեր մի նշանակեք, որպեսզի նրանց գործած անիրավությունների պատճառով դուք էլ նրանց հետ չդատվեք Աստծուց, այլ մարդկանց վրա գործավարություն անելու համար արդարամիտ ու արդարադատ մարդկանց ընտրեցեք»: Արդ, Աստված ղեկավարին տվել է պետական ​​ իրավունքներ եւ պարտականություններ, և այդ իրավունքներն ու պարտականությունները այն պայմանագիրն են ժողովրդի և պետության միջև, որ արտացոլում են փոխադարձ պարտականությունների կատարման էությունը: Եթե ​​ իշխանավորը չի կատարում իր պարտավորությունները, որոնք իրեն տրված են Աստծո կողմից, ապա մարդիկ պարտավոր չեն կատարել նրա պահանջները և ենթարկվել նրան: Յուրաքանչյուր իշխանություն գալիս է Աստծուց, բայց Նա ունի մի շարք պահանջներ և՛ իշխանի, և՛ ժողովրդի նկատմամբ: Ցանկացած երկրի քաղաքական արդար և ճշմարիտ համակարգի հիմքը Աստծո պահանջների կատարման իրագործումն է: Եթե ժողովուրդն իշխանություն ընտրի, որն Աստծո սկզբունքներին համապատասխան է, այդժամ այդ ազգի համար կբացվեն նոր դրական հեռանկարներ: Իսկ արատավոր իշխանության ընտրության դեպքում հասարակությունը նույնպես կարող է պատժվել Աստծո կողմից: Եվ ավելին, Աստվածաշունչը և սուրբ հոգևոր հայրերը զգուշացնում են, որ ընտրության դեպքում պետք է ուշադրություն դարձնել տվյալ անձի որակների, հատկապես հոգևոր և բարոյական նկարագրի վրա, որովհետև ոչ աստվածահաճո կառավարչի դեպքում Աստված զգուշացնում է, թե ինչ հետևանքներ կլինեն հասարակության, իշխանության օղակներում. «Ամեն կողմ ամբարիշտներ են շրջում. քո բարձրության համեմատ դու մեծություն տուր մարդկանց որդիներին» (Սաղմ. 11:9): Հետևաբար, պետք է հաշվի առնել աստվածային նախախնամության կողմից հաստատված սկզբունքներն՝ իշխանության և իշխանավորի ընտրության հարցում, որովհետև Առակաց գիրքն ասում է. «Արդարությունը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նվազեցնում» (Առակ. 14:34):

Աղբյուրը՝  surbzoravor.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ