Գլխավոր Ընդհանուր Ինչպես ներկայիս իշխանությունը, այդպես էլ Զոհրապը կարծում էր, որ հնարավոր է թուրքի հետ հարաբերությունները կարգավորել, բայց… Նրա վերջին նամակը

Ինչպես ներկայիս իշխանությունը, այդպես էլ Զոհրապը կարծում էր, որ հնարավոր է թուրքի հետ հարաբերությունները կարգավորել, բայց… Նրա վերջին նամակը

by admin
0 մեկնաբանություն 2222 դիտում
Զոհրապն ու իր վերջին նամակը

Գրիգոր Զոհրապի անունը կրում է նախքան 1915 թ. երկրորդ սահմանադրությամբ ծնունդ առած հայ ժողովրդի հույսերն ու հետագա տարիներին նրանց ապրած հուսախաբությունը մարմնավորող կնիքը: Հայ գրականության մեկ դար առաջվա այս մեծ անվան կենսագրությունը ու նույնիսկ նրա կյանքի վերջին 7 տարիների քաղաքական գործունեությունն իր մեջ ամփոփում է և’ այն օրերին տիրապետող հույսերի, և’ ահ ու սարսափի ցավալի վերջաբանը:

Օսմանյան մեջլիսում Զոհրապի գտնվելու երեք շրջանի ընթացքում իր վարած քաղաքական գիծը կարելի է բաժանել իրար միահյուսված երեք հիմնական կետի: Լիբերալ-ազատականության և օսմանականության հարցում առկա գաղափարների հետ մեկտեղ հայ ժողովրդի անվտանգության հարցում գոյություն ունեցող անհանգստություններն այն տարրերն են, որոնք բնորոշում են Զոհրապի քաղաքական դիրքորոշումը:

Թեև բազմաթիվ հարցերով իթթիհադականների հետ համաձայն չէր, սակայն հայերին կոչ էր անում նրանց աջակցել: Կարող ենք նկատել, որ սա կատարելիս Զոհրապը նպատակ էր հետապնդում պաշտպանել սահմանադրական վարչակարգը, ինչպես նաև նախընտրում էր դա ծառայեցնել հայ ժողովրդի ճակատագրին: Որպես փաստաբան, քաղաքական գործիչ և գրող, ով մոտիկից էր ծանոթ 1890-ականներին հայերի նկատմամբ իրականացված դաժանություններին, հավատում էր, որ ժողովուրդը կարող է խաղաղ գոյատևել ոչ թե ինքնիշխանության, այլև սահմանադրական հասարակարգի պարագայում:

Զոհրապը մինչև 1912 թ., երբ իթթիհադականները հիմնեցին միակուսակցական իշխանություն, շարունակում էր աջակցել նրանց: Զոհրապը տեսնելով, որ հողերի, բռնազավթման և անվտանգության նման հարցերը կարգավորելու համար հայերին տրված խոստումները չեն կատարվում, ավելի խիստ ընդդիմադիր կեցվածք որդեգրեց: Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես նրա օրագրում ամենուր իշխելու էր որպես «շովինիզմ» որակված լեզուն, բոլոր հաշտարար ձայները ճնշելու էին:

Ինչպես նշում են որոշ աղբյուրներ, Զոհրապը չի ձերբակալվել 1915 թ. ապրիլի 24: Երբ իթթիհադականները Ստամբուլում ձերբակալում էին բազմաթիվ հայ մտավորականների, դեռևս ձեռք չէին տվել պատգամավոր Զոհրապին, սակայն մայիս ամսվա վերջին շաբաթում Էրզրումի պատգամավոր Վարդգես Սերենգյուլյանի հետ միասին ձերբակալվել է առանց բավարար հիմքի: Նրանց  ասվել է, որ Ռազմական արտակարգ ատյանում դատելուց անմիջապես հետո   տանելու են Դիարբեքիր (Տիգրանակերտ):

Կոնիայում, Ադանայում, Հալեպում, Ուրֆայում կանգառելիս նամակներ է գրել Հալիլ բեյին, Թալեաթ փաշային, Հյուսեին Ջահիթ բեյին և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վանգենհայմին, որպեսզի իրեն թույլ տան վերադառնալ, սակայն որևէ բան չի փոխվել:

Ինչպես Ֆալիհ Ռըֆքըն պատմում է իր «Զեյթինդաղը» աշխատության մեջ, Ուրֆայից հեռանալուց որոշ ժամանակ անց Հատուկ կազմակերպության կազմում աշխատող Չերքեզ Ահմեդը Զոհրապին և Վարդգես էֆենդիին սպանել է` քարով գլուխը ջախջախելով:

Հայերենից թուրքերեն թարգմանելով ընթերցողներին ներկայացնենք 1915 թ. ապրիլի 24-ի տարելիցին իր վերջին նամակը, որը կարողացել էր ուղարկել կնոջը: Առաջին անգամ թուրքերեն հրապարակված այս նամակը շատ բան է պատմում այն օրերի նրա հոգեվիճակի մասին:

1915 թհուլիսի 2/15, հինգշաբթիկեսօրՀալեպ

Սիրելի՛ս, հոգի՛ս, միա՛կս,

Նույնիսկ եթե սա ամենավերջին ու աննշան հույսն էր, այնուամենայնիվ հուսով էինք, որ դեռևս տաս օր էլ այստեղ կմնայինք ու միգուցե ազատվեինք Դիարբեքիր գնալուց… Քեզանից ստացած հեռագրերից ու պարոն Խաչատուրի`/1/ իր հորը գրած նամակներից հասկացանք, որ Դիարբեքիր գնալն անխուսափելի է:

Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից լուր եկավ, որ շաբաթ առավոտյան ժամը յոթին անհրաժեշտ է ճանապարհ ընկնել. չորս ժամ գնացքով, հետո յոթ ժամ էլ մեքենայով ճանապարհն անցնելով` շաբաթ երեկոյան հասնելու ենք Ուրֆա: Դրանից հետո էլ մեքենայով չորս օր, մինչև Սիվերեք` երկու օր, Սիվերեքից Դիարբեքիր էլ` երկու օր… Եթե առանց դադարների ճանապարհ ընկնենք /Աստծո կամոք/ հինգշաբթի կարող ենք հասնել Դիարբեքիր: Հասնելուն պես հեռագրով լուր կտամ:

Այժմ, իմ սիրելի կողակից, մեզ համար սկսում է վերջին արարը, չեմ հավատում, որ Հալիլ բեյը /2/ մոռանալու է իր հավատարմության զգացումը և  մեզ չի օգնելու: Հույսս նրա վրա է, մեկ էլ իմ անմեղության վրա, սակայն այս ժամանակաշրջանում անմեղությունը հինգ կոպեկի արժեք անգամ չունի:

Նախկին նամակներումս էլ եմ գրել, որ այս վտանգից ու փորձանքից չենք փրկվելու, սակայն դա հնարավոր է միմիայն վճռական և ուժեղ պաշտպանությամբ ու հեղինակությամբ: Անհրաժեշտ է պահանջել, որ մեզ ազատեն անձեռնմխելիության սկզբունքով: Դրա համար էլ անհրաժեշտ է, որ րոպե անգամ չկորցնենք: Այս նամակս քեզ կհասնի /եթե հնարավոր լինի վստահելի մեկի միջոցով քեզ հասցնեմ/ այս երեքշաբթի չէ, մյուս երեքշաբթի:

Ինչպես գրել եմ իմ նախորդ նամակում, եթե Հալիլ բեյն ինձ ազատելու համար անկեղծ պատվի խոսք տա և  ձեռնամուխ լինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինձ հեռագիր ուղարկիր` գրելով «Մեծ աղջիկս հիվանդ է»:

Նույն ձևով անհրաժեշտ է, որ այնտեղ մնամ ոչ թե բանտում, այլ հյուրանոցում, իսկ եթե հնարավոր չէ, մասնավոր սենյակում: Այս հարցի վերաբերյալ էլ անմիջապես միջոցներ ձեռնարկիր: Այս առավելության պատճառը, բնականաբար, իմ հիվանդությունն է, ցավոք, պաշտոնապես հաստատված հիվանդությունս…

Դիարբեքիրից և այլ վայրերից լավ լուրեր չեն գալիս: Լուրեր ունենք, որ շատ խիստ պատիժներ են սահմանում: Աստված գիտե, թե Դիարբեքիրում ինչեր են լինելու:

Սրանից հետո ինձանից գիր չես ստանա, եթե ողջ մնամ, ամեն շաբաթ մեկ անգամ հեռագիր կուղարկեմ:

Քո ոգին չկոտրելու համար ոչինչ չեմ ասում վիճակիս մասին: Երկու անգամ է տեսնում եմ լուսնի մահիկը և քեզ ու երեխաներիս աչքիս առաջ ունենալով` համբուրում: Երրորդ մահիկն է՞լ է այսպես լինելու: Վտանգված եմ: Աշխատի’ր, շա’տ աշխատիր /հավատում եմ, որ Դիարբեքիրում հետաքննությունը, դատարանն ու մնացած գործերն արագ կարգավորելով` ամեն ինչ կվերջացնեն, գործը կփակեն: Դա իմացի’ր: Եթե դեռ բարեկամ է մնացել, բոլորից կարծիք հարցրու/:

Եթե Դիարբեքիրում իմ վիճակը վտանգավոր համարեմ, հեռագիր կուղարկեմ` «Փողի կարիք ունեմ»: Եթե շատ վտանգավոր լինի, կգրեմ` «Փողի մեծ կարիք ունեմ»:

Առավել գրելու ուժ չունեմ: Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք:

Բոլորիդ համբուրում եմ:

Գ. Զոհրապ

Հալեպի այս 22 օրն էլ մնացինք այս հյուրանոցում:

Grand Hotel Restaurant Rod-Elfaradj Ahmed Loutfi Zehné Alep (Սիրիա).

1. Պարոն Խաչատուր /Խաչիկ Փելթեկյան/, Զոհրապի գրասենյակում աշխատող քարտուղար:

2. Հալիլ բեյը /Մենթեշե/ Միություն և առաջադիմություն կուսակցության
անվանի դեմքերից է: Նա եղել է Պատգամավորների պալատի նախագահ, ինչպես նաև Ներքին գործերի նախարար (Հալիլ Մենթեշեն իրականում եղել է Արտաքին գործերի և Արդարադատության նախարար-Ակունքի խմբ.), հանրապետական շրջանում մինչև մահ եղել է պատգամավոր: «Փրկարար զինվորներ» դեպքերի ժամանակ կյանքը վտանգված Հալիլ բեյին Զոհրապն իր տանը թաքցնելով փրկել է մահից:

Ռոբեր Քոփթաշ

«Ակօս»

Աղբյուրը՝  www.yerkir.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ