Հրաշքին հավասարազոր երեւույթ էր Սարդարապատի ճակատամարտը: Այս մասին Հ2-ի եթերում «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
«Պատկերացրեք՝ մի փոքրիկ հողակտոր եւ ցեղասպանությունից փրկված 800 հազար բնակչություն, չունենալով որեւէ ապավեն, օգնություն միջազգային հանրությունից, փրկության միակ հույս ունենալով միայն սեփական բազուկն ու քաջությունը, մեր հայրենակիցները կարողացան կռվել թուրքական կանոնավոր բանակի դեմ եւ կերտել անկախ պետականությունը: Եթե համեմատենք այն ժամանակներն ու մեր օրերը, կարծում եմ, մենք իրավունք չունենք դժգոհելու, թեեւ մարտահրավերները պակաս վտանգավոր չեն, իհարկե, բայց չունենք տրտնջալու պատճառ: Մնում է ապագային հավատքով նայելով դիմագրավել այդ մարտահրավերները: Սարդարապատը մի մեծ դաս է մեր այսօրվա պետականության համար»:
Երկրորդ դասը Արշակ սրբազանը համարում է ինքնության համար կռիվը.
«Եթե զուտ ֆիզիկական գոյության հարց լիներ, կարելի էր ինչ-որ զիջումների գնով լուծել որոշակի խնդիրներ: Սակայն Արցախում նույնպես կռիվը մեր ինքնության համար էր: Եվ այսօր մեր հասարակական կյանք են թափանցում մի շարք մտայնություններ, երեւույթներ, որոնք չեն ներդաշնակվում մեր ինքնության հետ: Չտարածվելու համար կենտրոնանանք մեկի վրա, երբ ժողովրդավարություն իրագործելու ճանապարհին մենք ծայրահեղությունների ենք հասնում եւ մարդու հնարավորությունների սահմանը հասցնում ենք սեռին»:
Լանզարոտեի կոնվենցիայի առնչությամբ, Մայր Աթոռի դիվանապետը նշել է, որ եթե խոսքը վերաբերում է երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելուն, եկեղեցին ուղղակիորեն չի կարող այլ կարծիք ունենալ.
«Բայց սա ջատագովների կողմից ներկայացվում է այնպիսի մի ոճով, երկնքից ինչ-որ պարգեւ բերողի հավակնոտությամբ, թե իբր Հայաստանում սեռական շահագործման վերաբերյալ մինչեւ այս մերժողական տրամադրություններ չեն եղել: Մեր ավանդույթների ու պատմության մեջ, մեր հոգեւոր ըմբռնումների մեջ չեք գտնի մեկ պնդում, որ քաջալերի մանուկների նկատմամբ սեռական կամ այլ բռնությունները: Մեր օրենսդրությունն էլ է նախատեսում դրա կանխարգելիչ եւ պատժիչ գործողությունները: Եվ կասկածելի է, թե ինչու է այն ընդունվում: Երկրորդը, որ ցանկանում եմ առանձնացնել որպես կասկածամտություն հարուցող երեւույթ, այն է, որ կոնվենցիայի ջատագովները որեւէ որոշակի կոնցեպտ չեն առաջարկում այս կոնվենցիայի ներդրման հետագա ընթացքի ուղղությամբ: Մենք կոնվենցիան ընդունեցինք, բայց գործողությունների ինչ ընթացք է հետեւելու դրան: Սա հարցադրում է, որ կարող է ուղղել ցանկացած ողջամիտ մարդ: Համենայն դեպս, ես որեւէ ռացիոնալ բացատրություն չեմ տեսել այդ կոնվենցիայի անհրաժեշտության վերաբերյալ»:
Արշակ սրբազանի խոսքով՝ հարցը պարզաբանելու համար Մայր Աթոռում բազմաթիվ քննարկումներ են եղել եւ Մայր Աթոռի հայտարարությունն այդ մասին տարածվել է:
«Առաջարկում ենք ավելի լայն քննարկում ծավալել, ներգրավելով ավելի շահագրգիռ շրջանակների, այդ թվում ՍԴ-ին, անպայման Հայ Եկեղեցու մասնակցությամբ: Որովհետեւ մեր բարոյական ու հոգեւոր ըմբռնումները հստակ ամրագրված են Հայ Եկեղեցու դիրքորոշումներում», ասել է Մայր Աթոռի դիվանապետը:
Աղբյուրը՝ www.news.am