Ե՛վ որպես Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, և՛ որպես ՀՀ քաղաքացի, դատապարտում ենք այս և նմանատիպ տխրահռչակ կոնվենցիաների վավերացումը, քանզի դրանք և՛ քրիստոնեական արժեհամակարգին խիստ հակասող, և՛ մեր ազգային անվտանգության հիմքերը խարխլող բազմաթիվ թակարդներ են պարունակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու սպասավոր Տեր Տաթև քահանա Մարուքյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (առավել հայտնի՝ Լանզարոտեի կոնվենցիա) վավերացնելու մասին հարցին:
Վերջինս ընդգծեց՝ Ազգային ժողովը կոչված է ազգի մեծամասնության կարծիքը, կամքը և շահերը արտահայտելու՝ որպես երկրի բարձրագույն օրենսդրական մարմին, սակայն այս դեպքում, քահանայի դիտարկմամբ, չի եղել համապատասխան հանրային քննարկում, կոնվենցիայի մասին համապատասխան լուսաբանում, և գրեթե գաղտնի պայմաններում վավերացվել է մի փաստաթուղթ, որին պատճաշ ծանոթանալու դեպքում, ըստ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, ազգի գերակշիռ մեծամասնությունը խիստ բացասական ու անընդունելի է համարելու։
«Իհարկե, կոնվենցիան մի մեծ իրավական փաթեթ է, մենք չենք հավակնում այն լիարժեք մասնագիտական քննության ենթարկել, բայց հանրության մեջ արդեն լայն քննարկում ստացած մի քանի կետեր՝ մասնավորաբար տարրական դասարաններում երեխաների սեռական դաստիարակության հանգամանքը, ըստ որի նաև՝ այդ դասավանդման հանար առկա եվրոպական չափորոշիչների խայտառակ բովանդակությունը, մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ սա բացարձակապես անընդունելի, հակաքրիստոնեական ու անբարո մի օրինագիծ է, որը, ցավոք, արդեն կիրառվում է քրիստոնեական իր դիմագիծը տարեցտարի կորցնող եվրոպական բազմաթիվ երկրներում»,-ասաց նա, ապա ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա.
«Գաղտնիք չէ՝ կանանց, երեխաների նկատմամբ ընտանեկան և սեռական բռնությունների դեմ պայքարող, այսպես կոչված, եվրոպական կոնվենցիաների ու օրինագծերի հիմանական ջատագովն ու քարոզիչները ֆեմինիստական շարժման և ԼԳԲՏ անձանց ներկայացնող հայտնի կազմակերպություններն են»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե կոնվենցիայի վավերացման կողմնակիցները նշում են, որ այն իրապես երեխաներին կարող է պաշտպանել սեռական բռնությունից, և մանկահասակ տարիքից սեռական դաստիարակությունը կօգնի բացառել այդպիսի դեպքերը, քահանան արձագանքեց.
«Մեզ չի թվում, որ Հայաստանում երեխաների սեռական շահագործման մի այնպիսի ահասարսուռ իրավիճակ էր տիրում, որ ժամ առաջ պետք էր ԱԺ-ում վավերացնել իբրև թե երեխաներին այդ բռնություններից պաշտպանող այս կոնվենցիան, որն իրականում հենց ինքն է իր մեջ կրում հոգեբանական, մանկավարժական, ընտանեկան, ազգային և իհարկե քրիստոնեական բոլոր կարևորագույն արժեհամակարգերի հանդեպ բռնության բոլոր բաղադրիչները»:
Աղբյուրը՝ www.tert.am