Գլխավոր Աշխարհ Հիշեք՝ երբեք ոչ մեկը չի օգնի ու չի հարգի մեկին, ով կանգնած նայում է, թե ինչպես են իր եղբորը սպանում

Հիշեք՝ երբեք ոչ մեկը չի օգնի ու չի հարգի մեկին, ով կանգնած նայում է, թե ինչպես են իր եղբորը սպանում

by admin
0 մեկնաբանություն 437 դիտում
44-օրյա պատերազմում պարտությունից և կապիտուլացիոն պայմանագրից հետո հայության մի ստված զանգված “խոր շունչ” էր քաշում՝ շրջանառության մեջ դնելով պրծանք, մեր զինվորներն էլ Արցախում չեն ծառայի, չեն զոհվի, Արցախի մնացյալ մասը մերն է մնալու կեղծ թեզերը։
Նմանատիպ կեղծ թեզերը ժողովրդին պարտության պայմանագրին ու կորուստներին հաշտեցնելու ու մարսեցնելու միտում ունեին, ինչը փայլուն կերպով հաջողվեց։
Այդ խայտառակ պայմանագրից հետո “խաղաղության” նույնքան կեղծ խոսույթը արդարացնում էր հայոց բարձր լեռների ռազմավարական դիրքերը հայ զինվորից ազատելու, Սև լճի՝ հայրենի մի փոքր հողի համար պատերազմ չսկսելու թուլամիտ դիրքորոշումները։
Այնուհետև հայկական դիվանագիտությունը ամբողջ աշխարհին հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանական տարածք է, ասել է թե՝ եկեք վերցրեք, մենք տեր չենք մեր մայր հողին, մենք չենք խանգարելու ձեզ…,  թեև ընդամենը մի քանի տարի առաջ ճիշտ հակառակն էր պնդում։
Փաստորեն Մոնթեն, մեր մյուս հերոսները “չեն իմացել”, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է և “իզուր” արյուն են թափել ու զոհվել “օտար” հողի համար, փաստորեն մեր երիտասարդ հերոս զինվորները “օտար հողում օտար հողի համար” արյուն թափեցին…Եվ բնականաբար Արցախը վերցնելու “հրավերը” ուշանալ չէր կարող ու սկսվեց ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող, հյուծված ու միայնակ մնացած Արցախի ջարդը։
Ամենացավալին այն է, որ Մայր Հայրենիքը օգնության ձեռք չմեկնեց ցեղասպանվող հայրենակիցներին, հարազատ եղբայրներին ու քույրերին՝ իրեն իջեցնելով և հավասարեցնելով ամբողջ աշխարհի որդեգրած դիտորդի կարգավիճակին։
Ամբողջ աշխարհը կարող է կեղծավորություն անի, դիվանագիտություն է, շահ է, բայց նույնը անի Մայր հայրենի՞քը. հային էլ ո՞վ կհարգի, եթե նա իր եղբորը չի պաշտպանում, նայում է, թե ոնց են մորթում։ ՉԿԱ ՈՉ ՄԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ…
Բայց արի ու տես, որ էսքանից հետո արդարացումներ են շրջանառվում՝ եթե օգնենք Արցախին, մեզ վրա կհարձակվեն։
Բանականության մեջ չտեղավորվող հիմնավորում է՝ զուրկ բարոյականության, խղճի ու արդարության ընկալումներից։
Նախ՝ Արցախին չօգնեցինք, ընկավ Արցախը, թուրքն իր թիկունքը ամրացրեց։ Լավ, բա չգիտե՞ք, որ թուրքը շուտով հարձակվելու է Հայաստանի վրա, մոռացա՞ք, որ անկլավների, միջանցքի հարցեր կան, մոռացա՞ք, որ թուրքը պարզապես ցանկանում է հային կոտորել ու կանգ առնելու ցանկություն չունի, հերթով ստանում է իր ուզածը։
Ի՞նչ տարբերություն, Արցախը պաշտպանելիս կհարձակվի, թե մեկ ամիս հետո։ Այդ ընթացքում բան փոխվելո՞ւ է։
Իսկ եթե Արցախի համար կռիվ մղեինք, հաստատ մի բան կփոխվեր. ամենաքիչը Աստծո ու խղճի առջև պարզ ճակատով կլինեինք, ամենաքիչը գոնե մի քիչ աշխարհը կհարգեր… Հիշեք՝ երբեք ոչ մեկը չի օգնի ու չի հարգի մեկին, ով կանգնած նայում է, թե ինչպես են իր եղբորը սպանում ու հետո էլ արդարանում՝ բա որ ինձ վրա հարձակվեն…
Հետո էլ ամբողջ այս ողբերգության մեղքը բարդում ենք ռուսի ու օտարի վրա։ Եթե ինքդ քեզ չես հարգում, ոչ մեկը չի հարգի։ Ու հիմա էլ Արցախը թշնամուն զիջելով՝ խոսվում է պետականությունը պահելու մասին։
Եթե ուշքի չգանք, շարունակելու ենք գլորվել, թեև էլ գլորվելու տեղ գրեթե չի մնացել։ Ստեղծված իրավիճակում պետք է սատար կանգնենք Արցախի մեր հայրենակիցներին և բաժանում չմտցնենք… Աստված պահապան մեր հայրենիքին։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ