Գլխավոր Հոգևոր Ո՞րն է Աստծո կամքը մեր կյանքում

Ո՞րն է Աստծո կամքը մեր կյանքում

by admin
0 մեկնաբանություն 1471 դիտում

«Որովհետև Աստված մեզ չնախասահմանեց բարկության համար, այլ՝ փրկությունը ժառանգելու համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով. նա մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք, թե ննջենք, նրա հետ միասի՛ն ապրենք» (Ա Թեսաղ. 5.9-10):

Աստվածաշունչը վկայում է և մատնանշում, որ Աստծո կամքի գլխավոր նպատակը մեր հավիտենական փրկությունն է: Սբ. Պողոս առաքյալն այսպես է ձևակերպում.  «Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմոթ. 2.4):  Հետևաբար, երբ մենք Աստծուց ինչ-որ բան ենք խնդրում, պետք է հաշվի առնենք, որ մեր բոլոր խնդրանքները Երկնային Նախախնամությունը դիտարկում է մեր փրկագործության լույսի ներքո: Եթե դրանք դուրս են այդ սահմաններից կամ հակառակ ուղղությամբ են մեզ տանում, ուրեմն, Աստծուց պետք չէ սպասել իրականացում այդ ակնկալիքների համար, որովհետև մեր սպասելիքները ոչ թե նպաստում են մեր հավիտենական փրկությանը, այլ՝ վնասում, ինչքան էլ տվյալ սպասելիքը մեզ կարևոր ու բաղձալի թվա: Ավետարանն ասում է՝ ի՞նչ արժեք ունի, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց քո անձը կործանես (Մատթ. 16.26): Եթե մեր խնդրանքներն ու ցանկություններն օգնում և լրացնում են գլխավոր նպատակին` մեր հավիտենական փրկությանը, նշանակում է` Երկնային Նախախնամությունը կօգնի իրագործել դրանք ճիշտ այն ժամանակին, երբ դրանք օգտակար են մեզ համար, հատկապես մեր հավիտենական փրկության համար:  Հետևապես, եթե ուզում ենք հասկանալ Աստծո կամքը մեր կյանքում, ապա նկատի պիտի ունենանք, որ Աստված կամենում է ամենքիս հավիտենական փրկությունը և Իր կամքի արտահայտությունը, գործողությունները մեր հանդեպ բխում են այդ լույսի ներքո: Որպեսզի հասկանանք, թե ուր ենք գնում, ինքներս մեզ կարող ենք հարցնել՝ իմ ձգտումներն ինչի՞ն են նպաստում: Իմ հաջողություններն ինչի՞ն են նպաստում: Իմ նպատակներն ինչի՞ն են նպաստում, իմ արարքներն ինչի՞ն են նպաստում՝ իմ հավիտենական փրկությա՞նը, թե՞ այս աշխարհը շահելուն: Նմանատիպ հարցադրումներն ավելի կօգնեն, որպեսզի ինքնահայեցությամբ լուսավորվի, թե մեր սրտում ինչպիսի գանձեր ենք կուտակում և արդյո՞ք Աստծո կամքին հաճելի ենք ընթանում:

Երկրորդ կարևոր պարագան՝  Ավետարանն ասում է. «Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» Մատթ. (5.48): Աստված մեզ կոչում է նմանվել Իրեն, ձգտել լինել կատարյալ, ինչպես Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Նմանվեցեք Աստծուն, որպես սիրելի զավակներ…» (Եփես. 5.1): Կիրիլ պատրիարքը նշում է, որ մեր գոյության նպատակն է լինել Աստծո հետ, նմանվել նրան, ապրել Աստվածային բարոյական օրենքի համաձայն և դրա շնորհիվ ձեռք բերել հոգևոր ու մարմնավոր սկիզբների ներդաշնակություն, հոգևոր, հավասարակշռություն, հանգստություն, ուրախություն, խաղաղություն ու երջանկություն: Այդ լիակատար կյանքը Եկեղեցու լեզվով կոչվում է փրկություն: Ձեռք բերել այդպիսի կատարելություն` նշանակում է այն ոչ միայն գտնել այժմյան ժամանակավոր կյանքում, այլև հոգու անմահության միջոցով փոխադրել հավիտենական ոլորտ[1]: Աստծո պատկերով ստեղծված լինելու հանմագանքը հատկորոշվում է մեր ունեցած բանականությամբ, ազատ կամքով, զգացմունքներով և այն բոլոր առաքինություններով, որոնցով ըստ Աստծո պատկերի զարդարված ենք: Կիրիլ պատրիարքը շեշտում է, որ այդ հատկանիշներն ու որակներն անհամեմատելի են Աստծո ունեցածի հետ: Հետևաբար, Աստծուն նմանվել՝ նշանակում է մարդու մեջ զարգացնել այդ որակները՝ մեր և Աստծո միջև հեռավորությունը կրճատելու համար[2]:  Այս ուղին դեպի սրբություն գնալու ուղին է:  Աստված կոչում է մեզ սուրբ լինել՝ ասելով. «Սուրբ եղեք, որովհետև սուրբ եմ ես» (Ղևտ. 20.7, Ա Պետր. 1.16): Սբ. Պողոս առաքյալն այսպես է բնորոշում. ‹‹Որովհետև Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից. ձեզնից յուրաքանչյուր ոք գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով և ոչ թե ցանկության կրքով, ինչպես այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն (Ա Թեսաղ. 4.3-5):

Երրորդ էական պարագան այն է՝ ամեն ինչ անել հանուն Աստծո փառքի:  Սբ. Պողոս առաքյալը նշում է. «Արդ, ուտեք թե խմեք, կամ ինչ էլ անեք, ամեն ինչ արե՛ք Աստծու փառքի համար» (Ա Կորնթ. 10.31): Սա նշանակում է, որ մեր նպատակները, մտադրությունները, գործողությունները և ամեն ինչ պիտի ուղղված լինի հանուն Աստծո փառքի: Մեր սրտի կենտրոնում պիտի լինի Աստված, այլ ոչ թե՝ մեր նպատակները, մտադրությունները, գործողությունները և այլն:

Նախքան որևէ գործ, արարք իրագործելը պետք է վերլուծել, թե այն արդյո՞ք կծառայի Աստծու փառքի համար, և վերլուծության արդյունքում մարդ կհասկանա` արդյոք իր նախաձեռնությունը հաճելի է Աստծուն, թե՝ ոչ: Ուստի, յուրաքանչյուր մտահաղացում, գործ, արարք սկսելուց առաջ ինքներս մեզ հարց տանք, թե ինչքանո՞վ է այն ինձ մոտեցնում Աստծուն, կամ ինչքանո՞վ է հեռացնում Աստծուց: Այս հարցադրումը կօգնի ավելի հստակ պատկերացնել՝ արդյոք Աստծո փառքի համար ենք գործում` Աստծո կամքն ենք իրականացնում, թե մեր կամքը կամ չար ոգիների կամքը:

Հ. Մանուկյան

(Հատվածներ՝ «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գրքից)

[1] Տես Կիրիլ պատրիարք Մոսկվայի և համայն Ռուսիո, Հովվի խոսքը, Ս. Էջմիածին 2010, էջ 57-58:

[2] Նույն տեղում՝ էջ 40-41:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ