Երեկ մի փոքր միջադեպ տեղի ունեցավ ցայտաղբյուրի մոտ ջուր խմող ոստիկանության կապիտանի և հավաքված քաղաքացիների միջև:
Քաղաքացիները ամոթանք տվեցին ոստիկանին այս անիրավ իշխանություններին ծառայելու համար, որին կապիտանը չպատասխանեց:
Հաջորդիվ մի կին մոտեցավ և սկսեց սաստել քաղաքացիներին, թե «այս երեխան» ինչ կարող է անել, «երեխուն բան պետք չէ ասել, նա տուն է պահում»:
Հիմա բացատրեմ հարգելի տիկնոջը, ու մնացյալ ոստիկան պաշտպանողներին՝
1. ոստիկանության կապիտանը (կամ այլ սպա) երեխա չէ,
2. ոստիկանը ինքը պետք է պաշտպանի քաղաքացիներին, ոչ թե հակառակը (ի պատիվ շատ ոստիկանների պետք է նշեմ, որ Պռոշյան փողոցում շատ ոստիկաններ պաշտպանում էին քաղաքացիներին),
3. կապիտանին հասնելու համար, նա ճանապարհ է անցել, ու պետք է գիտակցած լիներ իր առաքելութունը , որ ծառայում է ոչ թե օրվա իշխանությանը, այլ պետությանն ու քաղաքացուն,
4. տուն պահելու ֆետիշացումը մեր իրականությունում ամենամեծ ողբերգությունն է, որի սպասարկողը հենց մենք ենք, «տուն է պահում»-ը վերածելով մեծագույն ալիբիի:
Տուն պահելու նպատակը երբեք չի արդարացնում միջոցները, գողն ու կաշառակերն էլ է տուն պահում, ջեբկիրն ու պարգևավճար ստացող անգրագետն էլ է տուն պահում, բանակի սպառազինությունը պարգևավճարի վերածած անհայրենիքն էլ է տուն պահում:
Հող ու հայրենիք ծախողն էլ աթոռն է պահում, որ տուն պահի:
Սա մշակութային արատ է, որը պետք ժամ առաջ վերացնենք մեր արժեքային համակարգից, երեխաներին ճիշտ դաստիարակենք, որպեսզի վաղվա տուն պահողը նոր պատուհաս չդառնա պետության գլխին: