Գլխավոր Հոգևոր Ազատության մասին (հոգեշահ խրատներ)

Ազատության մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 1485 դիտում

Շենուդա Գ հայրապետ

Ազատությունը հոգու ազատագրումն է, բոլոր կապանքներից նրա ազատվելն է, որոնք  նրան խոչընդոտում են Աստծուն մոտենալու համար:

Մարդն ազատ կամք ունի, պատվիրանի գոյությունը մարդու ազատ կամքի ակնհայտությունն է, մեղքի առկայությունը մարդու ազատ կամքի ակնհայտությունն է, և Դատաստանի գոյությունը մարդու ազատ կամքի ակնհայտությունն է:

Խոսիր Աստծո հետ ազատ սրտով: Մի փորձիր ընտրել որոշակի արտահայտություններ կամ ստեղծել հատուկ զգացողություններ: Բայց ասա Նրան այն ամենը, ինչ կա քո սրտում, ամբողջ պարզությամբ, ինչպես ընկերը խոսում է ընկերոջ հետ, և որպես մարդ, ով բացում է իր սիրտը մեկ այլ սրտի առջև, ում սիրուն և հոգատարությանը վստահում է:

 

Սիմեոն Աթոսացի

Ի՞նչ է ազատությունը` կատարյալ ազատագրում եսասիրական կյանքի բոլոր դրսևորումներից: Եսասիրության բացակայությունը կատարյալ ազատությունն է և Քրիստոսի հետ միությունը: Եթե կարծում ես, որ ապրել ես, սխալվում ես: Երբ իսկապես չես լինի, կհասկանաս, թե ինչ է նշանակում ապրել…

Այն ամենը, ինչին սիրտը կապվում է, դառնում է փրկության խոչընդոտ, քանի որ հոգևոր կյանքում կապվածություններ չկան, բայց կա մի աննկարագրելի, մեծ Ազատություն՝ Քրիստոսի Սերը:

Եթե մտքերին ես ծառա, ապա ցմահ բանտարկյալ ես, եթե Աստծուն ես ծառա, հավերժ ազատ ես:

 

Մատթա Էլ-Մեսքին (Մատթեոս Աղքատ)

Ազատությունը ամենաթանկագին խորհրդավոր արժեքն է, որը մարդկությունն Աստծուց կարող է ձեռք բերել:

 

Սոֆրոնի վրդ. Սախարով

Մենք պետք է հարգենք մյուսների ազատությունը: Այն, ինչ արվում է ստիպողաբար, չի մնա ո՛չ ժամանակի, ո՛չ էլ հավերժության մեջ:

 

Սբ. Սիվղանոս Աթոսացի

Եվ ես նույնպես ազատություն եմ ուզում և օր ու գիշեր փնտրում եմ այն: Ես հասկացա, որ այն Աստծո մոտ է, և Աստծուց տրվում է  խոնարհ սիրտ ունեցողներին, ովքեր ապաշխարել և հրաժարվել են իրենց կամքից Նրա առջև: Ապաշխարող մարդուն Տերը տալիս է Իր խաղաղությունն ու Նրան սիրելու ազատությունը: Եվ աշխարհում ավելի լավ բան չկա, քան Աստծուն և մերձավորին սիրելը: Դրանում հոգին խաղաղություն և խնդություն է գտնում:

Մարդիկ սովորաբար ազատություն են փնտրում, որ անեն այն, ինչ «ցանկանում են»: Բայց սա ազատություն չէ, այլ մեղքի իշխանություն քո հանդեպ: Պոռնկություն գործելը, անսանձ ուտելն ու խմելը կամ հիշաչար լինելը, բռնաբարելը և սպանելը կամ նման այլ բաներն ազատ գործելն ամենևին ազատություն չէ, այլ, ինչպես ասում է Տերը. «Ամեն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառա է»: Այս ստրկությունից ազատվելու համար պետք է շատ աղոթել:

 

Սբ. Տիխոն Զադոնացի

Մեղքերից ազատությունը քրիստոնյայի իրական երջանկությունն է:

 

Հովսեփ Վատոպեդացի

Մի թողեք ձեր հոգևոր զենքը `աղոթքները, խոնարհ մտքերն ու հավատը, որը ծնում է ազատություն կրքերից: Այսպիսով, մենք կխուսափենք բազմահոգսության լաբիրինթոսում թափառելուց, որն իր ամոթալի գայթակղություններով հանդերձ մեզ գրավում է:

 

Սբ. Հուստինոս վրդ. Պոպովիչ

Աստված չի կամենում ուժով ապաշխարության տանել: Եթե Աստված ուժով ստիպեր մարդուն Իր կամքը, Իր Ավետարանը, Իր փրկությունը, Իր Արքայությունը, այդժամ Նա կվերացներ մարդու ազատությունը, մարդկային ինքնուրույնությունը: Այդժամ մարդը կդադարեր մարդ լինել և կլիներ մարիոնետ, մեքենա, ռոբոտ: Եվ Աստված, քանի որ Սեր է, չի կարող այդպիսի որևէ բան անել, որովհետև դա պարզապես բնորոշ չէ սիրուն: Եթե Աստված այդպես աներ, ապա Նա կդադարեր Սեր լինել և դադարելով Սեր լինել, նաև կդադարեր Աստված լինել:

Ամենից շատ սիրում եմ ազատությունը: Այն առկա է բարության, քնքշության, սիրո մեջ: Իսկ չարը, կոպտությունը, ատելությունը ստրկություն են՝ իրենց ամենավատ տեսքով:

 

Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ

Ավետարանական երեք հիմնական գաղափարները՝ եղբայրության գաղափարը, ազատության գաղափարը և սիրո գաղափարը, մետաքսի երեք թելերի պես ամբողջապես անցնում են չորս Ավետարաններով:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ