Գլխավոր Ընդհանուր Աստծունը տուր Աստծուն, կայսերը՝ կայսեր. Երբ առնչվում ես տոկոսով գումար վերցնելուն, ավանդ դնելուն և նմանատիպ հարցերին

Աստծունը տուր Աստծուն, կայսերը՝ կայսեր. Երբ առնչվում ես տոկոսով գումար վերցնելուն, ավանդ դնելուն և նմանատիպ հարցերին

by admin
0 մեկնաբանություն 2971 դիտում

Մեր իրականության մեջ արդի խնդիրներից է պարտք տալը և վերցնելը, հատկապես երբ առնչվում ես բանկերին, տոկոսով գումար վերցնելուն, ավանդ դնելուն և նմանատիպ հարցերին: Քրիստոնեական հասարակության մեջ լուսաբանման կարիք ունի հատկապես գումարը տոկոսով տալու խնդիրը: Քրիստոնեական սոցիալական ուսմունքներն անդրադառնում են վերոնշյալ հարցերին: Միջին դարերում գումարը փոխ տալուն, տոկոսով գումար աշխատելու հարցին անդրադարձել են նաև Սուրբ Հայրերը: Նրանց մոտեցումը խիստ է, քանի որ այդ ամենը դիտարկված է իբրև վաշխառություն:  Նրանց դիտարկումից պարզ է դառնում, որ միջնադարյան շրջանում հարուստ մարդիկ մեծ-մասամբ չարաշահել են կարիքավոր անձանց՝ նրանց գումար փոխ տալով և դրա դիմաց նաև մեծ տոկոսներ պահանջելով: Սբ. Գրիգոր Տաթևացին սոցիալական անարդարության մասին խոսելիս խիստ քննադատում է այդօրինակ մոտեցումը՝ նշելով, որ տոկոսը չի կարող լինել արծաթի գինը, քանի որ արծաթը «ծնող չէ», որպեսզի տոկոսի կերպարանքով պտուղներ բերի: Միևնույն մոտեցումը նկատելի է սբ. Հովհան Մանդակունու մոտ, որը քննադատության է ենթարկում տոկոսով գումար տալու մշակույթը և այն դիտարկում իբրև արատավոր սովորույթ սոցիալական փոխհարաբերություններում՝ սահմանելով որպես վաշխառություն: Կաթոլիկ եկեղեցու մեծագույն հայրերից՝ Սբ. Թովմա Աքվինացին նույնպես խիստ քննադատության է ենթարկում տոկոսով գումար տալու պրակտիկան: Իր գրվածքներից “Summa Theologica”-ում նա օգտագործում է վաշխառություն տերմինը և պնդում է, որ տոկոսն ըստ էության անարդար է: Նա գրում է. «Փոխառու փողի դիմաց [տոկոսներ] վերցնելն ինքնին անարդար է, քանի որ դա նշանակում է վաճառել գոյություն չունեցողը, և դա ակնհայտորեն հանգեցնում է անհավասարության, որը հակասում է արդարությանը»:  Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ Սուրբ Հայրերը այս խնդիրը դիտարկում են առաջին հերթին միջանձնային փոխհարաբերությունների դաշտում և այն պարագան, երբ ունևորը փոխ է տալիս՝ կամա, թե ակամա ունեզրկելու միտումով ֆինանսական կարիքի մեջ գտնվող մարդուն: Նրանց գրվածքներում արծարծվում և գերակշռում է ոչ թե երկու կամ ավելի գործարար անձանց, հատկապես համահավասար ֆինանսական կարողություն ունեցող, կամ տարբեր կառույցների, կազմակերպությունների միջև ֆինանսական գործարքների մասին փոխ տալու խնդիրը, այլ՝ ունևորի և չունևորի, իշխանի և աղքատի, ազնիվի և անազնիվի, արդարության և խարդախության վերաբերյալ մոտեցումները: Սբ. Ներսես Շնորհալին այսպես է մատնանշում «Թուղթ Ընդհանրական»-ում. «Պատվիրում ենք նաև քաղաքացիներիդ, առևտրականներիդ և արհեստավորներիդ, որ ուղիղ և անարատ կենցաղավարությամբ վարեք ձեր կյանքը: Թող որևէ մեկը խաբեբայությամբ և նենգությամբ իր ապրանքները չվաճառի անմեղ գնողներին… ձեր դրամը վարձով մի՛ տվեք նրանց, ովքեր իշխողների բռնությունից նեղվում են (Եզեկ., 18.8), և վաշխերի շահով մի՛ կերեք նրանց աղքատ վաստակը, այլ որպես եղբայրներ կարեկից և օգնական եղեք միմյանց: Ինչ որ փոխ եք տալիս նրանց, այն միայն պահանջեցեք նրանցից… նաև ձեր բոլոր ունեցվածքից ողորմություն տվեք կարոտյալներին և աղքատներին, որպեսզի սրբվի ձեր ամեն ինչը, և Դատաստանի Օրը Քրիստոսից ստանաք փոխարենը»:

Արդ, էական է հասկանալ, թե խնդիրն ինչումն է: Տոկոսով գումար տալու պրակտիկան, եթե երկու կողմերի միջև ներդրում և բիզնես գործարք է փոխշահավետ շահույթ ստանալու համար, այն չի հակասում քրիստոնեական բարոյագիտության սկզբունքներին: Նոր Կտակարանում մենք տեսնում ենք, որ Տասը մնասների առակում օրինակ է բերվում լումայափոխների բնագավառը, երբ տերը հանդիմանում է ծառային. «Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտվեցիր, որպեսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջեի այն» (Ղուկաս 19.23): Բնական է՝ առակն ունի հոգևոր իմաստ, որտեղ խոսվում է քեզ տրված շնորհների և դրանց գործածության մասին, սակայն, միևնույն ժամանակ, նկատելի է, որ առակում բերված լումայափոխների բնագավառը կամ արարքը չի որակվում անիրավություն, կամ չի ասվում՝ անիրավ լումայափոխները, ինչպես Անիրավ տնտեսի առակում է (Ղուկ. 16.1-8), որտեղ տվյալ տնտեսի արարքն անիրավություն է դիտարկվում, թեև այդ առակն էլ ունի իր ուրույն հոգևոր իմաստը, սակայն հատկանշական է, որ Մնասների առակի լումայափոխների գործունեությունը նույնակերպ չի բնորոշվում, ինչպես անիրավ տնտեսի կատարած արարքը:

Հետևաբար, երբ առևտրականների, գործարարների և հատկապես կազմակերպությունների միջև է տոկոսով գումար տալու գործարքը, դա նման է համատեղ կապիտալի, երբ յուրաքանչյուրը ներդրում է կատարում իր ունեցած արժեքը, մեկը՝ գումարը, մյուսը՝ աշխատանքը, ծրագիրը և այլն, ու արդյունքում ստացվում է փոխշահավետ եկամուտ: Հարցն այս տիրույթում տոկոսադրույքների մեջ է, քանի որ բարձր տոկոսադրույքները ուղիղ համեմատական են  ագահության, ժլատության, դրամասիրության մեղքերի հետ, և նման մոտեցումն արդեն սահմանվում է որպես վաշխառություն: Սբ.Պողոս առաքյալը զգուշացնում է հեռու մնալ հարստանալու տենչանքից, քանի որ նշում է, որ բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է (Ա Տիմոթ. 6.9-10):

Նկատելի է, որ Սուրբ Հայրերի քննադատությունը հիմնականում նրանում է, որ վարձատրություն պետք է ստանալ կատարած աշխատանքին համարժեք, հետևապես եթե դրամը պարզապես տոկոսով ես տալիս որևէ մեկին, այսինքն՝ առանց ջանք թափելու վարձատրություն ես պահանջում, դա արդարացի չէ:  Բնականաբար միջնադարում այդ խնդիրը ցայտուն է եղել: Այլ է արդի ժամանակները, երբ գոյություն ունի բանկային համակարգ կամ ֆինանսական կառույցներ, որտեղ ծառայություն է մատուցվում, սպասարկման մի ամբողջ համակարգ է գործում դրամի հետ կատարվող ֆինանսական գործարքներն արդյունավետ իրականացնելու համար, որից շահում է և՛ քաղաքացին, և՛ դրամատան ներկայացուցիչը: Այս պարագայում տեսանելի է, որ դրամը տոկոսով տվողը նույնպես աշխատանք է կատարում, և հենց այդ տոկոսը դառնում է նրա վարձատրությունը: Ուստի, անարդարության խնդիր չի առաջանում այս պարագայում: Բայց խնդրահարույց է, երբ ունևորը գումար է տալիս տոկոսներ պահանջելով այն անձից, որը օգնության կարիքի մեջ է և սոցիալական խնդիրները պատել են այդ մարդուն: Եվ կարիքավորը գումար է խնդրում ոչ թե իր տնտեսությունը, բիզնեսը զարգացնելու, այլ՝ գոյապայքարից դուրս գալու համար: Այս դեպքում՝ միանշանակ տոկոսով գումար տալը դեմ է քրիստոնեական բարոյագիտության սկզբունքներին:  Հետևապես, գրավատների և այն վարկային կազմակերպությունների գործունեությունը խնդրահարույց է, որոնք, ըստ էության, տոկոսով գումար տալու գործարք են կնքում սոցիալապես խոցելի անձանց, խմբերի հետ: Այս դեպքում, ըստ քրիստոնեական բարոյական սկզբունքների, կարող են գումարը միայն փոխ տալ, բայց երբեք տոկոսադրույք պահանջել, քանի որ իրենց շահառուների մեծամասնությունը, ինչպես ցույց է տալիս իրականությունը, դժբախտության և նեղությունների մեջ հայտնված մարդիկ են, որոնք գոյապայքարի հարց են լուծում, այլ ոչ թե իրենց տնտեսությունը գործարար նոր ծրագրերով ծաղկեցնում և բազմապատկում են: Արդ, տեսնում ենք, որ Սուրբ Հայրերը կտրականապես զգուշացնում են հեռու մնալ վաշխառությունից և վերջնականապես չունեզրկել կարիքի մեջ գտնվող մարդուն, քանի որ այդպիսի մոտեցումը քրիստոնեական չէ: Միևնույն զգուշացումն առկա է Սուրբ Գրքում. «Եթե արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբորդ, նեղը մի՛ գցիր նրան և տոկոսներ մի՛ պահանջիր նրանից» (Ելք 22.25)։ Մի բան է, երբ գումար ես տալիս որևէ կարիքավոր մարդու և այնուհետև տոկոսով պահանջում, մեկ այլ բան է, երբ ավանդ ես ներդնում որևէ հարուստ կազմակերպությունում, հանձինս՝ բանկում, և տոկոսներով այն ստանում: Հետևաբար, երկրորդի դեպքում, բարոյական բացասական խնդիր չի առաջանում, քանի որ դա փոխշահավետ գործարք է երկու կողմերի միջև, որտեղ երկու կողմն էլ շահույթ են ստանում և այդ փոխգործակցությունից չեն տուժում: Դու չես կեղեքում բանկին, այլ քո ներդրած գումարով օգնում ես նրա ֆինանսական շրջանառությանը, բանկն էլ քեզ է օգնում՝ ավելիով գումարը հետ վերադարձնելով:

Հատկանշական է, որ Աստվածաշնչում պարտքով գումար տալու խնդրին ավելի շատ անդրադարձ է կատարված Հին Կտակարանում: Ուշադրություն դարձնելիս նկատում ենք, որ այստեղ մերժվում է վաշխառությունը, որը չարաշահություն է, զեղծարարություն: Հետևապես, ինչպես նշել ենք, մենք ֆինանսական գործարքներ կատարելիս քրիստոնեական բարոյագիտության դիտանկունից պիտի տարբերակենք փոխշահավետ ֆինանսական գործարքը և վաշխառությունը, քանի որ շատ հավատացյալների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ գումար փոխ տալը տոկոսով ամեն պարագայում ինքնին չարիք է: Հարցը նրանում է, որ Աստվածաշունչը ոչ թե արգելում է գումար փոխ տալը, այլ՝ չի խրախուսում տոկոսով գումար տալը մերձավորին՝ խոսելով միջանձնային փոխհարաբերությունների մասին. «Քո եղբորը վաշխով արծաթ չտաս, կամ շահ ստանալու ակնկալիքով ու տոկոսներով՝ կերակուր» (Բ Օրինաց 23.19): Ինչ վերաբերում է նրան, երբ փորձում ես գնել անհրաժեշտը և դիմում ես սպառողական վարկերին, դրանք ըստ էության օգնություն են: Այս դեպքում տոկոսադրույքները պետք է շատ ցածր կամ ընդհանրապես չլինեն: Դրանք պիտի լինեն փոխ  առանց տոկոսադրույքների, այսինքն՝ ինչքան գումար տրվել է, այդքան էլ՝ հետ ստանալ: Սակայն քանի որ բանկերում կամ նմանատիպ կազմակերպություններում մարդիկ են աշխատում, և նրանք նույնպես կարիք ունեն աշխատավարձ ստանալու և ծառայություն են մատուցում այդ ոլորտում, սպառողական վարկերը կարելի է դիտարկել նույնպես թույլատրելի, եթե դրանք ծառայություն իրակացնելու աշխատանքի համար են գանձվում: Այնուամենայնիվ, եթե նայում ենք քրիստոնեական տեսակետից, սպառողական վարկերի դեպքում, տոկոսադրույքը միանշանակ պետք է չափազանց քիչ լինի, և չպետք է համեմատվի գործարարության հետ կապված վարկեր տրամադրելու մոտեցմանը:

Ուշագրավ է, որ պետությունների փոխհարաբերությունների դիտանկյունից Հին Կտակարանում Իսրայելի ազգին ասվում է՝ եթե լսես ու կատարես քո Տեր Աստծո պատվիրանները, ապա Աստված այնպես կանի, որ Իսրայելը կկարողանա ուրիշներին գումար տալ և իշխող լինել. «Քո Տեր Աստվածը կօրհնի քեզ, ինչպես խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կտաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կտիրես, բայց քեզ չեն տիրի» (Բ Օրինաց 15.6): Ինչպես նաև ասվում է, որ Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին, կօրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի. «Եթե լսես քո Տեր Աստծու պատուիրանները, որ պահելու և կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կիշխես, բայց քեզ վրա չեն իշխի։ Քո Տեր Աստվածը քեզ կդարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կլինես և ոչ թե՝ ցած» (Բ Օրինաց 28.13): Սակայն եթե Իսրայելը հակառակ ընթանա Աստծո կամքին, ապա կհայտվի ծառայի կարգավիճակում: Այլ ազգերը կլինեն իշխող. «Նա քեզ փող փոխ կտա, իսկ դու չես կարողանա նրան փոխ տալ։ Նա գլուխ կլինի, իսկ դու՝ պոչ» (Բ Օրինաց 28.44)։ Ընդհանուր առմամբ, տեսնում ենք, որ պարտք վերցնելը և ունենալը դրական երևույթ չէ, սակայն թույլատրելի է: Չի խրախուսվում պարտք վերցնելը, քանի որ հայտնվում ես ծառայի կարգավիճակում:  Հետևապես, մենք տեսնում ենք, որ Աստվածաշունչը թույլ է տալիս պարտք տալ(փոխ) և վերցնել, սակայն չի խրախուսում պարտք ունենալ, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա: Պարտք ունեցողը կարող է դառնալ մամոնայի ծառան և զրկվել հոգևոր գանձեր ունենալուց (Մատթ. 6.19-20). չես կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային (Մատթ. 6.24): Պարտքը բերում է հոգսաշատություն, իսկ հոգսը Աստծո շնորհի փոխարեն գրավում է մարդու սիրտը: Սակայն Աստված ինչո՞ւ է թույլ տալիս պարտք ունենալ և պարտք տալ: Որպեսզի ոմանք խոնարհություն սովորեն և չմեծամտանան՝ պարտքի տակ ընկնելով, իսկ ոմանք՝ առատաձեռնություն և սեր՝ ուրիշներին գումար փոխ տալով և նույնիսկ հետ ստանալու ակնկալիք չունենան: Սուրբ Գիրքն ասում է. «Եվ եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից որևէ մեկում քո եղբայրների մեջ մեկը կարիքավոր լինի, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքավոր եղբոր նկատմամբ ժլատություն մի՛ արա, այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կխնդրի նա իր կարոտության մեջ» (Բ Օրինաց 15.7-8):  Մյուս կողմից՝ պարտքի գաղափարը թույլ է տրված, որպեսզի մարդկանց փոխօգնության կարիքը միմյանց հանդեպ ավելի շեշտված լինի, և մարդը չկարծի, թե միայնակ ինքը կարող է շատ բան իրագործել և հպարտանա: Հետևաբար, պարտքը տալը և վերցնելը միտված է՝ սիրեցեք միմյանց պատվիրանը (Հովհ. 13.34) հնարավորինս կիրառական դարձնել նաև ֆինանսական փոխհարաբերություններում:

Ընդգծելի է, որ պարտք վերցնողը չպետք է խուսափի այն մարելուց: Երբ որևէ մեկն ի վիճակի է վճարել և խուսափում է պարտքը մարելուց, նրա կատարած արարքն այս դեպքում համավասար է դառնում գողանալուն և ուրիշի ունեցվածքի վրա աչք դնելուն, այսինքն՝ առնվազն խախտվում է Աստվածաշնչյան երկու պատվիրան՝ մի գողացիր և ուրիշի ունեցվածքի վրա աչք մի դիր (Ելք 20.2-17): Ստացվում է, որ այդ անձը հայտնվում է առնվազն մի քանի մեղքերի մեջ՝ խաբել է, գողացել է, ուրիշի ունեցվածքի վրա աչք է դրել: Սաղմոսներում այսպես է ասվում. «Մեղավորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս» (Սաղմ. 36.22): Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ պարտքից պետք չէ խուսափել (Եզեկ. 18.7): Օրինակ՝ Եղիսեն, ոչ թե խորհուրդ է տալիս և խրախուսում պարտքը չտալը, այլ աստվածահաճո լուծում է տալիս, երբ գալիս են այրի կնոջից պարքը վերցնելու: Նա, իրեն տրված աստվածային իշխանությամբ, այրի կնոջ բոլոր ամանները յուղով է լցնում և ասում. «Գնա յուղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, և դու ու քո որդիները մնացած յուղով կապրեք» (Դ Թագ. 4.1-7): Տասանորդի գաղափարը, որն առկա է Հին Կտարականում, նույնպես մատնանշում է այն հանգամանքը, որ պարտքը վերադարձնելն է Աստծուն հաճելի, այլ ոչ թե պարտքը չտալը, եթե իհարկե, տվյալ անձնավորությունը հատկապես ունի ժամանակի ընթացքում պարտքը վերադաձնելու հնարավորություն: Այլ հարց է, երբ պարտատերը կարող է բաշխել այդ պարտքը և չվերցնել: Այս պարագայում պարտապանն ազատվում է բարոյական պատասխանատվությունից, թե ինչու չի վերադարձրել իր պարտքը: Համենայն դեպս, բարոյական պատասխանատվությունը շեշտում է, երբ պարտք ես վերցնում, պետք է  ժամանակին այն մարել. «Եթե գրավ վերցնես մեկի բաճկոնը, մինչև արևի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն» (Ելք 22.25-26): Ինչպես նաև Նոր Կտակարանում տեսնում ենք դրվագներ, երբ Հիսուս խրախուսում է հարկը վճարել, (Մատթ. 17.23-26),  ինչպես օրինակ՝ «Գնացեք տվեք կայսերը՝ կայսեր, և Աստծունը՝ Աստծուն» (​Մատթ. 22:21):

Այսպիսով, Սուրբ Գիրքը նշում է, որ կարիքավոր մարդուն պետք է օգնել, փոխ տալ: Նոր Կտակարանում դեռ ավելին է ասվում՝ գումար տալ առանց ակնկալության. «Եվ եթե փոխ եք տալիս նրանց, որոնցից հետ առնելու ակնկալություն ունեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են փոխ տալիս մեղավորներին, որպեսզի նույն չափով հետ առնեն» (Ղուկ. 6.34-37):  Աստվածաշունչը շեշտադրում է սոցիալական բարեկեցության հիմնախնդիրը հասարակության բոլոր խավերի համար և շեշտում, որ աղքատ մարդուն պետք է օգնել, աջակցել, այլ ոչ թե շահադիտական վերաբերմունք ցուցաբերել. «Եթե եղբայրդ աղքատանա և ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես իբրև եկվորի ու պանդխտի։ Նա քեզ մոտ պիտի մնա ու ապրի։ Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, քանզի ես եմ Տերը։ Քո եղբայրը թող քեզ մոտ ապրի։ Նրան տոկոսով դրամ չպիտի տաս և ավելին ստանալու ակնկալությամբ չէ, որ նրան պիտի կերակրես» (Ղևտ. 25.35-37):  Աստվածաշնչյան մարդասիրությունն ամենից ակնառու մոտեցումն ունի, քանի որ Հին Կտակարանում նույնիսկ նշվում է ամեն յոթը տարին մեկ պարտքերի թողություն անելու մասին. «Թողության կարգն այս է. եթե քո մերձավորին պարտք ես տվել, և նա պետք է վերադարձնի դա, ապա կզիջես, չես պահանջի դա քո մերձավորից ու եղբորից, որովհետեւ թողությունը հանուն քո Տեր Աստծու է» (Բ Օրինաց 15.1-2): Իսկ Նոր Կտակարանում ասվում է. «Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մատթ. 5.42): Ամբողջ հարցը նրանում է, որ Երկնային Նախախնամությունը կամենում է սոցիալական բարեկեցիկ հասարակություն տեսնել. «Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և  քո Տեր Աստվածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրեւ ժառանգություն, որպեսզի տիրես դրան» (Բ Օրինաց 15.4): «Գործք Առաքելոց»-ում նույնպես առաջին քրիստոնեական համայնքը հոգում էր իր անդամների սոցիալական խնդիրները. «Հավատացեալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր. նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու ինչքերը և բաժանում էին բոլորին՝ ում ինչ որ պետք լիներ» (Գործ 2.44-45): Ավետարանում ասվում է. «Բայց դուք սիրեցե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ» (Ղուկ. 6.38):

Հետևապես, այս ամենից կարելի է եզրակացնել՝

Առաջին՝ քրիստոնեական բարոյագիտությունը պարտք տալ կամ վերցնելը մեղք չի համարում, բայց նաև չի խրախուսում: Սբ. Պողոս առաքյալը հորդորում է. «Եվ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, քանի որ, ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը»  (Հռոմ. 13.8):

Երկրորդ՝ փոխ տալը հաճելի է Աստծուն, եթե հատկապես օգնում ես կարիքավոր մարդուն, երբ առավել ևս ակնկալիք չունես այն հետ ստանալու: Սակայն կարիքավոր մարդուն երբեք տոկոսով գումար մի տուր, այլ՝ միայն օգնություն ցուցաբերիր: Աղքատ մարդուն տոկոսով գումար տալը մեղք է համարվում:

Երրորդ՝ Տոկոսով գումար տալու գործարքը մեղք չի դիտարկվում, եթե այդ գործարքը չի սնանկացնում որևէ կողմին և եթե հատկապես՝ առևտրականների, գործարարների, կազմակերպությունների միջև է, որտեղ ծառայություն է մատուցվում, և տոկոսադրույքը չպետք է բարձր լինի, այլ՝ հնարավորինս ցածր, որպեսզի մարդիկ ագահության և դրամասիրության մեղքերի մեջ չհայտնվեն:

Չորրորդ՝ երբ պարտք ես վերցնում, այն պետք է վերադարձնել, եթե պարտատերը չի հրաժարվել այդ գումարից կամ բաշխել այն քեզ, որպեսզի խաբեբայի, գողի և ուրիշի ունեցվածքի վրա աչք դնող մեղավորի պես չլինես:

Հ. Մանուկյան

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ