Գլխավոր Հոգևոր Աստծո կամքը հասկանալու ընդհանուր դրույթներ

Աստծո կամքը հասկանալու ընդհանուր դրույթներ

by admin
0 մեկնաբանություն 1110 դիտում

1.Աստվածճանաչողություն և ինքնաճանաչողություն: Աստծո կամքը հասկանալու համար անհրաժեշտ է Աստվածճանաչողություն և ինքնաճանաչողություն: Երկու կարևոր իրողություններ, առանց որոնց Աստծո կամքը դժվար կամ նույնիսկ անհնար է ընկալել:

2.Աստվածաշունչ: Սուրբ Գիրքը և պատվիրանները այն ակնառու ուղեցույցն են, որոնցով կարող ենք տեսնել Երկնային Նախախնամության կամքի լույսը մեր կյանքի տարբեր հանգամանքներում: Իոանն վրդ. Կրեստյանկինը նշում է, որ Աստծո կամքը պարզ է, այն բոլորի համար տրված է Սուրբ Գրքում, և քրիստոնյայի գլխավոր գործը` Աստծո պատվիրանների համաձայն ապրելն է: Մեր արարքները, մտահաղացումները, գործերը չպետք է հակասեն պատվիրաններին. Սուրբ Գրքի պատգամներն ու պատվիրանները ցուցիչներ են, որպեսզի ընկալենք, թե մեր գործունեությունն ինչքանով է համապատասխանում Աստծո կամքին: Հատկանշնական է, որ մեզ հուզող հարցի մասին կարող ենք փնտրել Աստվածաշնչում և այդտեղ գտնել տվյալ խնդրին առնչվող տարբեր դրվագները, խրատները, պատմությունները: Այդ իրողություններում մենք տեսնում ենք, թե Աստված ինչպես է հայտնում Իր կամքը, ինչ է ակնկալում մեզանից և ինչպես է կամենում գործենք, որպեսզի խնդրին լուծում տանք:

3.Սուրբ Հայրեր: Մեզ հետաքրքրող խնդիրների լուծումները կարող ենք Սուրբ Հայրերի գրվածքներում փնտրել և գտնել: Նրանց հոգևոր խորհուրդները, կյանքն ու վարքը մեզ լուսաբանում են, թե ինչպես հասկանալ Աստծո կամքը: Սուրբ Հայրերը բավականաչափ խոսել են Աստծո կամքը հասկանալու վերաբերյալ, և նրանց գրվածքները չափազանց օգտակար են հոգևոր կյանքի առաջընթացի համար:

4.Հոգևոր հայր: Դիմել փորձառու և սրբակյաց հոգևոր հորը, որպեսզի նրանից խուրհուրդ ստանալով հնարավոր լինի հասկանալ, թե Աստված ինչ է կամենում մեզ հետաքրքրող տվյալ մասնավոր հարցի շուրջ: Երբեմն էլ, երբ հոգևորական չի լինում տվյալ վայրում, Աստված ուղարկում է համապատասխան հոգևոր մարդու, որի միջոցով հուշում է, թե ինչպես անել: Ընդհանրապես նշվում է, որ պատահական հանդիպումներ չեն լինում:

5.Աղոթք: Եթե ուզում ենք իմանալ Աստծո կամքը որևէ խնդրի վերաբերյալ, անհրաժեշտ է աղոթել կոնկրետ տվյալ հարցի շուրջ, բայց աղոթքում վկայակոչել, որ լինի Տիրոջ կամքով և պատրաստ լինել նաև խոնարհաբար ընդունել մեր սրտին ոչ ցանկալի պատասխանը: Հոգևոր հայրերից Գաբրիել Աթոսացին նշում է, որ Աստված պատասխանում է երեք եղանակով՝ այո, ոչ կամ սպասիր: «Այո» նշանակում է, որ կարող ես անել այն, ինչ ասում ես: «Ոչ» նշանակում է, որ այն օգտակար չէ քեզ համար: Իսկ «սպասիր» նշանակում է, որ դեռ ժամանակը չէ: Հոգևոր հայրերից մեկ ուրիշն այսպես է բնորոշում` եթե ինչ-որ բան քո կամքով չի եղել, նշանակում է` ուրախացիր, որովհետև Աստծո կամքով է եղել: Աղոթքի պատասխանները տարբեր կերպ են արտահայտվում մեր կյանքում, սակայն հաճախ լինում է որևէ հանգամանքի հուշումով կամ Աստված մեր մտքում լույս է ծագեցնում, որպեսզի հասկանանք մեզ հետաքրքրող խնդրի պատասխանը:

6.Խոհականություն: Աստծո կամքը հասկանալու համար կարևոր և հիմնավոր դերակատարություն ունի հոգևոր խոհականությունը կամ դատողությունը: Սբ. Գրիգոր Տաթևացին ասում է. «Բոլոր գոյությունների սկիզբը Աստված է, բոլոր բարիքների սկիզբը սերն է, բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է»: Սակայն այն առանց խոնարհության չի լինում, որքանով մարդը խոնարհ է, այդքանով նրա միտքն Աստված լուսավորում է, և մարդը խոնարհամտությամբ հասկանում է Երկնային Նախախնամության հուշումները, թե ինչպես գործել:  Սբ. Հովհաննես Սինայեցին նշում է, որ ընդհանուր իմաստով դատողությունը նրանում է, որ աստվածային կամքը հստակ և ճիշտ ընկալվի բոլոր ժամանակներում, բոլոր տեղերում և բոլոր իրողություններում:

7.Խիղճ: Մաքուր խիղճն (Ա Տիմոթ. 3.4, Եբր. 13.18) ուղղորդում է մարդուն գործել Աստծո կամքին համապատասխան: Երբ միտքն ու մաքուր խիղճը ներդաշնակ են, այդժամ ուրվագծվում է Աստծո կամքի արտահայտությունը մարդու մտադրությունների իրագործման մեջ: Խիղճն Աստծո կողմից մարդու հոգում դրոշմված մի յուրահատուկ բարոյական գնահատման չափորոշիչ է, որը յուրաքանչյուր իրադրությունում տալիս է տվյալ մտադրության, արարքի բարոյական գնահատականը և ուղեցույց հանդիսանում, թե ինչպես Աստծուն հաճելի կերպով գործել:

8.Կյանքի հանգամանքներ: Նշվում է, որ Աստված շատ անգամ մեզ հետ խոսում է ոչ թե պարզապես խոսքերով, այլ կյանքի հանգամանքների միջոցով: Սակայն կյանքի հանգամանքները ճիշտ գնահատելու և եզրակացություն անելու համար անհրաժեշտ է սթափ միտք, ուշադրություն և հոգևոր դատողություն, խոնարհություն, որպեսզի ճիշտ վերլուծություն կատարել հանգամանքների շուրջ և հասկանալ Աստծո կամքը: Այստեղ կարևոր է հոգևոր խոհականությունը, որպեսզի մարդը մոլորության մեջ չհայտնվի և ճշգրիտ կերպով ընկալի հանգամանքները:

9.Վիճակ գցել: Այս միջոցը, ինչպես օրինակ՝ տեսնում ենք «Գործք Առաքելոց»-ում, որտեղ առաքյալները վիճակ գցելով ընտրում են Մատաթիային: Սովորաբար, Սուրբ Հայրերը խորհուրդ չեն տալիս վիճակ գցելու միջոցով հասկանալ Աստծո կամքը, այլ այն ընտրել միայն չափազանց անհրաժեշտ իրավիճակներում: Համենայն դեպս, վիճակ գցելու ժամանակ պետք է հնարավոր բոլոր պատասխանների տարբերակներն ունենալ, որպեսզի վիճակ գցելու պատասխանը ճշգրիտ ստացվի: Այդուհանդերձ, Սուրբ Հայրերը նշում են, որ միայն ծայրահեղ դեպքում պետք է դիմել վիճակ գցելուն:

10.Երեխաների միջոցով: Գաբրիել Աթոսացին նշում է, որ երբեմն հոգևոր հայրերը երեխաների միջոցով են հասկանում Աստծո կամքը, քանի որ երեխաները մաքուր սիրտ ունեն, և Տերը նրանց արագ է արձագանքում: Նա այսպես է մատնանշում՝ երեխաների աղոթքը մեծ ուժ ունի, քանի որ երեխաները մաքուր սիրտ ունեն: Եվ երբեմն երեխաներին ոչ միայն խնդրում են աղոթել որևէ մեկի համար, այլև՝ ասել Աստծո կամքը: Երբ Սբ. Ամբրոսիոս Օպտինացին չէր կարողանում մի դժվարին իրավիճակում լուծում գտնել և կողմնորոշվել մի շինություն կառուցելու հարցում, այդ ժամանակ նա հարցրեց մի երեխայի՝ օրհնե՞լ, թե՞ չօրհնել և արեց այնպես, ինչպես երեխան ասաց: Ասում են, երբ մի անգամ Աստված որոշեց ոչնչացնել մի քաղաք, նայեց այդտեղ գտնվող երեխաներին և իր որոշումը փոխեց: Եթե ծանր նեղություններ են սկսում, պատերազմներ և այլ արհավիրքներ, ուրեմն խնդրեք երեխաներին աղոթել, և մաքրասիրտ երեխաների աղոթքի շնորհիվ Աստված կարող է ողորմել ժողովրդին

11.Հայտնության միջոցով: Այս կերպ Աստված նաև հայտնում է Իր կամքը: Հայտնությունը լինում է բնական և գերբնական: Բնական Հայտնությունն այն է, երբ մարդը փորձում է ճանաչել իրեն շրջապատող Աստծո արարչագործությունն ու ինքն իրեն: Այս կերպ մարդը փորձում է հասկանալ Արարչին և Նրա կամքը, սակայն դա հնարավոր է, երբ մենք հոգևոր աչքերով ենք նայում Աստծո ստեղծագործությանը, որպեսզի կարողանանք բնական կերպով ըմբռնել, ճանաչել Աստծո կամքը: Այս ուղին Աստծո կամքն ընկալելու մասնակի ճանաչողություն է, ինչպես որևէ նկարի միջոցով փորձում ես ճանաչել նկարչին: Իսկ Գերբնական Հայտնությունը տրվել է ընտրյալ անձանց միջոցով, որտեղ առանձնանում են մարգարեությունները, տեսիլքները, հրաշքները: Գերբնական Հայտնությունը հնարավոր է միայն Աստծո կամքի համաձայն:  Այսպիսի Հայտնությունը կարող է լինել ընդհանուր և անհատական: Ընդհանուր Գերբնական Հայտնությունը տրվել է նախ Հին Կտակարանի Օրենքի և մարգարեների միջոցով, այնուհետև՝ մեծագույն Հայտնությամբ՝ Աստվածհայտնությամբ՝ Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ: Ընդհանուր Հայտնությամբ հռչակվել է հավատքի և կյանքի ճշմարտությունները: Իսկ անհատական Հայտնությունը տրվում է հավատքի մեջ ամրանալու, հոգևոր աճ ապրելու և առավել Աստծուն մոտենալու համար: Այսօրինակ Հայտնությունը միշտ չէ, որ ամբողջապես հայտնի է դառնում ուրիշներին, ինչպես Սբ. Պողոս առաքյալն է նշում, որ լսեցի անպատում խոսքեր, որոնց մասին արտոնված չէ խոսել (Բ Կորնթ. 12.2-4): Ուստի, Սուրբ Հայրերի երկերում, թեև արձանագրված են սրբերի զանազան փորձառությունների, տեսիլքների և այլնի մասին, սակայն, ըստ էության, ամբողջությամբ չեն լուսաբանվում։ Առանձին այդ հայտնություններում սկզբունքորեն նոր ճշմարտություններ չեն հաղորդվում, այլ տրվում է միայն ավելի խորը գիտելիք այն մասին, թե արդեն ինչ կա ընդհանուր Հայտնությունում:

Գերբնական Հայտնությունն տրվում է այն մարդուն, որն ունի համապատասխան հոգևոր խոնարհություն և խոհականություն: Հաճախ ոմանք հայտնվում են պատրանքների մեջ՝ կարծելով, թե Աստված իրենց հաղորդակից է դարձրել մարգարեություններին, տեսիլքներին, հրաշքներին և այլն: Սակայն յուրաքանչյուր Հայտնություն տրվում է մարդու փրկության համար, հոգևոր պտուղներով զարդարվելու համար՝ սեր, խոնարհություն, համբերություն և այլն: Ուստի, պետք է զերծ լինել պատրանքներից ու մոլորություններից, որոնք մարդուն հպարտության և սնափառության մեջ են նետում: Մեծ Հայտնություն է այն, երբ Աստծո լույսի ներքո տեսնում ես քո մեղավոր, հոգուդ վնասված վիճակը և Աստծո Շնորհի միջոցով ձգտում քայլեր ձեռնարկել շտկվելու, հոգու բժշկություն ունենալու և հոգևոր պտուղներ ձեռք բերելու համար: Սբ. Անտոն Մեծն ասում է. «Մեծ հրաշք չէ հրեշտակներ տեսնելը, մեծ հրաշք է սեփական մեղքերը տեսնելը… »: Ահա այդպիսի մի Հայտնություն կարելի է համարել Սբ. Գր. Նարեկացու անկրկնելի «Մատյան Ողբերգությանը», որն ունի համամարդկային նշանակություն:

Հ. Մանուկյան

(Հատվածներ՝ «Ինչպես հասկանալ Աստծո կամքը» գրքից)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ