Գլխավոր Հոգևոր Արդյո՞ք եկել է նեռի (դերաքրիստոսի) կառավարման շրջանը

Արդյո՞ք եկել է նեռի (դերաքրիստոսի) կառավարման շրջանը

by admin
0 մեկնաբանություն 3123 դիտում

Համաշխարհային ճգնաժամերի ժամանակ մարդիկ հաճախ փորձում եմ իրենց ապրած ժամանակաշրջանը համարել որպես նեռի (դերաքրիստոսի) գալստյան շրջանը և ոմանք սկսում են տարբեր մենկաբանություններ և գուշակություններ անել, թե դերաքրիստոսի իշխանությունն արդեն եկել է, և ահա Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստն է տեղի ունենալու:  Շատ մարդիկ այս առումով սկսում են կարդալ նաև Հովհաննեսի Հայտնության գիրքը և մեկնաբանել ըստ իրենց պատկերացումների և ցանկությունների՝ այդպիսիով ընկնելով հոգևոր պատրանքի ու մոլորության մեջ, ինչպես նաև իրենց մեկնաբանություններով մոլորեցնում այլ հետաքրքրասեր անձանց:

Նախ, պետք է ուշադրություն դարձնել, թե սբ. Պողոս առաքյալն ինչ է ասում. «Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ մեր Տեր Յիսուս Քրիստոսի գալստյան և նրա մոտ մեր հավաքվելու համար դուք իսկույն չխռովվեք ձեր մտքում և չզարհուրեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ թղթերով՝ իբր թե մեր կողմից գրված, որպես թե արդեն եկած հասած լինի Տիրոջ օրը։ Թող ոչ ոք ձեզ չխաբի և ոչ մի ձևով. որովհետև այն օրը չի գալու, եթե նախ ապստամբությունը չգա, և չհայտնվի անօրենության մարդը՝ կորստյան որդին՝ Հակառակորդը, որ գոռոզանում է այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև այն աստիճան, որ նա նստի Աստծու տաճարում և ինքն իրեն ցույց տա, թե աստված է (Բ Թեսաղ. 2.1-4):

Վարդան Այգեկցին նեռի մասին գրում է. «Կհասունանա և կմեծարվի թագավորների կողմից, և նրան զորավար կնշանակեն: Եվ կավարտվեն բարի ժամանակները, որովհետև լրացան կյանքի օրերը: Նաև լուսինը իր լրումին կհասնի և կավարտվի՝ ո՛չ կմաշվի և ո՛չ էլ կաճի ի պետս աշխարհի, որն Աստված սահմանել էր նրա համար: Եվ խաղաղությունն աշխարհից կսկսի վերանալ, ինչպես Դավիթ մարգարեն է գոչում Քրիստոսի գալստյան մասին. «Նրա  օրոք  արդարություն  և  խաղաղություն  կտիրի,  մինչև  լուսնի  վախճանը»:

Եվ այն ժամանակ առավել ևս կպակասի մարդկանց հավատքը, կվերանա իմաստությունը, կցամաքի սերը, և աշխարհում համարձակորեն կգործվի մեղքը: Եվ բոլոր արարածները սասանելով՝ կվրդովվեն, ջրի ու կերակուրի նվազություն կլինի: Եվ մարդիկ ուրախությամբ ու ցնծությամբ կամաց-կամաց սկիզբ կդնեն կռապաշտության. այս է չար թզենու ոստերի բողբոջումը և նրա պիղծ տերևների ցցվելը, որը Տերը, խաչի վրա չարչարվելով, ցամաքեցրեց:

Քանզի ինչպես ասացինք, երբ (նեռը) դառնա հասուն տղամարդ, բանսարկուի միջոցով, որը միացած է նրա հոգուն, կսկսի կեղծավորել մարդկանց աչքի առաջ, կլինի բարեսեր ու կարգասեր, արդարադատ, կհսկի որբերին ու այրիներին, կլինի ողորմած, խոնարհ, հեզ, համբերող, աստվածասեր Աստծո օրենքներին, աղոթքներին ու պահքերին նախանձախնդիր: Եվ այս ամենը սուտ կձևանա մարդկանց աչքի առջև, կկեղծավորի, որովհետև նա ճշմարտապես գայլ է, որը ստությամբ ջանում է ծածկել իրեն գառան մորթով, որովհետև սուտ է նաև նրա հայր սատանան, որը միացած է նրա հետ, հույս է տալիս նրան և այնպես է ջանում ու կեղծավորում, որ նրա համբավի համար յուրաքանչյուրը կձգտի նրան, և կասեն. «Երանի՜ նրան աշխարհի թագավոր դարձնեին»: Եվ, ինչպես վերը նշեցինք, չարը ջանում է նմանվել Քրիստոսին ու հափշտակել օրհնյալ Աստծո ճշմարիտ անունը, որպեսզի դրանով կործանի մարդկանց: Քանզի նա հրեաներին կասի. «Ես եմ Քրիստոսը, Որը գալու էր»: Դրա համար էլ Գիրքը նրան Դերաքրիստոս է կոչում, այսինքն՝ սուտ Քրիստոս և ոչ թե ճշմարիտ: Եվ Կոնստանդնուպոլսից նա կճանապարհվի դեպի Երուսաղեմ (հավանաբար քրիստոնյաների կողմից Ստամբուլ քաղաքը թուրքերից հետ գրավված Կ. Պոլսի մասին է խոսքը, որը պիտի տեղի ունենա մոտ ապագայում ըստ Սբ. Պաիսիոս Աթոսացու և այլ սրբերի մարգարեությունների համաձայն): Եվ նրա ահեղ համբավը կտարածվի ողջ աշխարհով, իսկ հետո քիչքիչ կսկսի բացահայտվել չարիքը, որը ծածկված էր կեղծավորությամբ: Եւ նախ իր չարիքները կսկսի՝ այսպես ասելով. «Ես  եմ Քրիստոսը,  որ  գալու  էի  աշխարհ»:  Կնստի Աստծո եկեղեցում և իրեն երկրպագել կտա իբրև Աստված: Կնստի տաճարում ու կհայհոյի բարձրյալ Աստծուն: Բաներ կխոսի Բարձրյալ Աստծու մասին: Հրեաները, որոնք ջհուդներն են, կլսեն նրա համբավը, ու նրանց ամբողջ ազգը կգա ու կհավաքվի նրա մոտ: Արդ, նրանց մասին առաքյալը գրեց. «Մոլորվածները  ակնկալում  են  մոլորվածին»: Եվ անօրենները, որոնք սպասում են իրենց մոլորապետ Մուհամեդին, անթիվ հազարներով կգան և կհավաքվեն նրա մոտ, որովհետև կկարծեն, թե նա է իրենց առաջնորդը: Եվ այլ անթիվ իշխաններ ու աշխարհների թագավորներ կգան ու կհավաքվեն նրա մոտ, որովհետեւ ամբողջ աշխարհում սաստիկ կհնչի նրա համբավը: Եւ միայն Խաչի պաշտոնյաները կճանաչեն նրա չարիքն ու հույժ կհեռանան, կթաքնվեն նրա երեսից՝ ըստ Հովհաննես Ավետարանչի տեսիլքի, որն ասում է. «Տեսա,  և  ահա՛  սուրբ  քաղաքը  բաժանվեց  երեք  մասի»:  Քանզի երեք բաժին կլինի աշխարհը, և երկուսը միանգամից կմիանան նրան ու կենթարկվեն նրա կամքին: Նրա համբավը կտարածվի, և կդողա ու կսասանվի աշխարհը: Եվ ծովի ավազի պես անթիվ հազարներ ու բյուր-բյուրեր կգան կհավաքվեն նրա մոտ: Կլինի երաշտ, սով, և կսկսեն ցամաքել աղբյուրները նրա թագավորության ժամանակ, կփոշիանան ծառերն ու բույսերը, որովհետև երկինքն ու երկիրը կդառնան ինչպես երկաթ ու պղինձ, և հացը կպակասի աշխարհից: Գրված է. «Կգա ամայության չար ժամանակը», այսինքն՝ տգիտության, որովհետև քչերը միայն կլինեն, որոնք ծանոթ կլինեն Աստծո անվանը: Նույնն է ասում նաև մեր Տէրը. «Մարդու  Որդին  գալով՝ կգտնի՞ արդյոք  երկրի  վրա  հավատ»: Եվ ովքեր կամովին կհավանեն նրան ու կերկրպագեն նրա աթոռին ու պատկերին և դավանանքով կմիանան նրան, նա դրոշմով կկնքի նրանց, որպեսզի չկարողանան դուրս գալ իր գրքից և կամ ուրանան ու նզովեն իրեն: Եվ դարձյալ ասվում է. «Նրա  անվան  գիրը  վեց  հարյուր  վաթսունվեց  է»,  իսկ սա թարգմանվում է՝ ուրանում եմ: Եվ նա այս չար գրով կդրոշմի ու կկնքի իր սիրելիների ճակատն ու աջ ձեռքը, որովհետև նրան աստված կդավանեն և կուրանան ճշմարիտ Աստծուն: Եվ կավարտվեն այն դառն օրերը՝  նրա իշխանության երեքուկես տարին:

Եվ արդ, ամեն թագավորի գալուստ իր նշանն ունի: Նեռի թագավորության նշանը մեղքերի համարձակությունն է և չար ժամանակը: «Իսկ Իմ գալստյան կարապետն ու նշանը խաչն է: Եվ դուք որևէ մեկով չխաբվե՛ք և չմոլորվե՛ք: Եվ այն ժամանակ մեղավորները և անհավատները կողբան խաչի երևմամբ. այս ազդ կլինի երկրին», – հրամայում է Տերը:

Սբ. Պաիսիոս Աթոսացին նշում է. «Նշանը, որ մոտենում է մարգարեությունների իրականացումը, կլինի Երուսաղեմում գտնվող Օմարի մզկիթի քանդումը: Կկործանեն այն, որպեսզի վերակառուցեն Սողոմոնի տաճարը, որը, ինչպես ասում են, այդ տեղում է կառուցված եղել: Ի վերջո, սիոնիստներն այդտեղ որպես մեսիա կհռչակեն դերաքրիստոսին: Լսել եմ, որ հրեաներն արդեն պատրաստվում են կառուցել Սողոմոնի տաճարը:

Սրբակյաց Իոանն վրդ. Կրեստյանկինն ասում է. «Այժմ խոսում են միայն 666 թվանշանի մասին՝ որպես Նեռի կնիք: Բայց արդյո՞ք նա արդեն ձեռք է բերել իշխանություն աշխարհում: Արդյո՞ք պետությունների սահմանները վերացել են, և խաղաղության ու անվտանգության միամտացնող լուրերը շոյում են մեր ականջները… Եվ արդյո՞ք նեռը թագադրվեց, բոլորի կողմից ճանաչվելով որպես աշխարհի կառավարիչ, դրանով իսկ իրավունք ստանալով նաև իր կնիքը դնելու…»

Հետևաբար, պետք չէ տուրք տալ տարբեր ասեկոսեներին, մեկնաբանություններին և գուշակություններին, թե արդեն դերաքրիստոսի կառավարման ժամանակներն են:

Հ. Մանուկյան

NIP/National Information Platform

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ