Գլխավոր Հոգևոր Խոնարհության մասին

Խոնարհության մասին

by admin
0 մեկնաբանություն 1096 դիտում

Թադեոս վրդ. Վիտովնիցկի (Սերբ Ուղղափառ Եկեղեցի)

 Երբեմն Տերը անհասկանալի և տարբեր հարցերի պատասխանները բացահայտում է մեր մտքերում, իսկ երբեմն լռում է, որպեսզի դիմենք ուրիշ մարդկանց` խորհուրդներ ստանալու համար և այդպես խոնարհեցնենք մեզ:

Խոնարհությունը քրիստոնեական կյանքի կատարելություն է: Խոնարհությունն Աստվածային առանձնահատկություն է: Ուր թագավորում է խոնարհությունը` ընտանիքում, հասարակության մեջ, նրանից հորդում է Աստվածային խաղաղություն և խնդություն:

Այն մարդն է խոնարհ, որն իր կյանքից օրինակ է տալիս ամեն ինչում: Օրինակը ճշմարտության լավագույն ապացույցն է:

Եթե մարդը շատ բան է պահանջում, ապա նա ինքն իրեն է դրանով տանջում: Այստեղ` երկրի վրա, հաճախ մեզ պատահում են բազմաթիվ փորձանքներ և դժվարություններ, քանի որ մենք չենք խոնարհեցրել մեզ:

Որքանով մեր հոգին խոնարհություն է ձեռք բերել, այդքանով նրա առջև բացվում են երկնային խորհուրդները:

Աստծուն հաճելի են խոնարհ և հեզ հոգիները: Նրանք չեն բարկանում, երբ իրենց վիրավորում են, նրանք լեցուն են բարությամբ և խաղաղությամբ:

Երբ մենք ամբողջապես խոնարհ լինենք, այդժամ մեր շուրջն ամեն ինչ խոնարհության մեջ կլինի:

Խոնարհամտության հասնում են պահքով, աղոթքով և հատկապես հնազանդությամբ:

Տերը կխոնարհեցնի մեզ շրջապատող մարդկանց օգնությամբ: Ինչ-որ մեկը մեր վրդովմունքը, բարկությունն է առաջացնում, և այն կշարունակվի այնքան, մինչև մենք հանդարտ լինենք, քանի դեռ չենք սերտել այդ դասը…

Մարդը, որը կարծում է, թե ամեն ինչ գիտի, անհնազանդ է, և ոչ ոք չի կարող տանել անհնազանդ մարդուն:  Անհնազանդը չի կարող բնակություն հաստատել Աստծո Թագավորությունում, քանի որ նա միշտ ուզում է իրագործել իր կամքը, այլ ոչ թե Աստծու կամքը:  Միայն խոնարհներն ու հեզերը կմտնեն Երկնքի Արքայություն:

Մարմինը խոնարհեցնելու համար պահք է հարկավոր, քանի որ երբ մարմինը խոնարհվի, հոգին նույնպես կխոնարհվի: Եկեղեցին սահմանել է, թե ինչպես պետք է պահք պահել: Պետք է սիրտը պատրաստել. մենք կարող ենք ոչինչ չուտել, բայց մեր սիրտը լինի չարակամ և չարախինդ: Ինչպե՞ս կարող ենք Սուրբ Հաղորդություն ստանալ, եթե չենք կարող հանդուրժել մարդուն: Հաղորդություն կընդունենք, բայց ոչ հանուն փրկության, որովհետև մեր մեջ չարություն ենք պահել մարդու հանդեպ։ Պահքը խոնարհեցնում է սիրտը: Սուրբ հայրերն ասում են՝ ով անհնազանդ է, իզուր է պահք պահում և աղոթում Աստծուն։ Հնազանդությունն ավելի բարձր է, քան պահքն ու աղոթքը: Երբ երիտասարդ էի, չէի հասկանում այս խրատը, բայց հետո համոզվեցի, որ իրոք այդպես է։ Ով չի խոնարհեցնում սիրտը և չի մաքրում այն չար մտքերից, ապարդյուն է  պահք պահում:

Մաքուր ու պայծառ մտքերը Տիրոջից են: Երբ դրանք ծագում են մեր մեջ, մենք, խոնարհությամբ լցվելով, սկսում ենք մարդկանց, կենդանիներին, բույսերին լուսավոր ու խնդությամբ լեցուն վերաբերվել: Քանի որ նույնիսկ բույսերը մեզնից լավ վերաբերմունք են ակնկալում։ Մարդը խոնարհ է, եթե ենթարկվում է Աստծո կամքին: Մարդը կյանքում ամեն ինչից պետք է գոհ լինի և ամեն ինչի համար գոհությամբ լեցուն լինի առ Աստված։ Պետք է աշխատել, պետք չէ ծուլանալ, մի՛տանջիր քեզ ծուլությամբ։ Անհրաժեշտ է նախանձախնդիր լինել ըստ խղճի՝ մաքուր, ազնվաբար վեհ, որպեսզի չվիրավորես ոչ մեկին և չվնասես քո շուրջը գտնվող որևէ բան և ինքդ քեզ։

Մենք շահադիտորեն ձգտում ենք, որ ամեն ինչ մեր սրտով լինի, որ աշխարհը պարի մեր սրինգի տակ։ Սակայն պետք է խաղաղվել հանուն սեփական բարիքի: Եթե ​​մարդ իրեն խոնարհեցնում է, սա է նրա փրկությունը՝ թե՛ մարմնական, թե՛ հոգևոր։ Այդժամ նրա նյարդային համակարգը ազատվում է, և այդ ժամանակ ամեն ինչ հեշտ է նրա համար, բոլոր փորձանքները հեռանում են նրանից։ Նա գիտի, որ այդպես պետք է լինի, իրեն լիովին խոնարհեցնում է։ Երբ մարդ ցանկանում է շատ բանի հասնել, նա տանջում է ինքն իրեն՝ չիմանալով, թե իրեն ինչ է սպասվում և առանց Աստծո թույլտվության ոչինչ անել չի կարող։

Բոլոր դժբախտությունները մեզ պատահում են, քանի որ մենք չենք ուզում խոնարհ լինել: Խոնարհությունը ամենամեծ հարստությունն է, որը կարող է մարդն ունենալ:

 

 Իոանն վրդ. Կրեստյանկին (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Ամենից գլխավորը մեզ համար համբերություն և խոնարհություն սովորելն է:  Խոնարհությամբ կհաղթենք բոլոր թշնամիներին` դևերին, իսկ համբերությամբ` կրքերին, որոնք պայքարում են մեր հոգու և մարմնի դեմ:

Հոգու գեղեցկությունը ձևավորվում է խոնարհությունից, մաքրությունից, համբերությունից և սիրո բարի գործերից:

 

Նիկոն Վորոբյով (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Եվ մենք բոլորս շատ հպարտություն ունենք: Բառերը մեզ չեն խոնարհեցնի: Ահավասիկ Տերը թույլ է տալիս ամեն տեսակի ամոթալի վիճակի մեջ ընկնել, որպեսզի մարդն ակամայից գա իր աննշան և անշուք լինելու գիտակցությանը: Մեր ամբողջ գեղեցկությունը` ամբողջ բարին Տիրոջ մեջ է և Տիրոջ միջոցով է:

Անհրաժեշտ է խոնարհ լինել ոչ թե արտաքուստ, այլ` ներքուստ: Իսկ արտաքուստ պարզ եղեք:

Ակնհայտ մեղավորն ավելի շուտ կարող է խոնարհ լինել և մոտենալ Աստծուն ու փրկվել, քան արտաքուստ արդարները: Ահա թե ինչու Տեր Հիսուս Քրիստոս ասաց, որ մաքսավորներն ու մեղավորները արտաքուստ շատ արդարներից առաջ կանցնեն Աստծո Թագավորությունում…

Առանց նեղությունների և փորձությունների մարդը չի կարող գալ դեպի խոնարհություն: Փառամոլությունը, եսասիրությունը և հպարտությունը մարդու սրտում են բույն դրել, այնպես որ անհրաժեշտ են  ուժեղ միջոցներ և նեղությունների և փորձությունների միջոցով ուսուցման երկարատև շրջան, որպեսզի արմատախիլ անել դրանք ու մարդուն գոնե որոշակի դեպի խոնարհություն բերել: Առանց խոնարհության բարձրագույն հրեշտակները դարձան դևեր, իսկ Ադամն ու Եվան դրախտից վտարվեցին: Ինչպե՞ս կարող ենք առանց խոնարհության, առավել ևս մեղքերով հանդերձ մտնել կորուսյալ դրախտը…

Մարդու հոգևոր աճի չափը նրա խոնարհությունն է: Ինչքան մարդը հոգով բարձր է, այնքան խոնարհ է: Եվ, ընդհակառակը, ինչքան խոնարհ է, այնքան բարձր է: Ոչ թե կանոնները, երկրպագությունները, պահքերը, Աստծո Խոսքի ընթերցանությունը, այլ խոնարհությունն է մարդուն մոտեցնում Աստծուն: Առանց խոնարհության ամեն ինչ, նույնիսկ մեծագույն  սխրանքները ոչ միայն անօգուտ են, այլև կարող են նույնիսկ ամբողջովին կործանել մարդուն:

Խոնարհությունը ստրկություն չէ ուժի առաջ և բնավ անզորություն չէ։ Իրական խոնարհությունը սեփական մեղքերն ու մեղավորությունը տեսնելը և դրանք ինքնուրույն հաղթահարելու անկարողության գիտակցումն է:

Հոգևոր կյանքի հաջողությունը չափվում է ոչ թե հոգևոր մխիթարություններով, որոնք կարող են լինել նաև չարից, այլ՝ խոնարհության խորությամբ:

Խոնարհությունն ի զորու է հավաքել մտքերը Աստծուն հիշելու համար, իսկ ոչ խաղաղ վիճակը, փառամոլությունը, հպարտությունը ցիրուցան են անում մտքերը: Հոգևոր կյանքում առանց խոնարհության չի կարող լինել հաջողություն և նույնիսկ` գուցե փրկություն:

Ես շատ ավելի եմ ափսոսում, որ մենք՝ մարդիկ, չենք օգտվում այն բարիքներից, որոնք Աստված մեզ կամենում է տալ և չենք աշխատում ինքներս մեզ կարողունակ դարձնել՝ ընդունելու համար Աստծու պարգևները: Իսկ կարողունակ լինելն Աստծո առջև խոնարհվելն է և ցանկանալ Աստծո կամքի իրագործումը մեզ համար: Այդժամ Տերը հեղում է մեզ վրա Իր աննկարագրելի ողորմածությունը, որի վերաբերյալ մարմնավոր մարդը չունի որևէ գաղափար:

Ոչ թե գործերը, այլ (մեր) խոնարհությունն է Տիրոջն ուղղում դեպի ողորմածությունը:

Եվ որտե՞ղ ես խաղաղություն փնտրում: Ոչ թե մարդիկ են մեղավոր,  որ անհանգստության մեջ ենք, այլ մեր (ներքին) վիճակը, մեր տկարությունը: Մենք ինքներս մեզ պետք է մեղադրենք: Իսկ եթե տրտնջանք կամ ինչ-որ սխալ բան անենք, մենք մեզ պետք է կշտամբենք և ապաշխարենք, և Տերը խաղաղություն կպարգևի մեր հոգուն: Մեր խաղաղությունը ոչ թե տեղի կամ արտաքին այլ պայմանների փոփոխության մեջ է, այլ ներքին փոփոխության մեջ՝ հեզություն և խոնարհություն ձեռք բերելու մեջ: Այս հատկությունները հնարավոր չէ ձեռք բերել մենության մեջ, կամ այն դեպքում, երբ բոլորը սիրում և հարգում են մեզ: Տերը գիտի, թե ինչ ուղարկի, որպեսզի մեր փրկության համար օգնի: Պետք է Աստծո ձեռքերից վերցնենք այն ամենը, ինչ պատահում է մեզ և դիմանանք նրան, ինչն առկա է, մինչև Տերը թույլ կտա  մեկ ուրիշ փոփոխություն: Մայրն այնչափ չի հոգում իր երեխային, որքան Տերն է հոգ տանում:

Տերը նախազգուշացնում է քեզ հիվանդություններով և դժվարություններով, որպեսզի անդրադառնաս ինքդ քեզ և խոնարհություն ունենաս:

Քրիստոնյայի հոգու կյանքում երկու ժամանակաշրջան կա.

1) գիտակցումը քո անկման, մեղքի, ապականության.

2) հոգու խոցերի աստիճանական բուժման:

Առանց առաջինի՝ երկրորդը չի կարող լինել: Առաջինը հաճախ հանգեցնում է անկեղծ, խորը խոնարհության, որի դեպքում հնարավոր է նաև առանց վնասվելու ստանալ բժշկություն և Աստծո այլ պարգևներ: Առանց խոնարհության դրանք կվնասեն կամ նույնիսկ կործանման կտանեն: Գրքերից և փորձառությունից ձեռք բերեք հոգևոր գիտելիքներ փրկության ուղու մասին: Թող Տերը իմաստացնի ձեզ ամենայն բարու մեջ և օրհնի ու պաշտպանի ամեն չարիքից:

 

Շենուդա Գ հայրապետ (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի)

 Խոնարհ մարդն իր որոնումը կենտրոնացնում է մասնավորապես իր սխալների վրա և եթե մեղք է տեսնում, նա բացի իրենից որևէ մեկին չի մեղադրում:

Խոնարհ անձը խաղաղությամբ, բարեկամաբար օգնում է, թեև ինչպիսի մեծություն էլ դարձած լինի:

Երբ ինչ-որ մեկը քեզ վատ է վերաբերվում, դիմավորիր տոկունության պտղով, երբ փորձության միջով ես անցնում, դիմավորիր համբերության և գոհաբանության պտուղներով:  Երբ գովասանք ես լսում, դիմավորիր խոնարհության պտղով՝ գովասանքներն ուղղելով Աստծուն:

Խոնարհ մարդն ունի հեզություն և հանդարտություն, հեռու է բարկությունից և ուրիշներին դատելուց և հեռու է կոպտությունից:

Խոնարհությունն այն հիմքն է, որի վրա կառուցված են բոլոր առաքինությունները, և այն պարիսպն է, որը պաշտպանում է բոլոր առաքինությունները և բոլոր պարգևները:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ