Գլխավոր Ընդհանուր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

by admin
0 մեկնաբանություն 1909 դիտում

Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայոց դպրոցի հիմնադրության, զարգացման և կայացման գործում, ինչպես և անխուսափելի պատասխանատվությունը սերունդներին ազգային, հոգևոր-բարոյական առաքինությունների ոգով ուսուցանելու և դաստիարակելու առաքելության մեջ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես դրսևորում է նախաձեռնողականություն` առավելագույն նպաստ բերելու Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը: Այս առումով Եկեղեցին ողջունում է հայրենի իշխանությունների յուրաքանչյուր նախաձեռնություն` ուղղված հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կանոնակարգելու և առկա հարցերը կարգավորելու նպատակով 2019 թ. հունվարի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ: Վերջինիս շրջանակներում որոշվեց ձևավորել երկկողմանի` թեմատիկ հինգ ենթախմբեր, որոնցից մեկը Կրթական հարցերով աշխատանքային ենթախումբն է: Ցավով ենք արձանագրում, սակայն, որ առ այսօր, պետական պատկան մարմինների կողմից Կրթական հարցերին առնչվող ենթախմբի կազմը ձևավորված չլինելու պատճառով, հնարավոր չի եղել ունենալ հանդիպումներ և քննարկումներ:

Օրեր առաջ կրթության պետական լիազոր մարմնի կողմից շրջանառության մեջ դրվեց Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը (այսուհետև` Նախագիծ), որի մշակման գործընթացին, հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին, Եկեղեցին այդպես էլ չհրավիրվեց մասնակցելու: Այսուհանդերձ, հաշվի առնելով այլևս կայացած իրողությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը (այսուհետև` Կրթական հարցերով ենթախումբ), նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման շրջանակներում արձանագրում է.

Ա. Նախագծի ընդհանուր դրույթներ բաժնում արձանագրված է, որ վերջինիս նպատակն է սահմանել «հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները»:

Ըստ էության, Նախագիծը կոչված է սահմանելու դպրոցի շրջանավարտների հոգևոր, մտավոր կարողությունների և վարքագծային դրսևորումների նշաձողը, որոնք դիտարկվում են որպես առաջնահերթություններ ու անհրաժեշտություններ ՀՀ քաղաքացու համար: Այսուհանդերձ, հետագա շարադրանքում շոշափելիորեն չի երևում, թե միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտների համար սահմանված որակական պահանջները որքանով են համարժեք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորաբար` մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության անխաթար պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին:

Կարևորելով բնագիտական, տեխնոլոգիական, սոցիոլոգիական, տնտեսագիտական, տեխնիկական և այլ բնույթի գիտելիքներով զինված սերնդի պատրաստության ծրագիրը, այսուհանդերձ, Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ ՀՀ Հանրակրթության մասին օրենքով կրթության առանցքային և կարևորագույն նպատակներից է «անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովումը և հայի ինքնության պահպանման երաշխավորումը», ինչը և դրված է Հանրակրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հիմքում (հ. 4):

Հատկանշական է նաև, որ Կրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։ Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»։

Բ. Մտահոգիչ է, որ Նախագիծը պարունակում է սահմանումներ, որոնք հնարավորություն են վերապահում հայագիտական առարկաների դասաժամերի նվազեցման համար, ինչը ժամանակի մեջ անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային ինքնության գիտակցության թուլացմանը։ Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ հայագիտությունը պետք է ճանաչվի որպես հանրակրթության գերակա ուղղություն։

Տարօրինակ է, որ սահմանված վերջնարդյունքներում գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները, և դրանք ճանաչելու ու հարգելու վերաբերյալ պահանջները:

Նախագծում լեզուն, այդ թվում՝ հայոց լեզուն, դիտարկված է ընդամենը «որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք», մինչդեռ հայոց լեզուն առաջին հերթին օժտված է ազգային ինքնության ճանաչողության ու բացահայտման գործառույթով:

Տարակուսելի է նաև «ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ինքնաճանաչման ձգտելու» ձևակերպումը, որն ըստ էության անտեսում է հոգևոր գիտելիքի և ապրումի միջոցով ինքնաճանաչման հասնելու քրիստոնեական համոզումը:

Գ. Նախագծում ուղղակիորեն բացակայում է բարոյագիտության ուսուցման վերաբերյալ որևէ ակնարկ: «Էթիկա» բառը սահմանափակ նշանակությամբ ու գործածություններով կիրառվում է պարզապես ընդգծելու համար տարբեր ոլորտներում վարվելակարգերի գոյության և դրանց պահպանման անհրաժեշտությունը (օր․՝ «օնլայն հաղորդակցության էթիկայի պահպանում»): Ավելին` Հայոց Եկեղեցին, որ սկզբնավորման օրվանից քրիստոնեական վարդապետության հենքով ձևավորել է մեր ժողովրդի հոգևոր-բարոյական արժեքների համակարգը և դարձել անմիջական երաշխավորը նրա պահպանության ու զարգացման, Նախագծում հիշատակված է զուտ հարևանցիորեն՝ արձանագրված լինելով ընդամենը մեկ անգամ: Մինչդեռ այսպիսի մոտեցումը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված սահմանադրական կարգավիճակին, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրություն, հ․ 18)։

Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ կրթությունը միջոց է հոգևոր-բարոյական առաքինությունները յուրացնելու` այսպիսով ինքնակատարելագործման ու ինքնաճանաչման հասնելու համար: Գիտելիքն առանց բարոյականության ուղղակիորեն վերածվում է սպառնալիքի ինչպես անհատի, այնպես և հասարակության համար: Համաշխարհային պատմության միայն վերջին հարյուրամյակի ընթացքին կարելի է գտնել այդպիսի բազմաթիվ փաստեր:

Դ․ Բացարձակորեն անընկալելի է, որ քրիստոնեությունն աշխարհում առաջինը որպես պետական կրոն ընդունած պետության հանրակրթության պետական չափորոշիչ դառնալ հավակնող փաստաթղթում իսպառ բացակայում է «քրիստոնեություն» բառն անգամ, և երեխաներին մատուցվելու են գիտելիքներ «Հայաստանի կրոնի» մասին։ Տպավորություն է, որ նախագիծը վերաբերում է ոչ թե Ազգային Եկեղեցու առաքելությամբ քրիստոնեական երկհազարամյա պատմություն և ինքնություն կրող ազգի, այլ նորակազմ մի միավորման ․․․.

Ե. Մեծապես անհանգստացնող է նաև ազգային նկարագիր և արժեհամակարգ ձևավորող «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին պարտադիր պետական բաղադրիչի, դուրս բերումը և հայրենագիտական այլ առարկաների մեջ տարրալուծելու մոտեցումը։ Նախագիծը չպետք է հակասեր ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքին, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» ինքնուրույն դասավանդվող պարտադիր առարկա է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի «…մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները» (ՀՀ Սահմանադրություն, 5-րդ հոդվածի 2-րդ մաս, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս):

Փաստված իրողություն է, որ հանրակրթական դպրոցներում 15 տարի առաջ ներդրված այս առարկան արդեն ձևավորված ավանդույթներ ունի և առարկայացանկում իր մնայուն տեղը։

Զ․ Նախագծի հիմնավորումներում արձանագրվում է, որ վերջինիս մշակման ընթացքում ուսումնասիրվել են հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ «ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Մինեսոտա և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և այլ երկրների փորձը»: Մեծապես գնահատելով նախագծի հեղինակների ուսումնասիրական նախանձախնդրությունը, հնարավոր չէ նաև չանդրադառնալ, որ հարկ էր ուսումնասիրել նաև այնպիսի երկրների փորձառությունը, որոնք էթնիկական, կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով առավել համադրելի են մեր երկրի հետ:

Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ անհնար է մշակել մեր երկրի հանրակրթական պետական չափորոշիչն առանց մեր ժողովրդի կյանքում կրթության կազմակերպման պատմական փորձի և ժառանգության խորքային ու համապարփակ ուսումնասիրության։

Է. Լրջագույն բացթողում է նաև, որ նախագծում որևէ անդրադարձ չկա Սփյուռքին և նրա ուսումնադաստիարակչական կարիքներին այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, չի կարող նախաձեռնողական չլինել Սփյուռքում հայապահպանության կարևորագույն գործառույթի իրականացման գործում, ինչը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջ է․ «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային կյանքի զարգացմանը»:

Նկատի ունենալով նախագծում առկա հայեցակարգային էական բացթողումները՝ Կրթական հարցերով ենթախումբը հորդորում է զերծ մնալ շտապողականությունից և հապճեպ որոշումների կայացումից, հիմնովին վերատեսության ենթարկել Նախագիծը՝ վերջինիս մշակման աշխատանքների գործընթացում ներգրավելով մասնագիտական հանրույթի առավել լայն շրջանակներ և հաշվի առնելով ազգային, հասարակական հաստատությունների ու կառույցների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դիտարկումներն ու դիրքորոշումները:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

09 հուլիսի, 2020 թ.

 

Ստորև ներկայացված է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող…

Gepostet von Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See am Montag, 20. Juli 2020

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ