Գլխավոր Ընդհանուր Հայոց պետականության հարատևությունն ու զորացումը սիրո, ազատության, միության մեջ է

Հայոց պետականության հարատևությունն ու զորացումը սիրո, ազատության, միության մեջ է

by admin
0 մեկնաբանություն 1898 դիտում

Քրիստոնեական համակեցության գլխավոր գաղափարները՝

Սեր, ազատություն, միություն

Մենք աշխարհում եղել ենք առաջին քրիստոնյա պետությունը: Եվ սա պատահական չի եղել: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդն առաքելություն ունի իրագործելու քրիստոնեության պետական մոդելի զարգացման և քրիստոնեական պետականության տարածման առաքելության մեջ: Այն համաշխարհային առաքելություն է: Քրիստոնեական պետականությունը հիմնվում է քրիստոնեական ժողովրդավարության վրա, իսկ դրա հիմնասյուները քրիստոնեական սոցիալական ուսմունքի հիմնադրույթներն են: Այլ հարց է, որ պատմության վայրիվերո հոլովույթներում չի ստացվել քրիստոնեական պետականության առաքելությունն իրագործել, և Հայ եկեղեցին  իր վրա է վերցրել այդ ֆունկցիան պատմական հանգամանքների հրամայականների պատճառով: Բայց Երկնային Նախախնամության ընձեռած հնարավորությամբ կրկին ունենք պետություն, որը, թեև դժվարին ժամանակներ է ապրում, սակայն հայ հանրությունն ունի ներուժ վերստին ստանձնելու այն առաքելությունը, որն ի վերուստ տրվել է իրեն Երկնային Նախախնամության կողմից: Մենք աշխարհին շատ ավելի հետաքրքիր կլինենք ոչ թե մեր նեղ, ազգային դարդերով ու խնդիրներով, այլ՝ համամարդկային արժեքներով, այն է՝ քրիստոնեական պետական մոդելի քաղաքակրթական հիմնադրույթներով՝ սիրո, ազատության, միության գաղափարներով: Երբ աշխարհը՝ այս դեպքում միջազգային հանրությունը, հասկանա, որ մենք իրենից ոչ թե ինչ-որ բան ենք ուզում՝ ծանրանալով նրա շահերի ու խնդիրների վրա, այլ տալիս ենք որոշակի լուծումներ հենց իրենց խնդիրներին ու շահերին, ապա շատ ավելի կձգտի օգնել Հայոց պետությանը: Մենք աշխարհի առջև պետք է հանդես գանք ոչ թե ինչ-որ բան խնդրելու, վերցնելու, այլ՝ տալու, փոխանցելու, պարգևելու առաքելությամբ: Այս պարագայում Հայոց պետությունը նույնպես առանցքային դերակատարություն կունենա համաշխարհային ասպարեզում:  Սակայն այդ ամենին հասնելու համար նախ մենք մեր ներսում պիտի կարողանանք լինել միասնակամ, ստեղծենք առողջ հասարակություն: Իսկ միասնակամության լավագույն գաղափարները մենք ունենք հենց սկզբից՝ Ավետարանի երեք գլխավոր, համամարդկային արժեքների ձևակերպմամբ՝ սիրո, ազատության, միության գաղափարներով, սակայն զանազան իրադրությունների պատճառով անտեսված կամ թույլ են եղել համակեցութային հարաբերություններում, որի արդյունքում շարունակ պետականություն ենք կորցրել: Հայության միասնությունը սիրո, ազատության, միության համակեցութային գաղափարների շուրջ կարող է ամուր և շարունակական լինել: Հետևաբար, ամրանալով քրիստոնեական պետականության սկզբունքների հիմնադրույթներով՝ մենք միջազգային հանրության առջև առաջին հերթին պիտի հանդես գանք համամարդկային արժեքներ փոխանցելու առաքելությամբ, որոնց միջոցով  փորձենք լուծել նաև մեզ հուզող ազգային մեծ ու փոքր խնդիրները: Այս պարագայում Հայաստանը կարող է դառնալ որպես համագործակցությունների համաշխարհային կենտրոն՝ ներդաշնակելով Արևմուտքի, Արևելքի, Հյուսիսի և Հարավի հոգևոր և նյութական շահերը:

Հովհաննես Մանուկյան

NIP/National Information Platform

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ