Գլխավոր Հոգևոր Հոգևոր իմաստություն, դատողություն (խոհականություն)

Հոգևոր իմաստություն, դատողություն (խոհականություն)

by admin
0 մեկնաբանություն 1870 դիտում

Շենուդա Գ հայրապետ

Իմաստությունից զուրկ յուրաքանչյուր առաքինություն առաքինություն չէ: Սերը, օրինակ, պետք է լինի իմաստուն սեր, այլապես այն կվերածվի անպիտան կամ վնասակար զգացմունքների: Նմանապես խոսելն ու քարոզելը պետք է ներդաշնակ լինեն իմաստության հետ, որպեսզի իմանաք, թե ինչ ասել, երբ ասել այն և ինչպես…

Պարզությունը իմաստության հակառակ չէ, բայց պարզությունը բարդության հակառակն է, քրիստոնեական պարզությունը իմաստուն պարզություն է, և քրիստոնեական իմաստությունը պարզ իմաստություն է, այսինքն` բարդություն չկա նրանում: Մարդը կարող է չափազանց խելացի լինել, բայց միևնույն ժամանակ պարզ, այսինքն` խնդիրները չի բարդացնում:

 

Սիմեոն Աթոսացի

Իմաստության նշանն ամենևին էլ քննադատելը չէ, բարության նշանն ամենևին էլ գովաբանելը չէ…

 

Սբ. Իոանն Կրոնշտադտացի

Մի´ շտապիր որևէ բանում. Աստծո գործունեության օրենքն է` աստիճանաբար, անշտապ, բայց դրա փոխարեն` հրաշալի´ կայունություն: Սատանան փութկոտ է, որովհետև իր ներսում հանգստություն չունի և հապշտապ դեպի բոլոր մեղքերն է հակված, քանի որ շտապողականության մեջ խորիմաստություն չկա:

Խոհեմությունը պահանջում է` ոչ միշտ, և ոչ բոլորին ճշմարտությունը բացահայտ կերպով ասել, այսինքն`

1) պետք չէ հայտարարել քո ճշմարտությունը, երբ այն քեզ չի վերաբերում, երբ դրա համար կան մարդիկ, ովքեր իրենց պաշտոնով կոչված են ճշմարտությունն ասելու համար.

2) երբ նկատում ենք, որ ճշմարտության խոսքը մեզ տանում է դեպի ակնհայտ վտանգը, և մեր այդ խոսքից բացարձակապես ոչ մի օգուտ չի լինելու:

Այդ դեպքում ավելի լավ է ծածուկ աղոթել Աստծուն, որ Նա` Ինքը, խելքի բերի անիրավներին և նրանց ուղղորդի դեպի ճշմարտության ճանապարհը կամ ուղարկի հզոր և կարող մարդկանց՝ մերկացնելու համար անարդարությունը:

Հետևաբար, առաքինությունը պահանջում է չափավորություն և խոհեմություն: Արդ, առանց խոհեմության առաքինությունն այլևս առաքինություն չէ, կամ չափազանց կորցնում է իր արժեքը:

 

Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ

Որքան ավելի շատ հարստություն առանց Աստծու, այդքան ավելի շատ աղքատություն: Որքան ավելի շատ գիտելիք առանց Աստծու, այդքան ավելի շատ դատարկություն:  Միայն Աստված է հարստություն և իմաստություն տալիս մարդուն: Աշխարհն առանց Աստծու ծնում է մուրացկաններ և դատարկամիտներ:

Մի շտապիր երեք իրողությունների շուրջ դատողություն անել` Աստծո մասին, քանի դեռ հաստատուն չես հավատքի մեջ, ուրիշների մեղքերի վերաբերյալ, քանի դեռ չես հիշել քո մեղքերը և գալիք օրվա մասին, քանի դեռ չես տեսել լուսաբացը:

 

 Իլիյ վրդ. Նոզդրին

Խոնարհության հետ գալիս է իմաստություն. ոչ թե այս աշխարհի իմաստությունը, այլ Աստծո իմաստությունը: Ի՞նչը կարող է ավելի լավը լինել, քան սա:

 

Սբ. Կյուրեղ VI Ալեքսանդրացի

Երբ երիտասարդ էի, աղոթում էի իմաստության և սիրո համար, բայց մեծանալով սովորեցի աղոթել մեր Տեր Հիսուսի Իմաստության համար և մեր Թագավոր ու Փրկիչ՝ Խաչված Հիսուսի Սիրո համար:

 

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ես շատ էի կարդում, ես շատ էի սիրում գրքեր: Ես կարդում էի ծածուկ՝ օգտագործելով յուրաքանչյուր ազատ րոպեն: Անգիր սովորեցի Մատթեոսի Ավետարանը, Ղուկասինը, Հովհաննեսի կեսը, ինչպես նաև Սաղմոսները: Մանրակրկիտ ուսումնասիրում էի Սուրբ Հայրերի գրվածքները: Դա աշխատանք էր ի շահ հոգու: Գիտես, ես համարյա անգրագետ եմ: Իմ ամբողջ կրթությունը տարրական դպրոցի երկրորդ դասարանն է եղել: Աստծո իմաստությունը հենց այնպես մարդու մոտ չի գալիս: Մենք պետք է այն Աստծուց խնդրենք: Ուրեմն, կարդա: Ավելի շատ կարդա Սուրբ Գիրքը և սրբերի կյանքը: Սա այն է, ինչ թախանձանգին խորհուրդ եմ տալիս քեզ:

Հնազանդությունը ծնում է խոնարհություն, խոնարհությունը՝ դատողություն, դատողությունը՝  ինտուիցիա,  ինտուիցիան՝ կանխատեսություն:

 

Սբ. Իսահակ Ասորի

Սիրիր սուրբ հայրերի գրվածքները, և իմաստությունը քեզ կսիրի:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Ամեն ինչում պետք է ուշադիր լինել, և ամեն ինչի մեջ պետք է դատողություն ունենալ: Տերը ասաց Հեսուին. «Ինչ էլ որ անես, նախ մտածիր ամեն ինչի մասին»: Ահա, մենք կարծում ենք, թե ինչ-որ բան կարող է օգտակար լինել մեր ընկերոջը: Եվ եթե մենք այն ասում ենք առանց նախնական դատողության, մենք կարող ենք վնասել նրան, և օգուտի փոխարեն չարիք պատճառել: Ավելի լավ կլիներ լռել: Երբ դատողություն կա, այդ ժամանակ նաև ուշադրությունն է առկա: Եվ ուշադրությունն անհրաժեշտ է աղոթքի համար: Ուշադրությունը պետք է նախորդի աղոթքին, որպեսզի իմանանք, թե ինչ ենք խնդրում, ինչի համար ենք աղոթում: Եթե մենք ամբողջ ուշադրությամբ դիմում ենք մի մարդու, ապա (առավել ևս) ինչպե՞ս պետք է դիմենք Տիրոջը, մեր Կյանքին:

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Սերը՝ խոնարհությամբ հանդերձ, պարզությունը և դատողությունը սրբերի հատկություններն են: Եթե մարդը դատողությամբ ջանք գործադրի իր անձը սրբերի կյանքին նմանեցնել, սրբանում է նաև ինքը:

 

Սբ. Ամբրոսիոս Օպտինացի

Քրիստոնեական դատողությունը պահանջում է, որ մենք ոչ միայն ստուգենք մեր գործողությունները, այլև հենց մտքերն ու կարծիքները` ուղղափառ օրենքի համաձայն, և ըստ սուրբ հայրերի կանոնների և կանոնակարգերի և առաջին հերթին՝ Աստծո պատվիրանների: Եվ այն, ինչը համաձայն չէ Աստծո պատվիրաններին և սուրբ հայրերի կանոններին, այդ դեպքում պետք է ապաշխարենք և խոնարհություն ունենանք Աստծո և մարդկանց առջև, այլ ոչ թե հորինենք նոր կանոններ և արդարացումներ:

 

Գրիգոր վրդ. Սկևռացի

Քանզի խոհականն աստվածայինի մեջ միշտ կխոկա՝ ըստ Սուրբ Գրքի. «Թող այս խոսքերը լինեն քո սրտում և քո անձի մեջ, և կխոսես նրանցով տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս և արթնանալիս» (Բ Օրինաց 6.6) և ըստ մյուսի էլ՝ «Տիրոջ օրենքի շուրջ կխորհի նա օր ու գիշեր» (Սաղմ. 1.2): Եվ քանի որ ամեն գործ՝ լինի բարի, թե չար, նախ խորհում են և ապա կատարում, և առանց խորհելու որևէ բան մեկը չի գործում, ապա ուրեմն, ով բարվոք և ճիշտ է խորհում, ըստ նույնի էլ գործն է կատարում:

 

Սբ. Գր. Տաթևացի

Բոլոր գոյությունների սկիզբը Աստված է, բոլոր բարիքների սկիզբը սերն է, բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է:

Բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է, որովհետև խոսքի և արհեստների մեջ առկա մարդկանց  հոգևոր և մարմնական բոլոր շնորհները նախ մտքում են մտածվում, և երկարատև կշռադատումից, լավի ու վատթարի, օգտակարի և վնասակարի ընտրությունից հետո միայն գոյանում է իմաստը և խոսքը կամ կատարյալ արվեստը, որ կատարյալ ծնունդն է խոհականության ընտիր ծնողի:

 

Հերոնիմոս Էգինացի

Մի′ դատիր և մի՛ նեղացիր մարդկանցից: Ինչ էլ նրանք քեզ անեն, մի՛ ատիր որևէ մեկին: Յուրաքանչյուր ոք գործում է այնպես, ինչպես սովորեցրել են և ինչպիսին խառնվածքն է:  Ոչ բոլորն ունեն բարություն և դատողություն:

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ