Թշնամու զորքը պաշարում է քաղաքը և փորձում ավերել բերդապարիսպները, դարպասները, որպեսզի ներխուժի քաղաք: Ի վերջո, ստացվում է ներթափանցել քաղաք, և բնակիչները փորձում են դարպասներից մեկը բացել և փախչել, բայց հայտնվում են հրմշտոցի մեջ և թշնամու զորքի դարանակալած թակարդների մեջ:
Մի արհեստավոր շտապում է դեպի անձուկ և անշուք դուռը, որը քաղաքից դուրս գալու փրկության ելքի գաղտնի դուռ է լինում: Նրան է հետևում ոսկերիչ ընկերը՝ մի հսկա պարկ ուսին և հարցնում է.
-Ինչպե՞ս գտար այդ անձուկ դուռը:
Արհեստավորը պատասխանում է.
-Երբ մյուսների հետ շտապում էիր դեպի մեծ ու լայն դարպասը, որը կուրուստ է տանում, ինքս խոնարհաբար փնտրում էի ելքի գաղտնի դուռը և գտա այն: Սակայն եթե թանկարժեք զարդերով ու ոսկեդրամներով լեցուն պարկդ չթոթափես քեզանից, ապա այս նեղ ու փոքր դռնով չես անցնի ու փրկություն չես գտնի:
Ոսկերիչը կանգնում է և նեղսրտում.
-Ինչքա՜ն նեղ է այդ դուռը, որ իմ թանկարժեք պարկով չեմ կարող անցնել, միգուցե հետ չդառնա՞մ դեպի մեծ ու լայն դարպասը…
«Մտեք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. 7.13-14):
Հ. Մանուկյան