Գլխավոր Հոգևոր Փորձությունների մասին (հոգեշահ խրատներ)

Փորձությունների մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 1837 դիտում

Իոանն վրդ. Կրեստյանկին

Ում հետ էլ, որ մարդ սկսի կառուցել ընտանեկան կյանքը, նա անցնելու է փորձության շրջաններ, քանի որ պատրաստի երջանկություն չի լինում, և այն կախված է ոչ միայն ամուսնուց, այլև` միևնույն չափով կնոջից:

 

Նիկոն Վորոբյով

Առանց նեղությունների և փորձությունների մարդը չի կարող գալ դեպի խոնարհություն: Փառամոլությունը, եսասիրությունը և հպարտությունը մարդու սրտում են բույն դրել, այնպես որ անհրաժեշտ են  ուժեղ միջոցներ և նեղությունների և փորձությունների միջոցով ուսուցման երկարատև շրջան, որպեսզի արմատախիլ անել դրանք ու մարդուն գոնե որոշակի դեպի խոնարհություն բերել: Առանց խոնարհության բարձրագույն հրեշտակները դարձան դևեր, իսկ Ադամն ու Եվան դրախտից վտարվեցին: Ինչպե՞ս կարող ենք առանց խոնարհության, առավել ևս մեղքերով հանդերձ մտնել կորուսյալ դրախտը…

Հիշողությանդ մեջ ունեցիր` ինչքան վատ է քեզ համար, այնքան խորությամբ գոհություն մատուցիր Աստծուն, որովհետև յուրաքանչյուր փորձությունից բխում է հոգևոր ձեռքբերում:

 

Շենուդա Գ հայրապետ

Մի՛ տխրիր. փորձությունները, որոնք քեզ Աստծուն են մոտեցնում, ավելի լավ են այն շնորհներից, որոնք քեզ մոռացության են տալիս Աստծուն:

Երբ ինչ-որ մեկը քեզ վատ է վերաբերվում, դիմավորիր տոկունության պտղով, երբ փորձության միջով ես անցնում, դիմավորիր համբերության և գոհաբանության պտուղներով:  Երբ գովասանք ես լսում, դիմավորիր խոնարհության պտղով՝ գովասանքներն ուղղելով Աստծուն:

 

 Սբ. Պաիսիոս Աթոսացի

Յուրաքանչյուր փորձություն ետ մղեք բարի մտքերով:

Մարմնական փորձություններն ըստ էության հաղթահարվում են պահքի, զգոնության և աղոթքի օգնությամբ, եթե մարդու ներսում հպարտություն չկա:

Եթե մենք չենք փառաբանում Աստծուն, Նա թույլ է տալիս, որ մեզ որևէ փորձություն մոտենա, որպեսզի գնահատենք այն, ինչ ունենք: Եթե մենք գնահատում ենք այն, ինչ ունենք, ապա Աստված թույլ չի տալիս որևէ փորձություն տեղի ունենա:

Երբեմն մեզ հետ տեղի ունեցող փորձությունները հակաբիոտիկներն են, որ Աստված տալիս է մեզ մեր հոգու հիվանդության բուժման համար:

Աստված թույլ է տալիս փորձություններ, որպեսզի  նեղությունների և արտասուքների միջոցով ախտից մաքրի ու մեր հոգին անբիծ դարձնի, այնպես որ մենք ստիպված լինենք դիմել Աստծուն մեր փրկության համար:

 

Սիմեոն Աթոսացի

Քեզանից գողացողը հոգևոր թմրությունն է, քեզ կողոպտողը՝ անտարբերությունն է, քեզ տանջողը՝ չար կիրքն է, քեզ փորձության ենթարկողը՝ չար միտքն է, բայց քո Փրկիչը Քրիստոսն է: Նա քեզ փրկում է, եթե ապավինում ես Նրան:

Երբ փորձությունը գալիս է, թվում է, թե Երկինքը բախվել է երկրի հետ, և երբ փորձությունն անցնում է, պարզվում է, որ փոթորիկը մի բաժակ ջրի մեջ էր` քո մտքում…

Երբ սովորես հաղթել թշնամուն քո սրտում, կկարողանաս դիմակայել նրան ուր էլ որ լինես և անկախ նրանից, թե ինչ փորձությունների ես հանդիպել:

 

Սբ. Հայր Պիո

Եթե հաջողությամբ հաղթահարես փորձությունը, դա նման է օճառի ազդեցությանը կեղտոտ սպիտակեղենի վրա:

Մի թող հոգիդ փորձության մեջ, Սուրբ Հոգուն դիմիր, քանի որ սրտի ուրախությունը հոգու կյանքն է, դա սրբության անսպառ գանձ է, մինչդեռ տխրությունը հոգու դանդաղ մահն է և ոչ մեկի համար ոչ մի օգուտ չի բերում:

  

Սբ. Ամբրոսիոս Օպտինացի

Հին (ժամանակների) քրիստոնյաներին թշնամին փորձության էր ենթարկում խոշտանգումներով, իսկ ժամանակակիցներին՝ հիվանդություններով և մտքերով:

 

Սբ. Իգնատիոս Բրյանչանինով

Վիշտը նաև այն պատճառով է փորձություն կոչվում, քանի որ այն բացահայտում է սրտի ծածուկ վիճակը:

Մտքի և սրտի փորձությունն ավելի սարսափելի է, քան բոլոր արտաքին փորձությունները: Ոչ ոք մեզ համար այդքան վտանգավոր չէ, որքան ինքներս մենք:

 

Եփրեմ Արիզոնացի

Փորձությունների ժամանակ բացահայտվում է, թե մարդ որքան է Աստծուն սիրում:  Ի՛մ զավակներ, քաջալերվեցեք սխրանքի մեջ: Քրիստոս սպասում է հաղթանակը տեսնել, որպեսզի պարգևի անթառամ հավիտենական փառքի պսակը:

Մի եղիր փոքրոգի: Փոքրոգությունը չարից է: Այն մեզ զինաթափ է անում և գերի դարձնում:  Հույսդ դիր Նրա վրա, Ով ասել է` չեմ թողնի քեզ և չեմ լքի քեզ: Նա թույլ չի տա մեզ ընկնել փորձության մեջ, որը գերազանցում է մեր ուժերը:

Աստված չի ուզում, որ նրանք, ում Նա կփրկի, ովքեր փնտրում են Նրա ողորմածությունը, անմիտ, փոքրոգի, վախկոտ և անփորձ լինեն: Աստծո ժառանգությունը հասուն քրիստոնյաների համար է: Հետևաբար, Նա մեզ կանգեցնում է փորձությունների առջև, որպեսզի դրսևորվի մեր հնազանդությունը Նրա պատվիրաններին:

Մի կորցրու քո քաջությունը, զավակս, որքան էլ տարատեսակ փորձությունների բուռն ծովը փոթորկի: Մտածիր այն մասին, որ այս ամենը և նույնիսկ ավելի վատ վիճակը չեն կարող խոչընդոտել Աստծո շնորհին և Նրա սիրուն: Եթե, զավակս, Քրիստոսի հանդեպ ձգտումը մեր հոգում աճի, այդ ժամանակ բոլոր փորձությունները կդառնան շատ փոքր և տկար: Երբ չկա Քրիստոսի հանդեպ սեր և ձգտում, այդ ժամանակ փորձությունները դառնում են դժվար տանելի, և մեր օրերը լցվում են դառնագին արցունքներով: Այո, զավակս, եկ կանչենք Հիսուսին, մինչև որ Նա Իր հուրը բոցավառի մեր ներսում, և այդ ժամանակ բոլոր փշերը մոխիր կդառնան:

Երբ խնդություն ունես, թաքցրու այն քո սրտում, որպեսզի սատանան քո անզգուշությամբ չիմանա դրա մասին և ինչ-որ փորձությամբ չգողանա այն քեզանից։ Եվ տրտմության մեջ նույնն արա, որպեսզի նա չավելացնի այն՝ իմանալով դրա պատճառի մասին։ Երբ հավասարակշռված վիճակում ես և՛ խնդության, և՛ տրտմության մեջ, սատանան, հստակ չիմանալով, թե ինչ է կատարվում քո ներսում, չգիտի, թե ինչպես պատերազմի քեզ հետ:

 

Հովսեփ Իսիխաստ

Մարմնական մարտը (փորձությունը) բռնկվում է ոչ այնքան սննդից, ըմպելիքից, գինուց, քնից, որքան դատելուց:

 

Ամփիլոքիոս վրդ. Մակրիս

Փորձությունները հաղթում են մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա  խոնարհություն ձեռք չի բերել: Դրանից հետո անհետանում են:

 

Սբ. Սիվղանոս Աթոսացի

Իմ բոլոր մեղքերն ու սխալները եղել են այն պատճառով, որ փորձության և անհրաժեշտության պահին ես Տիրոջը չեմ կանչել:

 

Կլեոպա վրդ. Իլիյե (Ռումինացի Սքանչելագործը)

Նրանք, ովքեր իրենց կյանքը խոնարհության մեջ են անցկացնում, այնքան մեծ և ծանր փորձություններ չեն ունենում, ինչպես Աստծո թշնամիները, ինչպիսիք են հպարտներն ու ամբարտավանները: Այսպիսով, ով խոնարհություն ունի, շատ վտանգներից ազատվում է:

 

Սոֆիան վրդ. Բոգիու

Դևերը շատ նախանձոտ են դառնում, երբ տեսնում են, որ սկսում ես աղոթել: Դու ազատվել ես նրանցից, իսկ նրանք ուզում են, որ դու իրենց պատկանես: Անհրաժեշտ է, որ աղոթքը մշտապես քեզ ուղեկցի: Այդպես կարող ես քեզ զերծ պահել փորձությունից: Նրանք ծածուկ են գործում, բայց ծածուկ է նաև գործում Նա, Ով պաշտպանում է քեզ, այսինքն` Աստված` օգտագործելով Իր միջոցները:

 

Սբ. Տիխոն Զադոնացի

Աստված մեր ուժերից վեր փորձություն թույլ չի տալիս: Վարպետը բյուրեղապակյա կամ ապակե անոթին թեթևակի է հարվածում, որպեսզի այն չկոտրվի, իսկ արծաթյա կամ պղնձյա անոթին ուժեղ է հարվածում: Այդպես տկարներին թեթև, իսկ ամուրներին ծանր փորձություն է թույլ տրվում:

 

Սբ. Վարսոնոֆի Օպտինացի

Երբ գտնվում եք լավ, անխռով տրամադրության մեջ, փոթորկի սպասեք: Գրեթե միշտ այդպես է լինում: Իսկապես, ամեն բարի գործին կամ նախորդում կամ հետևում է փորձություն:

 

Հովսեփ Վատոպեդացի

Փորձությունները չպետք է մեզ սարսափեցնեն, մենք միշտ պետք է հուսանք առ Աստված:

Ամեն ինչ, որ տեղի է ունենում մեզ հետ, մենք հակված ենք բացատրել մեր մոտեցմամբ: Այնուամենայնիվ, ինչքան փորձություններ ենք անցնելու, միայն Աստված գիտի, Ով  դրանք թույլ է տալիս…

Բարեհաջողության և ունևորության ժամանակ բազմաթիվ ընկերներ են հայտնվում: Փորձության ժամանակ կգտնե՞ս նրանցից որևէ մեկին…

 

Եփրեմ Կատունակացի

Որտեղ էլ մարդը լինի, թող հույսը չկորցնի, չվհատվի, խռովքի մեջ չհայտնվի: Տերը տեղյակ է և Իրեն հայտնի պատճառներով թույլ է տալիս, որ փորձության մեջ լինես:

 

 Իլիյ վրդ. Նոզդրին

Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից (Սաղմ. 33.20): Սրբերն ուրախանում են, երբ նրանց արտաքին և ներքին նեղություններն են այցելում, որովհետև առանց նեղությունների անհնար է մարդու փրկությունը: Այնպես որ, եթե մենք չենք կարողանում ուրախանալ նեղություններից և փորձություններից, ապա պետք է գոնե չբողոքենք Աստծուց, երբ չարիքը մոտենում է՝ փորձելու մեր համբերությունը փրկության համար:

  

Սբ. Կյուրեղ VI Ալեքսանդրացի

Այս աշխարհում ոչինչ չի կարող մտահոգել կամ վրդովել ինձ, քանի որ ես իմ ապաստանն եմ գտնում Եկեղեցու անսասան ամրոցում։ Ես ապավինում եմ Աստծո ողորմածությանը։ Նրանից մշտապես մխիթարություն և օրհնություն է հոսում։ Տիրոջ ողորմածությունը կարծես ճախրում է թևերով՝ հեռու վանելով ամեն տխրություն և բուժելով մարդկանց սրտերն իր աննման սպեղանիով։ Որքա՜ն քաղցր է այն: Ոչ ոք չի կարող դիմակայել այս աշխարհի փորձություններին առանց Նրա հոգատարության կամ իշխանության: Մեր Հայրերը համեմատում են այս Ողորմածությունը իր զավակներին քայլել սովորեցնող մոր հետ։ Նա կանգնում է որոշակի հեռավորության վրա և երբ տեսնում է, որ զավակն ուր որ է կընկնի, այդժամ շտապում է նրա մոտ և մաքրում նրա աչքերն արցունքներից։ Ահա այսպիսին է նաև Աստծո Ողորմածությունը մարդու հանդեպ։ Մարդու պայքարի ընթացքում Աստծո Ողորմածությունը որոշակիորեն հեռացնում է իրեն մարդուց, որպեսզի վերջինս վարժվի քայլել առաքինության ճանապարհով։ Եվ երբ մարդը տխրում կամ հուսահատվում է, այդժամ Ողորմածությունը շտապում է մխիթարել և քաջալերել նրան:

 

Տիխոն Աթոսացի

Պիտի ասենք փառք Քեզ, Աստված, ոչ միայն այն ժամանակ, երբ մեզ համար լավ է, բայց նաև այն ժամանակ, երբ մեզ փորձություններն են այցելում, քանի որ Տերը թույլ է տալիս դրանք` իբրև դեղամիջով հոգու համար:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

 

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ