Գլխավոր Հոգևոր Ինչպես հաղթահարել հիվանդությունը (հոգեշահ խրատներ)

Ինչպես հաղթահարել հիվանդությունը (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 1671 դիտում

Իոանն վրդ. Կրեստյանկին

Աստծուն մեզ մոտեցնում է կյանքի խաչը՝ տառապանքը, նեղությունը, հիվանդությունը, դժվարությունները, մի՛ տրտնջա և մի՛ վախեցիր դրանցից:

Հիվանդությունները, որոնք Աստծո թույլտվությամբ են, նպաստում են մարդու բարօրությանը: Նրանք դանդաղեցնում են կյանքի մեր խենթ ընթացքը և ստիպում են խորհել ու օգնություն հայցել: Որպես կանոն` մարդկային օգնությունն անզոր է, շատ արագ սպառվում է, և մարդը դիմում է Աստծուն:

Հիվանդությունը խաչ է, որն այրում է մեղքերը, որոնք մենք նույնիսկ որպես մեղքեր չենք ընդունում: Հետևաբար, մենք գոհություն ենք հայտնում Աստծո ողորմությանը մեզ ուղարկված հիվանդությունների համար: Աղոթում եմ ոչ թե նրա համար, որ հիվանդությունները հեռանան, այլ որպեսզի ճիշտ գնահատես և ընկալես դրանք:

Այժմ, հոգևոր առաջնորդների նվազման և հավատացյալների հավատի թուլացման հետ մեկտեղ, Տերը մարդկանց տվել է անկողմնակալ առաջնորդ, որը բուժում, ուսուցանում և խրատում է: Դրանք կյանքի դժվարություններն են՝ նեղությունները և հիվանդությունները:

 

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Երբ սբ. Պորֆիրիոսը հիվանդ էր, իր համար աղոթողներին ասում էր. «Աղոթեք նրա համար, որ ես լավը դառնամ, այլ ոչ թե նրա համար, որ ինձ համար լավ լինի:

Եվս մեկ բան պետք է իմանալ: Երբ դեղամիջոցները չեն օգնում, նշանակում է, որ ոչ թե հիվանդ է մարմինը, այլ` հոգին: Եվ հոգու առողջացումը միայն Քրիստոսի միջոցով է հնարավոր: Հասկանո՞ւմ եք: Մեր հոգին միայն Քրիստոսն է բուժում:

Գիտե՞ս, թե ինչ է պետք անել, երբ հիվանդ ես: Պետք է Աստծուց խնդրես, որ ների քո մեղքերը: Եվ Աստված, քանի որ դու, լինելով տառապանքներով լեցուն և խոնարհությամբ դիմես Նրան, կների քո մեղքերը և կբուժի մարմինդ: Բայց ուշադիր եղիր՝ երբեք մի աղոթիր հետին մտքով և մի ասա. «Աստված իմ, ներիր իմ մեղքերը», մինչդեռ միտքդ ամբողջությամբ զբաղված լինի քո մարմնական հիվանդությամբ: Նման աղոթքն արդյունք չի ունենա: Երբ աղոթքի ես կանգնում, մոռացիր քո մարմնական տկարության մասին, ընդունիր այն որպես խրատ՝ մեղքերիդ թողության համար: Եվ մի անհանգստացիր, թե ինչ կլինի հետո: Թող այն Աստծուն, Նա գիտի, թե ինչ է անում:

Հիվանդության ժամանակ ես Աստծուց խնդրում եմ ողորմել ինձ և ներել իմ մեղքերը: Երբ մարդը հասնում է այն վիճակին, որը նա ունեցել է նախքան անկումը, այդ դեպքում Աստված թույլ չի տալիս նրան հիվանդություն ունենալ: Երբ Աստված կամենա, միանգամից կարող է մեզ առողջ դարձնել: Բայց դա հենց այնպես չի լինում: Եվ միայն նրանք, ովքեր «կարող են ընկալել», այն հասկանում են (Մատթ.19.12):

Ուշադիր եղիր, թե ինչ ես ուտում: Կերակուրի մեջ մի օգտագործիր այն ուտելիքները, որոնք քո առողջական վիճակի համաձայն քեզ վնասակար են և կարող են գիրություն առաջացնել: Երկար ժամանակ մի պառկիր անկողնում, հակառակ դեպքում կրկին կհիվանդանանաս: Շարժվիր, մի նստիր տեղում, ինչ-որ բանով զբաղվիր, բայց չափի մեջ: Ավելի շատ քայլիր, ոչ շատ արագ, բայց ոչ շատ դանդաղ, խուսափիր բարձրադիր և ցածրադիր վայրերից, ինչքան էլ դրանք քիչ լինեն:

Հիվանդությունների շնորհիվ, երբ անտրտունջ կրում ենք դրանք՝ խնդրելով Աստծուն ներել մեր մեղքերը և փառաբանելով Նրա անունը, մենք ավելի լավն ենք դառնում:

Ինչո՞ւ ենք դեղեր ընդունում: Քանի որ հիվանդ ենք: Ինչո՞ւ ենք հիվանդ: Քանի որ նյարդայնանում ենք: Ինչո՞ւ ենք նյարդայնանում: Քանի որ մեղք ենք գործում: Բայց եթե մենք թույլ տանք, որ Քրիստոս բնակվի մեր հոգում, այդժամ մեղքը փախչում է, նյարդային վիճակն անհետանում է, հիվանդությունը հեռանում է, և մենք դեղերը մի կողմ ենք նետում:

Կանայք, որոնք խանդում են իրենց ամուսնիններին, շատ հաճախ քաղցկեղով են հիվանդանում: Այս նույն պատճառով նույնիսկ քահանաների կանայք են հիվանդանում: Բոլոր հիվանդությունները պայմանավորված են դյուրագրգռությամբ և նյարդայնությամբ: Դրանք նույնիսկ նպաստում են երիկամներում քարերի առաջացմանը:

Մեղքը, դյուրագրգռությունն ու եսասիրությունը հանգեցնում են կամ ավելորդ գործունեության կամ մարմնի աշխատանքի ինտենսիվության նվազման, ինչը հանգեցնում է հիվանդությունների առաջացմանը:  Օրգանիզմն ինքը գիտի ճիշտ միջին ուղին և ձգտում է խաղաղության և հանդարտության:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի

Հիվանդության պատճառը մտքի անկման մեջ է: Հիվանդությունը՝ մտքից է: Սովորաբար մեզ բոլորիս լավ կամ վատ մտքեր են գալիս: Ինչպիսին մտքերն են, այդպիսին կյանքն է: Հոգին սնվում է մտքերով, ինչպես մարմինը նյութական կերակուրով: Մի՛ ընդունեք վատ կերակուր և առողջ կլինեք:

Մենք հիվանդ չենք, բայց մեր մեջ կայտառություն չկա: Ինչ-որ բան այնպես չէ: Մարդիկ առողջ են, բայց ինչ-որ բան նրանց հետ այնպես չէ, իսկ ինչից է, նրանք չեն հասկանում: Նրանք դեղ են խմում, բայց նույնիսկ ավելի են վատանում: Եվ մինչդեռ մի փոքր մաքուր թթվածին կա, պետք է դրանից օգտվել: Բայց օդն էլ արդեն զգալիորեն աղտոտված է, շրջապատում ամեն ինչ աղտոտված է: Սա հատկապես կարևոր է մեզ համար, երբ մենք զբաղվում ենք մտավոր աշխատանքով: Այդժամ մեզ խորը շնչառություն է պետք, քանի որ ուղեղը մեծ քանակությամբ թթվածին է ծախսում մտավոր աշխատանքի համար: Երբ ուղեղը թթվածնի պակաս ունի, մենք չենք կարող գործի մեջ խորամուխ լինել, ինչ-որ բան չի ստացվում, և մենք չենք հասկանում, թե ինչու: Չկա թթվածին, նշանակում է `ուղեղի համար բավարար սնուցում չկա:

Ամենակարևորն այն է, թե ինչպես է հիվանդը ընդունում իր հիվանդության լուրը: Շատ կարևոր է, որ հիվանդությունն իր կողմից ընդունվի հանդարտությամբ: Եթե նա չի վախենում կամ անհանգստանում, ուռուցքը դանդաղ կաճի, եթե ընդհանրապես աճի, մինչդեռ վախն ու անհանգստությունը արագացնում են դրա աճը: Եթե ինքն իրեն հարցնի իր հիվանդության ծագման խորքային իմաստի մասին, ապա նա կընթանա հնարավոր բուժման լավագույն ուղիով և, ամենակարևորը՝ նախկին կյանքի աղավաղված ուղու շտկումն է: Հիվանդությունը, որը հանգեցնում է մահվան, փոխում է մարդուն, դարձնում նրան երբեմն չարակամ, բայց եթե Աստծուն չի հայհոյում և դժգոհում, դա ծանր հետևանքներ չի ունենում հոգու համար:

 

Նիկոն Վորոբյով

Միայն առանց տրտնջալու համբերիր քո հիվանդության համար և Աստծուն գոհություն հայտնիր, թեև նույնիսկ սիրտը հակառակվել է, բայց այդժամ կտեսնես Աստծո զորության գործողությունը քո սրտում: Այդժամ հենց սիրտն արդեն Նրան գոհություն կհայտնի: Բայց դեռևս համբերիր:

Տերը նախազգուշացնում է քեզ հիվանդություններով և դժվարություններով, որպեսզի անդրադառնաս ինքդ քեզ և խոնարհություն ունենաս:

 

Սբ. Սերաֆիմ Սարովցի

Հեռացրու մեղքը, և հիվանդությունները կհեռանան, որովհետև դրանք տրվում են մեզ մեղքերի պատճառով:

Ով համբերատար եւ գոհաբանությամբ հիվանդությունը տանում է, այն փոխարինում է սխրանքին կամ նույնիսկ ավելին:

Ինչպես ցանկացած հիվանդությանը կա բուժում, այդպես էլ յուրաքանչյուր մեղքին կա ապաշխարություն:

 

Սիմեոն Աթոսացի

Եթե ավելի շատ հոգ տանես հոգևոր առողջության համար, ավելի քիչ կիմանաս մարմնական հիվանդությունների մասին: Մի սիրիր բուժվելը, այլ սիրիր առողջություն ուսանելը:

Ով հոգու խնդությամբ ընդունում է նեղություններն ու հիվանդությունները և աղոթքով գոհություն հայտնում Աստծուն դրանց համար, ավելի բարձր է, քան նա, ով բարի գործեր է կատարում:

Եթե մարդը կապված է ինքն իրեն և երկրային հաճույքներին և չի ցանկանում հրաժարվել իր կապվածություններից, ապա երկարատև և դժվար բուժելի հիվանդություններն են նրան այցելում:

Խոնարհեցրու ինքդ քեզ, և կբժշկվես նախ հոգով, այնուհետև` մարմնով, բայց մարմնի առողջությունը մի գերադասիր հոգու առողջությունից: Հիվանդությունները դեղամիջոց են հպարտության և անզուսպ ցանկությունների դեմ: Աստված երբեք չի հեռանում այն մարդուց, որը պայքարում է ավելի բարի դառնալու համար:

Հպարտությունը հոգու հիվանդությունն է, խոնարհությունը՝ առողջությունը, իսկ աղոթքը՝ դրա լավագույն դեղը:

 

Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ

Մի տխրիր, որ Տերը թույլ է տվել քեզ հիվանդանալ: Հիշիր, որ Նա ավելի ծանր հիվանդություններ է թույլ տվել նրանց, ովքեր ավելի լավն են քեզանից…

Երբ դիվական փորձությունների, տանջանքների և հիվանդությունների մռայլ ամպերը հավաքվեն քեզ վրա, մի՛ հուսահատվիր, այլ ասա. «Դիմում եմ Քեզ, Տե՛ր, օգնության և ողորմածության համար:

 

Սոֆրոնի վրդ. Սախարով

Բոլոր նեղությունները, անհաջողությունները, հիվանդությունները, ամեն տեսակի տառապանքները քաջաբար և գոհաբանությամբ առ Աստված համբերատարությամբ կրելը մեր սրտի դաշտը դարձնում է պտղաբեր, ուր կարող է սերն աճել:

 

Հովսեփ Վատոպեդացի

Ինչպես բժիշկը դառը դեղորայք է նշանակում հիվանդներին բժշկելու համար, այդպես էլ Աստվածային Նախախնամությունը չարաբարոներին և ցանկասերներին թույլ է տալիս ունենալ տառապալից նեղություններ:

Ինչպես գիշերը փոխարինում է ցերեկին, իսկ ձմեռը` ամռանը, այդպես էլ փառամոլությունը և ցանկասիրությունը կա´մ ներկա ժամանակներում, կա´մ ապագայում փոխարինվում են նեղություններով և հիվանդություններով:

Մարմինը բժշկողները միևնույն դեղը չեն տալիս բոլորին: Այդպես և Աստված, բժշկելով հոգու հիվանդությունները, գիտի ոչ միայն մի տեսակի բուժում, որը նախատեսված կլինի բոլորին, այլ ամեն հիվանդության համար առաջարկում է իր դեղամիջոցը, որը նպաստում է ապաքինմանը:

 

Սբ. Մակար Օպտինացի

Դու ինքդ չգիտես, թե Աստծուց ինչ ես խնդրում, այսինքն՝ որպեսզի ազատի հիվանդությունից: Դու խնդրիր այն, ինչը Նրա սուրբ կամքին է հաճելի և օգտակար քեզ համար:  Հիվանդությունը գոհաբանությամբ համբերելն Աստծո առաջ ավելի վեր է այլ շտկումներից. դրանով և՛ մաքրվում են մեղքերից, և՛ ազատվում են կրքերից:

Մենք չգիտենք Աստծո գործերը: Նա ամեն ինչ իրագործում է օգտակարության համար: Մենք կապված են այստեղի բարիքների հետ, իսկ Նա կամենում է պարգևել մեզ ապագայի բարիքները այստեղի կարճաժամկետ հիվանդությունների միջոցով:

Հոգ տար քո առողջության մասին, թույլ մի տուր, որ նյարդերդ լարվեն, երբ քեզ մեղավոր համարես… այդ դեպքում խոնարհությունը կվերականգնի քեզ, իսկ եթե քո բնությանը մեղադրես, հիվանդությունը կարող է բազմապատկվել:

 

Սբ. Հովսեփ Օպտինացի

Սովորիր ավելի շատ լռել, այդ դեպքում չես մեղանչի ու չես դատապարտի։ Երբ դադարես տրտնջալ, ավելի ջանասիրաբար կծառայես հիվանդներին հանուն Աստծո, կազատվես ոչ միայն քո մարմնի, այլև հոգու հիվանդությունից։ Եթե շտկվելիս հիվանդությունը չի հեռանում, ուրեմն դա նշանակում է, որ այն համբերելու դիմաց պսակ ստանալու համար է ապագա կյանքում, հավիտենականության մեջ:

 

Սաբբա վրդ. Օստապենկո

Ինչո՞ւ են հիվանդություններն ուղարկվում մարդկանց.

  1. Մեղավորներին` որպես պատիժ մեղքերի համար, ուղղման և ապաշխարության համար, երբ նրանք մեղք են գործում և չեն ապաշխարում, ինչպես հարկավոր է:
  2. Բարեպաշտներին` հավատքը ստուգելու համար:
  3. Արդարներին` սնափառության մեջ չընկնելու համար:

 

 Սբ. Ալեքսեյ Մեչև

Տերը չի բարկանում նույնիսկ Խաչի վրա, նա ձեռքերն ուղղում է դեպի մեզ և կանչում: Չնայած մենք բոլորս խաչում ենք Նրան, Նա սեր է և պատրաստ է ներել մեզ բոլորիս: Մենք երբեմն արդարացում ենք համարում, երբ հոգնած ենք, նյարդայնացած ենք կամ որևէ այլ բան (թույլ ենք տալիս), բայց անկախ նրանից, թե ինչպիսի հանգամանքներում կարող ես լինել, անկախ նրանից, թե որքան հոգնած կամ հիվանդ ես, պետք է գործես միայն այնպես, ինչպես Քրիստոս է պատվիրել:

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ