Գլխավոր Հոգևոր Երեխաների մասին (հոգեշահ խրատներ)

Երեխաների մասին (հոգեշահ խրատներ)

by admin
0 մեկնաբանություն 537 դիտում

Իոանն վրդ. Կրեստյանկին

Փոքր երեխաների աղոթքները կարող են հրաշքներ իրագործել: Աստված տալիս է նրանց այն, ինչ նրանք խնդրում են Նրանից:  Չէ որ երեխաները մաքուր են, անբասիր և այդ պատճառով Աստված լսում է նրանց մաքուր աղոթքը:

Մայրական աղոթքը երեխաների համար օգնություն է ամբողջ կյանքի համար:

ԱԲՈՐՏԻ ՄԱՍԻՆ: Գիտեք` մոր կամքով յուրաքանչյուր չծնված այս կամ այն երեխան, որոնք նա, որպես «ուրախություն» իր համար, «ծնում» է, տառապանքներով, հիվանդություններով, հոգու ծանրությամբ կփոխհատուցվի նրան: Դա օրենք է: Մանկան սպանությունից  հետո չես կարող անկնկալել երկրի վրա բարգավաճ կյանք, իսկ հավիտենականության մեջ նույնիսկ սարսափելի է մտածել այդ մասին: Մեկ խոսքով` դժոխք: Դժոխք երկրի վրա, դժոխք` գերեզմանից հետո: Եվ գիտեք, ինչո՞ւ է այդպես, այլ ոչ թե այլ կերպ: Քանի որ գործելով այդպիսի սարսափելի չարագործություն պատասխանատու կլինեք` գիտակցաբար սպանելով հրեշտակային մանկական հոգուն: Ահա և մտածեք: Ապաշխարեք, որ ձեր գիտակցությունում նույնիսկ այդպիսի միտք է հայտնվել:

Եթե չեք ուզում, որ երեխաները խմեն, մի´ խմեք, չեք ուզում, որ երեխաները ծխեն, մի´ ծխեք, չեք ուզում, որ անառակություն անեն, մի´ շնացեք: Դաստիարակեք երեխաներին ձեր կյանքի սեփական օրինակով:

Ախր, երեխաները կենդանի սրբապատկերներ են, աշխատեք նրանց հետ, անտարբերությամբ և անփութությամբ մի խեղաթյուրեք Աստծո պատկերը նրանց մեջ:

Աղոթեք ձեր երեխաների համար և ինչքան կարող եք, օգնեք: Նրանք դեռ չեն սովորել ապրել և չգիտեն կյանքի իրական արժեքները, և, հետևաբար, ձեր խորհուրդները նրանց այժմ չեն օգնի, բայց աղոթքը, որը նրանցից ծածուկ է կատարվում, կարծրացած սիրտը փափկեցնում է: Եվ հիմա ես միայն օգնում եմ ուրիշներին աղոթքով և կարծում եմ, որ այն ամենաարդյունավետ օգնությունն է: Թող Աստված իմաստացնի ձեզ:

  

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Մոր հոգևոր կյանքն աննկատ, անաղմուկ օգնում է իր երեխաներին:

Երբ ծնողները երեխաների հետ խոսում են Աստծու մասին և սովորեցնում են քրիստոնյայի կյանքով ապրել, սա նրանց մեջ Աստծո շնորհի ներկայության նշան է:

Երբ ձեր երեխաները դեռ փոքր են, դուք պետք է նրանց օգնեք հասկանալ, թե ինչ է բարին: Իսկ դա  կյանքի խորքային իմաստն է:

 

Սիմեոն Աթոսացի

Ինչի՞ց է հոգին կենդանություն ստանում: Հոգին կենդանություն է ստանում մաքուր լինելուց. նայիր երեխաների դեմքերին, մի ժամանակ ինքդ նույնպես այդպիսին ես եղել:

 

Սբ. Հայր Պիո

Աբորտը ոչ միայն սպանություն է, այլև ինքնասպանություն: Իմ խստությունը նրանում է, որ պաշտապնեմ երեխաների լույս աշխարհ գալը: Դա հավատքի և հույսի մշտապես Աստծո հետ հանդիպման գործողություն է երկրի վրա:  Մեր պայքարը տալիս է հաղթանակի իրական երաշխիք նոր երկնքի և նոր երկրի համար:

 

Գաբրիել Աթոսացի

Մենք երեխաներին սովորեցնում ենք ոչ թե այն, ինչ ուզում ենք և ոչ թե այն, ինչ մենք գիտենք, այլ ինչ մենք ինքներս ենք հանդիսանում:

Եվ նաև պետք է իմանալ, որ Աստված երբեմն երեխաներ չի տալիս ամուսիններին հատուկ պատճառներով, որոնք միայն Իրեն է հայտնի: Մեղքը հիմնական պատճառն է: Կան բազմաթիվ պատճառներ, բայց ավելի հաճախ Տերը փորձում է մեր հավատքը: Աստված սովորաբար խրատում է այն ծնողներին, ովքեր աբորտներ են անում, և նրանց երեխաները ծնվում են անբուժելի հիվանդությամբ, սարսափելի հիվանդություններով: Հասկացեք, սա պատիժ չէ: Աստված ուզում է ծնողներին մղել ապաշխարության:

Ձեր երեխաների համար լավագույն օրինակն այն է, երբ ամուսինը սիրի կնոջը, իսկ կինը` ամուսնուն:

 

Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ

Մայրը որքան երկար գգվանքով պահում և oրորում է երեխային իր գրկում, երեխան այդքան էլ ուշ է սկսում քայլել:

Ջանացեք ոչ թե ձեր երեխաների մի կտոր հացի համար, այլ՝ հանուն հոգու և խղճի: Եվ ձեր երեխաները կարիքի մեջ չեն լինի, և դուք օրհնված կլինեք երկրում և երկնքում:

Արդարացի՞ է, որ երեխաները տառապում են իրենց ծնողների մեղքերի պատճառով: Բնության մեջ մենք տեսնում ենք, երբ ծառի արմատը վնասվում է, դրա վրա եղած ճյուղերը և տերևները չորանում են: Այնպես որ, նրանք, ովքեր սիրում են իրենց երեխաներին, թող հեռու լինեն մեղքից:

 

Սոֆրոնի վրդ. Սախարով

Մեծ նշանակություն ունի այն փաստը, որ երեխայի մեջ հոսում է աղոթող ծնողների արյունը, հատկապես եթե մայրն աղոթել է, երբ երեխան դեռևս արգանդում է եղել: Օրհնությունը և մոր աղոթքը երեխայի կյանքում մեծ դեր են խաղում, քանի որ սովորաբար մայրը սրտացավ է աղոթում: Իսկ սրտացավ կատարված աղոթքն ունի առանձնահատուկ ուժ:

 

 Սբ. Տիխոն Զադոնացի

Ծնողները պետք է աղոթեն Աստծուն իրենց երեխաների համար, որպեսզի Ինքը` Տերը, սովորեցնի նրանց Իր երկյուղն ու իմաստացնի` փրկվելու համար: Իրենց իսկ օրինակով է հարկավոր երեխաներին կրթել բարի գործերի մեջ: Մատաղ սերունդը և առհասարակ մարդիկ ամեն տարիքում էլ լավագույնս դաստիարակվում են բարի կյանքով, քան խոսքով:

 

 Սբ. Ղուկաս Ղրիմեցի

Այն ամենը, ինչ մաքուր է, այն ամենը, ինչ պայծառ է, բարի և ճշմարիտ, որ տեսնում ենք երեխաների մեջ, մենք պետք է օրինակ դարձնենք ինքներս մեզ համար:

Դուք Աստծո առջև ծանր պատասխան եք տալու ցանկացած գայթակղության համար, որը ձեր երեխաները տեսնում են ձեր մեջ՝ բոլոր վեճերի, հայհոյանքների, դատարկ խոսակցությունների, նրանց աչքերի առաջ տեղի ունեցած վիճաբանությունների համար: Եթե դուք ինքներդ եք այդպես վարվում, ապա ի՞նչ եք սովորեցնում ձեր երեխաներին:

 

Պավել պատրիարք

Եթե մեր երեխաները հավատացյալ լինեն, ապա մեր երկրների ապագան լավ կլինի:

Եթե ալբանուհին յոթ երեխա է լույս աշխարհ բերում, իսկ սերբուհին յոթ աբորտ է անում, ապա ալբանացիներին այդ հողն ավելի շատ է պետք, քան սերբերին…

Ցավոք, մեր հասարակության մեջ կան աղքատ երեխաներ, որոնց իրենց ծնողները չեն տվել ոչինչ… բացի փողից:

 

Արսեն վրդ. Պապաչոկ

-Ինչո՞ւ են երեխաները տառապում: Ինչո՞ւ են փոքր երեխաները հիվանդանում, ինչո՞ւ է երեք-չորս տարեկան երեխայի մոտ քաղցկեղ առաջանում:

-Եվ ես նույնպես հարցնում եմ` ինչո՞ւ: Միայն Աստված գիտի: Պետք է ասել, որ ծնողների գործողությունները, նրանց մեղքերի հետևանքները առնչվում, ազդում են երեխաների վրա: Ծնողները մեղքեր են գործել, ապրել հեթանոսական կյանքով, համարել են, որ ամուսնությունը միայն հաճույքի համար է: Բայց հետո հաճույքն ավարտվում է, և սկսվում է սովորական առօրյա կյանքը, որը շատերը չեն կարողանում տանել: Արդյունքում, ընտանիքում առաջանում են անկայուն վիճակներ: Ամուսնության նպատակը նույնպես հոգու փրկությունն է: Հետևաբար, հարկավոր է ամուսնանալ միայն այն ժամանակ, երբ պատրաստ ես ապրել հոգևոր կյանքով, այլ ոչ թե մարմնավոր կյանքով: Հակառակ դեպքում կարող եք մեղք գործել: Իհարկե, Աստված հանդուրժում է, ուստի, շատ երեխաներ առողջ են:

– Ծնողները կարո՞ղ են ինչ-որ բան անել այդ վատ վիճակը շտկելու համար:

– Այո՛, կարող են անել, բայց դա շատ դժվար է: Այնուամենայնիվ, Տերը կարող է ամեն ինչ իրագործել: Անհրաժեշտ է ապաշխարել:

 

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Երեխաներին շատ խոսքեր պետք չեն: Խոսքերը հարվածում են հոգուն, իսկ աղոթքը թափանցում է դեպի սիրտը: Դարձեք սրբեր և բարի երեխաներ կմեծացնեք:

Երբ ամեն անգամ դու ասես. «Տե′ր, ողորմիր իմ երեխային», քո երեխան Քրիստոսից մի բարի միտք կընդունի: Ինչքան շատ աղոթես, այնքան շատ քո երեխան լավ մտքեր ձեռք կբերի:

Սրբեր դարձեք, և դուք կունենաք բարի երեխաներ:

Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները ինչ-որ լավ բան անեն, ապա մենք պետք է նրանց օրինակով ցույց տանք, թե ինչպես դա անել:

Մայրերը կարողանում են ապրումներ ունենալ, խորհուրդներ տալ, երկար ու բարակ խոսել, բայց չեն կարողանում աղոթել: Շատ խորհուրդները և ցուցումները վնասակար են: Երեխաներին շատ խոսքեր անհրաժեշտ չեն: Խոսքերն ականջին են հնչում, իսկ աղոթքը դեպի սիրտն է գնում: Լավ օրինակով, առանց սթրեսների, հավատքով աղոթք է պահանջվում:

Երբ երեխաները զարգանում են ազատության մեջ, միևնույն ժամանակ տեսնելով մեծահասակների բարի օրինակը, այդ ժամանակ մենք ուրախանում ենք նրանցով: Սա է գաղտնիքը՝ լինել բարի և սուրբ, ոգեշնչող և փայլատակել: Ակնհայտ է, որ ծնողների ճառագումն ազդում է երեխաների կյանքի վրա: Ծնողները պնդում են. «Արի խոստովության մասնակցիր, արի Սբ. Հաղորդություն ստացիր, այս կամ այն գործիր…»: Որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Բայց չէ որ նրանք քեզ են տեսնու՞մ: Ինչպես ապրում ես, այդպես էլ ճառագում ես: Քրիստոս ճառագո՞ւմ է քո ներսում: Սա ազդում է նաև քո երեխայի վրա:

– Երբեք ձեր երեխաները չպետք է լսեն, թե ինչպես եք վիճում իրար հետ: Եթե նույնիսկ  ձեր ձայնը բարձրացնեք միմյանց վրա:

-Բայց հնարավո՞ր է, Հայր Սուրբ:

-Իհարկե հնարավոր է: Հետևաբար, ուշադիր հիշեք իմ խոսքերը` երբեք որևէ վեճ չլինի երեխաների ներկայությամբ: Երբե՛ք:

 

Եպիփան վրդ. Թեոդորոպուլոս

Ավելի շատ Աստծու հետ խոսեք ձեր երեխաների մասին, քան երեխաների հետ Աստծու մասին: Պատանու հոգին տենչում է ազատության, այդ պատճառով է, որ նա դժվարությամբ է ընդունում բազմազան խորհուրդները: Անընդհատ խորհուրդ տալու և ամեն մի մանրուքի համար հանդիմանելու փոխարեն, Քրիստոսին, սբ. Աստվածածնին և սրբերին դա հանձնիր ու նրանց խնդրիր խելքի բերելու նրան:

Ծնողներն իրենց երեխաներին պիտի սիրեն որպես երեխաներ, այլ ոչ թե որպես իրենց կուռքեր, այսինքն` երեխային թող սիրեն այնպես, ինչպիսին նա կա, այլ ոչ թե այնպես, ինչպիսին նրան ուզում են տեսնել…

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ