Լիբանանի հայ համայնքը համարվում է Սփյուռքի և Մերձավոր Արևելքի խոշորագույններից մեկը: Լիբանանի հայերի մեծամասնությունը Օսմանյան Թուրքիայից ներգաղթածների ժառանգներն են: Հազարավոր հայ փախստականներ գաղթում էին Սիրիա և Լիբանան՝ ձևավորելով այնտեղ մի շարք բնակավայրեր: Լիբանանի քրիստոնյաները և մահմեդականները ստեղծեցին բոլոր պայմանները հայ փախստականների համար, գրում է Noev-kovcheg.ru-ն:
Հայերն, իրենց հերթին, մեծ ներդրում են ունեցել Լիբանանի զարգացման գործում: Ողջ պատմության ընթացքում բնակվելով երկրի տարածքում՝ հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի կայացման մեջ և կյանքի տարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն, արվեստ, կրոն: Եվ, իհարկե, հարկ է նշել, որ երեք լիբանանյան նախագահներ հայկական արմատներ ունեն:
Կամիլ Նիմր Շամուն եղել է Լիբանանի նախագահը 1952-1958 թվականներին: Շամունը ծնվել է 1900 թվականի ապրիլի 3-ին, Դել-էլ-Կամար քաղաքում, Օսմանյան կայսրության տարածքում հայ-մարոնիտական ընտանիքում:
Էլիաս Յուսուֆ Սարգիսը եղել է Լիբանանի նախագահը 1976-1982 թվականներին: Սարգիսը ծնվել է 1924 թ. Լիբանանի Շաբանյահ լեռնային գյուղում: Էլիասի հայրը Օսմանյան կայսրությանից գաղթած մաքրարյուն հայ էր, իսկ մայրը` ղպտի քրիստոնյա:
Էմիլ Ջամիլ Լահուդը ողել է Լիբանանի 11-րդ նախագահը, ով զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը գրեթե մեկ տասնամյակ (1998-2007թթ.) Ծնվել է 1936 թվականին Լիբանանյան գեներալի ընտանիքում՝ Ջամիլ Լահուդի և հայուհի` Ադրինե Կարաբաջակյանի, ում ծնողները Լիբանան են փախել Օսմանյան կայսրությունից՝ Հայոց ցեղասպանության տարիներին: Էմիլի և նրա եղբայրների դաստիարակության մեջ մեծ դեր է խաղացել նրանց մայրական կողմի պապիկը` Մինասը: Այդ իսկ պատճառով, չնայած Լահուդի հայրը մարոնիտ էր, նա մեծացել է հայկական ավանդույթների համաձայն:
Էմիլը գնաց հոր հետքերով և դպրոցը ավարտելուց հետո ընդունվեց Բեյրութի ծովային ակադեմիան: Դրանից հետո նա շարունակեց ուսումը Մեծ Բրիտանիայի ռազմածովային քոլեջում: Հետագայում փայլուն զինվորական կարիերան Լահուդին հնարավորություն տվեց դառնալ լիբանանյան զորքերի գլխավոր հրամանատարը: Իսկ 1998 թվականին խորհրդարանը նախագահ ընտրեց 62 ամյա Լահուդին: Ընդհանուր առմամբ Էմիլ Ջամիլ Լահուդը բացարձակ ազնիվ, խելացի, սառնարյուն մարդ էր, չէր սիրում հայտնվել հանրության մեջ, խուսափում էր լրագրողներից:
Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ Լահուդը ակտիվորեն աջակցել է հայ համայնքին: Հենց նա կազմակերպեց հայ բնակչության պաշտպանությունը մահմեդական հարձակումներից:
Լահուդի օրոք ավելի քան 40 հայ տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցրել Լիբանանի տեղական ինքնիշխանության մարմիններում, հաղորդում է Timetoanalyze.wordpress.com-ը:
Լիբանանի միայն երեք քաղաքներում `Լեռնային Լիբանանի, Բեյրութի և Բեքաայի հայերն ընտրվել են քաղաքապետ, փոխքաղաքապետ, քաղաքապետարանի խորհրդի անդամ և համայնքների ղեկավարներ: Նրանցից գրեթե բոլորը ներկայացնում էին ՀՅԴ-ն: Իսկ «Հնչակ» Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից և «Ռամկավար Ազատական» կուսակցությունից ընտրվել է Բեյրութի համայնքների մեկական ղեկավար: Պուրչ Ամուտ և Այնչրա քաղաքների քաղաքապետեր նույնպես հայեր են ընտրվել: Կարելի է ասել, որ սա բացառիկ երևույթ էր ողջ Սփյուռքում:
Էմիլ Լահուդը ակտիվորեն աջակցել է Լիբանանում գտնվող հայերին `սկսած ռազմական կարիերայի տարիներից, ապա նաև նախագահի պաշտոնում, և շարունակում է դա անել մինչ օրս: Էմիլ Լահուդը ամուսնացած է հայուհի Անդրե Ամադեի հետ: Ամուսինների հարսանիքը նույնպես խիստ հայկական ավանդույթների համաձայն է տեղի ունեցել, գրում է Barev.today-ը:
Հենց Էմիլ Ջամիլ Լահուդի ջանքերի շնորհիվ 1997 թ.-ին Լիբանանի Ազգային ժողովն ընդունել է բանաձև, որով ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակի օր: Իսկ 2001 թվականին Էմիլ Լահուդն առաջին անգամ այցելել է Հայաստան:
Աղբյուրը՝ www.armedia.am