ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի նախագիծը, որը մեծ իրարանցում է առաջացրել, մասնավորապես՝ պայմանավորված նրանով, որ հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաեւ այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան եւ այլք։ Բացի այդ, «Հայ գրականություն» առարկայի անունը դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաեւ արտասահմանյան գրականություն եւ հայ ժամանակակից հեղինակների գործեր, որոնց թվում են՝ Ուիլյամ Սարոյան, «Նարինջները», «Հինգ հասած տանձ», «Ծիծաղ» պատմվածքները: Գրիգ, «Հիսուսի կատուն» պատմվածքը: Լյուդվիգ Թոմա, «Քեռի Ֆրանցը» պատմվածքը: Հ. Զուդերման, «Հոգսը» վեպից հատվածներ, Ռազմիկ Դավոյան՝ «Երեկ տխուր, այսօր ուրախ» բանաստեղծությունը: Խաչիկ Մանուկյան, «Բարձունքը մերն է, տղերքը չկան» բանաստեղծությունը: Արմեն Օհանյան, «Կիկոսի վերադարձը» ժողովածուն: Օ՛Հենրի, «Վերջին տերեւը»։ Մարկ Տվեն, «Դրա՞խտ, թե՞ դժոխք» պատմվածքը: Շ. Դրեյփեր, «Աղմկոտ լռություն» վեպից հատվածներ: Հարպեր Լի, «Ծաղրասարյակ սպանելը» վեպից հատվածներ: Արամ Պաչյան, «Թափանցիկ շշեր» պատմվածքը: Հրաչյա Սարիբեկյան, «Հավերժական շարժիչը» պատմվածքը: Հուսիկ Արա, Ներսես Աթաբեկյան, սիրային բանաստեղծություններ՝ աշակերտի եւ ուսուցչի ընտրությամբ: Լեւոն Խեչոյան, «Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպից հատվածներ: Օ՛ Հենրի, Նորավեպեր: Գի դը Մոպասան, Նորավեպեր: Պրոսպեր Մերիմե, «Կարմեն» նորավեպը: Ֆիցջերալդ, «Մեծն Գեթսբի» վեպը: Ուշագրավ է, որ հեղինակները շրջանցել են ռուս գրականությունը։
Արձակագիր Սուսաննա Հարությունյանն ասում է, որ ներկայացված նախագիծն իր վրա «աջաբսանդալի» տպավորություն է թողել․ «Հայ գրականությունից «հայ»-ը հանել են ու գրականությունից ինչ գիտեն, ուզում են նաեւ, որ երեխան էլ դա իմանա, բայց պե՞տք է դա երեխային։ Չես հասկանում նաեւ՝ դա արտասահմանյան, համաշխարհային գրականությա՞ն, թե՞ գրականագիտության դասընթաց է։ Այսինքն՝ իրենց ներկայացրած ծրագրի նպատակը չի հասկացվում։ Հետո՝ իրենք այդտեղ մտցրել են տերմիններ, որ երեխան բավականին կարդացած եւ ինֆորմացված պետք է լինի գրականությունից եւ գրականագիտությունից, որ իրենց ասածները կարողանա անել։ Պետք է հիշել, որ խոսքը դպրոցի մասին է, որը կրթում է տվյալ պետության քաղաքացի, այսինքն՝ ներկայացված ծրագրից անհասկանալի է, թե Հայաստանի դպրոցը որ պետության համար է քաղաքացի կրթում։ Անգլիայում հաստատ Նարեկացի չեն խցկում իրենց երեխաների ուղեղը, թեեւ իրենց շատ հեղինակներից հազար գլուխ բարձր է։ Այսինքն՝ այդ ծրագրի նպատակն է անհասկանալի, եթե դա ինչ-որ սիրողական խմբի համար լիներ՝ գրքասերների ակումբի կամ գրական խմբակի, հասկանալի կլիներ, բայց սա դպրոցական ծրագիր է, որը պիտի ունենա որոշակի նպատակ, առաքելություն։ Երբ պետությունը ծախս է անում եւ կրթում է իր քաղաքացուն, նա պետք է հասկանա, թե վերջնարդյունքում ինչ է ուզում»։
Ծրագրում զուգահեռաբար ընդգրկված են նաեւ թարգմանական եւ հայերեն գրված գործեր, որը, Հարությունյանի կարծիքով, իրարից տարբեր բաներ են․ «Թարգմանությունը լրիվ այլ բնագավառ է եւ ոչ միշտ է լավ արված լինում, նրբություններ կան, որ տանուլ է տալիս թարգմանելիս։ Այսպիսի անհասկանալի շիլաշփոթ է, եւ չգիտեմ՝ այդ մարդիկ դպրոցի հետ կապ ունե՞ն, թե՞ ուզեցել են իրենց կրթական ֆանտազիաներն իրականացնել այդ ծրագրով։ Ո՛չ գիտական, ո՛չ մանկավարժական տեսանկյունից արդարացված չէ այդ ծրագիրը։ Զարմանալի էր նաեւ ժամանակակից գրողների ընտրությունը։ Այսինքն՝ մի հաջող պատմվածք գրած գրողը հայտնվել է դասականների կողքին, իսկ դասագիրքը, բոլոր դեպքերում, ակադեմիական ճաշակ, ակադեմիական ընտրություն է պահանջում, եւ մարդը, ով 20-30 տարի կյանք է մաշել, գոյություն չունի այդ ցուցակում։ Մենք ասում ենք՝ այսօրվա հերոսը չկա, բայց Զորայր Խալափյանի «Կճուճների թագավորը» հոյակապ ներկայացնում է հայի կերպարը, թե ինչպես հասարակ ձիապանից հայ մարդը դառնում է Բյուզանդիայի կայսր։ Հիմա Զորայր Խալափյանը չկա, բայց կան շատ անհասկանալի հեղինակներ, որոնց ասում ենք տաղանդավոր՝ ելնելով այն սկզբունքից, որ դեռ սկսնակ են եւ պետք է կայանան»։ Նա հավելում է, որ կազմված այդ նախագիծը ոչ մի տրամաբանությամբ չի բացատրվում։
Ս․ Հարությունյանն այս հարցի լուծումը տեսնում է այդ հանձնաժողովը ցրելու մեջ։ «Չկա Երեւանում գործող մի համալսարան, որ չունենա հայ գրականության ամբիոն, կան առաջատար դպրոցներ, ուսուցիչներ, այդ ամբիոններում աշխատող գիտնականներ, որոնք իրենք պետք է առաջարկեն ծրագիր։ Իսկ հանձնաժողովում ինձ անծանոթ կանայք են ընդգրկված, որոնցից չեմ կարդացել գրականության եւ ժամանակակից գրականության մասին որեւէ լուրջ դիտարկում, հոդված։ Միակ ծանոթ անունն ինձ համար արձակագիր Գրիգի անունն է»,- ասում է Հարությունյանը, ում կարծիքով՝ նախարարի հրաժարականն ամեն օր պահանջելն այդքան էլ ճիշտ չէ․ «Գոնե շարքային քաղաքացու համար դա ավելորդ եւ անիմաստ լարվածություն է, ուղղակի մենք պետք է հստակ թելադրենք մեր պահանջները, եթե իրենք չեն պատկերացնում, թե դպրոցը, կրթությունն ինչի համար են, պետք է հստակ բացատրել, ի վերջո՝ պրոֆեսիոնալիզմը լավ բան է, պարտադիր չէ, որ նախարարության աշխատողները որոշեն, թե դպրոցում ինչ եւ ում անցնեն»։
Գրականագետ Սամվել Մուրադյանն ասում է, որ առարկան՝ անվանումից սկսած, ոչ թե վերախմբագրվել է, այլ՝ ոչնչացվել։ «Եթե մենք դպրոցից հանում ենք Խորենացուն, Նարեկացուն եւ տեղը դնում ենք, ասենք, Արմեն Օհանյան, որի ստեղծագործությունը սեռական խայտառակ դրսեւորում է, ես դրա ի՞նչը պետք է հավանեմ․․․ եվրոպական, թարգմանական գրականություն են բերել մտցրել, դրանցից ո՞ր մեկն ունի Գրիգոր Նարեկացու արժեքը։ Ժամանակակից գրողների հիմարությունները դեռեւս քննություն չբռնած՝ գեղարվեստական կասկածելի արժեքները մտցնում են դպրոց, որ ի՞նչ անեն։ Եթե բանական նորմալ մարդիկ լինեն, կվերանայեն, կփոխեն ծրագիրը, եթե՝ չէ, կմնա նույնը»,- ասում է Մուրադյանը, ով թերահավատորեն է արձագանքում հանձնաժողովում ընդգրկված մասնագետների հասցեին․ «Ի՞նչ մասնագետներ են նրանք, ես չգիտեմ էլ, թե ովքեր են, բայց նրանց արարքից երեւում է, որ նրանց մեջ հայ գրականության մասնագետ չկա»։
Թե ինչով է բացատրում նման մոտեցումը «Հայ գրականություն» առարկայի նկատմամբ, ապա «մարդիկ որոշակի ծրագիր են իրականացնում, փող են ստացել՝ քանդում են հայ դպրոցն ու տունը։ Մեր դեմ՝ հայ-ադրբեջանական սահմանին կանգնած թուրք զինվորը դաստիարակվել է այնպես, որ սա իրենց երկիրն է, որ Երեւանն իրենց քաղաքն է՝ Արեւմտյան Ադրբեջան է։ Նրանց այդպես դաստիարակում՝ ուղարկում են մեր դեմ կռվելու եւ իրենց ենթադրյալ հայրենիքն ազատագրելու, իսկ մենք մեր ունեցած հայրենիքի գիտակցությունից զրկում ենք հայ երեխային։ Ամբողջ աղետը դա է․․․։ Մեր երկրում ե՞րբ են մասնագետի կարծիքը լսել, հաշվի առել, որ հիմա հաշվի առնեն: Հիմա եթե նախարարի հրաժարական պահանջեմ, պիտի նորից նրա նման մեկին բերեն դնեն նախարար, ու նույն գործողությունը շարունակվի։ Պետք է նորմալ հանձնաժողով ստեղծվի՝ մասնագետներից կազմված, որ այդ հարցերը լուծի»։
ԵՊՀ Հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում եւս անդրադարձել էր հանրակրթության չափորոշիչներին եւ «Գրականություն» առարկային, մասնավորապես գրելով․ «Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո, առանց դիվանագիտության եւ քաղաքավարական սեթեւեթանքների, միանգամից ասում եմ՝ դա ապուշություն է, այն աստիճանի անհեթեթություն, որ նախագիծը կետ առ կետ քննարկելն ու հերքելը ինքնաբերաբար նույնպես կվերածվի ապուշության։ Ասում են՝ նախարարը եւ գործող կառավարությունը դեմ են ամենայն ազգայինին։ Միգուցե։ Բայց սա, պետական կարեւորագույն հարց լինելուց բացի, նաեւ մասնագիտական հարց է։ Նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձեւակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»։ Ինձ դիմողներն ասում են, որ դիտավորյալ դուրս է մղվել հայ հին գրականությունը՝ Խորենացուց ու Նարեկացուց մինչեւ Սայաթ-Նովա։ Այո՛, բայց ոչ միայն։ Թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում հայ հեղինակները տրված են սոսկ որպես իլյուստրատիվ նյութ։ Տասներկու տարի դպրոցում սովորած երեխան այդ ծրագրով այդպես էլ չի իմանա՝ ով է Եղիշե Չարենցը, ինչ կենսագրություն ունի, որ ստեղծագործությունը երբ է գրվել եւ ինչ բովանդակություն ու գեղարվեստական հատկանիշներ ունի»։
Աղբյուրը՝ www.hraparak.am