Գլխավոր Լրահոս «Մարությանը Հոլոքոստի պատմության մեջ ընդունված որոշ եզրույթներ արհեստականորեն փորձում է ներդնել Հայոց ցեղասպանության թեմայի մեջ». Հայկ Դեմոյան. 168.am

«Մարությանը Հոլոքոստի պատմության մեջ ընդունված որոշ եզրույթներ արհեստականորեն փորձում է ներդնել Հայոց ցեղասպանության թեմայի մեջ». Հայկ Դեմոյան. 168.am

by admin
0 մեկնաբանություն 2425 դիտում

Ապրիլի 6-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն տարածեց` Ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ տալով «ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ» հիշողության ակցիայի մեկնարկը:

Այս շրջանակում թանգարան-ինստիտուտը ՀՀ քաղաքացիներին, բոլոր հայրենակիցներին, հայ ժողովրդի բարեկամներին կոչ է անում ապրիլի 24-ին Դիմատետրում (Ֆեյսբուքում) իրենց՝ օգտատերերի լուսանկարները փոխարինել հատուկ այդ նպատակով ստեղծված հուշային շրջանակի մեջ առնված իրենց հարազատների՝ զոհ կամ վերապրող, լուսանկարներով, դրա բացակայության պարագայում՝ անուն-ազգանունով, նաև մի փոքր պատմությամբ նրա/նրանց մասին։

«Եթե չկան զոհ կամ վերապրող հարազատներ, ապա տեղադրեք Ցեղասպանության զոհ արևմտահայ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների, ֆիդայիների, շարքային զինվորների ու զորավարների լուսանկարները։ Դրեք արևմտահայության մշակութային ժառանգության գանձերի լուսանկարները, կիսվեք Արևմտյան Հայաստանի ձեզ հասանելի պատկերներով։ Եվ ընդամենը մեկ պարզ գրությամբ՝  ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ»,- ասվում էր կոչի մեջ:

«Պահանջում եմ»-ի բացակայությունը որոշակի շրջանակներում, կամ որոշ քաղաքական, կուսակցական, հասարակական գործիչների, քաղաքացիների շրջանում դժգոհություն առաջացրեց, ինչից ելնելով՝  թանգարան-ինստիտուտը «Հիշում եմ»-ը դարձրեց «Հիշում եմ և պահանջում», ինչպես ամրագրված է 2015 թ. ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում»:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջարկի մեջ՝ Դիմատետրում օգտատերերի լուսանկարի փոփոխված տարբերակում հուշային շրջանակի վրա գրել «Հիշում եմ» բառակապակցությունը՝ հանրության որոշ շրջանակների մեջ թյուր տպավորություն ստեղծեց քաղաքական գծի փոփոխության մասին, մենք որոշեցինք խուսափել հնարավոր շահարկումներից, փարատել մեր հայրենակիցների անհանգստությունները և փոխել հուշային շրջանակի գրությունը՝ որպես ձևակերպում օգտագործելով 2015 թ. ընդունված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրում» առաջ քաշված «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը:

Մեր հիմնական առաջարկն ու խնդրանքը մեր հայրենակիցներին շարունակում է մնալ նույնը՝ կիսվել Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների լուսանկարներով ու պատմություններով Դիմատետրի էջերում»,- նշվում է վերաձևակերպված հայտարարության մեջ:

Մինչ այդ պարզաբանել էին, թե որևիցե քաղաքական նպատակ չեն հետապնդել, և, որ պահանջատիրությունն ինչպես կար, այնպես էլ շարունակում է ու կշարունակի մնալ մեր բոլորիս պայքարի առանցքում:

Թեպետ առաջին հայտարարության մեջ մի միտք է առաջ քաշվում, թե մեկ դար է անցել Ցեղասպանությունից, ժամանակներ են փոխվել, ուստի անհրաժեշտ է դրան ընդառաջ քայլել:

«Մեկ դար է անցել Ցեղասպանությունից։ Դա հսկայական ժամանակ է։ Փոխվել են ժամանակները. ներկայում Հայաստանի երիտասարդ Հանրապետությունը երեսուն տարեկան է։ Եկել է նաև որոշ իրողություններ վերաիմաստավորելու, վերասահմանելու ժամանակը»,- կարծում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Նույն հայտարարության միջոցով շրջանառության մեջ է դրվում «դիմադրողներ» եզրը, իսկ Արևմտյան Հայաստանի հայերը սովորական «դիմադրողներ» չէին, այլ` հայրենազուրկներ:

«Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրուցում թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, որը համաձայնել է «Հիշում եմ» կարգախոսին, ասում է, որ պիտի հաղթահարել «զոհի» բարդույթը: Այո, պիտի: Եվ այն, որ պետք է անցնել Ցեղասպանության տարիներին շուրջ մեկ տասնյակ դիմադրություններին, դարձյալ համաձայն ենք, բայց առանց թաքնված նպատակների և բառախաղերի:

«Մյուս կարևոր հանգամանքը բարոյական դիմադրությունն է, որին մեր պատմագրության մեջ շատ քիչ ուշադրություն է դարձված։ Դրսում ընդունված է «հումանիտար դիմադրություն» տերմինը։

«Դա նշանակում է, որ մենք ծավալել ենք նաև որբախնամ գործունեություն, համայնքներն օգնել են տեղահանվածներին, ուտելիք են տվել, գումար։ Այն, որ մարդիկ փախել են, մնացել թաքստոցներում, նույնպես բարոյական դիմադրություն է, քանի որ, ի վերջո, չեն հանձնվել, չեն զոհվել, չեն վերացել, կենդանի են մնացել, հետևաբար և հաղթել են. դա ցուցիչ է, որ մարդիկ բարոյապես չեն ընկճվել, պայքարել են ամենատարբեր ձևերով։ Հենց դա էլ հումանիտար դիմադրությունն է, և այս ամենը պետք է մանրակրկիտ վերհանել։ Ցավոք, «բարոյական հաղթանակ», «բարոյական դիմադրություն» ձևակերպումները մի քիչ արժեզրկվել են մեր իրականության մեջ, բայց դրանք իրապես կարևոր են։ Մենք դիմադրությունը միշտ ընկալում ենք միայն զենքը ձեռքին, բայց դա այնքան էլ միանշանակ չէ»,- հավելում է Մարությանը թերթին տված հարցազրույցում:

168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը նախ անդրադառնալով Հարություն Մարությանի առաջ քաշած «դիմադրողներ» եզրույթին՝ նշեց.

«Հ. Մարությանն ուղղակի կամ անուղակի ներազդված է Հոլոքոստի պատումով: Վերջին մի քանի տարիներին հենց այդ թեմայով է զբաղվում, և Հոլոքոստի պատմության մեջ ընդունված որոշ եզրույթներ` առանց դրանց խորքային վերլուծության, արհեստականորեն փորձում է ներդնել Հայոց ցեղասպանության թեմայի մեջ: Սա ուղղակի հակագիտական մոտեցում է: Թուրքերն էլ կարող են ասել` դիմադրել ենք պետությանը, բանակին, մենք էլ մեր գործն արել ենք»:

Դեմոյանն անդրադառնալով  նաև «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսի վերախմբագրված տարբերակին, դրան հաջորդած ինքնարդարացմանը, իսկ փաստացի՝ ելակետային դրույթների ու ձևակերպումների հապշտապ հերքման ճիգերին, որոնք գործադրվեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կողմից՝ ասաց, որ դա բնավ սայթաքում կամ չկշռադատված գործողություն չէ, ապա  մեջբերելով 2019-ի դեկտեմբերին  Հունաստան կատարած այցի ժամանակ տրված հարցազրույցում Հարություն Մարությանի արտահայտած մտքերը, որտեղ թանգարան-ինստիտուտի տնօրենը շեշտում է` 1915 թ. իրադարձությունների մասնագետ չէ, շարունակեց.

«Ինչո՞վ է պայմանավորված ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նման վարքագիծը և արդյո՞ք այս դեպքում գործ ունենք չկշռադատված գործողության ու աններելի մի սայթաքման հետ: Ավա՜ղ, ոչ, այս ամենը լոկ վերոնշյալ անձի կողմից վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհների մեջ ներգրավված լինելու և ակնկալված միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային «հղկման» գործընթացներով անցնելու հետևանքն է: Խոսենք հստակ օրինակներով ու փաստերով, ըստ այդմ` կանդրադառնամ Հունաստան կատարած գործուղման ընթացքում տված հարցազրույցում հնչած պատասխաններին առանձին կետերով.
1. Ցեղասպանության թեմայի շուրջ հույն լրագրողի հարցին Հարություն Մարությանը, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանում է. «Գիտեք, ես հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չեմ…»:
Այստեղ սարսափելին այն չէ, որ օրը ցերեկով բոլորիս համար հատուկ նշանակություն ու խորհուրդ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հայտարարում է, թե Ցեղասպանության թեմայի մասնագետը չի: Սոսկալին այն է, որ Հ. Մարությանը խուսափելով «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից, կիրառում է թուրքական ժխտողական պատմագրության կողմից լայնորեն կիրառվող «իրադարձություններ» եզրույթը: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու թանգարանի ցուցադրություններում «Եղեռն» բառը փոխարինում է «ցեղասպանություն» կարևոր ու տարողունակ եզրույթին:
2. Հ. Մարությանի մյուս վտանգավոր «ակադեմիական» նորամուծությունը հայերի դիմադրությունը (այսպես է նա անվանում ինքնապաշտպանական մարտերը) Հայոց ցեղասպանության թեմայում գլխավոր պատում դարձնելու և տեղի ունեցած հանցագործության անմարդկային ու քստմնելի դրվագներն ու հետևանքները երկրորդ պլան մղելու ջանքերն են: Հ. Մարությանը պարզապես չի հասցրել գիտակցել, որ այս տեսակ պնդումները չեն կարող դիտվել՝ որպես կամակոր ոճով պարտադրվող եզրահանգումներ ու անվերապահ հաստատագրում: Ոչ մեկը լիազորված չէ և իրավունք չունի Հայոց ցեղասպանության թեմայում անհատական տեսակետներ ու մոտեցումներ պարտադրել բոլորին, առավելևս՝ խոսել վերաիմաստավորումներից, անգամ, եթե այդ անձը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է:
3. Հաջորդ միտքը. «… Ես եկել եմ թանգարան-ինստիտուտ, որպեսզի որոշ փոփոխություններ իրականացնեմ, քանզի հիշողությունը կայուն ու հաստատ երևույթ չի, այլ ենթակա է փոփոխությունների: Հատկապես, երբ ցանկանում ենք երիտասարդներին մատուցել այս հարցը, պետք է որոշ դրական տարրեր ներկայացնենք, ինչպես, օրինակ, օգնությունը, խոսել համերաշխության մասին: Ինչո՞ւ խոսենք ջարդերի ու կոտորածների մասին միայն, եկեք խոսենք նաև այլ հարցերի մասին: Շատ դժվար է կարծրատիպերը փոխել, ժամանակ է պետք, և ես ենթարկվում եմ քննադատության»: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է մատուցվի ցեղասպանության թեման, երբ ինքդ քեզ համարում ես այդ թեմային չտիրապետող անձ:
4. Հաջորդը. «Ես ազգագրագետ եմ, և գործ ունեմ մարդկանց հետ, պատմաբանները գործ ունեն փաստաթղթերի ու գրքերի հետ, բայց այստեղ պետք է մարդկանց հետ գործ ունենանք. արդյո՞ք նրանք փոփոխություններ են ցանկանում, այլ տեսակետներ լսել»:
Հիմա հասկանալի՞ է, որ առաջին հայացքից այս մարդկային թվացող ցանկությունների տակ Հ. Մարությանը պարզապես փաթեթավորում և մեզ է մատուցում Հայոց ցեղասպանության ժխտման մի նոր ու չափազանց վտանգավոր դրսևորում, որի հետևանքների հետ դեռ երկար ժամանակ ստիպված կլինենք գործ ունենալ: Սրա հերթական դրսևորումը հենց պահանջատիրության կարևոր դրույթը նսեմացնելու և այն խմբագրելու անթաքույց ցանկությունն էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Նյութի աղբյուրը՝ 168.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ