Գլխավոր Ընդհանուր Պետական խնդիրների արդյունավետ լուծման կարևոր կռվան

Պետական խնդիրների արդյունավետ լուծման կարևոր կռվան

by admin
0 մեկնաբանություն 923 դիտում

Ելնելով այն իրողությունից, որ ընտանիքի ավանդական արժեքների պահպանումն էթնիկական ինքնապաշտպանության միջոց է, «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» ձեռնարկի ամենակարեւոր առանձնահատկություններից մեկը կարելի է համարել այն, որ քննարկվում է էթնոմշակույթի դաստիարակչական միջոցների համակարգված կիրառումը՝ որպես պետական խնդիրների արդյունավետ լուծման կարեւոր կռվան:

Աշոտ Մանուկյանի ձեռնարկը նվիրված է ընտանիքի եւ պետության բնականոն զարգացման դեմ ծնվող այն մարտահրավերների հաղթահարմանը, որոնք արդյունք են տնտեսության եւ մշակույթի համաշխարհայնացման գործընթացների:

Ուսումնական ձեռնարկն արդիական է եւ լուրջ ներդրում է մանկավարժական գիտության մեջ, քանի որ խոր եւ բովանդակային վերլուծություններով դիտարկվել են ընտանեկան դաստիարակության տեսագործնական հարցեր, նախանշվել են այդ գործընթացի իրականացման մեթոդներն ու միջոցները՝ այն առավել արդյունավետ եւ նպատակային իրականացնելու համար:

Ձեռնարկում տեղ են գտել հայ էթնոմանկավարժական մշակույթում արտացոլված դաստիարակչական արժեք ունեցող փիլիսոփայական, պատմագիտական, բանասիրական, կրոնադիցական, ազգագրական, արվեստագիտական բազմաթիվ նյութերի վերաբերյալ ինքնատիպ վերլուծություններ՝ մերձավորարեւելյան, կովկասյան, նորդական, հնդկական, չինական մշակույթների համեմատության եւ համադրության համատեքստում:

Ընտանիքի դաստիարակչական մշակույթի ուսումնասիրման տեսանկյունից ուշագրավ է նաեւ այն, որ Ա. Մանուկյանն առանձնացրել ու կարեւորել է կնոջ դերակատարումն ընտանեկան էթնոդաստիարակչական մշակույթի ձեւավորման, պահպանման եւ զարգացման գործընթացում: Մշակութային համոզիչ օրինակներից բխեցվել է այն թեզը, որ հայ էթնոմանկավարժական մշակույթը կարեւոր միջոց է ընտանեկան բռնությունների կանխարգելման գործում: Կարեւորվում են միջսերնդային ներդաշնակ երկխոսության մշակույթի դաստիարակումը, ինչպես նաեւ ըստ բնահամապատասխանության եւ մշակութահամապատասխանության սկզբունքների  դաստիարակության կարեւորումը՝ որպես կենսունակ ընտանիքի, հասարակության եւ ամուր պետության կայացման պայման:

Հեղինակը կատարել է հսկայածավալ աշխատանք, հետազոտված են տարաբնույթ  սկզբնաղբյուրներ, իսկ ամփոփումներն իրականացվել են տեւական դիտարկումների հիման վրա: Ձեռնարկի շարադրանքը մատչելի է եւ կատարված է ապացուցողական մեթոդաբանությամբ: Ձեռնարկում ներառված «Ընտանեկան դաստիարակություն եւ արժեբանություն» դասընթացի աշխատանքային ծրագիրը՝ կառուցվածքային-բովանդակային բաղադրիչների համալիր նկարագրմամբ, մեծացնում է աշխատանքի գիտագործնական եւ ուսումնամեթոդական արժեքը:

Ձեռնարկն օգտակար կլինի հանրակրթական ավագ դպրոցի դպրոցական բաղադրիչի շրջանակներում դասընթացների ուսումնասիրման, դաստիարակչական աշխատանքների, ինչպես նաեւ դասղեկի աշխատանքի առավել նպատակային իրականացման տեսանկյունից: Աշխատանքի բովանդակային հագեցվածությունը եւ ուշագրավ դիտարկումները կարող են ուղղակիորեն նպաստել ընտանեկան դաստիարակությանը ներկայացվող արդի պահանջների իրականացմանը:

Ձեռնարկի յուրաքանչյուր բաժին ավարտված է էթնոմանկավարժական մշակույթի միջոցներով ընտանեկան դաստիարակության վերաբերյալ գործնական-մեթոդական  հանձնարարականներով, առաջադրանքներով, որոնք  ապահովում են ձեռնարկի ուսուցաբանական արժեքը։ Յուրաքանչյուր բաժին ավարտվում է օգտագործված եւ երաշխավորվող գրականության ցանկով:

Ա. Մանուկյանի հեղինակած «Ընտանեկան դաստիարակությունը հայ էթնոմանկավարժական մշակույթում» խորագրով ձեռնարկը կիրառական նշանակություն ունեցող ներդրում է մանկավարժական գիտության բնագավառում:

 

Պարգեւ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մանկավարժական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր

Աղբյուրը՝ www.hhpress.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ