Գլխավոր Հոգևոր Սուրբգրային մեջբերումներ (Աստծո կամքը)

Սուրբգրային մեջբերումներ (Աստծո կամքը)

by admin
0 մեկնաբանություն 198 դիտում

Եվ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ նորոգվեցե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին և հաճելին և կատարյալը (Հռոմ. 12.2):

Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը (Ա Տիմոթ. 2.4):

Ուրա՛խ եղեք միշտ, անդադար աղոթեցե՛ք, ամէն ինչում գոհություն մատուցեցեք, որովհետև ա՛յդ է Աստծու կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս (Ա Թեսաղ. 5.16-18):

Որովհետև Աստծու կամքը ա՛յս է. որ դուք սուրբ լինեք, հեռու մնաք պոռնկությունից. ձեզնից յուրաքանչյուր ոք գիտենա իր մարմինը պահել սրբությամբ ու պատվով և ոչ թե ցանկության կրքով, ինչպես այլ հեթանոսներ, որ չեն ճանաչում Աստծուն (Ա Թեսաղ. 4.3-5):

Ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը. և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն (Եբր. 13.22):

Որովհետև Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը (Ա Պետր. 2.16):

Ստուգեցե՛ք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. և խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, այլ մանավանդ մերկացրե՛ք դրանք (Եփես. 5.10-11):

Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պէտք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղէք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը (Եփես. 5.15-17):

Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն ապաշխարեն (Բ Պետր. 3.9):

Պատմվե՞ց քեզ, ո՛վ մարդ, թե ի՛նչ է բարին և ի՞նչ է ուզում քեզնից Տերը. իրավունք հաստատել, ողորմություն սիրել և պատրաստ լինել քո Տեր Աստծու հետևից  գնալու (Միքիա 6.8):

Ստուգեցե՛ք, թէ ո՛րն է հաճելի Տիրոջը. և խավարի անպտուղ գործերին մասնակից  մի՛ եղեք, այլ մանավանդ մերկացրե՛ք դրանք (Եփես. 5.10-11):

Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը (Եփես. 5.17):

Քո թագաւորությունը թող գա. քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է՛ (Մատթ. 6.11):

Որովհետև, ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը և քույրը և մայրը (Մարկ. 3.35):

Եթե մեկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին, թե Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ Ով ինքն իրենից է խոսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, և նրա մեջ սուտ բան չկա (Հովհ. 7.17-18):

Որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել (Ա Պետր. 3.17):

Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկը աստվածապաշտ է և նրա կամքը կատարում է, նրան լսում է (Հովհ. 9.31):

Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի (Ղուկ. 22.42):

Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի, Աստծու կամքը կատարելով, հասնեք նրա խոստմանը (Եբր. 10.33-34):

Թե՛ այս աշխարհն է անցնում, թե՛ ցանկությունը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան (Ա Հովհ 2.17):

«Բայց ինչպե՞ս է ձեզ թվում. մի մարդ երկու որդի ուներ։ Առաջինին մոտենալով՝ նա ասաց. «Որդյա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»։ Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տե՛ր». ու չգնաց։ Մոտեցավ մյուսին էլ եւ նույնն ասաց։ Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»։ Բայց հետո զղջաց և գնաց այգին։ Արդ, երկուսից  ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին՝ վերջինը։  Հիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներ ու պոռնիկներ ձեզնից առաջ պիտի հասնեն արքայություն (Մատթ. 21.28-31):

Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես արժան է աղոթել. բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ անմռունչ հառաչանքով։ Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտի, թէ ինչ խորհուրդ ունի Հոգին, քանի որ ըստ Աստծու կամքի է բարեխոսում սրբերի համար (Հռոմ. 8.26-27):

Սովորեցրո՛ւ ինձ կատարել կամքը քո, քանզի դու ես Աստվածն իմ, քո բարի հոգին ինձ պիտի առաջնորդի դէպի արդար երկիր (Սաղմ. 142.10):

Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է (Մատթ. 7.21):

Հետևաբար նրանք, որ չարչարվում են ըստ Աստծու կամքի, բարեգործություն անելով թող իրենց հոգիները հանձնեն հավատարիմ Ստեղծողին (Ա Պետր. 4.19):

Դրա համար մենք էլ՝ այն օրվանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի լցվեք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարյալ իմաստություն եւ հոգևոր իմացություն՝ ապրելու համար Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու և Աստծու գիտությամբ աճելու համար՝ զորացած նրա ամբողջ ուժով, նրա փառքի զորությամբ, կատարյալ համբերությամբ և հարատևությամբ (Կողոս 1.9-11):

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ