Դեռևս 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հավակնում էր իշխանության գալու, մի միտք ինձ հանգիստ չէր տալիս. «իսկ ո՞վ է լինելու հաջորդը»:
Հարցը առաջացել էր մի պարզ պատճառով. արցախյան շարժումը որպես «քաղաքական հոսանք» անկում էր ապրում (թե ինչու էր շարժումը «տեղայնացվել» և չէր կոչվում ասենք, Անկախության շարժում, դա լրիվ այլ հարց է), և ակնհայտ էր, որ չկար այն «հոսանքը», որտեղից կարող էին ծնվել նոր առաջնորդներ:
Հենց այս խզման արդյունքում մենք չունենք Արցախ, հենց այս պատճառով Հայաստանը կանգ է առել պետականության կորուստի խնդրի առաջ:
Այսօր Տավուշը Հանուն Հայրենիքի շարժումը, շատ ընդհանրություններ ունենալով Արցախյան շարժման հետ, ունի առանցքային 2 տարբերություն՝
1. այն գլխավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Սրբազան հայրը, որը ունի ազգային առաջնորդի բոլոր հատկանիշները, ունի անթերի և անխոցելի կենսագրություն (դա է փաստում իշխանությունների անզորությունը նրա վարկաբեկման փորձերում), եկել է հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև բացառում է ատելության քարոզը,
2. Տավուշից սկիզբ առած շարժումը շատ կարճ ժամանկում տրանսֆորմացվեց Համազգային շարժման, դուրս եկավ աշխարհագրական սահմաններից ոչ միայն ֆիզիկապես, այլև գաղափարապես՝ բացառելով հետագայում հնարավոր ձևակերպումը, թե դա տավուշցու խնդիրն է, ինչպես ժամանակին ասում էին. «թող արցախցիները իրենց հարցերը լուծեն»;
Անկախ տարբեր գնահատականներից, պետք է փաստենք, որ Հայաստանի Հանրապետության գաղափարական հիմքը հենց Արցախյան շարժումն էր, 2012 թվականից փորձ կատարվեց նժդեհականության քաղաքական հոսանք ձևավորել, սակայն հասարակության լայն շերտերի կողմից ընկալվեց որպես հարատև իշխանության ձգտման փորձ, հետևաբար մերժվեց:
Հիմա, ի շնորհիվ համաժողովրդական, Համազային շարժման մենք ստացել ենք ևս մեկ հնարավորություն նոր քաղաքական հոսանք ձևավորելու, որի հիման վրա կկառուցենք բովանդակային նոր պետություն:
Իհարկե, դեռ քաղաքական առանցքի, կազմակերպման հիմքերը նոր-նոր են ձևավորվում, սակայն փաստ է, որ շարժման հաջողության այլընտրանքը անկախ պետության կորուստն է…..