Գլխավոր Հոգևոր Համբերության մասին

Համբերության մասին

by admin
0 մեկնաբանություն 2955 դիտում

Իոանն վրդ. Կրեստյանկին (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Եթե Ձեր ձեռքերում մի մանուկ լիներ, մի՞թե նրանից պահանջելու էիք այն, ինչ նա չի կարող տալ: Ահա և մերձավորները Ձեր հոգևոր երեխաներն են, իսկ Դուք ո´չ համբերություն, ո´չ իրական սեր ունեք:

Ամենից գլխավորը մեզ համար համբերություն և խոնարհություն սովորելն է:  Խոնարհությամբ կհաղթենք բոլոր թշնամիներին` դևերին, իսկ համբերությամբ` կրքերին, որոնք պայքարում են մեր հոգու և մարմնի դեմ:

Աղոթել սովորելը երկար գործ է և մեծ աշխատանք է, շատ մեծ համբերություն է պետք այս դպրոցում: Բայց հետո, նա, ով կրելու է այս գիտության բոլոր դժվարությունները, կյանքը խնդություն է դառնում Տիրոջով:

Ում հետ մարդը սկսի ընտանեկան կյանք կառուցել, նա փորձությունների շրջան  է անցնելու: Ի վերջո, պատրաստի երջանկություն չկա… Երջանկությունը նույնպես պետք է համբերատար աճեցնել և երկու կողմերի բազում ջանքերով:

Հոգու գեղեցկությունը ձևավորվում է խոնարհությունից, մաքրությունից, համբերությունից և սիրո բարի գործերից:

 

Թադեոս վրդ. Վիտովնիցկի (Սերբ Ուղղափառ Եկեղեցի)

 Ինքդ քո մասին պետք չէ շատ մտածել, որովհետև մեր պահանջմունքների մասին մտածելով՝ մենք ինքներս մեզ ենք խանգարում: Մենք ինքներս ենք մեր ամենամեծ խոչընդոտը: Մտածում ենք չարիքի մասին, որը մեր շուրջն է, որը մեզ վիրավորանք է պատճառում, բայց եթե չարը չլիներ հենց մեր ներսում, այն մեզ վիրավորանք չէր պատճառի: Պետք է համբերել և ներել: Սրտին մոտ չընդունել վիրավորանքները:

 

Նիկոն Վորոբյով (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Սովորիր աղոթել և ամեն ինչ համբերել, ինչպես Տեր Հիսուս Քրիստոս համբերեց: Եթե Նրան ծաղրեցին և խաչեցին, այդժամ մենք ինչպես ակնկալենք ի՞նչ-որ արդարություն: Այն չկա երկրի վրա և չի լինի:  Արդարությունն ու ճշմարտությունը խաչված են խաչի վրա…

Մի´ մտածիր հեռավոր ապագայի մասին: Խնդրիր օրն անցկացնել այնպես, ինչպես անհրաժեշտ է, իսկ հաջորդ օրը հոգ կտանի ինքն իր համար… Ընդունիր ամեն ինչ` և´ ուրախությունը, և´ վիշտը` որպես տրված այն հենց Տիրոջ ձեռքից և ամեն ինչի համար գոհություն հայտնիր և համբերություն ու գոհաբանության զգացում խնդրիր: Մի´ վախեցիր, պարզապես հավատա և Տիրոջը հետևիր…

Միայն առանց տրտնջալու համբերիր քո հիվանդության համար և Աստծուն գոհություն հայտնիր, թեև նույնիսկ սիրտը հակառակվել է, բայց այդժամ կտեսնես Աստծո զորության գործողությունը քո սրտում: Այդժամ հենց սիրտն արդեն Նրան գոհություն կհայտնի: Բայց դեռևս համբերիր:

Հիշեք, որ ավազակը խաչի վրա դեռ մի քանի ժամ կախված էր և մեծապես տառապում էր իր մեղքերի համար, թեև արդեն ներում էր ստացել: Այդպես և մենք շատ բան պետք է համբերենք:

 

Շենուդա Գ հայրապետ (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի)

Երբ ինչ-որ մեկը քեզ վատ է վերաբերվում, դիմավորիր տոկունության պտղով, երբ փորձության միջով ես անցնում, դիմավորիր համբերության և գոհաբանության պտուղներով:  Երբ գովասանք ես լսում, դիմավորիր խոնարհության պտղով՝ գովասանքներն ուղղելով Աստծուն:

Համբերիր ուրիշների թերությունները, ինչպես Աստված համբերում է քո թերությունները:  Համբերիր, ոչ թե կարծրությամբ կամ դառնությամբ, այլ՝ սիրով, զգալով, որ յուրաքանչյուր մարդ ունի իր թերությունները, և գուցե նրանք ունեն նաև որևէ արդարացում, որի մասին ինքդ չգիտես:

Արդյո՞ք մենք համբերությամբ կտանենք մյուսներին այնպես, ինչպես Աստված մեզ է համբերությամբ տանում, և համբերությամբ տանենք նրանց, որպեսզի Աստված համբերությամբ տանի մեզ:

  

Սբ. Պաիսիոս Աթոսացի (Հույն Ուղղափառ Եկեղեցի)

Համբերությունն ամենից ուժեղ դեղամիջոցն է, որը բժշկում է ծանր ու երկարատև դժբախտությունները: Շատ դժբախտություններ անցնում են միայն համբերության շնորհիվ: Մեծ համբերությունը քանդում է ամենից խճճվածը և բերում է աստվածային պտուղներ. այնտեղ, որտեղ որևէ լուծում չես տեսնում, Աստված տալիս է լավագույն լուծումը:

 

Սբ. Սերաֆիմ Սարովցի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

 Ահա ինչ արա՝ կշտամբում են, մի′ կշտամբիր, հալածում են, համբերիր, վատաբանում են, գովաբանիր:

Ով համբերատար եւ գոհաբանությամբ հիվանդությունը տանում է, այն փոխարինում է սխրանքին կամ նույնիսկ ավելին:

Ով սիրում է աշխարհը, անհնար է, որ չտրտմի, իսկ աշխարհն արհամարհողը միշտ ուրախ է: Պետք է ամեն ինչ մշտապես համբերել, ինչ էլ պատահի:  Անհրաժեշտ է հուսահատությունը քեզանից հեռացնես և աշխատել խնդությամբ լեցուն հոգի ունենալ, այլ ոչ թե տխուր: Մարդ  խնդությունից ամեն բան կարող է իրագործել, իսկ ներքին լարվածությունից` ոչինչ:

 

Սիմեոն Աթոսացի (Հույն Ուղղափառ Եկեղեցի)

Եթե քո ամբողջ կյանքում պարտությունները համբերես հոգևոր պայքարի մեջ և մահանաս՝ չհասցնելով հաղթել, մի՛ երկմտիր, Աստված քեզ կընդունի իբրև հաղթող. «Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը»(Ա Հովհ 5.4):

Ամբողջ հոգևոր պայքարը խոնարհության և համբերության համար է, և երբ ժամանում են խոնարհությունն ու համբերությունը, այդժամ ժամանում են ուշադրությունն ու աղոթքը:

 

Սբ. Հայր Պիո (Կաթոլիկ Եկեղեցի)

Համբերություն և տոկոնություն ունեցիր խոկման սրբազան փորձառության մեջ: Գոհ եղիր փոքր քայլերով սկսելու համար, մինչև կունենաս ոտքեր վազելու համար, թեև ավելի լավ է թևեր ունենալ թռչելու համար:

 

 Սբ. Ամբրոսիոս Օպտինացի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Ինքդ քեզ համարում ես ոչ խռովկան: Բայց դու չես վիրավորվում այնպիսի հարցերում, որոնք քեզ չեն հետաքրքրում: Եթե հարցը վերաբերվի նրան, ինչը թանկ ես գնահատում, դու կվիրավորվես: Հոգու տունը համբերությունն է, հոգու կերակուրը` խոնարհությունը: Եթե տանը կերակուր չկա, բնակիչը հեռանում է…

Այն հարցին, թե ի՞նչ է նշանակում ապրել ի սրտե: Հայր Ամբրոսիոս Օպտինացին պատասխանում է՝ մի խառնվեք ուրիշների գործերին և ուրիշների մեջ միայն դրականը տեսեք:

Հայր Ամբրոսիոսը ուսուցանում էր, որ փրկությունն ունի երեք աստիճան

ա) մեղք չգործել

բ)եթե մեղք ես գործել, ապաշխարիր

գ)ով վատ է ապաշխարում, պետք է համբերի այցելած նեղություններին:

Եթե բարին ես գործում, ապա այն պետք է անել միայն Աստծո համար: Ինչու մարդկանց երախտամոռությանը պետք չէ ուշադրություն դարձնել: Պարգևն այստեղ մի սպասիր, այլ՝ Տիրոջից երկնքում, իսկ եթե սպասում ես այստեղ, ապա ապարդյուն և զրկվում ես համբերությունից:

 

Մատթա ԷլՄեսքին (Մատթեոս Աղքատ) (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի)

Մի´ դատիր, մի´ մեղադրիր քո եղբորը, եթե նա սխալվել է կամ մեղք է գործել, որովհետև հնարավոր է, որ նա ապաշխարի և ոտքի կանգնի, մինչդեռ դու սխալվես և երբեք ոտքի չկանգնես: Պարզապես աղոթիր նրա համար և խոնարհությամբ, սիրով և համբերատար եղիր նրա նկատմամբ:

 

Սբ. Իգնատիոս Բրյանչանինով (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Խաչդ համբերատարությամբ կրելը ճշմարիտ ապաշխարություն է:

 

Գաբրիել Աթոսացի (Հույն Ուղղափառ Եկեղեցի)

Հավատքով, համբերատարությամբ և սիրով կյանքի բոլոր դժվարությունները հաղթականորեն հաղթահարվում են:

 

Հովսեփ Իսիխաստ (Հույն Ուղղափառ Եկեղեցի)

Մարդը մեկ խնդիր ունի՝ համառությամբ, համբերությամբ և խոնարհությամբ թակել աղոթքի դուռը: Իսկ այդ դուռը բացելն Աստծո գործն է…

Հիմա բարկանում ես և վհատվում ու տխրում՝ մտածելով, որ Երկնային Հայրը դանդաղում է պատասխանելու համար: Իսկ ես ասում եմ քեզ, որ դա նույնպես կիրականանա այնպես, ինչպես ցանկանում ես, անշուշտ, կիրականանա, բայց նախ քեզ հարկավոր է աղոթել ամբողջ սրտով, ապա սպասել: Եվ երբ դադարես հիշել խնդրանքդ և խնդրել դրա համար, այդժամ այն քեզ մոտ կգա` որպես պարգև քո համբերության և սպասելու համար: Երբ աղոթելով և խնդրելով, մոտենում ես վհատությանը, (մի´ վհատվիր) քանի որ խնդրանքի կատարումը քեզանից հեռու չէ: Քրիստոս կամենում է բուժել քո ներսում ինչ-որ թաքնված կիրք և, հետևաբար, Նա հետաձգում է խնդրանքդ: Եթե ավելի շուտ ստանաս, երբ խնդրում ես, քո կիրքը կմնա առանց ապաքինման: Եթե սպասում ես, ստանում ես նաև խնդրանքդ, այնպես էլ կրքի ապաքինումը: Եվ այդժամ ուրախանում ես մեծ ուրախությամբ և ջերմորեն գոհություն ես հայտնում Աստծուն, Ով իմաստուն կերպով կարգավորում է ամեն ինչ և ամեն ինչ մեր օգտին է անում: Օգտակար չէ, եթե վհատվում ես, եթե նեղված ես, եթե շատ ես խոսում:

 

Ամփիլոքիոս վրդ. Մակրիս (Հույն Ուղղափառ Եկեղեցի)

Հաճախ Սուրբ Հաղորդություն ստացեք, ջերմորեն աղոթեցեք, համբերեք և կտեսնեք ձեզ աջակցող զորեղ Ձեռքը:

 

Նիկոլայ ավ. քհն. Գուրյանով (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Մի´ տրտմեք, մի´ տխրեք. երջանկության ժամանակը նորից կգա: Սպասե´ք, համբերե´ք. ովքեր սպասում են, նրանց համար պարգև կա:

 

Սբ. Նիկոլայ  արք. Վելիմիրովիչ (Սերբ Ուղղափառ Եկեղեցի)

Հոգու երեք անառողջ վիճակների դեմ սուրբ առաքյալն առաջ է քաշում դրա առողջ երեք արժեքները՝ հպարտության դեմ՝ խոնարհություն, բարկության դեմ՝ հեզություն, թուլակամության դեմ՝ համբերատարություն:

 

Սոֆրոնի վրդ. Սախարով (Կոստանդնուպոլսի Ուղղափառ Եկեղեցի)

Բոլոր նեղությունները, անհաջողությունները, հիվանդությունները, ամեն տեսակի տառապանքները քաջաբար և գոհաբանությամբ առ Աստված համբերատարությամբ կրելը մեր սրտի դաշտը դարձնում է պտղաբեր, ուր կարող է սերն աճել:

 

 Սբ. Վարսոնոֆի Օպտինացի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

 Խոնարհ եղեք, խոնարհ եղեք: Ամբողջ գիտությունը, կյանքի ամբողջ իմաստությունը հետևյալ խոսքերում է.  «Ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց» (Սաղմոս 114.6): Խոնարհ եղեք և համբերեք ամեն ինչին: Սովորեք խոնարհություն և համբերություն, իսկ հոգում խաղաղություն ունեցեք: Հավատացեք, ով իր հոգում խաղաղություն ունի, նրա համար տաժանավայրում  նույնպես դրախտ է:

 

 Հովսեփ Վատոպեդացի (Հույն Ուղղափառ Եկեղեցի)

 Ով համբերում է նեղություններին, հույս է ձեռքբերում առ Աստված, որն ազատում է հոգսաշատությունից:

 

Սբ. Անատոլի Օպտինացի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Ակնհայտ է, որ փորձում և ցանկանում ես փրկվել, միայն թե չես կարողանում, չգիտես հոգևոր կյանքը:  Այստեղ գաղտնիքը նրանում է, որ համբերես այն, ինչ Աստված ուղարկում է: Եվ նույնիսկ չես նկատի, թե ինչպես դրախտ կմտնես:

Եթե համբերես, խաղաղություն կլինի: Բայց եթե սկսես չարին չարով հատուցել, խաղաղությունը կնահանջի, և Աստված կհեռանա:

 

Սբ. Նիկոն Օպտինացի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

 Առանց համբերելու նեղություններին` նույնիսկ երախտագետ հոգին ի վիճակի չէ Աստծո Արքայություն մտնելու: Նեղությունների հանդեպ հաստատակամ համբերատարությունը համարժեք է մարտիրոսությանը:

Պետք է դիմանալ ոչ միայն վերահաս նեղություններին, այլև պետք է քեզ համբերես…

 

Սբ. Մակար Օպտինացի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Դու ինքդ չգիտես, թե Աստծուց ինչ ես խնդրում, այսինքն՝ որպեսզի ազատի հիվանդությունից: Դու խնդրիր այն, ինչը Նրա սուրբ կամքին է հաճելի և օգտակար քեզ համար:  Հիվանդությունը գոհաբանությամբ համբերելն Աստծո առաջ ավելի վեր է այլ շտկումներից. դրանով և՛ մաքրվում են մեղքերից, և՛ ազատվում են կրքերից:

  

Սբ. Հովսեփ Օպտինացի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Սովորիր ավելի շատ լռել, այդ դեպքում չես մեղանչի ու չես դատապարտի։ Երբ դադարես տրտնջալ, ավելի ջանասիրաբար կծառայես հիվանդներին հանուն Աստծո, կազատվես ոչ միայն քո մարմնի, այլև հոգու հիվանդությունից։ Եթե շտկվելիս հիվանդությունը չի հեռանում, ուրեմն դա նշանակում է, որ այն համբերելու դիմաց պսակ ստանալու համար է ապագա կյանքում, հավիտենականության մեջ:

 

Սբ. Անտոն Օպտինացի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

 Մեր յուրաքանչյուր չիրականացած ցանկության դեպքում պետք է մեզ համբերատարությամբ զինենք:

Երբ հոգին շնչահեղձ է լինում և այլևս չի կարող համբերել և պատրաստ է ընկնել հուսահատության մեջ, այդժամ Աստված օգնություն է ուղարկում:

 

Պավել պատրիարք (Սերբ Ուղղափառ Եկեղեցի)

Ամեն ինչ կարգավորվում է, եթե կարողանում ես համբերել և Աստծուն վստահել:

 

Իլիյ վրդ. Նոզդրին (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Սուրբ Հայրերը իրավացի են, որ պնդում են, թե քրիստոնեական կատարելությանը հասնում են համբերության միջոցով: Դրա համար Աստված մարդուն ուղարկում է ներքին և արտաքին նեղություններ, հիվանդություն, աղքատություն, նախատինք, մերձավորների կողմից արհամարհանք: Եվ ներքին նեղությունները, այսինքն՝ կրքերը, երբեմն ծառայում են միևնույն նպատակի համար, քանի որ ապաշխարություն են ծնում և վատ հակումներդ շտկելու ցանկություն: Մաքսավորը, թեև մեղքերով էր պատված, ավելի վեր եղավ, քան փարիսեցին: Համբերությունը Աստվածային հատկություն է, իսկ անհամբերությունն ու խռովությունը՝ սատանայական:

Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից (Սաղմ. 33.20): Սրբերն ուրախանում են, երբ նրանց արտաքին և ներքին նեղություններն են այցելում, որովհետև առանց նեղությունների անհնար է մարդու փրկությունը: Այնպես որ, եթե մենք չենք կարողանում ուրախանալ նեղություններից և փորձություններից, ապա պետք է գոնե չբողոքենք Աստծուց, երբ չարիքը մոտենում է՝ փորձելու մեր համբերությունը փրկության համար:

Եթե մարդը հավատք ունի, ապա անկախ նրանից, թե ինչ է պատահում նրա հետ` անբուժելի հիվանդություններ, ընտանեկան նեղություններ, գործնական անհաջողություն, նա ամեն ինչին համբերատարությամբ է վերաբերվում, ամեն ինչ ընկալում է որպես Տիրոջ կողմից ուղարկված խրատներ: Եվ  երբ դրանք առանց տրտնջալու տանում է, վերածվում են գանձերի` հանուն իր հոգու օգտակարության:

Եթե մենք ապրենք Աստծո հետ, ապա պատկերացում կունենանք ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի մասին: Եվ մենք չենք շտապի ինչ-որ տեղ, չենք սողոսկի ինչ-որ տեղ: Գոհ կլինենք այսօրվա ունեցածով և այն մարդկանցով, ովքեր մեզ շրջապատում են, ինչպես ընտանեկան, այնպես էլ մեր աշխատանքային շրջանակներում: Կյանքում միշտ կարող է գալ մի պահ, երբ մեր առջև կհայտնվեն մեծ դժվարություններ: Եվ կթվա, որ բավարար համբերություն չկա: Հետևաբար, պետք է Աստծո հետ լինել:

 

Պավել վրդ. Գրուզդեվ (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Լավագույն պատասխանը վիրավորանքին` զսպվածությունն ու համբերությունն է:

 

Էմիլիան վրդ.Վաֆիդիս (Հույն Ուղղափառ Եկեղեցի)

Այն մարդը, որը չի հանդուրժում իր մերձավորին, ընկնում է տրտմության մեջ: Նա ինքնամփոփ է դառնում իր էգոիզմի պատճառով… որովհետև չի ուզում որևէ բան կիսել մերձավորի հետ: Ահա թե ինչ է ասում Աբբա Եսային՝ սխրանք գործիր համբերություն ձեռք բերելու համար, այսինքն՝ փորձիր մեծ սիրտ ձեռք բերել, որպեսզի բոլորին ընդունես: Այդ ժամանակ քո սերը կբուժի քո յուրաքանչյուր սրտնեղությունը:

 

Միխայիլ Պիտկեվիչ (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

 Համբերատար նեղություններ կրելը, մաքուր աղոթքը և հաճախ սբ. Հաղորդություն ստանալը օգնում են ներքին խաղաղություն ունենալ:

 

Սբ. Աֆանասի Սախարով (Ռուս Ուղղափառ Եկեղեցի)

Համբերեք, մի զայրացեք, ամենակարևորը` մի չարացեք: Չարին չարի միջոցով երբեք չես ոչնչացնի, չես վտարի այն: Այն միայն վախենում է սիրուց, վախենում է բարությունից:

 

Սբ. Օգոստինոս Երանելի

Սերը համբերությամբ դիմանում է դժբախտության մեջ, լինում է համեստ բարգավաճման մեջ, դառնում է ուժեղ տառապանքի մեջ, բարի գործերում այն թագավորում է, գայթակղություններին այն ենթական չէ, հյուրընկալության մեջ այն առատաձեռն է, ճշմարիտ եղբայրների մեջ այն ուրախ է, կեղծ եղբայրների մեջ համբերատար է, այն սուրբ գրքերի հոգին է, մարգարեությունների ուժն է, փրկարար զորությունն է խորհուրդների մեջ, գիտելիքի զորություն, հավատքի պտուղ, աղքատների հարստություն, կյանք` մեռնողների համար: Սերն ամեն ինչ է:

Արիությունը սեր է, որը պատրաստ է հանուն Աստծո ամեն ինչ համբերել:

 

Թարգմանեց և պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

Ավելին կարող եք գտնել՝ «Հոգևոր զրույցներ» էջում

Ծանոթանալ հետևյալ հղումով՝ Համագործակցություն կայքի զարգացման համար

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գրառումներ