Աննա Կազանջյան Լոնգոբարդո` «Saturn» հրթիռային նավիգացիոն համակարգի, «Viking» տիեզերական նախագծի, «Avangard» հեռահաղորդակցության համակարգի մշակող, «Woodward Clyde Group» ինժեներական ընկերության նախկին տնօրեն և «Unisys Corp»-ի նախկին գործադիր տնօրեն:
Կազանջյանը եղել է Կոլումբիայի համալսարանում մեքենաշինության գծով գիտությունների բակալավրի կոչում ստացած առաջին կինը, Կին ճարտարագետների ընկերակցության առաջին խարտիայի ուսանող-անդամը, ինչպես նաև «Իգլսթոն» մեդալով (Egleston Medal) պարգևատրված առաջին կինը։ Նա ներկայում «Նյու-Յորքի 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում է:
Աննա Կազանջյանը ծնվել է 1928 թ.-ին Նյու Յորքում` հայ գաղթականների ընտանիքում: Նա Միացյալ Նահանգներում առաջին կինն էր, ով աշխատել է նավատորմի համար նախատեսված ծրագրերի վրա: Շատ ճարտարագետների կարծիքով` նավերի կառուցման ոլորտում նրա ճշգրիտ հաշվարկներ են հիմնականում նրան ճանաչում բերել:
Երբ 1956 թ. նրան «Sperry RAND» ընկերությունում ընդունվում է որպես առաջատար մասնագետ, նա սկսում է զբաղվել անալոգային և թվային ծրագրերի մշակմամբ: Այդ տարիներին նա մեծ ներդրում է կատարել նաև ավիացիոն ոլորտում նավիգացիոն համակարգերի զարգացման գործում, մասնավորապես մասնակցել է «Saturn» հրթիռի և «Viking» տիեզերական համակարգի ստեղծման, ինչպես նաև «Avangard» նախագծի աշխատանքներին:
Աննան զբաղվել է Պենտագոնի համար նախատեսված «Ատլաս» տիպի բալիստիկ համակարգերի թռիչքի հաշվարկման աշխատանքներին: 1957 թ. Աննա Կազանջյանը մշակեց հատուկ սկզբունքներ, որոնք հնարավորություն էին տալիս թիրախին հարված հասցնել 10 հազար մղոն հեռավորության վրա: Նրա հաշվարկները զետեղվեցին գերգաղտնի հավաքածուում, որը հասանելի է եղել միայն երկրի բարձրագույն պաշտոնյաներին: Երկու տարի անց NASA-ն, վերջապես կարողանալով օգտագործել այդ հաշվարկները, ի վիճակի եղավ մի քանի արբանյակներ գործարկել:
Այսպիսի հաջողություններից հետո Աննա Կազանջյանը դարձավ ռազմական տեխնոլոգիաների նմանատիպ համակարգերի հետազոտման և զարգացման բաժնի պետ: Ավելի ուշ զբաղեցրել է «Woodward Clyde Group» ինժեներական ընկերության տնօրենի, այնուհետև`«Unisys Corp»-ի գործադիր տնօրենի պաշտոնները:
1966-1970թթ. եղել է Նյու Յորքի տեխնիկական ընկերությունների խորհրդի տնօրեն: Կազանջյանը մինչ այսօր էլ հանդիսանում է Բարնարդ քոլեջի մեխանիկական ճարտարագիտության խորհրդի անդամ: Ներկայումս բնակվում է Նյո Յորքի Բրոնքսվիլ ավանում:
Աղբյուրը՝ www.armedia.am